четверг, 27 августа 2020 г.

 Մարդն ընդդեմ մարդկության  (մաս - 59)

Կորին թռչունին բաց թողեց, պոչատ սիրամարգը կռնչալով դուրս թռավ պատշգամբից։ Նաթիի ձեռքից վայր ընկավ զենքը։ Անհետացավ ոսկեզոծ սրահը, նրանք հայտնվեցին բաց երկնքի տակ՝ հրապարակում։ Ադամանդը ձեռքը տարավ ճակատին․ թանկագին քարը սառը թվաց։ Նա իջեցրեց չալման, նայեց․ այն վեր էր ածվել հասարակ գլխարկի, իսկ թանկագին քարը նրա ձեռքի մեջ դարձավ խոշոր ջրի կաթիլ և գլորվելով ընկավ հրապարակի եղյամի վրա։ Եղյամը թխկաց, թվաց՝ սառույցը կոտրվեց։ Ձայնը կրկնվեց ողջ մեգապոլիսով՝ վերածվելով աղմուկի։ Կարծես քաղաքը շարժվեց։ Եղյամից սկսեցին անջատվել կաթիլներ, որոնք անհետանում էին՝ առանց գետին հասնելու։ Երևացին ռոբոտ-զինվորները։ Նրանք անտարբեր մնացին, երբ անցնում էին մարդկանց կողքով։

-         Չարը կոտրվեց,- ուրախացած արտասանեց Կորին։

-         Մենք ընդամենը հիմք դրեցինք բարու հաղթանակին, իսկ ամեն ինչ դեռ առջևում է,- պատասխանեց Մարկոսը, երբ Կորին բացում էր նրա կապանքները,- Նրանք մնացին որպես արյան համ առած, և մարդը միշտ նրանցից կզգուշանա,- եղրակացրեց Մարկոսը։ Նրանք ուղղվեցին միայնակ տան կողմը։

-         Գրողը տանի´, ի՜մ ադամանդը,- բղավեց Ադամանդը, երբ վերջնականապես այն ջուր դարձավ։

Հայտնվեց Սատանան։

-         Ինչու՞ այսքան վաղ հիշեցիր ինձ, արդեն կատարե՞լ ես մեր պայմանը,- խոսեց նա։

-         Ո´չ, ես ոչինչ էլ չկարողացա անել, քանի որ իմ խորհրդավոր քարը ջուր դարձավ,- վրդոհված արտաբերեց Ադամանդը։

-         Այդ դեպքում, որպեսզի մնացած կյանքդ չսողաս որպես օձ, քեզ նոր հնարավորություն եմ տալիս։ Դու կդառնաս լուսնի զավակը, կկատարես քո խոստումը՝ այսինքն՝ մեր պայմանը։

-         Ինչպե՞ս,- զարմացավ նա, բայց սատանան անհետացավ՝ թողնելով նրան առանց պատասխանի․․․

Ադամանդը գլխարկը դրեց, անկախ իր կամքից՝ սկսեց պտտվել հոլի պես, իջավ, հավասարվեց գետնին, կանգ առավ, վերածված կուբիկի, սլացավ դեպի լուսինը, որը կարծես սպասում էր՝ կիսով հենված սարի ուսին։ Ռոբոտ-զինվորները հայացքով երկար նայեցին նրա հետևից, ապա շարքով վեր սլացան՝ հետևելով Ադամանդին։ Հեռվից կարծես սև շարքը տարալուծվեց գիշերային լուսատուի մեջ։ Վերջում երկու հոգի միացան շարքին, անհետանալով նրանց հետ․․․

Միայնակ տան բնակիչները ուրախացած հետևուն էին անհետացող եղյամին, միաժամանակ անհամբեր սպասում տան տիրոջը։ Երբ կանաչ ծառուղում երևացին Կորին և Մարկոսը, բոլորը ընդառաջ գնացին նրանց։

-         Մենք հաղթեցի՜նք Ադամանդին, բայց նա մնաց ազատության մեջ,- սկսեց Մարկոսը։

-         Նման ազատությունը հավասար է բանտի,- առաջ եկավ կուչ եկած ու ճերմակած գիտնականը։

-         Գիտնակա´ն, որքա՜ն եք փոխվել,- Կորին զարմացավ,  տեսնելով նրան։

-         Այո´, Զմրուխտե աչք, ժամանակը խժռում է մարդուն՝ սկսելով արտաքինից,- ափսոսանքով պատասխանեց Աբգարը։

-         Կորի´,- առաջ եկավ Վերին, գրկեց եղբորը։

-         Վերջապե՛ս կարողացա գրկել քեզ երկար բաժանումից հետո,- ուրախացավ նա,- Երբ առաջին անգամ հանդիպեցինք, մենք պատանիներ էինք, իսկ հիմա՝ հասուն մարդիկ,- նկատեց Կորին՝ ավելացրեց,- Իսկապես ժամանակը կանգառ չունի․․․

-         Այսուհետ,- խոսեց Մարկոսը,- Մենք պետք է կարողանանք պահպանել  հորիզոնի լույսը, որպեսզի միշտ գոյություն ունեցող չարը չկարողանա իշխել մեր քաղաքին։

-         Մենք ի՞նչ ենք անելու, վերադառնա՞նք մեր տները,- հարցրեց Մալեն առաջ գալով։

-         Բանակը միշտ էլ անհրաժեշտ է սրահի լույսն անմար պահելու համար, բայց, եթե ուզում եք վերադառնալ, չեմ արգելում, դուք ազատ եք ձեր ընտրության մեջ,- պատասխանեց Մարկոսը։

Զինվորները շարք կանգնեցին։

-         Շարունակում ենք ծառայել բարի գործին,- միաբերան հնչեց նրանց շուրթերից։

Մարկոսը ժպտաց։ Կորին աննկատ անհետացավ շարքերի մեջ։ Հանկարծ բոլորը վեր նայեցին, երբ նա, Վիվիին գրկած, սլանում էր մեգապոլիսի  երկնակամարով․․․

 

 

 

 

 

 Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 58)


Դամբարանի դռնից երևաց շարքի սկիզբը։

-         Դեպի´ քաղաք,- հրամայեց Ադամանդը,- Ոչնչացնե՛լ կամ ինձ մո´տ բերել Զմրուխտե աչքին։

Ռոբոտ-զինվորների շարքերը դուրս եկան։ Վերջում բանակին հետևեցին Ադամանդը, պրոֆեսորը և Նաթին։ Նրանք շարվեցին ամբիոնին՝ այնտեղից հետևելով հրապարակում շարված ռոբոտ-զինվորների ստվար շարքերին։

-         Իմ բանակից հրապարակը սևացել է, մի՞թե քիչ է,- հիացած սկսեց Ադամանդը՝ հայացքը սահեցնելով շարքերով,- Դեպի´ քաղաք,- լսվեց Ադամանդի հրամանը, քիչ հետո  հրապարակը դատարկվեց։

-         Ադամա´նդ,- լսվեց հեռվից։

Նրանք զգաստացած նայեցին շուրջը։

-         Մի´ փնտրեք, ես այստեղ եմ,- լսվեց շատ մոտիկից։

Նրանք վեր նայեցին՝ դրոշի մոտ կանգնած էր Կորին։

-         Ա՜, Զմրուխտե՜ աչք, տեսու՞մ ես՝ ամենակարողիս համար փակ դուռ գոյություն չունի,- ինքնավստահ գոչեց Ադամանդը։

-         Այո´, պարզվում է բացի ինձանից, նաև ձեր համար փակ դուռ գոյություն չունի,- պատասխանեց Կորին, փորձեց վեր սլանալ, սակայն լսվեց պայթյուններ, աղմուկ և աղաղակ, նա մնաց տեղում կանգնած։

-         Դուք ձեր վերջին ուժերն եք շպրտել քաղաք։ Ես մոխրի կվերածեմ ձեր վերջին հույսը, և այն կծխա մոխրակույտերում,- ըմբոստացավ Կորին։

-         Ո´չ, դու հակառակն ես նկատել, քանի որ ինքդ ես Մարկոսի վերջին հույսը, իսկ իմ անպարտելի բանակը շուտով նաև քո վերջը կտա,- քմծիծաղեց Ադամանդը- Չգիտեմ թե ինչպե՞ս, բայց ուրվականների անհետանալը ևս իմ սրտով է։

-         Եթե անհետացել են անկառավարելի ուրվականները, ձեզ չի՞ թվում, գուցե անհետանաք նաև դուք՝ բոլորդ՝ այն կռնչան սիրամարգի հետ միասին․․․

Ադամանդը լսածից ձգվեց, ակամա նայեց պրոֆեսորին,- Նա ինչ որ բա՞ն գիտի,- շփոթված շշնջաց նա։

-         Միայն ոչ դա, այլապես մեր կործանումն անխուսափելի է,- անհանգստացավ Բենը ևս։

-         Ադամա´նդ, տեսե´ք թե ինչպես եմ ճախրում,- գոչեց Կորին, սկսեց սավառնել, անսպասելի նորից հայտնվեց հրապարակում, վազեց, վազքի հետ բարձրացավ ուժգին քամի, քամու հետ օդում սկսեցին պարել ավազախառը դեղին տերևները։ Նա հայտնվեց դիմացի շենքի տանիքին, նրա աչքերից արձակվեց շանթը, անցավ ամբիոնին կանգնածների միջով։ Այնտեղից  ծուխ բարձրացավ։

-         Օգնեցե՜ք,- աղաղակեցին ձայները։

Կորին սկսեց ծիծաղել։ Ադամանդը առաջ եկավ, դիմելով նրան,- Դու չես կարող հաղթել ինձ, եթե անգամ իմ ողջ բանակը մոխրի վերածես,- ինքնավստահ հայտարարեց նա։

-         Կարող եմ՝ անգամ չմոխրացնելով մեկ ռոբոտ-զինվորի,- պատասխանեց Կորին, նրա աչքերի շանթը կրկնվեց, անցավ դամբարանի դռան միջով, նա ներս մտավ, սլացավ աստիճաններով վեր, հայտնվեց ոսկեզոծ սպիտակ սրահում։

Սպիտակ սիրամարգը ճեմում էր այնտեղ։ Տեսնելով Կորիին՝ կռնչալով վեր սլացավ,- Ես կոչնչացնեմ քո աչքերը, և նրանք այլևս չեն փայլի  վտանգավոր լույսով։

-         Մի՞թե, իսկ ես քեզ մոխրի կվերածեմ,- պատասխանեց Կորին, սկսեց վազել սրահով, վազքի հետ բարձրացավ ուժգին քամի, սիրամարգը սրընթաց իջավ կտուցով հարվածեց Կորիին, մինչ նա շանթահար կաներ նրան։

-          Դու չես կարող կռնչան թռչուն,- կատաղեց Կորին՝ կրկնելով շանթը։

Այն անցավ՝ այրելով թռչունի փետուրները, բոցը մոխրի վերածեց նրա գեղեցիկ պոչը։

-         Իմ գեղեցիկ փետուրներն այրվեցի՜ն, ես քո աչքերը կհանեմ,- բղավեց թռչունը, ուզեց հարձակվել նրա վրա, բայց Կորին կարողացավ բռնել թռչունի ոտքերից։

Այդ ընթացքում ներս ընկան Ադամանդը և Բենը։

-         Զմրուխտե՛ աչք, բա´ց թող թռչունին, այլապես նա կմեռնի,- հրամայեց Ադամանդը։

-         Ո՞վ,- Կորին վախեցած նայեց նրանց կողմը։

Ներս մտավ Մարկոսը՝ Նաթիի ուղեկցությամբ, զենքը պահած նրա գլխին, ձեռքերը կապոտած։

-         Բա´ց թող թռչունին,- հաղթողի տրամադրությամբ կրկնեց Ադամանդը։

-         Կանա´չ աչք, մի´ լսիր նրան, դու չգիտես, թե ինչ արագությամբ է անհետանում մեգապոլիսի եղյամը,- խոսեց Մարկոսը՝ չթաքցնելով ուրախությունը,- Քանի որ դու կարողացել ես մոխրի վերածել նրա պոչը։ Բա´ց թող նրան, նա այլևս սովորական հավ է,- հեգնեց Մարկոսը։