вторник, 30 апреля 2019 г.

Այնտեղ՝ Սիրիայում Արամին աղջիկ էր ծնվել (596-րդը)


Տափակ բլրի վրա քամին մշտապես սուրում էր ամեն կողմից։ Այն իր սառնությամբ, մխրճվում էր իմ հոգու խորքը՝ սառեցնելով և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, և ես նմանվում էի քայլող ունայնության։ Այն լրացնելու կամ իմաստավորելու համար շատ ժամանակ անմիտ շրջում էի վրանում կամ բակում, բայց պարզվում էր՝ իրականությունն ավելի դատարկ է։
Սիրիացի հայ ընտանիքի՝ առաջին օրվա տխրության  հետքը չէր մնացել։ Նրանք վարում էին աշխյուժ ու ակտիվ կյանք՝  առավելապես օրիորդները կարճ ժամանակում կապեր ստեղծեցին ղեկավար կազմի հետ՝ հիմնականում արբների։ Աշխատակիցները, նստում էին մահճակալակացարանի դեմը տեղադրված կարմիր նստարան- սեղանին, երկար ժամանակ զրուցում էին և թեյում ընտանիքի հետ։
Մի երեկո, իմ մահճակալին մոտեցավ կլորիկ ու լիքոտ, սիրյահայ ընտանիքի մայրը․
-          Բարի երեկո,- մաղթեց նա,- Ինչպե՞ս եք,- հարցի հետ, նայեց մահճակալի տակից մշտապես երևացող Նաիրիի թողած մեծ ճամպրուկին․
-          Համեցեք, նստեք,- առաջարկեցի նրան։
-          Ամբողջ օրը նստած ենք, ի՞նչ նստել, բողոքեց նա, ապա նստեց։ Փոքր վրանից դուրս գալուց հետո, առաջին անգամ ինձ մոտ եկավ սիրիացի Արամը, ժպտալով, տնավարի փլվեց իմ ու սիրացի կնոջ արանքը,- Բարև,- արտասանեց Նաիրիից սովորած միակ հայերեն բառը, հարազատի պես բռնեց կնոջ ձեռքը, սկսեց արաբերեն խոսել։ Այնուհետև նրանք նայեցին ինձ․
-          Ի՞նչ է եղել,- անհանգստացա ես։
-          Արամին, այնտեղ՝ Սիրիայում աղջիկ է ծնվել։ Նա եկել է քեզ մոտ ուրախությունը կիսելու և ուրախացել է ինձ քեզ մոտ տեսնելով։ Նկատի ունի թարգմանելը։
-          Շնորհավորում եմ Արամ ջան,- ուրախացած, գրկեցի նրան։ Նա սկսեց երեխայի պես լաց լինել։
-          Նրան հայի անունով եմ կոչել,- արտասվախառը շարունակեց նա։
-          Ինչպե՞ս․․․
-          Լուսին,- արտասունքի միջից ժպտալով պատասխանեց նա՝ Արամի դեմքը փայլեց երեխայի անունը տալիս։
Քանի որ, երբեմն Արամին տեսնում էի Էրմանի խմբի հետ նամազ անելիս, ուստի հարցրեցի․
-          Դու քրիստոնիա՞ ես․․․,- նա նայեց ինձ, լռեց, ապա անվճռական պատասխանեց։
-          Այո, իմ պապերը ևս քրիստոնյա են եղել, բայց եղավ մի պահ, ողջ մնալու համար կորցրեցինք մեր հավատը, իսկ իմ ընտանիքը հոգով միշտ էլ քրիստոնյա է,- Նա ծանր հոգոց հանեց և ոտքի կանգնեց, արաբերեն մի քանի բառ փոխանակեց սիրիացի կնոջը, դուրս եկավ։ Այլևսն Արամը ինձ հյուր չեկավ։ Նա երկար մնաց ճամբարում։ Հաճախ էի նրան տեսնում հարբած, ծխախոտը ձեռքին։ Արամը մենակ էր․․․
Արամի գնալուց հետո կինը ևս ոտքի կանգնեց․
-          Այս մեծ ճամպրուկը քեզ հարկավո՞ր է,- հետաքրքրվեց նա, ցույց տալով այն․
-          Ո՛չ, մեծ է ու անհարմար։ Գնալուց պարզապես կթողնեմ այստեղ․․․
-          Տուր ինձ։ Մեր իրերը շատացել են, տեղ չունենք դնելու,- ասաց նա, իսկ ես ուրախացա, վերջապես ճամպրուկից ազատվելու՝ լուծում գտնելու համար։ Սիրով այն դուրս քաշեցի և մեջի հագուստով հանդերձ տվեցի նրան։ Մոտեցավ ամուսինը,- Ամուսինս է, Հակոբը,- ներկայացրեց կինը։
-          Համեցեք մեզ մոտ, կզրուցենք, թեյ կխմենք- առաջարկեց Հակոբը, վերցրեց ճամպրուկը։
-          Շնորհակալ եմ, կգամ։ համակերպվե՞լ եք ճամբարային կյանքին։
-           Դժվար է՝ այս պայմաններում երեխաների հետ համակերպվելն անհնար է,- գլուխը բացասաբար տարուբերեց Հակոբը։
-          Գնանք, Հակոբ,- ժպտալով ասաց նրա  կինը։ Հակոբն իր սմքած ու գունատ դեմքով նայեց կնոջը, ժպտաց, երևացին նրա մի քանի ատամները, որոնք կարծես ուր որ է պիտի թափվեին, և նա արագ փակեց բերանը՝ փրկելու այդ մի քանի ատամները՝ որպես մանկության հուշ։
-          Վաղը մենք տեղափոխվում ենք,- ինձ համար այնքան անսպասելի հանկարծ հայտարարեց Հակոբը։
-          Այդքան վա՞ղ,- ակամա ծոր տվեցի ես և աշխատեցի զարմանքից բացված բերանս մի կերպ փակել,- Մի ամիս էլ չկա՝ դուք այստեղ եք։
-          Այո՛, լավ ստացվեց, բայց դեռ չգիտենք, թե ուր կտանեն մեզ,- ոգևորված շարունակեց նա։
-          Կուզեյի իմանալ, թե որտե՞ղ են տեղափոխել ձեզ- ասացի՝ հստակ իմանալով՝ երբեք չեմ կարող իմանալ։
-          Անպայման կզանգահարեմ, տվեք ձեռքի համարը,- ասաց Հակոբը, և նրան տվեցի իմ ձեռքի համարը։ Այդ պահին նրա կինը դուրս եկավ, ես նույնպես քայլեցի դուրս, նա մնաց մուտքի մոտ ծխելու, իսկ ինձ մնում էր շարունակել քայլելը՝ որպես կանոն, թաքուն զարմանալով ու մտածելով, թե ինչու՞ են ճամբարում համարյա բոլոր կանայք ծխում։
Հերթական անգամ լուսաբացը փախստականների մի ստվար զանգված հավաքեց անցակետի մոտ։ Գնացի՝ հրաժեշտ տալու սիրիացի հայ ընտանիքին։ Երբ նրանք տեղավորեցին իրենց տասնիննը ճամպրուկները, ավտոբուս բարձրանալիս, հերթով հրաժեշտ տվեցին ինձ, իսկ Հակոբը խոստացավ անպայման զանգահարել։
Այս անգամ ավտոբուսները տարան ինձ համար անծանոթ ու օտար դեմքեր։ Ոչինչ չզգացի, միայն  թե ինչու՞ նորից մնացի ցանկապատի մոտ կանգնած և երկար ժամանակ լաց լինելով, իսկ գուցե նրանք այնքա՞ն էլ օտար չէին․․․Գուցե․․․

Комментариев нет:

Отправить комментарий