четверг, 25 апреля 2019 г.

Դանիելը (596-րդը)


Հեղեղվող անձրևը ստիպեց դռնից ետ դառնալ՝ առանց դուրս գնալու։ Անցնելիս նկատեցի՝ պարսիկ կանանց միացել էր  տարեց կինը՝ որը մեծ գերդաստանով տեղավորվել էր դռանը մոտիկ մեծ սավանապատ «կացարանում»՝ նրա գլուխը միշտ փաթաթված էր մեծ ու տաք  գլխաշորով։ Այդ չորս կանայք քաղցր զրուցում էին, իսկ նրանցից մեկն անդրավարտիքի ծնկների մոտից փորձում էր կարճացնել՝ մեծ ու անհարմար ասեղով ու հաստ թելով։ Քանի որ պարապ էի, մոտեցա, վերցրի, ցույց տվեցի, որ կարելի է պարզապես անդրավարտիքի  տակից կարճացնել և իհարկե  կարել ավելի փոքր ու հարմար ասեղով։ Նա ուրախացավ, երբ  ցույց տվեցի՝ ինչպես կարելի է այդ անել, ապա վերադարձա տեղս նստեցի։ Քիչ հետո մահճակալիս կողքին կանգնեց տարեց կինը տասնյակի մոտ անդրավարտիք թևին գցած։ Իհարկե ինձ մի պահ կորցրի, այնուհետև բացատրեցի ետ տանել, քանի որ ոչ մի հարմարություն չունեի նրան օգնելու։ Կինը բավականին դժգոհ դեմք ընդունեց, ապա  քթի տակ մրթմրթալով հեռացավ։ Քիչ հետո նա նստած էր իր մշտական տեղում՝ մահճակալի երկրորդ հարկում և միայն աչքերն էին երևում։
-          Բարև ձեզ,- դեռ չէի մարսել կնոջ թարս հայացքը, երբ իմ առջև կանգնեց  սլավոնական արտաքինով, նեղ աչքերով, յոթ տարեկանի մոտ մի տղա՝  բարևելով ռուսերեն։ Տղայի առաջին անգամ էի տեսնում։
-          Բարև, ո՞վ ես,- զարմացա, տեսնելով տղային։
-          Այն վերջին տեղը մերն է,- ձեռքով ցույց տվեց ներքևի դռանը մոտիկ կացարանը, որտեղից ուշ գիշերները երկար ժամանակ և մշտապես լսվում էր երեխայի լացի ձայն։
-          Ռու՞ս եք։
-          Ո՛չ, Աբխազիայից ենք՝ ես եմ, մայրս, քույրս, հայրս։
-          Ուրախ եմ,- պատասխանի հետ ձեռքով բարևեցի նրան,- անունդ ինչպե՞ս է։
-          Դանիե՛լ, իսկ ես շուտով երկու քույրիկ էլ եմ ունենալու,- ուրախացած շարունակեց  նա։
-          Պարզ է, շնորհավորում եմ։
-          Իսկ դուք մենա՞կ եք այստեղ։
-          Այո՛։
-          Ես կգամ ձեզ հետ կզրուցեմ, որպեսզի մենակ չմնաք, ձեր փոխարեն ճաշարան կգնամ։
-          Պարզապես արի՝ առանց պարտականության, լա՞վ,- ուզեցի տղային հյուրասիրել՝ քաղցրավենիքի տուփը մեկնելով նրան, ինչը վաղուց գնել էի մարկետից։
-          Մի քանիսը վերցնեմ, լա՞վ, ես սիրում եմ քաղցր,- ասաց նա ժպտալով, որից ավելի նեղացաննրա նեղ աչքերը՝ միաժամանակ մի քանի հատ քաղցրավենիք վերցնելով։
-          Դանիե՜լ,- պարսիկ գերդաստանի դիմացի «կացարանից» ձայն տվեցին տղային։
-          Այդ ինձ են կանչում, հայրիկս է, շնորհակալ եմ,- ասաց նա և անհետացավ սավանների արանքում։

Комментариев нет:

Отправить комментарий