пятница, 31 декабря 2021 г.

 

                  ՉԱՐՆ ՈՒ ԲԱՐԻՆ ԸՆԴԴԵՄ ՍԵՎ ՏԻՐԱԿԱԼԻ


Հավերժության ամրոցի տիրակալի խումբը նկատելով մոտեցող վտանգը, շրջան կազմեց, տղային առնելով իր մեջ։ Ագռավներն ու մողեսները անցան հարձակման, աշխատելով ամեն գնով վնասել խմբին և նրանից խլել շիվը։ Վտանգը տեսնելով, Գրինյուսը արձակեց իր կանաչը, տղային թաքցնելու համար։ Երբ արդեն տղան ապահով տեղում էր Ավրորիտն ու Արեգանին, Դավիդի հետ միասին վեր սլացան։ 

Անհավասար ուժերի միջև մարտն սկսվել էր, երբ նորից հայտնվեց Ֆլամեն հրե թռչունների հետ։ Նա մխրճվեց կանաչի մեջ, միաժամանակ տարածվելով վեր ու վար։ Լսվեց ճարթճարթյուն, ճիչ ու վայնասուն։ Տարածվեց տհաճ խանձահոտ։

- Խելագա՛ր, նորի՞ց դու՛, հեռացի՛ր, քո օգնությունը ավելի շատ թշնամուն է ուրախացնում, քան մեզ գոհացնում։ Քո ներկայությունը կործանարա՛ր է, հեռացի՛ր,- հազից խեղդվելով, բղավեց Վանդև-Կուբիկը։

Գրինյուսը ստիպված ետ քաշեց ճյուղերը և մի քանի ջրե ուժգին շիթեր բաց թողեց Ֆլամեի վրա, որից նա կիսատվեց, սկսեց ծխալ, այնուհետև իջնելով, տարածվեց գետնին, հեռացավ և մնաց մոտակա սարի ուսին, որպես բարձր խառույկ։

Ֆլամեի հեռանալուց հետո, երևաց նրա թողած հետքը՝ Գրինյուսից բարձրանում էր ծուխ և գոլորշի, սական նա իր կանաչ փեշերով շարունակում էր պաշտպանել Վագին, իսկ տղան իր հերփին կուչ եկած պաշտպանում էր կանաչ շիվը։

Հակառակորդի բանակի մեծամասնությունը խանձվել էր, նրանցից ամենածիծաղելին ագռավներն էին, որոնցից շատերը անփետուր սողում էին գետնի վրա։ Մողեսները տնքում էին փուչիկի պես ուռչող ու պայթող այրվածքներից։ 

Էմմին, Էդգարը և Լուտինան դեռ ճանապարհին էին և միայն Ֆլամեի հեռանալուց հետո կարողացան միանալ Գրինյուսին։ Հակառակորդի միակ պայքարող ուժը մնաց Վանդև- Կուբիկը, քանի որ բորենիների ոհմակը ևս տնքում էր այրվածքներից՝ նրանք ցավից գալարվում էին հողերի մեջ, արձակելով մարդկային լաց հիշեցնող վայնասու։

Բրոնզե զրահով սև տիրակալը վերևից տեսնելով թավագլոր բորենիներին, սկսեց անկանոն կրակել ուսերին տեղադրված զենքից։ Նրա կրակի տարափին զոհ էին գնում և ագռավները և բորենիները, իսկ Հավերժության ամրոցի տիրակալի խումբը շրջան  կազմած, պաշտպանում էր տղային շիվի հետ մեկտեղ։

Վերևից Դավիդը նկատեց դեպի շիվը շտապող Լիվանին և ցած սլացավ․

- Գրինյու՛ս, պաշտպանի՛ր շիվը,- զգուշացրեց նա։ Ծերունին ստիպված էր նորից տղային թաքցնել կանաչի մեջ, որքան էլ դրանից նրա ուժերը ջլատվեին։ Դավիդը մնաց Գրինյուսի մոտ, մինչև Լիվանի այնտեղ հասնելը։ Երբ նրանք դեմ առ դեմ դուրս եկան՝ երկու հակառակորդների միջև սկսվեց ձեռնամարտը։ Ողջ պայքարի ընթացքում Լիվանը ձգտում էր դեպի տղան, իսկ Դավիդը երկար մտրակը փաթաթում էր նրան և ետ քաշում, թույլ չտալով հասնել տղային։

Սև ծերուկի անկանոն կրակահերթից սկսվեց համատարած խուճապը երեք ուժերի միջև։

- Լիվա՛ն խլի՛ր նրանից շիվը,- լսվեց Վանդև-Կուբիկի ձայնը։ 

- Գրինյու՛ս, պետք է ջրե՛լ շիվը տղայի ձեռքով, շտապե՛ք, ժա՛մն է,- մինչ Լիվանը աշխատում էր հասնել շիվին, անսպասելի բոլորի համար հայտարարեց Ավրորիտը, շտապելով ցած, օգնելու Դավիդին։ Լսելով հրահանգը, սև տիրակալի կատաղությունը գագաթնակետին հասավ և կրակն ուղղեց Արեգանիի կողմը։ Ավրորիտը ստիպված եղավ Դավիդին մենակ թողնել, նորից վեր սլանալ Արեգանիին օգնելու։ Նա նետեց երկար մտրակը, մի պահ խճճելով ծերունուն։

Այդ ընթացքում Գրինյուսը շտապեց մաքուր ջրով լցնել շողացող տուփը, նկատելով, ագռավներն ու մողեսները կլոր շրջան կազմած, իջան ներքև, խանգարելու ծերունուն։ Գրինյուսի համար դժվար էր միաժամանակ պաշտպանել տղային և ջուր լցնել շողացող տուփը, իսկ տղան կուչ եկած և պաշտպանում էր շիվը և անհամբեր սպասում ջրին։

Թուլացած բորենիների ոհմակը ցասման էր հասցրել սև ծերունուն, ուստի նա կրակում էր անկանոն և բոլորին։ Նրա ցասմանը շարունակում էին զոհ դառնալ ագռավները և մողեսները։

- Այդ ծերուկը խելագար է, նրա համար չկա ոչ յուրային, ոչ թշնամի՝ նա բոլորիս կոչնչացնի,- հուսահատ վեր նայեց Գրինյուսը շշնջալով և փորձեց լիանայի ճյուղերի մեջ խճճել նրան, սակայն կրակահերթից ճյուղերը կտրտվում ու ցած էին թափվում։

Ագռավամարդը տեսնելով սեփական բանակի սպանդը, բարձրացավ ամպերից վեր և սրընթաց իջավ, կտուցի մեկ հարվածով շշմեցնել սև տիրակալին։ Թեկուզ կրակը դադարեց, սակայն տղան վիրավոր էր։ Մինչև Սև տիրակալը նորից ուշքի կգար, Վագը մի կերպ վերցրեց ջրով լցված շողացող տուփը, ջրեց շիվը․․․ 

среда, 29 декабря 2021 г.


                                                    ԴԵՊԻ ԱՆԱՐԱՏ ՀՈՂԸ

Ավրորիտը մտավ ամրոց, բոլորը հետևեցին նրան։ Ամենավերջինը ներս մտավ Լուտինան։ Որոշ ժամանակ անց, նորից բացվեց Հավերժության ամրոցի դուռը՝ առաջինը դուրս եկավ Ավրորիտը, այնուհետև մյուսները։ Նորիրց վերջինը դուրս եկավ Լուտինան՝ մաքուր հագնված և բավականին հաճելի տեսքով։ Վագը նրա հետ էր՝ ձեռքին բռնած շողացող տուփը։ Խումբը երկար քայլեց, մինչև հասավ Սև այգու սահմանը։ Արեգանին, Ավրորիտը և Դավիդը վեր սլացան, մի քանի շրջան անելով, նորից ետ եկան․

- Մենք ուսումնասիրեցի՛նք սահմանը,- սկսեց Ավրորիտը,- Չնայած Ֆլամեի հետքն այնտեղ բացակայում է, բայց այնտեղ էլ մարդաշատ է և հազիվ թե մեր ներկայությունը աննկատ մնա։

- ԵՎս մեկ նշանակալից նորություն,- միջամտեց Արեգանին, բոլորը ուշադիր նայեցին նրան,- Այնտեղ տեսա՛նք, ժայռին գամված Լիվանին։

- Իսկ մյուսնե՞րը,- հետաքրքրվեց Գրինյուսը, չթաքցնելով ուրախությունը։

- Որքան հասկացա՛, նրանք գերված են Սև տիրակալի կողմից,- բացատրեց Արեգանին։

- Ի՞նչ էլ պատահած լինի նրանց, կարծում եմ Սև այգու սահմանը լի է խորթուբորդերով, կտրուկ իջվածքներով, անդնդախոր կիրճերով։ Նման տեղերում մեզ համար այնքան էլ դժվար չի լինի գտնե՛լ մի գաղտնի անկյուն և կյանքի կոչել շիվը,- խոսեց Գրինյուսը, հենված ձեռքի գավազանին։

- Ուրեմն առա՛ջ,- հրամայեց Ավրորոիտը,- Իմացած եղե՛ք, եթե մեզ նկատեն՝ պատրա՛ստ ենք մարտի,- խոսքն ավարտելով, Ավրորիտը ուզեց վեր սլանալ, երբ նրան միացան երկու ընկերները։ Տեղ հասավ նաև Գրինյուսը մյուսների հետ։ Նրանց միացան Արևի որդին, Հավերժության ամրոցի տիրակալը և Դավիդը։

- Հիշե՛ք,- սկսեց Արեգանին,- Սա՛ կենաց կռիվ է և ո՛չ մահու և միակ հնարավորությունը հաղթելու՛։ Երբե՛ք չմտածե՛ք պարտվելու մասին։ Մեր ենթագիտակցությունը պե՛տք է աշխատի՛ միայն հաղթելու ուղղությամբ և այնտե՛ղ՝ ձեր մեջ, դուք պե՛տք է կարողանա՛ք շոշափե՛լ հաղթանակը։ Միայն ա՛յդ դեպքում մե՛նք կհաղթե՛նք երկու ուժերին։

- Ուրեմն քայլեցի՛նք,- վրա բերեց Ավրորիտը և առաջ ընկավ։ Էմմին ու պատանին զարմանքով իրար նայեցին, երբ իրենց ընկերները ոչ թե վեր սլացան, այլ պետք է քայլեին խմբի հետ։

Երկար ժամանակ պահանջվեց, մինչև խումբը աննկատ, սողեսող հատեց բարձունքը և հասավ ստորոտին, որին հաջորդում էր խորը կիրճը։ Տեսնելով, բոլորը մնացին շվարած։

- Գտա՜,- հանկարծ գոչեց ծերունին և երկարացրեց լիանայի ճյուղերը, կամուրջ կապելով անդունդի վրա։ Երբ բոլորը բարեհաջող անցան, ամենա վերջինը անդունդը հատեց Գրինյուսը, Վագին գրկած։

Խմբի կանգնած տեղից պարզ երևում էր Լիվանի դեմքը։

- Մենք շատ մոտիկ ենք նրանց, զգույշ եղե՛ք,- հրահանգեց Ավրորիտը։

- Ես առաջ կգնա՛մ, իսկ դու՝ Գրինյու՛ս հետևի՛ր ինձ։ Առաջին հարմար պահին տղային ինձ մոտ բե՛ր տուփի հետ,- հարտարարեց Արեգանին։

- Ո՛չ Արեգանի՛, սա իմ խնդիրն է,- նրա ճամփան կտրեց Ավրորիտը։

- Դու Արևի որդին ես՝ ապագան է քեզ պատկանու՛մ, իսկ մերը ներկան է և մենք պե՛տք է պայքարե՛նք չարի դեմ, մինչև՛ լիարժեք հաղթանակ,- առաջ եկավ Դավիդը, այսպես խոսելով։

- Արևի որդին ոչ մի ժամանակի չի՛ պատկանում, ինչպես մայր արևը,- պատասխանեց Ավրորիտը։

- Մե՛նք միասի՛ն ենք,- գոչեցին բոլորը։

- Օգնեցե՜ք,- հանկարծ լսվեց հեռվից։ Բոլորը նայեցին ձայնի կողմը՝ Լիվանն էր։

Զգուշության համար, նրանք շրջանցեցին բարձունքը և հայտնվեցին ժայռի հետևում, որին գամված էր Լիվանը։

- Դու ու՞մ ես օգնության կանչում,- գլուխը ժայռի հետևից հանելով, հարցրեց Արեգանին։

- Նրանք այստե՛ղ են, օգնեցե՛ք,- առանց պատասխանելու, շարունակեց մի աչքանին։

- Կարո՞ղ ես չբղավել,- նրա դիմաց դուրս եկավ Արեգանին։

- Նրանք ինձ դավաճանեցի՛ն,- նկատելի խեղճացավ նա։

- Սակայն նորից քո հույսը նրանք են։ Նրանց ես օգնության կանչում։

- Իսկ դուք ինձ կազատեի՞ք, եթե ձեզ դիմեի։ Խնդրում եմ, ազատե՛ք ինձ այստեղից։ Խոստանում եմ վրեժ լուծե՛լ դավաճան Վանդևից։

- Այն մեր կողմից անմտություն կլինե՛ր,- առաջ գալով, ասաց Գրինյուսը, նայեց ներքև, տեսնելով մոտեցող Ռոբենին, խաղաղ ձայնով դիմեց Լիվանին,- Ազատության դիմաց, պետք է մեր պայմանը կատարե՛ս, իսկ հետո՛․․․

- Ի՞նչ պայմանի մասին է խոսքը,- զարմանքի հետ մեկտեղ հույսով լցվեց հռետորը։

- Ահա՛ գալի՛ս է մեր պայմանի նախաբանը,- նկատեց Արեգանին, Լիվանը զարմացած նայեց նրան,- Այո՛, այո՛ լուսնի զավակ՝ առաջին պայմանով, մեզ չես մատնում, ինչ էլ որ լինի,- նա արագ ավարտեց խոսքը և ընկերների հետ քաշվեցին ժայռի հետևը։

- Երևում է շատ ես ձանձրանում, ձայնդ գլուխդ ես գցե՛լ,- չարախնդաց դրոշակակիրը,- Ուզու՞մ ես մի քիչ զվարճանալ,- մահակը ձեռքի մեջ խաղացնելով շարունակեց հեգնել նա։

- Ո՛չ, ես չեմ ձանձրանում,- միակ աչքը մահակին սևեռած, վախվորած պատասխանեց նա։

- Ուրեմն մնա՛ գամված, ինչպես հրամայված է,- ասաց դրոշակակիրը և ուղղվեց դեպի աշխատողները,- Արա՛գ աշխատե՛ք, եթե չե՛ք ուզում, որպեսզի ձեր վիճակը ավելի վատանա,- Ռոբենը նման կերպ տարված էր փառասիրությամբ։ Նա աշխատում էր ամեն գնով աչքի ընկնել Սև տիրակալի մոտ, իսկ Լիվանը գամված ժայռին սարսափով հետևում էր նրան և բոլորին։

պահից օգտվելով, Արևի որդին և հավերժության ամրոցի տիրակալը  Դավիդի հետ աննկատ հայտնվեցին հեռվից նշմարվող մի կտոր սևահողի մոտ, միաժամանակ նրանց ոտքերի տակ հայտնվեց լիանայի ճյուղը, նկատելով այն, Արեգանին սեղմեց ոտքով և նրանց մոտ հայտնվեց ծերունին տղայի հետ։

- Վա՛գ, շտապի՛ր հողը ձեռքերով փորե՛լ,- հրամայեց Ավրորիտը։ Տղան զարմացած նայեց նրան,- Այո՛, այո՛, զարմանալը վաղուց նորաձև չէ՝ սկսի՛ր․․․

  

воскресенье, 26 декабря 2021 г.

                                          

                                                      ՀԱՂԹԵԼԸ ՀԵՇՏ Է, ԱՅՆ ԻՐԱՑՆԵԼն Է ԴԺՎԱՐ


Երբ Արեգանիի գլխավորությամբ ոսկյա շիվը շողացող տուփի հետ հայտնվեց լեռնային կղզու  մայրաքաղաքում, նախարարները դեռ մրափած էին աթոռների վրա, տեսնելով եկողներին խառնվեցին իրար, իսկ շատերը անակնկալի եկած աթոռներից վայր ընկան․․․

- Ե՞րբ են նրանք դուրս եկել բանտից,- զարմացած հարց տվեց մի գեր նախարար, որ փորձում էր սթափվել քնից։

Նորից իրադրությանը խառնվեց Ֆլամեն։ Բոլորը պառկեցին գետնին, իսկ մի նախարար կատաղած բղավեց․

- Նորի՞ց դու, չքվի՛ր ասպարեզից,- հրե կինը դժգոհած անցավ կիսաավեր այգիներով, պուրակներով ու տներով, իր հետևից թողնելով մոխիր և ամայություն։

- Այստեղ համարյա ոչ մի թիզ անարատ հող չմնաց,- շվարած շուրջը նայելով ասաց Գրինյուսը։

- Այո՛, պետք է այն փնտրել լեռնային թերակղզուց դուրս,- միջամտեց Դավիդը։

- Չնայած հաղթանակին, մեր մոտ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, ինչպես կցանկանայինք,- նրանց մոտ հայտնվելով ասաց Ավրորիտը։

- Ինչու՞, բացի Ֆլամեից ուրիշ խնդիր էլ ունե՞նք,- անհանգստացավ Գրինյուսը։

- Այնտեղ, սահմանին տեսա մեր հակառակորդին․․․

- Եվ ի՞նչ։

-  Նրանք գերվարվել են բորենիների կողմից և հավանականությունը քիչ չէ, որպեսզի նրանք միաբանվեն։

- Ինչպե՞ս, չէ՞որ նրանք իրար դեմ էին կռվում,- տարակուսեց Դավիդը։

- Այո՛, թերևս չպետք է մոռանանաք՝ այդ երկու ուժերը նույն լուսնի ծնունդն են և չի բացառվում իմ միտքը,- միտքն ավարտեց Ավրորիտը։

- Իսկ սա՞,- ոգևորված գոչեց Վագը, տուփը վերև բարձրացնելով։

- Այն առայժմ ոչինչ է,- ձեռքը թափահարեց Ավրորոիտը,- Մինչև հողի մեջ ծիլ չտա, որը այնքան դժվար է ներկա ժամանակի համար։

- Մի՞թե մի կտոր անարատ հող չի մնացել,- մտահոգվեց նաև պատանին։

- Կա՛,- անսպասելի գոչեց ծերունին։

- Որտե՞ղ,- անհամբեր հարցրեց Ավրորիտը։

- Լեռներում և կիսաանապատում՝ իհարկե տեղ-տեղ․․․

Այո՜,- ծոր տվեց Արեգանին, ձեռքերը կրծքին խաչած,- Պարզվում է, մենք բավականին դժվարին կացության մեջ ենք։ Միշտ էլ հաղթելն ավելի հեշտ է եղել, քան այդ հաղթանակը պահելն ու կյանքի կոչելը։

- Պետք է փորձել մոտենալ սահմանագծին, որտեղ բորենիներն են իրենց գերիներով,- առաջարկեց Դավիդը։

- Դժվար է՝ այդ սպիտակ տան ծերուկը բավականին զգուշավոր է։

- Կաշխատենք աննկատ մնալ,- պատասխանեց Ավրորիտը։

- Այո՛, զգույշ լինելը մեր դեպքում ավելնորդություն չէ, քանի որ այնտեղ են նաև այս երկրի խաբվածները, որոնք ժամ առ ժամ վրեժով են լցվում,- նկատեց Գրինյուսը։

- Մենք կարո՛ղ ենք,- անսպասելի գոչեց Էմմին, որը մինչ այդ Լուտինայի հետ լուռ լսում էր։

- Ինչպե՞ս,- զարմացավ Արեգանին։

- Ինչի՞ համար են Հավերժության ամրոցը և նրա ոգին։

Արեգանին և Ավրորիտը նայեցին իրար,- Միտքը վատը չէ, սակայն այդ դեպքում մենք չենք խուսափի ընդահարումից,- ասաց Ավրորիտը, ապա շարունակեց,- Ուրեմն առա՛ջ։ Գրինյու՛ս ուղեկցի՛ր նրանց,- հրահանգեց Ավրորիտը, սլացավ վեր, նրան հետևեցին Արեգանին և Դավիդը․․․

суббота, 25 декабря 2021 г.

  

                                                        ՌՈԲԵՆԸ


Արևի լեռան վրա Ավրորիտի տարած հաղթանակից հետո, Սև այգում նույնպես արև ծագեց։

Ռոբենը բորենիների հետ մարտում վիրավոր ընկած էր։ Նա ուշքի գալով, տեսավ արևը, շշնջաց․

- Հրա՞շք է,- փորձեց նստել, բայց անսովոր մի ծանրություն խանգարեց նրան։ Նա մի կերպ իր վրայից ետ հրեց անշնչացած մարմինը և նստեց։ Ռոբենը շրջապատված էր անշնչացած բորենիներով և մարդկային մարմիններով։ Նա երերալով ոտքի ելավ։ Նրա մարմինը տնքում էր, իսկ հագուստը պատառոտված էր ու արյունոտված։ Թևը վիրավոր էր՝ վերնաշապիկից մի կտոր պոկեց, փաթաթեց վերքին, ծոցից հանեց դրոշը, սկսեց քայլել քաղաքի ավիրված ու արյունոտված փողոցներով։ Նրա դրոշի տակ սկսեցին հավաքվել ոչ վաղ անցյալի խաբված բազմության մնացուկները։ Շուտով այն վերածվեց ավարառուների երթի, քանի որ նրանք շալակած տանում էին իրենց յուրացարած ավարը։

Ռոբենը առաջինը նկատեց դիմացից եկողներին և բարձրացրեց ձեռքը՝ երթի մարդիկ կանգ առան։

- Նրա՛նք են,- ասաց մոտեցողներից մեկը։

- Այո՜,- ծոր տվեց մյուսը,- Շատ քիչ մարդ է մնացել։

Ռոբենը եկվորներին ճանաչելով ետ-ետ գնաց,- Անիրավները ձեզ խաբեցի՛ն, իսկ ե՛ս մոլորյալս՝ անգամ եռագլխի  գլխներից մեկն էի,- շինծու տխրությամբ արտաբերեց նա, ապա նայեց զանգվածի մնացուկին։

- Նրա՜նք են, առա՜ջ,- հանկարծ բղավեցին երթի մասնակիցները և Ռոբենին հրմշտելով, վազեցին դեպի եկվորները։ Հասնելով նրանց, սկսեցին անխնա ծեծել։

- Ա՛ռ քեզ մի աչքանի սատանա՛,- անդադար բղավում էր մի կին։

- Սպասե՛ք, մենք չէինք ուզում, որպեսզի այսպես ստացվեր,- աղերսում էր Վանդևը։ 

Լիվանը ծեծվելու հետ մեկտեղ միակ աչքը գցեց լուսնին,- Ո՜չ, նա մարում է,- երկու առաջնորդներ դեռ մի կարգին չէին հասցրել զղջալ, երբ հեռվից երեխայի լացի ձայն լսվեց,- Երեխա է լա՛ցում, որե՞ղ է նա,- մրմնջաց Լիվանը, շուրջը նայելով, երբ փողոցի վերջից երևաց Մեծ բորենին իր ոհմակով։

- Մենք անզե՛ն ենք,- վախեցած բողոքում էին  երթի մասնակիցները։

- Անզե՛ն ենք, սակայն ո՛չ անփորձ,- պատասխանեց դրոշակակիրը և սկսեց ընդառաջ գնալ ոհմակին։

- Ո՛չ, միայն ո՛չ այդպես,- խուլ մրմնջաց Լիվանը, մնաց տեղում կանգնած։ Ռոբենի հետևից գնացողների մեջ էր նաև Վանդևը կաղալով,- Դավաճա՛ն,,- տեսնելով, ատամների արանքից ֆշշացրեց Լիվանը։

Բորենիները կանգ առան,- Սա ի՞նչ տարօրինակ երթ է,- զարմացավ Մեծ բորենին։

- Նրանք հանձնվու՞մ են,- ոչ պակաս զարմացավ Էլշարը։

- Չգիտե՛մ, բայց այդ լեռնային ժողովուրդը չի՛ գնհատում իր հաղթանակը, սակայն պարտությամբ ողբալ գիտի։ Չէ՞որ հաղթելու բացահատ առավելությունը նրանց կողմն է։ Տե՛ս, կիսալուսինը կուլ գնաց արևին և անգամ մեզ է այն հաճելի, բայց նրանք պառակտվեցին, որովհետև փառքի և իշխանության ծարավը կուրացրել է այդ խղճուկներին և նրանց վստահելը մի քիչ․․․,- Մեծ բորենին առանց միտքն ավարտելու առաջ գնալու նշան արեց։ Ոհմակը պատրաստվեց,- Առա՜ջ,- գոչեց նա։ Վեր ցատկելով նրանք վերափոխվում էին բորենիների և հարձակվում անզեն մարդկանց վրա։

- Կա՛նգ առե՛ք,- լսվեց Սև այգու տիրակալի ձայնը։

- Ինչու՞ տիրակա՛լ,- առաջ եկավ Մեծ բորենին։

- Շղթայե՛լ Լիվանին,- հրամայեց ծերունին։ Ոհմակը անխոս վերստացավ մարդկային կերպարանքը և անցավ գործի։

- Իսկ ինչու՞ ես, չէ՞որ մեծ ու դաժան խորամանը նա է՝ Վանդև, Կուբիկը,- բողոքեց մի աչքանի հռետորը, փորձելով ընդդիմանալ շղթայողներին։

- Այո՛, գուցե նա՛ ավելի մեղավոր է, սակայն դո՛ւ ես, այսինքն քո ձայնն է քո ժողովրդի մոլորությունը, քեզանով է նա ընդառաջվե՛լ դեպի Սև այգի և միայն քո հրամանով այս քաղաքի փողոցների գույնը փողվե՛ց կարմիրով։

- Ո՛չ, այդ նրա գաղափարն էր,- ատամները կռճացնելով բղավում էր Լիվանը։

- Իսկ դո՛ւք ավելի շատ ընչաքաղցության զոհն եք, քան որևէ մեկի,- ծերունին դիմեց ավարառուներին,- Պարտավորեցնու՛մ եմ ձեզ՝ մաքրե՛լ քաղաքի փողոցները արյունից ու դիակներից։ Դու՛, տարօրինակ դրոշակակի՛ր, պատասխանատու՛ ես այս ամենին,- ծերունին ավարտեց խոսքը, որը ավելի շուտ հրաման էր և առանց ետ նայելու ուղղվեց դեպի սպիտակ տունը։ 

четверг, 23 декабря 2021 г.

             

                                                           ՆԱՀԱՆՋ


Սև այգու երկնքում աննկատ սկսեց մարել կիսալուսինը։

- Ի՞նչ է կատարվում, տեսե՛ք, կիսալուսինն անհետանու՛մ է,- լուսնին նայելով խուճապի մատնվեց Մեծ բորենին։ Տեսնելով, ոհմակը սկսեց փախչել դեպի լեռները, այնուհետև մարդանալով, հնազանդ մոտենում էին սպիտակ տանը, որտեղից Սև այգու տիրակալը բաց պատշգամբից հետևում էր նահանջող ոհմակին,- Ջավա՛,- ծերունու կանչին երևաց սևեր հագած, դեմքը սևով ծածկած կինը, լուռ խոնարհվեց,- Ինձ տու՛ր բրոնզե զրահը և զենքը,- նույնկերպ խոնարհվելով կինը ետ գնաց և քիչ հետո երևաց զենք ու զրահի հետ,- Օգնի՛ր,- նկատելի վրդոհված ասաց ծերունին և կինը լուռ ենթարկվեց հրամանին, օգնելով ծերունուն հագնել զենքն ու զրահը։

Սև այգու տիրակալը հայտնվեց ժայռին, նորից մի պահ հետևեց թե ինչպե՞ս են բորենիները մարդանալով, մոտենում սպիտակ տանը։

- Սա պարտությու՞ն է, թե հիասթափություն,- խոսեց նա, բորենիները տեղներում քարացան,- Շո՛ւտ եք անձնատուր լինում,- շարունակեց նա,- ՈՒ՞մ եք թողնում ձեր պայքարի արդյունքը։Դու՛, Մեծ բորենի, մի՞թե դատարկություն է քո փայլող մորթու տակ կամ Էլշա՛ր, Արի՛ֆ, որ միշտ խելացի և ուժեղ եք ձևանո՛ւմ, ու՞ր մնաց ձեր քաջությունը՝ Ասլա՛ն, Ռաֆի՛կ և մյուսնե՛ր ու՞մ եք թողնում տարիներ առաջ ձեր նախնիների կողմից զավթած այս կանաչ անկյունը,- ծերունին մի պահ լռեց, ապա շուրջը նայեց,- որտե՞ղ է Մուրադը, ես նրան չե՛մ տեսնում։

- Կռվի թեժ պահին մենք նրան կորցրեցինք, ինչպես և շատերին,- պատասխանեց Մեծ բորենին։

- Եթե չկա՛ն ձեզանից ոմանք, դա դեռ ոչինչ չի՛ նշանակում,- ըմբոստացավ ծերունին,- Դու՛ք՝ իննը քաջերդ իմ հետևի՛ց։

- Տիրակա՛լ, դեպի վեր նայե՛ք, մեզ լքում է կիսալուսինը,- առաջ գալով, կիսախոնարհվեց Մեծ բորենին։

- Ո՛չ, այդ դուք եք նրան լքու՛մ, իսկ հիմա ի զե՛ն։ Դարձե՛ք արյունռուշտ և սլացե՛ք մարտի դաշտ։ Ջավա՛,- ծերունին նայեց մեծ դռանը։ Երևաց սևեր հագած կինը, լուռ գլուխ տվեց,- Տու՛ր նրանց քաջության սպեղանին,- հրամայեց սև տիրակալը և քայլեց նեղ միջանցքով։ Երիտասարդները ստանալով սպիտակ փոշին, կերպարանափոխվում էին բորենու և սլանում ծերունու հետևից․․․



среда, 22 декабря 2021 г.

 

                                ՇՈՂԱՑՈՂ ՏՈՒՓԻ ՀԱՐՎԱԾԸ  

 

Վանդևը նորից մարտի մեջ մտավ՝ Արեգանին նկատելով սլացավ ուղիղ նրա վրա, իսկ Ավրորիտը, որ գնում էր Լիվանի կողմը, Ագռավամարդը կողմնորոշվելով անցավ նրա առջևից, պաշտպանելու առաջնորդին՝ Ավրորիտը ստիպված էր ետ դառնալ։

Օրը կիսվել էր, մարտը դեռ շարունակվում էր, երբ ուղիղ երկնքի մեջտեղից, այսինքն արևի շեղքի հետ մի սուր կախվեց․

- Արեգանի՛, հզոր սու՛րը, վերցրո՛ւ այն,- հուշեց Դավիդը, առաջինը նկատելով սուրը։ Ագռավամարդը շտապեց առաջինը տիրանալու սրին, բայց լիանայի ճյուղերը փաթաթվելով նրա ոտքերին, ետ քաշեցին։ Սուրը անցավ Արեգանիի ձեռքը։

Երբ թվում էր թե երկու ուժերի բախումը նոր թափ ստացավ, անսպասելի մողեսների բանակը անհետացավ մարտի դաշտից։

- Զգուշացե՛ք, նրանք հենց այնպես չանհետացան,- նկատեց Արեգանին և անցավ հարձակման, սրի ուժգին հարվածով վնասելով Վանդև-Կուբիկի անկյուններից մեկը։ 

Մոտիկից լսվեց ֆշշոց ու սվվոց։ Մի ակնթարթ բոլորը ետ նայեցին՝ անհետացած մողեսների բանակը, շարքերը համալրած անցել էր նոր հարձակման։

- Արեգանի՛, Դավի՛դ, մինչև նրանք կհասնեն, պահե՛ք Վանդևին,- հրահանգեց Ավրորիտը և այնքան վեր սլացավ, մինչև վերածվեց սպիտակ կետի։ Նա այնտեղից սրընթաց իջավ, շողացող տուփով շեշտակի հարվածեց  Լիվանի գավազանին՝ հարվածից շուրջը անսովոր լուսավորվեց, իսկ սև գավազանը փոքրանալով, վերածվեց ոսկյա փոքրիկ շիվի։ Այն Լիվանի ձեռքից պլստաց, անցավ, կանգնեց շողացող տուփի մեջ, իսկ Լիվանը բղավոցով գահավիժեց և հայտնվեց մեր մյուս հերոսների ոտքերի առաջ։

Վանդև-Կուբիկը չհասկանալով կատարվածը, անկախ իր կամքից նույնպես սկսեց ցած իջնել։ Որքան էլ փորձում էր վեր բարձրանալ, բայց ի վերջո հայտնվեց  ժայռի վրա, հոլի պես պտտվելով վերստացավ Վանդև- մարդու կերպարը և կաղալով շտապեց թաքնվել․․․

Երկու առաջնորդների անկումից հետո, թռչող մողեսները իջան գետնին, վերածվելով սովորական մողեսների, սկսեցին կորչել քարերի արանքներում, իսկ ագռավները շարունակեցին թռչել այնքան, մինչև անհետացան հեռու հորիզոնում։

Շողացող տուփը ձեռքին դեռ սավառնում էր Ավրորիտը, իսկ Արեգանին ու Դավիդը իջան, միանալով ընկերներին։ Երբ երկինքը մաքրվեց սև բանակից, նրանց միացավ նաև Արևի որդին։

- Ամեն ինչ նու՛յնն է, կարծես չարը ժամանակավոր դադար առավ,- ասաց պատանին, տխուր նայելով Ֆլամեի համատարած թողած հետքին։

- Ճիշտ նկատեցի՛ր,- պատասխանեց Ավրորիտը, ապա տուփը ոսկյա շիվի հետ մեկնեց Վագին,- Ահա՛ վերցրու՛ այն՝ քեզանով է չարն արթնացե՛լ, քեզանով էլ պետք է մեռնի՛։

- Իսկ ես ի՞նչ պետք է անեմ, չէ՞ որ արեցի՛,- շփոթված ուսերը թոթովեց տղան, կլանված նայելով շողացող տուփին։

- Պե՛տք է շիվը հողի մեջ դնե՛ս, որպես ապագայի ծառ, բայց այն կգործի՛, երբ ոսկյա գույնը փոխվի՛ կանաչ գույնի։ Միայն այդ դեպքում լեռնային կղզում չարը կմեռնի՛,- բացատրեց Ավրորիտը և վեր սլացավ։ Արեգանին հայացքով հետևեց նրա, հետո ասաց․

- Պետք է քաղաք իջնե՛լ,- Հավերժության ամրոցի տիրակալը չհետևեց Արևի որդուն, այլ քայլեց խմբի առջևից։

- Ինձ այստեղ մի՛ թողեք- նրանց հետևից ձայն տվեց Լիվանը, շտապելով ոտքի կանգնեց և թափ տվեց փոշեկոլոլ վերարկուն։ Ոչ ոք ետ չնայեց։ Նա երկա՜ր մնաց կանգնած, նայելով հեռացողների հետևից, այնուհետև քայլեց լեռնային կածանով։ Անսպասելի նրա դեմ դուրս եկավ Կուբիկ- Վանդևը կաղալով․

- Այդ ու՞ր ես փախչում թուլամորթ հռետոր, մի՞թե ընդունում ես պարտությունդ,- կշտամբելով, Վանդևը կանգնեց նրա դիմաց։

- Իսկ դու ինչու՞ ես կաղում,- շինծու զարմանքով հարցրեց Լիվանը։

- Հեգնու՞մ ես։

- Ո՛չ, պարզապես հարցնու՛մ եմ։

- Մի՞թե չես կռահում, ինչու՞ եմ կաղում, մի՞թե մոռացար մինչ այս պահը ու՞ր էինք և ի՞նչ էինք անում,- հեգնեց Վանդևը։

- Այո՜, կարծում եմ այլ կերպ չէր էլ կարող լինել մեր վիճակը,- մտահոգ ծոր տվեց Լիվանը։

- Եվ ինչու՞ ես այդպես կարծում,- շարունակեց հեգնել համախոհը։

- Որովհետև մենք առհամարեցի՛նք մեր հիմնական ուժին։

- Եվ ո՞ր է այդ ուժը, գոնե հիշու՞մ ես․․․

- Ժողովու՛րդը, որից երես թեքեցի՛նք մեր աստեղային ժամին, վերածելով նրան ամբոխի, ուղարկեցինք բորենիների երախը։

- Հիմա ի՞նչ ես մտադիր անելու, մի՞թե գնալու ես դեպի այդ դավաճանված ժողովուրդը, որից, երևի բորենիների ողորմածությամբ հաշվածներ են մնացել,- նորից հեգնեց Վանդևը, այս անգամ չթաքցնելով քմծիծաղը։

- Այո՛ գնալու եմ։ Մի՛ մոռացիր իմ հռետորական ուժը, և քանի դեռ ոսկյա շիվը չի՛ փոխվել կանաչ գույնի, կարո՛ղ եմ ետ բերել իմ իշխանությունը․․․

- Քո՞,- զսպված կատաղությունից Վանդևը գունատվեց,- Եվ ինչպե՞ս, համոզված եմ՝ շիվը արդեն անցել է տղայի ձեռքը։

- Ետ կբերե՛մ իմ կորցրած ժողովրդին։

- Իսկ հավատը՞․․․

- Այդ մեկը չգիտե՛մ՝ դժվար է։ Գիտե՞ս կոլեգա՛, կաշխատեմ քեզ կորցնել իմ ճամփից և այսուհետ ո՛չ մի խնդիր քեզ հետ չե՛մ քննարկի,- պատասխանեց Լիվանը, շարունակեց քայլել։

- Սպասի՛ր կոլե՛գա, ինձ մի՛ լքիր։ Մի՛ մոռացի՛ր, ես եմ քեզ կյանք տվե՛լ,- ձայն տվեց Վանդև-Կուբիկը, աշխատելով ետ չմնալ մի աչքանի հռետորից․․․

вторник, 21 декабря 2021 г.

 

                                                               ԱՎՐՈՐԻՏԸ


Արևի լեռան վրա Վագը իր սիրելի կուբիկների հետ սրտատրոփ սպասում էր արևածագին։ Վերջապես երևացին առաջին ճառագայթները, ցրվելով հորիզոնով մեկ։ Կարճ ժամանակ անց արևը իր ողջ փայլով բազմեց արևելքում։ Փոխվեց տիրող սպիտակ գույնը։ Տղան հաճելի ջերմություն զգաց և քնքշորեն շոյեց կուբիկների տուփը, բայց անսպասելի լսվող աղմուկից նա վախեցած ետ նայեց․ երևաց թռչող սև բանակը։ Վագը շտապեց բացելու կուբիկների տուփը․

- Օգնի՛ր ինձ մայր արև, ես չեմ կարող սխալվել,- հայացքը հառած հորիզոնին, հորդորեց տղան։ Օրը ավելի պայծառացավ։ Հանկարծ կուբիկներից մեկը շարժվեց, կանգնելով անկյունի վրա,- Ո՞վ ես դու,- հարցրեց տղան։

- Ես եմ՝ Ավրորիտը, հանի՛ր ինձ այստեղից,- պատասխանեց կանաչ գույնի, երիտասարդ դեմքով կուբիկը,- Վագը վախվորած մատները սահեցրեց կուբիկների վրայով։ Աղմուկը ավելի սաստկացավ,- Շտապի՛ր տղա, ցույց տու՛ր ինձ արևին, քանի դեռ ամեն ինչ կորած չէ,- սակայն Վագը հապաղում էր, մեկ նայելով արևին, մեկ կուբիկին։

- Ահա՛ տղան,- գոչեց Կուբիկ- Վանդևը, երբ սև բանակը կախվեց տղայի վրա։

- Վա՛գ շտապի՛ր,- այս անգամ հորդորեց կուբիկը, սակայն նա շարունակում էր երկմտել,- Մի վախեցի՛ր, պարզապես ցույց տուր ինձ արևին։

- Ահա՛ արև, հերթական կուբիկը։ Ի՛նչ լինելու է, թո՛ղ լինի,- Նրա ափից կուբիկը թռավ, սլացավ դեպի արևը, անհետանալով արևի շողքերի մեջ։ Վագը ամուր փակեց աչքերը։ Նույն պահին եռագլուխ վիշապը նրան խլեց ու տարավ։ Սև բանակը հետևեց նրան և չնկատեց թե ինչպես արևից պոկվեց մի սպիտակազգեստ երիտասարդ, շողքի արահետով քայլեց դեպի երկիր։ Երբ նրա ոտքը դիպավ հողին, նա կռացավ, բարձրացրեց արահետը և նրա ձեռքի մեջ հայտնվեց մի սպիտակ տուփ, որը փայլում էր արևի պես։ Հայտնված երիտասարդը քայլեց, կանգնեց Արևի լեռան վրա, այնտեղ եկավ նաև Արեգանին․

- Վերջապե՛ս,- մեղմիկ ձայնով ասաց նա,- Բարով եկա՛ր Ավրորի՛տ, իսկ որտե՞ղ է տղան,- մինչ նա շուրջը նայելով պատասխան էր փնտրում, Արեգանին վեր սլացավ։ Նա սև բանակին հասավ այն պահին, երբ վիշապը տղային ցած նետեց։ Նա խլեց տղային և վերադարձավ Արևի լեռը։

- Առա՜ջ, ոչնչացնե՛լ Արևի որդուն, մենք ուշացե՛լ ենք։ Հաջորդ կուբիկին կյանքի է կոչել արևը,- նկատելով կատաղած բղավեց Վաբդև-Կուբիկը և ողջ բանակով անցավ հարձակման։

Արեգանին տղային թողեց Արևի լեռան վրա և ուզեց ետ դառնալ դեպի թշնամին՝ Ավրորիտը կանգնեցրեց նրան․

- Ո՛չ բարեկամ, արդեն իմ ժամն է և սա՛ իմ կռիվն է։ Չէ՞որ նրանք այսքան ժամանակ այդ տղայի մեջ ինձ են փնտրե՛լ և միայն իմ պայքարի միջոցով հաղթանակի հիմքը կտրվի՛,- ասաց Ավրորիտը և սլացավ դեպի եռագլուխ վիշապը, սպիտակ տուփը ձեռքին։

- Ո՜չ,- բացականչեց Արեգանին,- Այն մեր բոլորի կռի՛վն է։

Շուտով Արևի լեռը հասան նաև Գրինյուսը, Դավիդը, իսկ քիչ անց հևալով, նրանց միացան  Էմմին Էդգարն ու Լուտինան, տեսնելով Արեգանին ժպտաց, իսկ Վագը ուրախությունից թռավ Էդգարի գիրկը,- Ես արեցի՜,- ոգևորված բացականչեց նա։

- Ապրե՛ս Վագ, դու ուժեղ ես,- ասաց պատանին։

Լսվող աղմուկն ուժեղացավ։ Բոլորը վեր նայեցին՝ Ավրորիտը և եռագլուխը բախվել էին իրար։

- Ավրորիտին օգնություն է հարկավո՛ր,- նկատեց Արեգանին և վեր սլացավ, նրան հետևեց Դավիդը, իսկ Գրինյուսը իր ավանդական մեթոդով՝ լիանայի ճյուղերով մխրճվեց սև բանակի մեջ։ Երբ Ավրորոիտի ձեռքի տուփը դիպավ եռագլուխ վիշապի մարմին կազմող գավազանին՝ վիշապը սկսեց թուլանալ, գահավիժելով ցած, դժբախտաբար նրան օգնության հասավ Ագռավամարդը և նորից վիշապը կարողացավ մարտի մեջ մտնել։

- Արեգանի՛, հարվածի՛ր Վանդև-Կուբիկի գլխին,- հրահանգեց Ավրորիտը։ 

Գուցե Արեգանիի հարվածը վճռական լիներ, սակայն այն դիպչեց Ռոբեն-դրոշակակրին և նույն պահին վիշապի գլուխները տարանջատվեցին՝ Վանդև-Կուբիկը, որպես սև քառակուսի սլացավ ավելի վեր՝ հեռվից լսելի էր նրա քահ, քահ ծիծաղը, իսկ Լիվանը ամուր կառչած գավազանից ավելի աշխուժացավ։ Միայն Ռոբենը՝ դրոշը ձեռքին գահավիժում էր ցած, սակայն նրան օգնության հասավ Ագռավամարդը, ճանկելով կես ճամփից։

Մինչ Ավրորիտը փորձում էր հասնել Լիվանին՝ Վանդև- Կուբիկը գավազանը փրկելու միտումով հարվածը վերցրեց իր վրա։ Նա Ավրորիտի և Արեգանիի հարվածներից թուլանալով բավականին տարածություն  ցած իջավ, նրան հետևեց Լիվանը, տեսնելով վտանգը, ողջ սև բանակը շրջան կազմեց, իր մեջ առնելով երկու առաջնորդներին։ Ուստի Արեգանիի, Ավրորիտի և Դավիդի համար դժվար էր կազմած պատը ճեղքելու։

Անսպասելի փոխվեց պայքարի ձևը՝ ներքևում Էմմին ու Էդգարը կռվում էին Ռոբենի և չղջիկների դեմ, իսկ օդի մեջ կռվողներին օգնության հասավ Գրինյուսը լիանայի ճյուղերով, որոնք փաթաթվելով ագռավներին կամ մողեսներին, խեղդելով ցած էին նետում։ Սակայն ի դժբախտություն ծերունու՝ հազարավոր թռչունների վերածված երևաց Ֆլամեն։ Նրա առաջին հարձակումով Գրինյուսը ետ քաշվեց։ Շուտով տարածվեց խանձահոտ՝ տիրող մարտական աղմուկը վերածվեց ճիչ ու վայնասուի։

- Դուս կորի՛ր մարտի դաշտից, դու ո՛չ մի բանի պիտանի չե՛ս։ Ո՛չ յուրային ես ճանաչում, ո՛չ թշնամի,- կատաղած բղավեց Վանդևը։

- Միայն փորձեցի օգտակար լինել իմ համախոհներին,- արդարանալով, Ֆլամեն վերածվեց հրե կնոջ։

- Անպատկա՛ռ, քիչ մնաց մոխրի վերածեի՛ր իմ բանակը,- Ֆլամեն անխոս ցած իջավ, տարածվելով սար ու դաշտերով, հեռացավ իր հետևից թողնելով սև գույնը։ Ֆլամեի հեռանալուց հետո Ագռավամարդու բանակը կիսախանձված ու ցից փետուրներով մատնվել էր խուճապի, իսկ մողեսներից շատերի մաշկը փուճիկի պես ուռչում ու պայթում էին։ Չնայած Գրինյուսը պակաս չէր վնասվել հրե լեզվակներից, շարունակում էր ցած տապալել թռչող բանակի խուճապահար զինվորներին․․․



суббота, 11 декабря 2021 г.

             

                                               ԼՈՒՏԻՆԱՆ


Այն, ինչը կատարյալ էր տվյալ ժամանակի համար, թերևս սև ուժերի թողած հետքն էր, որը գագաթնակետին էր հասցվել մարդու միջոցով։

Դեպի Արևի լեռը տանող ճամփին ճամփորդները ականատեսն էին լերկ ժայռերի անվերջանալի շարքին, քարաքոսներով պատած կիսաանապատի անջրտի համայնապատկերին, որտեղ կարելի էր հանդիպել ամենազարհուրելի տեսարանների։

- Նայեցե՛ք այն կողմ, կրա՛կ է,- հանկարծ գոչեց Էմմին, ցույց տալով լեռան հետևից երևացող կրակը։

- Այո՛, կրակ է և ընդամենը,- հանգիստ ասաց ծերունին,- Մեր ժամանակներում նման երևույթը չպետք է զարմացնի։

Շուտով չորս ճամփորդները հասան սարի գագթին, այնտեղից նրանց համար ավելի վատ տեսարան բացվեց, քան սպասելի էր․

- Կարծես Ֆլամեն խելագարվել է, ամենուր նա է,- մտահոգ մտմտաց ծերունին, հայացքը հառած թռչող կրակներին, որոնք մոխրի վերածելով թուփ ու քարաքոս նորից վեր էին բարձրանում,- Եվ այստեղ միայն Ֆլամեն չէ, տեսե՛ք, այնտեղ մարդիկ են երևում,- ձեռքով նա ցույց տվեց սարի ստորոտը,- Նրանք մերկ են ու ցնորված՝ սեփական ստեղծածից հա՛ փախչում են ու փախչում։ Թերևս սեփական հետքերից ու՞ր կարող է փախչել մարդը,- նկատեց ծերունին, ապա անզորությունից թափահարեց ձեռքը,- Մեր դիտելը նրանց ոչնչով չի օգնի, ավելի լավ է ժամանակ չկորցնենք։

- Իսկ իմ կուբի՞կը,- ողջ քայլելու ընթացքում առաջին անգամ խոսեց տղան,- Հաջորդ կուբիկը չի՞ կարող օգնել նրանց։

- Ասում ես հաջորդ կուբի՞կը,- ծերունին խորը հոգոց հանեց,- Հաջորդի համար ժամանակ է պետք և այն երկար կտևի։

Օդում երևացին թռչող մողեսները, որոնք չափսերով ավելի փոքր էին, քան Կուբիկ-Վանդևի բանակի մողեսները։

- Նրանք մեր կողմն են գալի՛ս, պետք է թաքնվե՛լ,- համարյա ճչաց աղջիկը և Վագին քաշեց դեպի իրեն։

- Այո՛, սրանք մեծ մողեսների ձագերն են և արդեն որսի են դուրս եկել,- անհանգստացավ Գրինյուսը։

- Օգնեցե՜ք,- հեռվից լսվող կանացի ձայնը նրանց շեղեց մողեսներից և մոռանալ թաքնվելու մասին, ուստի նրանք շուռ եկան սարի մյուս երեսը, որտեղից հավանաբար լսվում էր կանացի ձայնը։ Չորս ճամփորդների առջև բացվեց նոր տեսարան, որտեղ այլակերպված մարդը հոշոտում էր նմանակին, իսկ օգնություն աղերսող կինը նրանց մեջ դես ու դեն էր նետվում, փրկվելու։ Լարելով վերջին ուժերը, նա հարձակվող տղամարդուն ետ հրեց և սկսեց վազել օգնություն կանչելով։

- Եթե նա մեր ուղղությամբ վազեր,- ափսոսանքով նկատեց աղջիկը։

- Ես առաջ կգնամ, գուցե նա ինձ նկատի՞,- ասաց պատանին։

- Հարկ չկա անմիտ զոհողության,- առարկեց ծերունին,- Ես կարող եմ փրկել նրան, բայց եթե հնարավոր լիներ համոզվել՝ այդ կինն էլ  նրանց նման մարդու արյան համը չի առել,- խոսեց ծերունին։

- Կարող ենք փորձել, եթե այդպիսին կլինի, կարող ենք թողնել նրան,- առաջարկեց աղջիկը։

- Դա այնքան էլ հեշտ տարբերակ չէ՛։ Նրանք կպչուն են, բայց փորձե՛նք,- Գրինյուսի լիանայի ճյուղերը հասան վազող կնոջը, փաթաթվելով նրան, նա հայտնվեց ճամփորդների մոտ։

Կինը դեռ ուշքի չէր եկել կատարվածից, երբ նրանք սարսափով տեսան, թե ինչպես միմյանց հոշոտողների վրա հարձակվեցին մողեսները՝ նրանք կտուցի ուժգին հարվածով գետին էին տապալում զոհին, իսկ ընկածին վայրկյանների ընթացքում հոշոտում։ Մարդկային մնացուկները ավարտին էին հասցնում դեռ ողջ մնացած դժբախտները։ Ավելի ճարպիկները սկսեցին փախչել մողեսներից։ Նրանք ակամա վազում էին դեպի ճամփորդների կողմը։

- Հապաղելը վտանգավոր է՝ շարժվեցի՛նք,- հրահանգեց Գրինյուսը,- Ետ չնայե՛լ։

Նրանք երկար քայլեցին առանց դադարի և թվում էր բոլորը մոռացել են մերկ ու ցեխակոլոլ կնոջը։ Շուտով նրանք կանգ առան քարանձավի դիմաց․

- Այստեղ կարճ դադար կառնե՛նք,- ասաց Գրինյուսը և առաջինը ոտք դրեց քարանձավ,- Անթափանց մութ է, բայց այլընտրանք չունենք, հետևե՛ք ինձ,- բոլորը ենթարկվեցին նրան,- Իսկ այժմ վառե՛ք սրտիկները,- քարանձավը լուսավորվեց երկնագույն աղոտ լույսով։ Նրանք լույսի տակ ուշադիր նայեցին ցեխից ու քերծվածքներից կոշտացած մաշկով կնոջը։ Նրա աչքերում քարացած սարսափին խառնվել էր ամոթը և նա կուչ էր եկել, հենվելով պատին,- Դու մեղավոր չես, քեզ մի տանջի՛ր,- ասաց ծերունին,- Ահա՛, ծածկվի՛ր սրանով,- նա կնոջը մեկնեց մեծ ու փափուկ մի տերև, որով կինը փաթաթվեց, սակայն ավելի կուչ եկավ։

- Անունս  Էմմի՛ է,- առաջ եկավ աղջիկը, ձեռքը մեկնելով նրան, կարծես ոգևորելու։

- Ես Լուտիննա եմ,- անհամարձակ պատասխանեց կինը, սկսեց լաց լինել։

- Մի՛ հուսահատվիր աղջիկս, նեղանալու բան չկա։ Եթե մենք քեզ մի պահ անտեսեցինք, ապա միայն համոզվելու, որ դու նրանցից չես։ Դուք բոլորդ ինձ համար հավասար եք, անգամ այն դժբախտները և պատկանում եք ձեր ժամանակին և ձեզ մնում է միայն դիմակայել ուժգնացող առհավիրքին, մինչև․․․,- ծերունին մի պահ լռեց, խորը հոգոց հանեց, շարունակեց,- Գուցե այս մոլորակը, որը մարդ արարածին ընդունել ու գուրգուրել է, որպես իր զավակը՝ կործանվի հենց մարդու ձեռքով, իսկ երախտամոռ մարդը չհագենալով չարագործություններից սկսի մտածել այլ մոլորակների գաղութացման մասին, սակայն հույս ունենանք, որ այդ մտածողները կզրկվեն գործելու հնարավորությունից։ Գուցե մահը հնարելու պատճառներից մեկն էլ դա՞ է՝ կանխել մարդու անսահման միտքը իրականություն դարձնելու,- ծերունին լռեց, տեղից վեր կացավ,- Շատ խոսեցի, իսկ հիմա առա՛ջ, շուտով նրանք կհասնեն մեզ։

- Այո՛, մարդակերները այնքան էլ հեռու չեն,- միջամտեց պատանին։

- Եվ ո՛չ միայն նրանք, մի մոռացե՛ք գլխավորին՝ մի ողջ բանակ է հետևում մեզ։ Դու միանու՞մ ես մեզ,- Գրինյուսը դիմեց կնոջը, նա երկյուղած նայեց մյուս ճամփորդներին և մի քայլ առաջ եկավ,- Ուրեմն շարժվեցի՛նք,- հրահանգեց ծերունին և ինչպես միշտ, քայլեց առջևից։ Չորս ճամփորդները դարձած հինգը, շարունակեցին ճանապարհը դեպի Արևի լեռը, երբ օրն արդեն անձնատուր էր եղել։

- Ջու՜ր,- ծարավից թուլացած, հազիվ արտաբերեց Լուտինան։

- Ջու՞ր,- ծերունին հարցական նայեց նրան,- Ահա՛ քեզ ջուր,- եվ բաց թողեց ջրի մի բարակ շիթ։ Լուտինան ավելի շատ լվացվեց, քան խմեց։

Կես գիշեր էր, երբ նրանց միացան Արեգանին և Դավիդը։

- Դանդաղ եք առաջ շարժվում,- ապա ուշադիր նայեց Լուտինային,- Ո՞վ է այս կինը։

- Նրան հալածում էին դիվահար- մարդակերները և մենք ստիպված էինք վերցնել մեզ հետ,- կարծես Գրինյուսը փորձեց արդարացնել կնոջ ներկայությունը։ Արեգանին նորից նայեց կնոջը, իսկ նա ավելի կուչ եկավ։

- Իսկ հիմա ինձ լսե՛ք,- ճամփորդները զգաստացան,- Երկար բացատրել չեմ կարող՝ մեզ հետևում է եռագլուխ վիշապը իր բանակով։ Նա գալիս է տղայի հետևից։

- Ո՞վ է եռագլուխ վիշապը, նա որտեղի՞ց բուսնեց,- զարմացան ճամփորդները։

- Ասացի ժամանակ չկա՝ ինքներդ կհասկանաք նրա ով լինելը, երբ հանդիպեք։

- Մինչ արևածագ դեռ ժամանակ կա՝ կհասցնե՛նք,- հուսադրեց Գրինյուսը։

- Կասկածում եմ։ Այս անգամ նրանց ուժերը եռապատկվել է և մեզ համար այնքան էլ հեշտ չի լինելու տիրանալ ոսկյա շիվին։

- Այո՜,- ծոր տվեց ծերունին, նայելով ժպտացող լիալուսնին,- Նա հաղթական տեսք ունի․․․

- Ես տղային կհասցնեմ Արևի լեռը,- ասաց Արեգանին,- Իսկ դուք, կարծում եմ, ժամանակին մեզ օգնության կհասնեք,- Արեգանին գրկեց տղային և վեր սլացավ։