суббота, 6 апреля 2019 г.

Կյանքը նույնն էր, մարդիկ տարբեր(596-րդը)


Օրեցօր գիշերները երկարում էին։ Այլևս վաղ արթնանալն անհնար էր դառնում։Դրսում զբոսնելն առավել ևս, քանի որ հիմնականում մշուշ էր լինում՝ խառնված երկնքից թափվող ցողով։
Ստիպված էի լինում անկողնում սպասել լուսաբացին։
Ջամիլը դրսից եկավ լվացված, կիսահագնված։ Նա մի պահ նստեց իր մահճակալին, ապա աղոթքի համար նախատեսված փալասով մոտեցավ իմ ու աֆղանների մահճակալին, այն փռեց հատակին, սկսեց աղոթել կիսաձայն։ Նրան միացան մյուսները՝ դառնալով մեծ խումբ, սկսեցին միահամուռ աղոթել՝ հերթական անգամ հարամելով իմ ու աֆղանների քունը։ Այդ օրվա աղոթքը նման չէր ամեն օրվան, նրանցից մեկը երկար երգում էր, ապա նայում էին դեպի արևելք ու կրկնում «Ալլահ ակբար»։ Այնուհետև չոքում ու ճակատները հպում հատակին։ Կարծես՝ այդ աղոթքը լոկ աղոթք չէր, այն իր մեջ էր առնում ողջ իսլամ աշխարհը, և մեկը մյուսին հաշիվ էր տալիս։ Բոլորը մեկ մարդու պես աղոթել գիտեին։ Մի՞թե հիանալի չէր, որքան էլ խանգարեին իմ քունը, և ես ամեն աստծո առավոտ թեկուզ ցանկանում էի, որպեսզի նրանց կամ ինձ տեղափոխեին աշխարհի մյուս ծայրը։
Երբ առավոտյան հերթական անգամ հերթապահ «սեքյուրիթիները», որպես ստուգայց, անցան մեր վրանի միջով, թվում էր՝ չնկատեցին աղոթողներին, և անկողնիների երկրորդ հարկերում ցցված կիսանինջ մարդկանց, իսկ գուցե նկատեցի՞ն․․․ Գուցե։
Նախաճաշից հետո դարձյալ բոլորը ինչ որ տեղ էին շտապում։ Անկողնուս նստած, շախմատի ձիու դիրքով հետևում էի բոլորին։
-          Չե՞ք գալիս, գնում ենք հագուստ վերցնենք,- անցնելիս հարց տվեց կապուտաչյա Նաթոն։
-          Իսկ հնարավո՞ր է։
-          Ասում են այս անգամ համարով  է, նաև նորեկներին են տալիս։
Իհարկե, նորությունը ոգևորիչ էր, վերցրեցի քարտը՝ միացա նրան, սակայն որքան եղավ մեր հիասթափությունը, երբ տեսանք եկեղեցու մուտքին մեծ թվերով գրված մինչև 495-ը՝ ես 596-ն էի, իսկ վրացիների թիվը սկսվում էր 555-ից։ Թևաթափ ետ դարձանք, իսկ հերթը հիշեցնում էր բողոքի ցույցի, որտեղ հաղթում էր ուժեղը, բարձրահասակը և նա, ում համար նրբանակատ լինելը պարզապես խանգարող հանգամանք էր։
Բակում Գիոն մտավ կնոջ թևը, քայլեցին դեպի ասֆալտե ֆուտբոլի դաշտը, իսկ ես հայտնվեցի իմ իսկական կարգավիճակում՝ միայնակ ու շվարած։
-          Բարի օր,- մոտեցավ Խալեդը և ինձ փրկեց վերահաս մենությունից,- ինչպե՞ս ես։
-          Լավ եմ, շնորհակալ եմ։
-          Վաղուց չենք տեսնվել։
-          Իսկ գուցե տեսնվե՞լ ենք, պարզապես չենք զրուցել։
-          Այո՛, ճիշտ նկատեցիր,- հաստատեց նա, նայեց երկնքին,- գեղեցիկ օր է, կարելի է քայլել և զրուցել։
Երեխաներն աղմկելով խմբով անցան մեր կողքով։ Նրանցից մեկը, դեմքը ծամածռելով,  նայեց Խալեդին։
-          Որքա՜ն չեմ սիրում իմ ազգին,- արտաբերեց նա՝ մի ոչնչացնող հայացք նետելով տղայի վրա, իսկ նա, առանց կանգ առնելու, խառնվեց մյուսներին։
-          Ինչու՞,- անակնկալի եկա ես։
-          Հարձակվում են, աղմկում են։
-          Գուցե ճիշտ ես, բայց դա պատճառ չէ ատելու, այն էլ ողջ ազգին։
-          Չեմ սիրում արաբին,- պնդեց նա՝ կարծես այդ կերպ ստիպելով ինձ չհակադարձել իր զգացած ատելությանը։
-          Ձեր կանայք հիմնականում բազմազավակ մայրեր են, և միայն հարգանքի են արժանի,- նկատելով մեր կողքով անցնող փոքրամարմին հղի կնոջը, նրա հետևից աղմկելով վազող ևս յոթ անչափահասների, իսկ ամենափոքրին կինը տանում էր գիրկն առած՝ նորից հակադարձեցի նրան։
-          Նրանք բոլորն են այդպիսին, քանի որ աշխատել չեն սիրում։
-          Մի՞թե քո կինն արաբուհի չէր։
-          Նա էլ նրանց նման էր, ուստի բաժանվեցի։
-          Խիստ ես դատում քո ազգին, նրանց մեջ լավ մարդիկ շատ կան։
-          Դու նրանց չես ճանաչում՝ նրանք ագրեսիվ են ու անկառավարելի։
-          Տեսնում եմ՝ քո տեսակետը հաստատված է, գոնե ասա, ինչու՞ եք դուք միշտ ոտաբոբիկ, անգամ ցրտերին։
-          Չգիտեմ, մեզ մոտ համարյա բոլորը ոտաբոբիկ են,- ուսերը թոթովեց նա։
-          Զարմանալի է, ինչպե՞ս չեք մրսում։ Առավել ևս հարավի մարդիկ եք,- իմ զարմանքի վրա նա հանեց կոշիկը և ցույց տվեց մերկ ոտքը, ծիծաղելով նորից հագավ։ Մինչ նա իր մի ոտքով էր զարմացնում ինձ, այդ պահին մեր կողքով անցան մի խումբ աֆրիկացիներ՝ բոբիկ ոտքերը կոշիկների մեջ, իսկ ձեռքներին՝ ձմեռային ձեռնոցներ, գլխներին՝ տաք գլխարկներ հագած։
Խալեդը երկար նայեց նրանց հետևից և խորը հոգոց հանեց։
-          Արդեն ճաշի ժամն է,- ասացի ես՝ նայելով ժամին․․․
-          Դեռ ժամանակ կա,- հեռախոսին նայելով՝ պատասխանեց Խալեդը, բայց միևնույն է՝ գերադասեցի քայլել վրանի կողմը։
-          Հետաքրքիր էր քեզ հետ, էլի կհանդիպե՛նք,-  ձայն տվեց նա։

Комментариев нет:

Отправить комментарий