среда, 17 апреля 2019 г.

Ադրբեջանցին, արաբը և ես(596-րդը)


Առավոտվա օդը սառն էր։ Թանձր մշուշից կաթիլները պոկվում էին, թրջում բնությունը։ Բավականին ժամանակ մնացել էի կանգնած ցանկապատի մոտ, մինչև մարեց եկեղեցու գլխավերևում ծառերից կախված էլեկտրական լույսերով պատրաստված մեծ խաչը։ Թրջվել էի, երբ վերադարձա վրան։  Էրմանը առավոտյան նամազն ավարտել էր։ Բաչոն, սովորության համաձայն, նստած դռանը մոտիկ նստարանին, սպասում էր թեյի եռալուն, միաժամանակ հեռախոսից ծանոթանում էր աշխարհում կատարվող իրադարձություններին։
Նստեցի տեղս՝ փորձելով լավատեսությամբ խաբել ինքնազգացողությանս՝ խուսափելու հերթական անգամ բժշկի մոտ գնալուց, բայց մարմինս դավաճանում էր իմ խղճուկ ցանկությանը, և նորից հայտնվում էի  ժամեր տևող հերթի մեջ, որը ավելի շուտ ցրտին դիմակայող խումբ էր հիշեցնում։ Արաբ և աֆրիկացի սպասողները՝ բոլորը բոբիկ էին։ Շատերի մերկ կրունկները երևում էին ծռված կոշիկների ետնամասերից, թվում էր՝ նրանք ամեն ջանք գործադրում են գոնե հարբուխով հիվանդանալու, և շատ քչերին էր այն հաջողվում։ Նրանք հերթ էին կանգնում ամեն չնչին բանից՝ անգամ կարտոֆիլ մաքրելու ժամանակ մատը  վնասելուց։
Լինում էին նաև լուրջ դեպքեր, երբ մատը խորն էր կտրված լինում կամ անկարգություն անելիս ոտքերն էին վնասում։ Նմանները խցկվում էին արտահերթ՝ բոլոր սպասողներին մի թարս հայացք նետելով, կարծես նա վիրավորվել էր հանուն այդ բոլորի։
-          Բարև ձեզ,- անսպասելի մոտեցավ Էլչիմը, երբ տոկում էի հերթի մեջ։
-          Բարև՛,- ուրախությունից համարյա բացականչեցի,- Ե՞րբ ես եկել, կարծում էի՝ դեռ հիվանդանոցում ես։
-          Այսօր, առավոտյան։
-          Արդեն լա՞վ ես։
-          Այո՛, շնորհակալ եմ, բայց քարը դեռ երիկամիս մեջ է։
-          Ինչպե՞ս։
-          Սարք են տեղադրել։ Քսան օրից նորից պետք է գնամ, որպեսզի քարը հեռացնեն։
-          Ուրախ եմ, որ գոնե այդպես ավարտվեց։
-          Շնորհակալ եմ։ Դարձյալ հերթի մե՞ջ եք։
-          Այո՜, ինչպես միշտ։
-          Այսօր կարող եմ ձեզ օգնել, դեռ ժամանակ ունեմ, ասաց նա և նայեց թևի ժամացույցին՝ միաժամանակ մոտենալով դռանը։
Էլչիմի օգնությամբ ավելի շուտ ներս մտա, լուռ կանգնեցի։ Բժիշկը ճնշումս չափելուց հետո երկար խոսեց Էլչիմի հետ, որից, իհարկե, ոչինչ չէի կարող հասկանալ, միայն կարողանում էի հիանալ ադրբեջանցու գերմաներենով և հոգուս խորքում փափագում գոնե հասկանալ այդ լեզուն։
Երբ դուրս եկանք, Էլչիմը թարգմանեց բժշկի երկար խոսակցությունը ընդամենը մի քանի նախադասությամբ։
-          Ըստ բժշկի ցուցումների՝ տեղափոխվելուց հետո, դուք պետք է հետազոտվեք, այլապես նորմալ չէ այդքան հաբերից հետո, նորից երկու հարյուր ճնշման առկայությունը։
-          Այո՜,- ծոր տալով տարակուսեցի և ուղղվեցի դեպի վրանի կողմը՝ իհարկե, չմոռանալով շնորհակալություն հայտնել։

Օրը դանդաղ գլորվում էր՝ իր հետ տանելով լուսաբացի բերած սև ամպերը։ Երկնքի կամարում սկսեց երբեմն ծիկրակել արևը։
Նախաճաշից առաջ բակ մտան երկու ավտոբուսներ՝ ևս հարյուր քառասունով ավելացնելով ճամբարաբնակներիս քանակը։ Այդ օրը համարյա բոլորը Սիրիայից էին։ Հիմնականում քրդեր։ Տեսնելով հսկա ավտոբուսները՝ նրանց շրջապատեց հետաքրքրասերների շարքը, որից զերծ չմնացի նաև ես։
Երկու՝ շիկահեր, երկար մազերով օրիորդներ լաց լինելով քարշ էին տալիս մեծ ճամպրուկները, մյուսները ավելի հոգնատանջ էին և ավելի զուսպ, որոշների հայացքում ցասում կար։ Ամեն անգամվա պես նրանց շարել էին կարմիր պատի տակ։ Շատերը խուսափում էին նայող հայցքներից՝ հիմնականում աղջիկներն ու կանայք։ Ես հեռացա։ Շատերը հետևեցին ինձ։  Այնտեղ մնացին քուրդ երեխաները։

Օրերը շաբաթների էին վերածվում և գլորվում իմ կյանքից՝ ինձ թողնելով միայն սպասումը, որի մեջ ամփոփվում էր ճամբարային կյանքը։
Ինչպես գիտենք, յուրաքանչյուր անգամ, երբ նոր փախստականներ էին բերելում, հաջորդ առավոտյան գումարի օր էր լինում։ Այն  սկսել էր իմ սպասումը բոցավառել  բարակ կանթեղով, վերածելով  հույսի՝ ստիպելով լավատեսորեն հերթ կանգնել, քանի որ գումարը պակասեցնելու դեպքում, առակա էր դառնում տեղափոխության փաստը, բայց, ավա՜ղ, հերթական անգամ ստացա իմ հասանելիք ողջ գումարը և, հույսը թողած  այն գերմանացի բարետես գանձապահի մոտ, դուրս եկա։
Հերթական անգամ անցնելիս՝ մի հայացք գցեցի հերթ կանգնածների երկար շարքին՝ բոլոր դեմքերն անծանոթ էին։
-          Բարև,- անսպասելի իմ առջև հայտնվեց Խալեդը։
-          Բարև։
-          Ջանո՜,- անծանոթ թվացող շարքից լսեցի անունս, նայեցի ձայնի կողմը, Էլմիրան ձեռքով արեց։
-          Տեսնեմ ի՞նչ է ասում,- մոտեցա ադրբեջանուհուն։
-          Ի՞նչ կա։
-          Ողջ գումարը տվեցի՞ն։
-          Այո, ակամա տարակուսեցի նրա հարցից։
-          Այդ արաբին լուրջ մի՛ ընդունիր,- գլխի շարժումով ցույց տալով Խալեդի կողմը՝ մրմնջաց Էլմիրան։
-          Ինչու՞, վատ բա՞ն է արել,- միանգամից իմ զարմանքին խառնվեց հիասթափությունը՝ անգամ չիմանալով, թե ինչի մասին էր խոսքը։
-          Նա երեկ ինձ ասում էր՝ և ես եմ մենակ և դու, արի միանանք։
-          Եվ ի՞նչ, միացա՞ք,- փորձեցի կատակել։
-          Իհարկե, ոչ՛, ես երկու երեխա ունեմ, ամուսին, թեկուզ հիմա նա այստեղ չէ։
-          Լավ, շնորհակալություն,- իսկապես հիասթափվեցի, ոչ այնքան իմ ու Խալեդի ծանոթության համար, որքան մարդկային որակի, որն այս դեպքում իսկապես քանակ էր և թվով 99-րդը։

Комментариев нет:

Отправить комментарий