среда, 24 апреля 2019 г.

Պարսիկները մահճակալով անհետացել էին (596-րդը)


Անմիջապես իմ կողքին տեղավորված երկու պարսիկ երիտասարդներն արդեն մտել էին անկողին, բայց երկար ժամանակ լսվում էր նրանց խոսակցությունը։ Չնայած չէի հասկանում, բայց խեղդված ձայները նյարդային էին և հաճախ անհանգիստ շարժումներ էին անում։ Առանց հանվելու՝ կուչ եկա, այնուհետև պառկած մտածում էի, թե ինչպես տաքանալ, երբ հիշեցի Նաիրիի վերմակը։ Այն իջեցրի և մի քանի անհանգիստ ու ցուրտ գիշերներից հետո, վերջապես կարողացա քնել երկու վերմակով։ Չեմ կարող ասել, թե որքան էի քնել, արթնացա լսվող աղմուկից՝ իմ կողքի երիտասարդները  մահճակալով անհետացել էին։ Աշխատակիցները դուրս ու ներս էին անում, իսկ նրանց հարազատներն ահաբեկված դեմքերով փսփսում էին իրար մեջ՝ կանգնած վրանի կետրոնում։
Քանի որ հագնվելու կարիք չկար, տեղից վեր կացա, մոտեցա քչփչացող կանանց։ Վրանի ամենախորքի անկյունից դուրս եկավ արտահագուստով հերթապահ բժիշկը։ Մնացել էի շվարած կանգնած, երբ ինձանից հետո կանգնած արաբը, որին միայն մի անգամ էի տեսել ճաշարանում, մոտացավ ինձ, ռուսերեն ասաց․
-          Լավ է պրծել։
-          Դուք ռուսերե՞ն եք խոսում,- մոռանալով ինչի մասին է խոսքը՝ զարմացա ես։
-          Այո՛, իսկ ես գիտեի՝ դուք ռուսերեն եք խոսում։
-          Որտե՞ղ եք սովորել, բավականին լավ եք տիրապետում։
-          Քսանհինգ տարի ապրել եմ Ռուսաստանում։
-          Եվ ինչու՞ եք հեռացել այնտեղից։
-          Այդպես ստացվեց, շատ քիչ բան էր ինձանից կախված,- ուսերը վեր քաշելով՝ պահի տակ թախիծը ստվերեց նրա դեմքը, ինչը նկատելով նրբանկատորեն փորձեցի շրջանցել թեման։- Իսկ չգիտեք՝ ի՞նչ է կատարվել այստեղ։
-          Գիշերը պարսիկներից մեկը մյուսին դանակահարել է:
-          Իսկ  ու՞ր տարան նրանց:
-          Ոչ մի տեղ։ Վիրավորին, ահա, տեղավորել են այն  անկյունը, իսկ դանակահարողին տեղափոխել են ուրիշ վրան:
-          Հետաքրքիր է՝ նրանք միասին էին քնում և, ահա․․․
-          Գուցե հենց միասին քնե՞լն էր դանակահարության պատճառը։
-          Ո՞վ իմանա։
-          Դուք այստեղ մենա՞կ եք,- հետաքրքրվեց արաբը։
-          Այո՛։
-          Դժվար կլինի ձեզ համար, առավել ևս, շուրջ բոլորը մուսուլմաններ են։
-          Մուսուլմանները խնդիր չեն՝ լեզվի խնդիր է և ընդհանրապես այս վրանը ինքնին խնդիր է ինձ համար։
-          Հասկանում եմ ձեզ՝ աղմուկն ու ցուրտն անտանելի է։ Անհրաժշտության դեպքում կարող եմ ձեզ օգնել,- ժպտադեմ ավելացրեց նա։ Այդ պահին մեզ մոտեցավ մի փոքրիկ աղջնակ, բռնեց զրուցակցիս ձեռքից։
-          Երևի աղջիկդ է,- նկատեցի ես։
-          Այո՛, երեք աղջիկ ունեմ, ահա, այնտեղ ենք ապրում,- նա ցույց տվեց մեջտեղի դռան դիմացի երեք սավանապատ մահճակալները, որտեղից հաճախ առավոտները լսվում էր երեխայի բարձր լացի ձայնը։ Աղջնակը սկսեց քաշել հոր ձեռքից՝ արաբերեն ինչ որ բան ասելով։
-          Պետք է նախաճաշի գնամ, ներեցե՛ք,- ասաց զրուցակիցս և անհետացավ սավանի հետևում։
Վրանում մարդիկ աստիճանաբար դարձան առաջվանը՝ քաշվելով իրենց կացարանները, բայց պարսիկ ընտանիքի համար սկսված ներքին լարվածությունը նկատելի էր դեռ երկար ժամանակ։ Նրանք խմբով նստում էին երկար սեղանի շուրջը և ժամերով  շարունակում քչփչալ։
Երկու երիտասարդներին տեղափոխելուց հետո, մնացել էին երեք կանայք և մեկ երիտասարդ։ Կանանցից մեկը հավանաբար մի կնոջ դուստրն էր՝ նա վաղուց հատել էր երեսունի սահմանը, իսկ երիտասարդը գուցե մյուսի որդին էր։ Նրանք ևս ժամերով շշնջում էին՝ մահճակալի երկրորդ հարկում նստած։ Այդ ընտանիքն այնքան հաճախ էր  տեղափոխություններ կատարում, ուստի դժվար էր գլուխ հանել, թե ով ով էր իրականում։ Կանայք առանց գլխաշորի էին, իսկ երիտասարդը միշտ կրում էր տաք ձմեռային գլխարկ, խոսում էր դանդաղ՝ շեշտադրելով հանգերը։

Комментариев нет:

Отправить комментарий