вторник, 9 апреля 2019 г.

Նա ևս քրիստոնյա էր (596-րդը)


Ուշացած եկավ նաև Յուսուֆը՝ ավելի շատ պայուսակներով և տոպրակներով, քան մյուսները։ Քիչ անց նա մոտեցավ Նաիրիին, նրա  ականջին ինչ որ բան շշնջաց։ Նաիրին ուշադիր նայեց ինձ․
-          Գիտե՞ք ինչ է ասում,- հարցրեց նա։
-          Ի՞նչ։
Նա չէր հասցրել պատասխանել, երբ Բաչոն նրան տուզ իջավ, և Նաիրին շվարած մրմնջաց․
-          Թարգմանիչ լինելը լավ է, եթե տանուլ չես տալիս,- ապա վեր կացավ, մոտեցավ մեզ, վերջապես թարգմանեց Յուսուֆի խոսքերը։
-          Ասում է թարգմանիր, թե ինչու՞ է միշտ լուռ նստում։
-          Ասա նրան, իմ իմացած լեզուն չեն հասկանում այն մարդիկ, ում հետ առիթ է լինում զրուցելու։
Երբ Նաիրիի թարգմանեց, նա ժպտաց, ապա նայեց ձեռքիս գրիչներին, հարցրեց․
-          Գի՞րք եք գրում։
-          Այո՛,- պատասխանելիս նրան տվեցի գեղեցիկ գրիչներից մեկը։
-          Շնորհակալ եմ,- ասաց նա և, ի ուրախություն ինձ, այս  անգամ թարգմանչի հարկ չեղավ։
-          Նաիրի, հարցրու նրան, մինչ պատերազմն ինչո՞վ էր զբաղվում հայրենիքում,- խնդրեցի նրան, իսկ նա արդեն խաղի մեջ էր, բայց զարմանալիորեն չմերժեց։
-          Ուսանում էի՝ բժշկականի երրորդ կուրսում էի։ Հորս մասնագիտությունն է, իսկ մայրս ուսուցչուհի էր։
-          Նրանք նույնպե՞ս Գերմանիայում են։
-          Ո՛չ, հայրս չցանկացավ լքել հայրենիքը, իսկ մեզ ուղարկեցին այստեղ։ Չգիտեմ՝ արդյո՞ք ճիշտ վարվեցինք,- ակամա տխրեց նա։
-          Իսկ ինչու՞ բոլոր արաբների նման չեք։
-          Մեր ընտանիքը քրիստոնիյա է,- վերջին բառն արտասանեց շշուկով՝ միաժամանակ մատը շուրթին դնելով, գաղտագողի մի հայացք գցեց շուրջը և այլևս չանդրադարձանք այդ թեմային։
-          Հա, վաղը շաբաթ է, գալու են մեզ մեքենաներով տանեն եկեղեցի, կգա՞ք,- հայացքն առանց խաղաքարերից կտրելով, Նաիրին դիմեց ինձ։
-          Այս փո՞քրը, իհարկե՞ կգամ, մի՞թե չենք կարող ոտքով գնալ,- զարմացա ես։
-          Ո՛չ, այն բարեգործական նպատակների համար է, ինչպես հասկանում եմ, իսկ մեզ տանելու են հարևան գյուղի մեծ եկեղեցին։
-          Կգամ։
Յուսուֆը գնաց, քիչ հետո ետ եկավ՝ քաղցրավենիքի տուփով, մեկնեց ինձ։ Ինձ թույլ տվեցի երկու հատ վերցնել՝ իբր մեկն ինձ, մեկն էլ Նաիրի համար։
-          Իսկ ի՞նձ, մի՛ մոռացեք ձեր անմիջական թարգմանիչն եմ,- ծիծաղելով ասաց նա և մի քանի հատ վերցրեց։ Իմ բաժինն էլ տվեցի նրան՝ որպես թարգմանչի վարձ, և նա անհոգ ըմբոշխնեց՝ պառկելով անկողնու լանյությամբ, խաղաքարերը դնելով իմ բաժին անկողնու առաստաղի ճաղերից մեկի տակ։
Երեկոն վերածվեց ուշ գիշերվա, իսկ վրանում շատերը դեռ փորձում էին բերած հագուստը, այդ թվում նաև երեք մահճակալների երեք կանայք ու երեք տղամարդիկ, իսկ  հաճախ սավանի հետևից լսվում էր նրանց բարձր քրքիջը։

Комментариев нет:

Отправить комментарий