воскресенье, 12 июля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության մաս - (57)


Դուրս գալով զնդանից՝ Ադամանդը առաջինը շտապեց պատշգամբ, անհանգստացած նայեց քաղաքին։
-          Ու՞ր են անհետացել ուրվականները,- , զարմացավ նա,- Մի՞թե իսկապես նա ուժեղ է ինձանից,- տեղը չգտնելով, շտապեց դուրս,- Ո՞վ կա այստեղ,- ձայն տվեց  նա, ընդառաջ դուրս եկան սևազգեստները։
-         Դեպի՛ վեցանկյուն,- հրամայեց Ադամանդը՝ ինքը համարյա վազելով դեպի մեքենան։
Երբ նա ներս ընկավ, պրոֆեսոր Բենը նստած էր սեղանի մոտ, իսկ Նաթին նրան խմիչք էր մատուցում․․․
-         Ահա´, թե ինչու՞ էիք փորձում ազատվել ինձանից,- տեսնելով ակամա հունից դուրս եկավ նա։
Բենը զարմանքից քար կտրած դանդաղ ոտքի կանգնեց։ Նաթիի ձեռքից վայր ընկավ խմիչքի շիշը․․․,- Դու՞ք,- հարցրեցին միաժամանակ։
-         Այո ե՛ս, զարմացա՞ծ եք- վրդոհված պատասխանեց նա, անցավ առաջ, կանգնեց պրոֆեսորի դիմաց,- Անհետացել են ուրվականները, դուք տեղյա՞կ եք։
-         Ո՛չ,- կրկնակի զարմանքից Բենի հոնքերը վեր բարձրացան, նա նայեց ուղիղ Ադամանդի աչքերի մեջ,- Գուցե սխալվու՞մ եք։
-         Սխալվու՞մ եմ։ Ես երբեք չեմ սխալվում։ Սխալվեցի՛ք դու՛ք, երբ ինձ լքեցիք՝ թողնելով այնտեղ,- նյարդայնացած բղավեց Ադամանդը, ցուցամատով ցույց տալով դեպի ներքև։
-         Մենք այլընտրանք չունեինք, դուք գիտեք՝ ինչի է ընդունակ Կանաչ աչքը,- փորձեց արդարանալ Նաթին։
Ադամանդը խեթ նայեց նրան, շարունակեց․
-         Շտապ պետք է հրապարակ գնալ, կարգավորել բանակը, այլապես, իսկապես, եղյամի ճաքն անխուսափելի կլինի։
Նրանք մի պահ երևացին հրապարակի ամբիոնին, նայեցին քաղաքին, անմիջապես ներս մտան։
-         Ինչպե՞ս կարող էին անհետանալ,- զարմացած, շարունակ կրկնում էր պրոֆեսորը։

-         Քառակուսի՜ գլուխ,- ձայն տվեց Ադամանդը։
Ոչ ոք ընդառաջ չելավ նրանց։
-         Պարզվում է՝ իսկապես, ուրվականներն անհետացել են,- մրմնջաց Բենը,- Միայն չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս,- նա լռեց, նայեց Ադամանդին,- Կարծես գլխի եմ ընկնում,- հանկարծ ոգևորվեց նա։
-         Եվ ինչպե՞ս,- անտարբեր հարցրեց Ադամանդը
-         Մի՞թե պարզ չէ՝ Կանաչ աչքը՝ ահա´ և պատասխանը,- ձեռքերը տարածեց պրոֆեսորը։
-         Այնպես ոգևորվեցիք, կարծես նոր մոլորակ հայտնագործեցիք,- հեգնեց Ադամանդը,- Ես էլ գիտեմ այդ սևամորթի ձեռքի գործն է, բայց ինչպե՞ս։
-         Ի՞նչ տարբերություն, ինչպես,- ուսերը վեր քաշեց Նաթին։
-         Այդ դեպքում պետք է մարտի հանել ողջ բանակը, թո´ղ այդ աֆրիկացին հասկանա, թե ու՞մ հետ գործ ունի,- բորբոքված համարյա բղավեց Ադամանդը։
-         Այո´,- անվստահ պատասխանեց Բենը,- Ես պետք է սկզբից կանխեի ուրվականների մուտքը մեգապոլիս։
-         Դրանից ի՞նչ կփոխվեր։
-         Նրանք, շարքից հանելով ռոբոտ-զինվորներին, ակամա օգնեցին մարդասերին,-  ափսոսանքով նկատեց Բենը,- Ինչևէ, շարի´ր բանակը, պետք է կարողանանք վերացնել Կանաչ աչքին, այլապես նրա առավելությունն ակնհայտ է դառնում։
-         Առանց ուրվականների ավելի հեշտ է հաղթել նրան, չէ՞ որ քաղաքը սպիտակ է հագել մինչև նրանց ի հայտ գալը,- ոգևորվեց Ադամանդը, հաղթողի կեցվածք ընդունեց, երկու մատով համբույր դրոշմեց ճակատի քարին։


суббота, 11 июля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 56)


Ծանր դռերը իրար եկան, աղմկելով փակվեցին։ Իշխող խավարն իր մեջ առավ Ադամանդին։ Նա ահաբեկված սկսեց հարվածել երկաթյա դռներին։
-         Բա´ց արե՛ք, Նաթի´, Բե´ն,- ոչ ոք չպատասխանեց։
Հանկարծ նա ետ քաշվեց դռներից, խաղաղվեց, սկսեց տնտղել խավարը, կարծես ինչ որ բան էր փնտրում, երկու մատներով համբույր դրոշմեց ճակատի ադամանդին, մրմնջաց․
-         Լուսավորի´ր իմ շուրջը, դու փայլում ես ցերեկը, փայլի´ր նաև երբ մութ է։
Թանկարժեք քարը սկսեց աղոտ լուսավորել, բայց հանկարծ նորից տիրեց անթափանց խավարը։
-         Որտե՞ղ ես  Ձյունահեր, ու՞ր ես կորել,- հուսահատված ձայն տվեց նա։
-         Այո´, Ադամա´նդ,- հայտնվեց սիրամարգը, սպիտակ լույսը տարածվեց  զնդանում,  Ադամանդը ուշադիր նայեց  թռչունին։
-         Դու նույնպե՞ս, ինչպե՞ս ես տանուլ տվել քո գեղեցիկ փետուրները, մի՞թե վերջն է,- տեսելով սիրամարգի խանձված փետուրերը՝ կատաղությունից բղավեց նա,- Ես պետք է դուրս գամ այստեղից, ես պարտավոր եմ ոչնչացնել այդ փսլնքոտին։
-         Դու դուրս կգաս այստեղից՝ կանխելու վերահաս պարտությունը- ասաց թռչունը, անհետացավ, նորից տիրեց խավարը։
-         Ինչպե՞ս, գրողը տանի քեզ,- մենակ մնալով՝ նա գազազեց, սկսեց ոտքերը գետնին խփել։
-         Այո´, Ադամա´նդ,- այս անգամ հայտնվեց Սատանան,- Ինչու՞ հիշեցիր ինձ,- նա կանգնեց Ադամանդի դիմաց։
-         Վերջապես ինձ դուրս կհանեք՞ այստեղից,-  հարց տվեց նա, զսպելով ցասումը։
-         Գուցե,- ոչ այնքան հանգիստ, որքան անտարբեր պատասխանեց սատանան։
-         Նախ լուսավորի´ր այստեղ, որպեսզի կարողանամ տեսնել քեզ;
-         Լույսը իմը չէ, սակայն ցանկության դեպքում խավարը չի խանգարի քեզ, որպեսզի դու ինձ տեսնես։
-         Այո´, ես իսկապես քեզ տեսնում եմ առանց լույսի։ Գիտեմ՝ քեզ համար անհնարին ոչինչ չկա, դու´րս հանիր ինձ այստեղից։
-         Մի՞թե միայն քո կախյալ վիճակն է քեզ ստիպում հիշել ինձ։
-         Այդպես չէ, միշտ էլ հիշում եմ քեզ, ազատի´ր ինձ զնդանից, և ես քեզ վարձահատույց կլինեմ։ Չեմ ուզում մնացած կյանքս անց կացնել զնդանում, ես խավարասեր չեմ։ Անգամ իմ յուրայինները ինձ դավաճանեցին։
-         Ադամա´նդ,- շարունակեց Սատանան,- կյանքը բումերանգ է; Մի՞թե մինչև հիմա այս խավարում կենդանիներ էին փակված։
-         Նրանք արժանի են դրան։ Դու´րս հանիր ինձ, վարձահատույց կլինեմ, երդվում եմ։
-         Այլևս չեմ ծառայում քեզ, քանզի ակնհայտ է քո երախտամոռությունը, կօգնեմ փոխադարձ համաձայնության դեպքում։
-         Խոսի´ր, ցանկացած պայմանում դաշնակից եմ։
-         Կանխի´ր եղյամի ճաքը։
-         Մի՞թե եղյամը ճաք ունի, այն նման է հաստ ձյան շերտի։ Մեր հաղթանակը դեռ երկար ժամանակ ապահովված է,- ինքնավստահ պատասխանեց Ադամանդը։
-         Մի´ մոռացիր, վերադարձել է Կանաչ աչքը։ Անխուսափելի է եղյամի ճաքը։
-         Դա մանրունք է,- ձեռքը թափահարելով պատասխանեց Ադամանդը։-Կանաչ աչքը միշտ էլ կա․․․
-         Մանր թերություններից է ծնվում խոշոր պարտությունը, ահա´ հավաստիացումը,- ձեռքերը տարածեց Սատանան։
-         Իմ հզորության առջև դա իսկապես մանրունք է,- պնդեց Ադամանդը։
-         Հաճախ մեծախոսությունն անզորության նշան է, չե՞ս կարծում։ Մի´ մեծախոսիր, երբ դեռ այստեղ ես։ Վախեցի´ր գաղափարիդ հետևանքից։
-         Ես քո օգնությամբ դուրս կգամ այս զնդանից, և կհամոզվես, թե  ինչպես է իմ խոսքը գործ դառնում։ Դու կօգնես ինձ, այնպես չէ՞,-ավելի մեղմացած հարց տվեց նա,- Չէ՞որ միշտ քո հպատակն եմ եղել։
-         Հպատա՛կ, որում միշտ փայլել է սեփական շահը։ Թվաց՝ հաղթանակդ վերջնական է, փորձեցիր երես թեքել ինձանից, բայց փոխվելով գլխաշորիդ գույնը, փոխվեց իրավիճակը,- նկատեց Սատանան։
Նրա խոսքերից Ադամանդն ակամա ձեռքը տարավ դեպի գլուխը, մրմնջաց ատելությամբ։
-         Ես կոչնչացնեմ այդ սևամորթին։
-         Իսկ կարո՞ղ ես։ Այդ կանաչ աչքերովը միայն ժամանկի առջև է անզոր, որին չի տիրապետում և ոչ ոք։ Այն աննկատ անցնում է բոլորի միջով, լավագույն դեպքում, նրանցից թողնելով անանուն մի տապանաքար։ Մի՞թե դու բացառություն ես․․․
-         Դու անտանելի ես դառնում, դու´րս հանիր ինձ այստեղից,- ակամա հոխորտաց նա։
-         Խոսքս քամուն չեմ տալիս՝ քեզ չնմանվելու։ Այս պահին դուրս կգաս այստեղից։
-         Մի՞թե ես այդպիսին եմ,- վրդոհվեց Ադամանդը։
Սատանան պտտվեց նրա շուրջը։
-         Այսուհետ դժվար կլինի, որքան էլ տքնես․․․
-         Ո´չ, թույլ չե´մ տա կասկածելու իմ ամենակարողության մեջ։ Այդ Բենն ու Նաթին չպետք է վայելեն իմը․․․
-         Գուցե նրանք չվայելեն, կվայելե՞ս արդյոք դու,- նորից շողոքորթ պտտվեց Ադամանդի շուրջը։
-         Դու´րս հանիր ինձ այստեղից,- նորից հունից դուրս եկավ նա։
-         Դու չես կարող այստեղից դուրս գալ ինչպես մյուսները, ինչպես ես։
-         Իսկ ինչպե՞ս, մի՞թե քեզ համար կա անհնարինը․․․
-         Այն ինչ անհնար է, գոյություն չունի ինձ համար։ Այստեղից դուրս գալու համար դու պետք է մտնես որևէ կենդանու կերպի մեջ,- նորից նա մի պտույտ արեց Ադամանդի շուրջը,- Ո՞ր կենդանուն ես նախընտրում։
Մինչ Ադամանդը կհասցներ կողմնորոշվել, սատանան պատասխանեց սեփական հարցին․
-         Նաև ավելացնեմ՝ քո կերպարին և իրավիճակին հարմար է օձը․․․
Ադամանդը խավարի մեջ խեթ նայեց նրան։
-         Մի՞թե․․․
-         Դե ինչ, օգտվու՞մ ես քո միակ հնարավորությունից։
-         Միա՞կ,- սկզբում զարմացավ նա, ապա շարունակեց,- թո´ղ այդպես լինի, լավ է օձ, քան զնդան․․․
Նա մոտեցավ ձեռը հպեց շողացող ադամանդին
-         Պտտվի´ր, ինչպես հոլն է պտտվում։
Ադամանդը սկսեց պտտվել, արագություն վերցնելով՝ բարակեց, այնուհետև իջավ, մի պահ անհետացավ, գետնին հայտնվեց սև օձը։ Նրա գլխին շողում էր սպիտակ ադամանդը։ Նա կանգնեց պոչի վրա, նայեց Սատանային։
-         Դու´րս սողա,- հրամայեց նա՝ ձեռքով ցույց տալով դուռը։
Օձը սողաց, աննկատ դուրս եկավ։ Նորից նա կանգնեց պոչի վրա։ Սատանան հայտնվեց նրա դիաց, քայլեց նրա առջևից, մինչև վերջացան վեր տանող աստիճանները։
-         Ահա´, ելքը, քեզ եմ վերադարձնում քո մարդկային տեսքը և ժամանակ եմ տալիս, ես կվերադառնամ,- ասաց նա, նորից ձեռքը դրեց օձի վրա, նա նույն կերպ սկսեց պտտվել՝ վեր բարձրանալով, հայտնվեց Ադամանդը։
-         Սարսափելի է օձի մաշկի մեջ լինելը,- մրմնջաց նա՝ երկու ձեռքով շոշափելով գլուխը, նայեց վեր տանող աստիճաններին,- Որքան դժվար կլիներ, սողալ դեպի վեր,- ավելի բարձր ձայնով շարունակեց նա, սկսեց բարձրանալ․․․

пятница, 10 июля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 55)


Դուրս գալով մութ զնդանից՝ բոլորը շտապեցին լքել նաև գետնահարկը՝ այնտեղ թողնելով Ադամանդին։ Կորին հայտնվեց շենքի տանիքին, նայեց հեռուն։ Ամենուր ռոբոտ-զինվորներն էին և դեռ իրենց մարմինները փնտրող ուրվականները։ Տեղ-տեղ եղյամը հիշեցնում էր ձյան հաստ շերտը։ Բացված տեսարանից տարակուսած, նորից սլացավ ցած, միացավ  խմբին։
-         Քաղաքում նույն քաոսն է,- հայտնեց նա ընկերներին։- Մի՞թե եղյամը հավերժ է,-  շարունակեց սրտնեղած։
-         Ոչինչ հավերժ չէ, առավել ևս Ադամանդի ստեղծածը, հարկ չկա հուսահատվելու- հուսադրեց Մարկոսը, քայլեց առջևից։
Նրանց ընդառաջ դուրս եկան ժանիքավոր ուրվականները։
-         Շտապե´ք, այլապես մենք կորած ենք,- բացականչեց Աբգարն՝ ակամա արագացնելով քայլերը։
Բոլորը դանդաղ վազքով հետևեցին գիտնականին։ Երբ ուրվականները արդեն հասանում էին նրանց և ընդամենը մի քանի քայլ էր բաժանում, Կորին սկսեց վազել, նրա վազքի հետ բարձրացավ ուժգին քամի, քամու հետ օդում սկսեցին պարել ավազախառը դեղին տերևները։ Յուրաքանչյուրը հազիվ էր կարողանում մնալ գետնին կանգնած քամու ուժից։ Կորին հայտնվեց մոտակա  տանիքին, նրա արձակած շանթն անցավ  ուրվականների խմբի միջով, նրանք մի պահ անջատվեցին, խումբն համարյա իրար գրկած, սկսեց ավելի արագ վազել։   Երկնքում երևացող ուղղաթիռը նրանց անակնկալի բերեց։
-         Եթե Մալեն է, ինչու՞ է միայնակ,- զարմացավ Մարկոսը՝ աչքը չկտրելով մոտեցող ուղղաթիռից։ Իսկապես, երևաց Մալեն։ Խումբը Մարկոսի գլխավորությամբ կանգ առավ։
-         Այս երիտասարդը չի դադարում անակնկալ մատուցել,- շշնջաց Մարկոսը ժպտալով։
Մալեի հետ միասին վազքով խմբին մոտեցավ  մի զինվորական։
-         Հրամանատա´ր, նրանք դառնում են անկառավարելի։ Արդեն չգիտեմ, որ մեկն է ավելի վտանգավոր՝ ուրվականնե՞րը, թե՞ ռոբոտ-զինվորները,- զեկուցեց Մալեն՝ թոթովելով ուսերը։
-         Ինքս էլ եմ անզոր անգամ խորհուրդ տալու, մեզ մնում է գոնե ողջ հասնել տուն և սպասել Կորիին,- տարակուսեց Մարկոսը, նայեց ուրվականների կողմը,- Ահա´, նրանք նորից ոտքի կանգնեցին։
-         Դուք շտապեք հեռանա´լ,- միջամտեց զինվորականը։
Մարկոսը հետաքրքրասիրությամբ նայեց նրան։
-         Ո՞վ ես։
Անծանոթը ժպտաց,- Անունս Ջամիլ է։
Մարկոսն ավելի ուշադիր նայեց երիտասարդին,- Չնայած երբեք չեմ կարողացել տեսնել քո դեմքը, բայց կարողացա ճանաչել ձայնդ, շնորհակալ եմ,- նա ձեռքով բարևեց անծանոթին,- Պարզվում է՝ այնքան էլ կամվոր չես, Ջամի´լ,- գոհունակությամբ ժպտաց Մարկոսը։
Խոսակցությունը կիսատ մնաց, երբ շանթից գետնին տապալված ուրվականները նորից ոտքի կանգնելով,  ուղղվեցին նրաց կողմը։ Կորին շանթը կրկնեց այնքան, մինչև խումբը կարողացավ անհետանալ ուրվականների տեսադաշտից։ Ճանապարհի դժվարությունները հաղթահարելով՝ նրանք մտան դեպի միայնակ տունը տանող ծառուղին։ Կորին առաջինը հայտնվեց բակում։
-         Դու արդեն այստե՞ղ ես,- ներս մտնելով ուրախացավ Մարկոսը։
-         Մարկո´ս, ես ունեմ միայն մեկ հնարավորություն, սակայն խնդիրները շատ են, ինչպե՞ս անել, գուցե խորհուրդ տաք,- խոսեց Կորին։
-         Կարծում եմ՝ պետք է վերացնել, եթե ոչ մեծագույն չարիքը, ապա գոնե հերթականը՝ ետ ուղարկելով ուրվականներին։
-         Մեծագույն չարիքը Ադամանդն է, բայց քանի որ նա զնդանում է, դուք ճիշտ եք՝ կփորձեմ ետ ուղարկել ուրվականներին,- Կորին ընկավ մտքերի մեջ։
-         Ի՞նչ կա, ինչու՞ հապաղեցիր, որևէ բան այնպես չէ՞,- նկատեց Մարկոսը։
-         Իսկ ռոբոտ-զինվորնե՞րը։
-         Իմ կարծիքով նրանք միշտ էլ կլինեն, քանզի նրանց հումքը մարդն է։
-         Իսկ եղյա՞մը։
-         Մի՞թե այն արդեն առաջին ճաքը չի տվել, նայի´ր,- նայելով շուրջը՝ պատասխանեց Մարկոսը։- Վերի´,- ձայն տվեց նա, մոտեցավ երիտասարդը,- Սովորության համաձայն՝ բացի´ր դուռը։
-         Այո´, հրամանատա´ր,- պատասխանեց նա, մոտեցավ, բացեց դուռը, լույսը հորդեց դուրս, բոլորն ուրախացան։
-         Ահա´, նայե´ք, վերջապես միայնակ տունը, թեկուզ դանդաղ, բայց  կորցնում է իր եղյամյա պատյանը,- ոգևորված բացականչեց Կորին, վեր սլացավ շարունակելով,- Պետք է մաքրե՛լ քաղաքը նրանցից։
Նա հայտնվեց հրապարակում, նայեց կիսաայրված դրոշին, սլացավ ցած, սկսեց վազել, նրա վազքի հետ բարձրացավ ուժգին քամի, քամու հետ օդ բարձրացան ավազախառը դեղին տերևները, արձակեց շանթը. այն անցավ պատվանդանի միջով։ Դուռը ծանր ճռռոցով տեղի տվեց, Կորին կանգնեց աստիճաններին․
-         Քառակուսի՜ գլուխ։
-         Այո´, հրամանատա´ր,- հայտնվեց ուրվականը,- Ես կոչնչացնեմ քեզ,- շարունակեց նա՝ փորձելով հարձակվել Կորիի վրա։
Նա խույս տվեց, վեր սլացավ, կանգնեց պատվանդանին։ Ուրվականը եթերային քայլերով հետևեց նրան, դուրս եկավ հրապարակ, նայեց վեր։
-         Ես կատարում եմ իմ առաջին հրամանը,- վանկարկեց նա։
-         Հեռացի´ր քո աշխարհը, Քառակուսի´ գլուխ,- հրամայեց Կորին, կախվեց նրա վրա։
-         Ես կատարում եմ  առաջին հրամաը,- նորից կրկնեց ուրվականը։
-         Ի՞նչ արած, ինձ մնում է քեզ պարտադրել ետ վերադառնալ,-  Կորին բացեց ափը, բոցկլտաց անմար հրի վերջին կաթիլը։
Այն գլորվեց, ընկավ  ուրվականի վրա։  Ամեն կողմից լսվեց աղմուկ և աղաղակ։ Կորին հայտնվեց երկնաքերի տանիքին, այնտեղից տեսավ, թե ինչպես են ուրվականները՝ ժանիքավոր, թե դեռ մարմինը փնտրող, փչող քամու հետ վեր սլանում, եթերային քայլերով դուրս գնալով քաղաքից։
-         Ո´չ, Կանա´չ աչք,- հեռացող ուրվականների շարքի վերջում բղավում էր Քառակուսի գլուխը,- Ես դեռ չեմ կատարել առաջին հրամանը։
-         Դու գտել ես քո մարմինը, հեռացի´ր քո աշխարհ,- մրմնջաց Կորին։
Ուրվականը, մինչև վերջ ճանկռոտելով, կառչում էր պատերից, սյուներից, սակայն փոքրիկ ոսկեգույն կաթիլը նրան քշեց այնքան, մինչև նա անհետացավ, իսկ կաթիլը, շարունակելով ճամփան, տարալուծվեց հորիզոնում՝ կարծես, արթնացնելով արևին։  Անհետացան պարող  տերևները՝ պտտվող քամու հետ վեր բարձրանալով։
-         Անհետացավ չարիքի փոքրագույնը,- դեռ միտքը չէր ավարտել Կորին, երբ երևացին ռոբոտ-զինվորները,- Սակայն ո´չ մեծագույնը,- տխուր շարունակեց նա, նայեց եղյամին, սլացավ միայնակ տան կողմը։
-         Ես ոչինչ անել չկարողացա,- հանդիպելով Մարկոսին ասաց կորին,- Որքա՜ն խնդիրներ մնացին։
-         Դու ավելին արեցիր, քան հնարավոր էր,- ուրախացած նրան մոտեցավ Մարկոսը։
-         Իսկ եղյա՞մը, ռոբոտ-զինվորնե՞րը
-         Արևը շողում է հորիզոնում։ Աննկատ, բայց կանհետանա եղյամը, մի´ տրտմիր, իսկ Ադամանդի պարտությամբ մեգապոլիսը կխախաղվի։
-         Չէ՞ որ նա զնդանում է, մի՜թե դա պարտություն չէ,- զարմացավ Կորին։
-         Նա այնտեղ է իր անբաժան գլխաշորի և ադամանդի հետ, չեմ կարծում այն կրում է որպես զարդ։ Եթե նկատել ես, նա անխոցելի է։
-         Այո´, նկատել եմ,- կարծես միայն Մարկոսի ասելուց հետո գլխի ընկավ նա, վեր սլացավ բացականչելով,- Այո՜, կարծես գլխի եմ ընկնում։ Ինչպե՞ս կարող էի անտեսել գլխավորը։
-         Միայն այդ դեպքում կվերանա քաղաքի եղյամը,- շարունակեց Մարկոսը՝ այս անգամ խոսելով ինքն իր հետ։
Կորին ընթացքից մի  հայացք նետեց հարազատ մարդկանց կողմը։
-         Ես կվերադառնամ նրան հաղթելուց հետո,- գոչեց նա։
Վիվին ժպտաց՝ գլուխը հենելով Աբգարի ուսին։