среда, 10 апреля 2019 г.

Ես և եկեղեցին (596րդը)


Հաջորդ առավոտյան, նախաճաշից հետո վրացի տղամարդիկ, Նաիրին և ես սպասում էինք բարեգործական եկեղեցու բակում։ Քիչ անց  մեզ միացան երեք հայ ընտանիքները՝ երեխաների հետ։ Առաջին անգամ էի նրանց մոտիկից տեսնում։
-          Բարի լույս,- մաղթելով, կանգնեցի նրանց մոտ, հույսալով, որ վերջապես առիթ է ընձեռնված ծանոթանալու հայրենակիցներիս հետ։ Կանանցից մեկը, երկար նայեց եկեղեցուն, ապա դժգոհած արտաբերեց․
-          Մեզ՝ քրիստոնյաներիս, այստեղ երես չեն տալիս, առավելությունը նրանցն է։
-          Դե նրանց երկրում պատերազմ է,- պատասխանեց տղամարդկանցից ամենատարիքովը։
-          Պատերազմ է, իսկ մեր երկրում ի՞նչ է,- համարյա բղավեց ամենանիհար կինը, որն ինձ թվաց հղի էր։
-          Կռիվ մի՛ արեք, բոլորիդ էլ կհասնի,- ծիծաղեց ամենագեր տղամարդը, բոլորը նրան թարս նայեցին։
 Եկավ մեքենան, վրացիները, Նաիրին և ես նստեցինք՝ այդպես էլ չարժանանալով հայրենակիցներիս ուշադրությանը։
Ճանապարհը ոլորաններով  էր։ Կարճ ժամանակ հետո մեր մեքենան կանգ առավ լայն ճանապարհին, որից մի քանի ճանապարհ էր սկիզբ առնում։ Մենք իջանք, քայլեցինք եկեղեցի տանող ճամփով։ Այն սալիկապատ արահետ էր, երկու կողմերը կանաչին էին տալիս պատի նմանվող թփերը, այնուհետև սկսվեցին ցած տանող  աստիճանները։
Եկեղեցին այնքան մեծ չէր, որքան բարձր էր։ Ներսում հիմնականում գերմանացի մեծահասակներ էին։ Մենք շարքով տեղավորվեցինք նույն նստարանին։
Կիրակնօրյա պատարագին դեռ ժամանակ կար։ Դիմացի դռնից ներս մտան մեզ հետ սպասող երեք հայ ընտանիքները, տեղավորվեցին առաջին նստարաններին, իսկ նրանց հետևից՝ երիտասարդ արաբներ՝ հիմնականում փոքր վրանից, իհարկե ինձ մեծ զարմանք պատճառելով, քանի որ երբեք իմ մտքով չէր անցնի նրանց քրիստոնյա լինելը։ Այդ երիտասարդները ճամբարում վարում էին աննկատ ու լուռ կյանք։ Հայացքով փնտրեցի՝ Յուսուֆը նրանց մեջ չէր։
Երևաց տերտերը։ Նրա արտաքինն ինձ անսովոր թվաց, սափրված լինելն առավել զարմացրեց, բայց մի տեսակ հոգիս խաղաղվեց նրա բաց գույնի հագուստից։
Պարզվեց՝ կատարվող արարողությունից ոչինչ չէի հասկանում։ Այդ դեպքում ոչ միայն լեզվի խնդիրն էր, այլ պարզապես չիմացության։ Չգիտեի՝ երբ կարելի էր նստել, երբ՝ կանգնել, երբ՝ աղոթել։ Ինքս ինձ դատավոր էի զգում։ Կրոնն ու եկեղեցին ինձանից այնքան հեռու էին, իսկ ավելի ճշմարիտ հակառակը։
Մտքում միայն կարողանում էի մայր լեզվով «Հայր մերը» կրկնել և վերջ։ Գուցե  քրիստոնյա ծնվել եմ, բայց արդյո՞ք դարձել եմ։ Պարզվեց՝ ո՛չ։ Այն  72 տարվա աթեիզմը սպանել էր իմ մեջ հավատը, և, ահա, բոբիկ կանգնած եմ Աստծո տաճարում՝ չիմանալով ինչ ասել կամ ինչպես ասել։ Այդ պահին, եթե անգամ տիրապետեի աշխարհի բոլոր լեզուներին, դարձյալ կմնայի համր, քանզի այս դեպքում լեզվի չիմացությունը մղվում էր ետին պլան, և ես՝ մոլորյալս, ուզում էի թաքնվել, որպեսզի ոչ ոք չտեսներ իմ անգիտությունը։
Բոլորը երգում էին՝ գրքին նայելով։ Փափագեցի ունենալ նման մի գիրք, բայց լեզուն օտար էր, իսկ հոգիս՝ խեղված։

Комментариев нет:

Отправить комментарий