вторник, 16 апреля 2019 г.

Էլմիրան (596-րդը)


Առաջին օրերը, եթե փախստականները ճամբարում վեց հարյուրից մի քիչ  էին ավելի, ես թվաքանակով համարվում էի վերջիններից մեկը, ապա այժմ բավականին առաջ էի անցել՝ հետևում թողնելով հարյուրավորների, և նրանցից շատերը, լուսաբացի հետ, հավաքվեցին անցակետի մոտ։ Թվում էր՝ լուսաբացը բոլորին հավաքեց այնտեղ։ Մի քանի ավտոբուսներ մի քանի ժամով դատարկեցին մի քանի վրաններ, որոնցից մեկը փոքր վրանն էր։
Չէի կարող հանգիստ նստել՝ շրջեցի վրանով։ Մոտավորապես տասնհինգ հոգի էինք մնացել, այդ թվում Էրմանը, Արամը, Յուսուֆը և նրա եղբայրը, վրացի մյուս ընտանիքը, Նաիրին, ես և մի քանի հոգի, մնացած բոլորին տարել էին Թրիր։ 
Այո՛, լռություն էր ամեն անկյունում, բայց այս դեպքում այն ավելի շատ դատարկության էր նման։ Ինձ զգում էի լքված ու կոտրված։ Ճամբարում մնացածները չէին աղմկում, չէին վազվզում։ Թվում էր՝ այն առավոտվա ավտոբուսներն իրենց հետ տարել Էին նաև կյանքն ու ավյունը։ Շատերը երկար քայլում էին՝ անթիվ շրջաններ անելով վրանների շուրջը։
Միայն ընթրիքին նորից բացվեցին դարպասները, ավտոբուսները  շարվեցին բակում՝ ետ բերելով աղմուկն ու շարժը։ Վերադարձողները, որքան էլ հոգնած լինեին, բոլորի աչքերը փայլում էին և տեղ հասնելուն պես շարվեցին ճաշարանում։
Ավտոբուսից իջավ նաև Կաման ընտանիքով։
-          Բարև ձեզ,- բարևեց նա՝ ինձ հանդիպելով ճաշարանի դռան մոտ։
-          Բարև, ինչպե՞ս անցավ։
-          Սովորական, ափսո՜ս, դուք մեզ հետ չէիք։
-          Ինչ արած, գուցե մյուս անգամ,- ափսոսանքով ուսերս թոթովեցի և փորձեցի զրույցի բռնվել հայրենակցիս հետ։
-          Այնքան հոգնած ենք, ամբողջ օրը ոտքի վրա ենք մնացել, երեխաներն ուտել են ուզում,- ասաց նա և կորավ հերթի մեջ։  Ոչինչ չհասցրի հարցնել, լուռ քայլեցի հինգերորդ վրանի կողմը։
Սևդան թեյում էր  անծանոթ կնոջ հետ, ինձ տեսնելով՝ տեղից վեր կացավ։
-          Օ՜, համեցե՜ք,- բացականչեց նա։
Կինը նույնպես ոտքի կանգնեց։
-          Բարև ձեզ,- թ-ը տառը շեշտադրելով՝  նույնպես բարևեց։
-          Էլմիրան է, իմ հայրենակիցը, այստեղ էլ հարևանս է, ծանոթացեք,- անծանոթ կնոջը ներկայացրեց Սևդան։
-          Ուրախ եմ,-  պատասխանեցի ես, իսկ Էլմիրան ձեռքով բարևեց, և այլև չէի զգում, թե երբ էր այդ կինը շունչ քաշում, քանի որ սկսեց խոսել առանց դադարի և հիմնականում ադրբեջանցուն հատուկ ձևով։ Ի պատասխան՝ հասցնում էի միայն գլխով անել։ Բարեբախտաբար, եկավ նրա որդին, գլուխը դրեց մոր ծնկներին՝ կարծես այդպես  անջատելով մոր ձայնը։ Երեխան սկսեց տրտնջալ։
-          Ի՞նչ է ուզում,- հետաքրքրվեցի ես։
-          Ուտել է ուզում, բայց նրան հաց չեմ տա,- ոգևորվեց մայրը։
-          Ինչու՞,- զարմացա ես,- Փառք աստծո,  նա իր բաժինն ստանում է։
-          Ո՛չ, պարզապես խելոք չի մնում, ես արդեն գժվել եմ սրա ձեռքին,- երկու ձեռքով սեղմելով երեխայի գլխին պատասխանեց նա։
Էլմիրան դեռ չէր ավարտել խոսքը, երբ տղան ոտքով հարվածեց մոր ոտքին, դուրս փախավ, մայրը հետևեց նրան՝ միաժամանակ ցավից ծամածռելով դեմքը։ Պարզ չէր՝ մայրը դրսում հասցրել էր նրան դնգստել, թե ոչ, բայց հակնարծ դրսից աղաղակ լսվեց։
Երբ դուրս եկանք, շատերն արդեն դիտորդի դերում էին։ Էլմիրայի որդին թավալում էր գետնին և լաց լինում՝ առանց արտասունքի՝ հիմնականում գոռալով։ Մայրը, անզոր հանգստացնելու, կորավ հավաքված ամբոխի մեջ։ Տղան ավել ուժգին սկսեց թավալել ու բղավել։  Տեխնիկական աշխատողներից Հայկոն, վազելով մոտեցավ և սկսեց տղայի հետ միասին թավալել և գոռալ։  Տղան մի պահ լռեց, նայեց Հայկոին, ժպտաց և ավելի ոգևորված շարունակեց գոռալը։ Հայկոն, հոգնած և փոշու մեջ կորած, ոտքի կանգնեց, գետնից վերցրեց գլխարկը, երկար մազերը ետ հավաքեց գլխարկի տակ, հուսահատված հեռացավ, իսկ տղան դեռ թավալում էր։ Երբ բոլորը ցրվեցին, Էլմիրան մոտեցավ բռնեց որդու ձեռքից, բարձրացրեց, այս անգամ ուժով քարշ տալով  ներս տարավ։

Комментариев нет:

Отправить комментарий