вторник, 16 апреля 2019 г.

Մերժվելը ճակատագրական չէր, բայց ցավալի էր(596-րդը)


Ճաշի ժամը վաղուց վերջացել էր, երբ անցակետը դարձավ մարդաշատ։ Աֆղան ընտանիքը նույնպես պատրաստվում էր դուրս գալ։
-          Ու՞ր,- ձեռքի օգնությամբ, հարցրեցի Ֆաթիմային։
Խեղճ կինը երկար րոպեներ համբերությամբ բացատրում էր։ Վերջապես ինձ հաջողվեց հասկանալ՝ նրանք գնում էին հագուստ ստանալու։
-          Արի մեզ հետ,- հասկացնելով առաջարկեց նա։ Երեխաները նույնպես ոգևորվեցին՝ հասկացնելով , որպեսզի չմերժեմ․․․
-          Կգամ,- այնպես ոգևորվեցի, կարծես այս անգամ հագուստ բաժանողը Աֆղան ընտանիքն էր։
Ինչպես ամեն անգամ, անցակետում հերթ էր և ներս մտնողներն էին շատ և դուրս գնացողները։ Դուրս գնացողների հետ հայտնվեցի եկեղեցու բակում։  Այնտեղ արդեն մեծ բազմություն էր հավաքվել։ Ֆաթիման՝ յուր ընտանիքով, հերթի մեջ հանդիպեց  հայրենակից մի այլ ընտանիքի, նրանք խառնվեցին իրար, սկսեցին բարձրաձայն խոսել և ծիծաղել։ Մի պահ փորձեցի մասնակցել զրույցին, բայց հայտնվեցի հիմար վիճակում և իմ չհասկացված լինելը դրոշմվեց դեմքիս՝ ստանալով հորթի կերպար, ուստի մի կողմ քաշվեցի։
-          Ջանի՜,- մեկը հերթի մեջ ձայն տվեց ինձ։
Հայացքով փնտրեցի՝ Նեդան էր։ Մինչ կկարողանայի ճեղքել փախստականների անխոցելի պատը, Նեդան անհետացավ եկեղեցու ներսում։ Այդ պահին աֆղանները ևս, բոլորին հրելով, ընտանիքով անցան առաջ, ես նրանց հետևից հասա դռանը, բայց այնտեղ էլ մնացի, քանի որ դռնապանն այս անգամ էլ արաբ էր և նախապատվությունը տալիս էր զուտ մուսուլմաններին։ Ի՞նչ արած, արաբին մոռացած, ինքս խռովեցի ինձանից՝ թույլ ու փոքրամարմին լինելուս համար։ Այդպես խռոված, մինչև արտասունքը կթրջեր դեմքս՝ սկսեց բարակ անձրև մաղել։ Կուլ տալով արտասունքս՝ ուղղվեցի վրան։
Նաիրին քնած էր, ես էլ կուչ եկա իմ անկյունում։
-          Ջանո՛,- մեկը բոթեց ինձ։ Նստեցի տեղս՝ Յուսուֆն էր․- Նաիրի՛,- նույնկերպ բոթեց հայրենակցիս, և նա, կիսաքուն ու դժգոհած, դեմքը շրջեց մեր կողմը։
-          Ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել,- մայրենիով մրմնջաց նա։ Յուսուֆն, իմ չհասկանալու հայացքը փոխ առած, նայեց ինձ,- Ասա՛, ի՞նչ կա,- վերջապես տեղում նստելով և ոտքերն իմ դեմքին կախելով՝ հարցրեց Նաիրին այս անգամ անգլերենով։
Յուսուֆը խոսելու ընթացքում ցույց տվեց ձեռքի փաթեթը։
-          Նա ասում է՝ այդ պայուսակը ձեր համար է բերել, խնդրում է՝ վերցնեք։
Յուսուֆը ժպտաց, վարդագույն ճամփորդական պայուսակը տվեց ինձ, նստեց մահճակալի ծայրին։
-          Արա՛, բա՛ ի՞նձ,-  երկրորդ հարկից հատակին ցատկելով՝ բարձրաձայնեց Նաիրին։ Նրա աժդահա մարմնից Յուսուֆն ակամա կուչ եկավ՝ բարձր ծիծաղելով, ապա լրջացավ, նորից դիմեց նրան։
-          Յուսուֆն ուզում է իմանալ, թե ի՞նչ եք այդքան գրում,- թարգմանեց Նաիրին։
-          Ուզում եմ գիրք գրել,- իմ պատասխանից Նաիրին, թարգմանելու փոխարեն, նայեց ինձ։
-          Ի՞նչ, գի՞րք։ Ես այնտեղ կա՞մ,- անակնկալի եկավ հայրենակիցս։
-          Իհարկե, կաս, բոլորն էլ կան, ում անգամ դեմքով կկարողանամ հիշել։
-          Իմ մասին լավ բաներ գրեք, ես լավ տղա եմ,- ասաց նա և սկսեց ծիծաղել։ Ըստ երևույթի Յուսուֆը հարցը կրկնեց,- հիմա ես նրան ասեմ՝ դուք գի՞րք եք գրում,- ձեռքով ցույց տալով՝ արաբ երիտասարդի կողմը, նորից ծիծաղեց Նաիրին։
-          Այո՛, ասա, իսկ դրանում ի՞նչ վատ բան կա,- զարմացա ես։
-          Բայց դա իսկապե՞ս կարևոր է,- շարունակեց նա։
-          Քեզ համար գուցե կարևոր չէ, բայց տված հարցին պատասխանելը կարծում եմ կարևոր է,- վրդոհվեցի ես։
Նաիրին սկսեց Յուսուֆի հետ անգլերեն խոսել, բայց արդյո՞ք իմ պատասխանը թարգմանեց, այնքան էլ վստահ չէի, ուստի իմ իմացածով, հերթական անգամ անգլերենի հերն անիծելով, հասկացրեցի նրան։
Նրա դեմքը փոխվեց, մի տեսակ պայծառացավ, ապա մի քանի անգամ կրկնեց ոգևորված՝ բութ մատը վերև անելով․
-          Ok…,ok…,- որի համար բարեբախտաբար թարգմանչի անհրաժշտություն չեղավ։

Комментариев нет:

Отправить комментарий