вторник, 24 марта 2020 г.

Ցանկացած սխալ հետևանք ունի (Ակնարկ)

Կար ժամանակ, երբ հասարակ մահկանացուս ուներ տասնհինգ հանրապետություններով կազմված հայրենիք, իսկ մայրաքաղաքը Մոսկվան էր։ Իմ փոքրիկ հայրենիքը, որտեղ ծնվել ու մեծացել եմ, ուներ Ազիզբեկովի շրջան և խորթ էր թշնամանքի գաղափարը, որքան էլ հարևան գյուղի ճամփով անցնելիս, որտեղ  իննսուն տոկոսը թուրքեր էին ապրում, մեր հետևից այնքան էին քարեր շպրտում, մինչև լեղաճաք եղած անհետանում էինք փոշոտ ոլորոաններում։ Տասնհինգ մայրաքաղաքների թվում էր նաև Բաքուն։ 
Ժամանակը ժամանակի հային ստիպել էր հավատալ, որ Նժդեհը ազգային թշնամի է, որ Չարենցին արդարացիորեն են սպանել բանտում, որ Լեռ Կամսարը պետք է աքսորներում մաշեցներ իր կյանքը, որ տարբերություն չկա, թե որտե՞ղ է թաղված Թումանյանն ու Սայաթ նովան․․․
Սուրբ Գրքին փոխարինելու էր եկել Կուսակցական տոմսը, որը բացառապես ձեռք էր բերվում մաղարիչով, իսկ եկեղեցիները պետք է ծառաեյին, որպես հացի շտեմարաններ, տերտերները պետք է անցնեին ընդհատակ կամ վտարվեին, որպես ժողովրդի թշնամիներ․․․ Եվ այդ տասնհինգ հանրապետությունները  ամեն առիթով, հոտնկայս պետք է երգեին «Ширака страна мая» երգը։
Այլ սոց․ երկրներ շրջագայելու, տուրիստի բախտին արժանանալու համար կարևոր էր ուրանալ ազգային հերոսին և ազգային գաղափարը, իսկ ամենա գլխավորը Աստծուն և պարտադիր պետք է ունենայիր կուսակցական տոմս, որը իհարկե ես՝ նվաստս չէի կարող անգամ երազել․․․