воскресенье, 7 апреля 2019 г.

Բաչոն (596-րդը)


Օրերը, շարան կազմած, կախվում էին անտես մի պարանից՝ ինձ թողնելով անվերջ  սպասումի մեջ։
Ինչպես միշտ, օրը բացվեց Էրմանի նամազով։ Նորից նրան միացան մյուս մուսուլմանները։ Երբ բոլորը շարվեցին, Էրմանը երկու քայլ առաջ կանգնեց, սկսեց բարձրաձայն աղոթել։ Մյուսները խմբակային կրկնեցին նրան, ապա ծունկի իջան։ Օրվա աղոթքը երկար տևեց։ Դուրս չգնացի, պարզապես  հետևեում էի նրանց իմ անկյունից։
Երբ լուսադեմի նամազն ավարտվեց, մութը դեռ գլուխը չէր բարձրացրել։ Աղոթողների խումբը, Էրմանի գլխավորությամբ, ավիրելով մյուսների քունը, նորից խորը քուն մտավ։
Օրվա բացվելու հետ՝ ճամբարը շարժվեց։ Վրացի Գիոն, ինչպես Բաչոին անվանում էր Նաիրին, թեյնիկը բերեց միացրեց, նստեց նստարանին։ Նա երկար ժամանակ կարդում էր հեռախոսի նորություննեը, Թեյնիկը վաղուց անջատվել էր, երբ  լցրեց սուրճը։ Մոտեցավ, նստեց աֆղաննեի նստարանին, այսինքն  իմ դիմաց։
-          Բարի լույս, Նաիրին դեռ քնա՞ծ է։
-          Բարի լույս, այո, նա հիմնականում արթնանում է նախաճաշի ժամից ոչ շուտ։
-          Նորեկների համար այսօր հագուստ են բաժանելու, գնալու՞ եք եկեղեցի։
-          Երևի ո՛չ, ինձ մոտ ոչինչ չի ստացվում,- տարակուսեցի ես։
-          Բարի լույս,- պարկած տեղից շուռ գալով դեպի Բաչոն պատասխանեց նաև Նաիրին։
-          Այնպես չէ, թե մեզ երես են տալիս։ Նախապատվությունը սիրիացիներին է, բայց աֆղանները և մյուսներն էլ պակաս չեն օգտվում,- բացատրեց Բաչոն։
-          Դրանք մանրունք են, պետք չէ նեղանալ, ոչ ոք ոչ ոքի պարտավոր չէ։ Կան երկրներ, որոնք երես են թեքել իրենց քաղաքացիներից, մերժվածին  հանդուրժող օտարից չպետք է նեղանալ,- կիսաարթուն մրմնջաց Նաիրին։
-          Այո՛, իսկապես։  Ձեր երկիրն էլ է դատարկվում։ Մարդիկ լքում են երկիրը  կառավարության պատճառով,- հաստատեց վրացին։
-          Մեր դեպքում գուցե, բայց դուք այնքան էլ պատճառ չունեք ձեր երկիրը լքելու։ Նախավերջին նախագահը՝ Սահակաշֆիլին շատ գործ արեց՝ վերացնելով կոռուպցիան, երկիրը դրեց դեմոկրատական ուղու վրա՝ չնայած ժողովուրդը երախտամոռ գտնվեց,- նկատեցի ես։
-          Այո՛, պարզվում է  դուք ավելի տեղեկացված եք մեր քաղաքական նիստուկացին,- պատասխանեց Բաչոն, ապա գլուխը բացասաբար տարուբերեց,- գործող նախագահը լավ մարդ է, բայց որպես ղեկավար․․․,- նա, միտքը կիսատ, լռեց։
-          Տեսնու՞մ եք, այնքան էլ պատճառ չունեք երկիրը լքելու,- հաստատեց Նաիրին, գլուխը հանելով վերմակի տակից։
-          Համամիտ եմ, ես էլ, կինս էլ միշտ աշխատանք ունեինք՝ կինս աշխատում էր անձնագրային նախարարությունում, իսկ ես էլեկտրոմեխանիկ եմ։ Տարկետում ենք վերցրել։ Որդուս եմ բերել Գերմանիա։
-          Ինչու՞, ի՞նր է պատահել,- անակնկալի եկա ես։
-          Շուտով չորսը լռանում է, բայց չի քայլում։ Երբ որդիս բուժվի, անպայման կվերադառնամ,այստեղ չեմ մնա։ Մայրս մենակ է։ Հորս գերեզմանը չեմ թողնի։
-          Վերադարձեք։ Տեսնում եմ՝ դուք իսկապես սիրում եք ձեր երկիրը։
-          Իսկ ո՞վ չի սիրում, պարզապես կան մարդիկ՝  չեն հանդուրժում երկրի տերերին և բռնում են օտարության ճամփան,- իմ խոսքին ավելացրեց Բաչոն։
-          Այո՜,- իսկապես տխրեցի ծոր տալով։
-          Տեսնում եմ ինձանից պակաս հայրենասեր չեք։
-          Գու՞ցե,- տխուր ուսերս վեր քաշեցի, նայելով, դռնից երևացող պաղ լուսաբացին, որտեղից ներս մտան ցրտից սրթսրթացող երկու երեխա, հեծանիվներն իրենց հետ քարշ տալով։։
Բաչոն վերջացրեց սուրճը, ոտքի կանգնեց,- եռացրած  ջուր կուզե՞ք սուրճի համար․․․
-          Ո՛չ, արդեն հնարավորություն ունեմ, շնորհակալ եմ, թեյնիկ եմ գնել։
-          Գիո, ինչու՞ չես թողնում քնեմ,- ասաց Նաիրին՝ նստելով տեղում, ոտքերը կախեց  իմ դեմքին՝ կշտամբելով Բաչոին։
-          Ինչպե՞ս ես խոսում, հարգանք ունեցիր,- վրդովվեցի նրա խոսելաձևեից։
-          Իսկ ի՞նչ եմ ասում, եթե քաչալ է, ուրեմն մե՞ծ է,- ծիծաղեց նա,- Բաչո՛, քանի՞ տարեկան ես։
-          Երեսունմեկ։
-          Իսկապե՞ս,- անկեղծորեն զարմացա, քանի որ նրա արտաքինը քառասունն անց տղամարդու տպավորություն էր թողել ինձ վրա։
Արագ քայլերով մեզ մոտեցավ նրա կինը։
-          Եթե զրուցում ես, գոնե թեյնիկը բեր, երեխաները թեյ են ուզում,- կշտամբեց ամուսնուն, թեյնիկը վերցրեց, հեռացավ։ Բաչոն լուռ հետևեց կնոջը։

Комментариев нет:

Отправить комментарий