пятница, 15 июля 2022 г.

  Հասարակ մարդու աչքերով․․․ 

ՈՒրախություն, սեր, ազատություն, երջանկություն, ծիծաղ՝ ահա թե ինչ է կյանքը, իսկ ո՞վ է հնարել պատերազմը լացի, ողբերգության, տխրության տեսքով․․․

Պատերազմը ինքնուրույն չի գալիս, նրան բերում են դավի մութ ճամփով և նա լիիրավ  գալիս է փոխելու մարդկային ճակատագրերը, կյանքի ընթացքը։ Պատերազմը գալիս է ձոնելու նոր երգեր, ծնելու նոր հերոսներ։ Պատերազմը գալիս է օրինականացնելու ոճիրը, սպանելը և մահը դառնում է քայլող ուրվական։ Նա ժամանակի տերն ու տիրականը դարձած անցնում է դռնեդուռ՝ սովի, ցրտի, մթի, կարիքի, հիվանդության տեսքով։ Պատերազմի ցնցոտին ծանր է կրելը, երբ մինչ այդ էլ մի կերպ է գոյատևում մարդը։ Այն գալիս է նոր սահմաններ սահմանելու և նոր խնդիրներ դնելու մարդու առջև, իսկ մարդը ի՞նչ․․․Առաջին քայլը անում է շուրջը նայելով, մի քիչ մոլոր, մի քիչ ափսոսանքով և վշտաբեկ անցնում իր ցնորքների ավերված քաղաքներով ու մտորում․«Բնության օրենք է՝ ավիրել ու նորից կառուցելու»։

Պատերազմը այլ ընտրանք չի թողնում, բացի ողջ մնալու արվեստին տիրապետելուց։ Այն տարբեր է լինում՝ ներքնահարկում, երբ ռումբ է պայթում, մութ ու անտեսանելի անկյունում, երբ թշնամին դարան է մտնում․․․հացի համար ծեծկռտուք, երբ տնտեսությունն է արկերի բաժին դառնում։

Պատերազմները բերում են արկածախնդիրները, երբ խնդրի մեջ խնդիր են որոնում ու գտնում են սեփական անձը դեպի փառք տանող հնարավոր ուղղին։  

Հիմնականում, «տեր փնտրող ազատությունն» է մարդուն ակամա վերադարձնում իր բնազդին՝ վայրի բնազդին՝ ավիրել տիրելու համար։

Մշտապես տեր զգալու համար, շուտով պատերազմները անզոր կլինեն և այդ անհատները հնար կգտնեն երկրագնդի ձևը փոխելու քառակուսու՝ հույսով թե չորս անկյունը մշտապես է ու ավելի հուսալի․․․Նրանց ցանկությունը մեկն է՝ աշխարհում հետք թողնել․․․և յուրաքանչյուրը փորձում է այն ընթացքի ժամանակ փոխել և փոխելու ընթացքում խողովակաշար հարմարացնել, երջանկությունը իր անկյունը տանելու․․․

Մարդը գերաճ է տվել և դրանում փոխվում է պայքարի ձևը, այն ընթանում է հանրային քաղաքական խաղերով, որին այլևս չի հետևում ծեծն ու ջարդը, այլ փաղաքշանքը նոր գաղափար վերարտադրողի ձևով․․․

Յուրաքանչյուր նոր կառավարման առաջին փուլը սկսվում է կիսաքանդ կամ համարյա հնացած գաղափարով և եկողը փայլում է ընդամենը հույսով, թե կարողանալու է անցյալը թաղել իր բերած անկրկնելի նորի մեջ․․․

Հասարակությունը, բացի ներսից վերարտադրվու արվեստից, նաև բնության կողմից է փոփոխության ենթարկվում՝ սերունդների փուլավորմամբ։

Նորը չի հանդուրժում հնին, իսկ հինը չի ուզում զիջել նորին և այսպես սկսվում է՝ ավելի շուտ շարունակվում է հերթական պայքարը երկու իշխող ցանկացողների միջև․․․

Պատերազմը ևս պայքարելու ձև է՝ արյունոտ և ամենաթող․․․ Այնտեղ սպանելու ցանկացած ձև արդարացվում է անգամ բարոյական ու մարդասեր անհատի, երկրի, կուսակցության, կառավարության կողմից, իսկ հզորները միայն ծափահարում են, որոհետև նրանց շուկան ընդլայնվում է և սպանելու զենքը դառնում է ցպահանջ։

Խաղաղության ժամանակ, մշտապես հպարտ Հումանիտարիան պատերազմին մղվում է ետին պլան՝ խեղճանում ու ողորմելի տեսք է ընդունում։ Նրա դերը կայանում է անորոշ ու միայն վտարանդի բազմությանը մոլորեցնելու մինչև թունելի վերջում երևացող լույսի խաբկանքը․․․