пятница, 22 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս- 31)

Մինչ Ադամանդն ու Բենը կայացրած որոշումը փորձում էին կյանքի կոչել, Կորին վերադառնալով ուրվականների աշխարհից, ուրվականների հետ, նկատելի նվազեցրեց ռոբոտ-զինվորների թիվը։ Քաղաքում արդեն վխտում էին ժանիքավորները, առած ռոբոտ-զինվորների կերպարանքները։
Անհետանալով Ադամանդի աչքից, Կորին ուրվականի հետ հայտնվեց հարազատ դարձած երկնաքերի պատշգամբին։ Թակեց այն՝ սպասեց, երբ ոչ ոք չբացեց, ապակին փշրեց, ներս մտավ։
- Վիվի՛,- ձայն տալով, անցավ սենյակից, սենյակ։ Դարձյալ ոչ մի արձագանք։ Վերջին սենյակի դուռը բացեց, մնաց դռանը կանգնած, տեսնելով գիտնականին անկողնում պառկած։
- Զմրուխտե՛ աչք,- բացականչեց Աբգարը, ուղղվելով անկողնում,- Դու վերադարձե՜լ ես,- սկսեց լաց լինել, դեմքն առած ձեռքերի մեջ։
- Ի՞նչ է պատահել, դուք հիվա՞նդ եք,- առաջանալով հարցրեց Կորին զարմացած,- Որտե՞ղ է Վիվին։
- Իմ աղջիկը վաղուց է անհետացել։ Նրան տարավ Աբու-Սայիդը, իսկ ես ոչինչ անել չկարողացա։
- Աբու-Սայիդը,- կրկնեց ուրվականը, ներս մտնելով սենյակ։
- Ո՞վ է նա,- ակամա կուչ գալով նրա տեսքից, հարցրեց գիտնականը։
- Կարծում եմ ձայնից կռահեցիք նրա ով լինելը։ Նրա օգնությամբ դուրս եկա ուրվականների աշխարհից։
- Ուրվականների՞,- գիտնականի աչքերը լսածից կլորացան։
- Այո՛, բայց թողնենք այդ հարցը, իսկ ինչու՞ ձեզ չօգնեց Ադամանդը, ինչո՞ւ չդիմեցիք նրան։ պետք է որ նա ձեզ օգներ։
- Ո՛չ, հակառակը՝ նա խոստացել էր պատժել ինձ քո և պահեստայինների անհետանալու համար և ահա՛ քանի տարի է պատժում է։ Երկար ժամանակ է, ինչ դուրս չեմ գալիս,- լացակումած շարունակեց վշտից կուչ եկած գիտնականը։
- Իսկ ձեր ծառայությու՞նը նրան,- հիշեցրեց Կորին,- Դուք անգամ իմ եղբորը չխնայեցի՛ք, մի՞թե այդ ամենը ոչինչ չի՛ նշանակում։
- Է՜, որդիս, մարդը կարող է չնկատել արածդ մեծ գործը, բայց նա երբեք չի անտեսի քո ամենափոքր սխալը, իսկ եղբորդ պահով Մարկոսի մոտ գնա։ Տեսնում եմ, առաջինը այստեղ ես եկել։ Շնորհակալ եմ։
- Մի՛ վհատվեք, ես նրան ետ կբերե՛մ,- պատասխանեց Կորին, ուրվականի հետ անհետացավ պատշգամբով։
Աբգարը խորը հոգոց հանեց, շշնջաց հուսահատված,- Եթե միայն իմ դուստրը ողջ լինի․․․

среда, 20 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս- 30)

Մինչ Ադամանդը փորձում էր որոշում կայացնել, եկավ Մարկոսը  Մալեի ուղեկցությամբ։
- Ձեր փառասիրությո՛ւնը, դաժանությո՛ւնը, ինչու՞ չէ նաև ցանկասիրությո՛ւնը, կարծես գործում են միաժամանակ,- առանց նախաբանի սկսեց նա,- Ադամա՛նդ, ի՞նչ կրոնի եք դավանում։
- Մի՞թե պարզ չէ,- մեծամտաբար շոյեց երկար մորուքը,- Չնայած, կարծում եմ, կրոնը որևէ կապ չունի Աստծո հետ։
- Ինչպե՞ս,- զարմացավ Մարկոսը,- Որպես կրոնավոր, հակասում եք ինքներդ ձեզ։
- Չեմ հակասում հարգելի մարդասե՛ր, կրոնը մարդու ստեղծածն է, այն չի կարող աստվածային լինել, և մարդն ստեղծել է կրոնը իր նմանակին տանջելո՛ւ, կեղեքելո՛ւ, վախ ներշնչելո՛ւ։ Պետք է նկատել՝ մի՞թե հռոմեական քրմերը Աստծո անունից էին այնքան դաժան։
- Աստվածուրաց մտքեր ունեք,- մի պահ խորհելուց հետո ասաց Մարկոսը։
- Չէ՛ի ասի, պարզապես այսօրվա մարդու ստեղծածը, վաղը անպայման դառնում է անցյալի մոլորություն, իսկ կրոնի հիմքը այլ է, որն արդեն նշեցի։ Պարո՛ն մարդասեր, գուցե կրկնվեմ,- քմծիծաղեց Ադամանդը,- Սակայն մարդու ստեղծածը Աստվածային լինել չի կարող, առավել ևս, եթե այնտեղ զնգում է ոսկին։
Մարկոսը լուռ ու մտահոգ նայեց հեռուն։
- Ինչու՞ նրանց ևս արթնացրիք, նորից ի՞նչ կա ձեր մտքին,- Ադամանդը հպարտ կեցվածք ընդունեց, հասկանալով, ինչի՞ մասին է խոսքը- Գուցե պրոֆեսորի՞ գաղափարն է,- շարունակեց Մարկոսը,- Որին խիստ կասկածում եմ։
- Ինչու՞,- վրդոհմունքը չթաքցրեց Ադամանդը։
- Կարծեմ մի անգամ արդեն ասել եմ՝ որքա՛ն դաժան է մարդը, նույնքա՛ն վախկոտ,- նա կիսատ ժպտաց,- Չե՞ք կարծում։
- Գուցե, բայց այն չի կարող ինձ վերաբերվել, միաժամանակ՝ չէի ասի թե իմ սրտով չէ։ Չնայած իմ ծրագրի համեմատ չափազանց է,- Ադամանդի վերջին միտքը զարմանք պատճառեց Մարկոսին։
- Իսկ ո՞վ, եթե ո՛չ դուք,- նա մտահոգ նայեց դեպի անորոշություն և հանկարծ ձեռքը խփեց ճակատին,- Նա՞, մի՞թե նա․ իսկ ինչու՞ այսպես,- ձեռքերը տարածեց նա։ Ադամանդը գլխի ընկավ՝ Մարկոսը տեղյակ չէ Զմրուխտե աչքի վերադարձի մասին։
- Ինչպե՞ս, վա՞տ սկիզբ է,- անտեղի մեծամտացավ Ադամանդը։
- Եթե նա նույնն է, ուստի, նրանց միայն նա կարող է կանգնեցնել կամ էլ արդեն ուշ է այդ մասին խոսելը,- ավելի շատ ինքն իր հետ խոսեց Մարկոսը, քան դիմացինի։
- Իսկ ե՞ս։ Հիշե՛ք, պարոն մարդասեր, ե՛ս եմ այս ամենի սկիզբը և վերջը,- կատաղությունից հոխորտաց Ադամանդը։
- Գուցե, բայց հիմնականում հարուստները թքած ունեն սկզբի և վերջի վրա,- ձեռքը թափահարեց Մարկոսը,- Անգամ աշխարհի, եթե այն այլևս շահութաբեր չէ։
- Անգամ, եթե այդպես է՝ չե՞ք գտնում սանձել է պետք այդ Զմրուխտե աչքին։
- Ինչու՞,- ոգևորվեց Մարկոսը՝ հասկանալով, Ադամանդը տեղյակ է Կորիի վերադարձի մասին,- Որովհետև նա բոլորին ստիպում է կասկածե՞լ ձեր առավելության մեջ պարո՛ն Ադամանդ։ Նկատի ունեցե՛ք, դուք ռոբոտ-զինվոր եք պատրաստում քաղաքը նվաճելու, իսկ նա ստեղծված է ձեր մարդատյաց գաղափարը կասեցնելու։ Ահա՛ նրա և ձեր տարբերությունը։ Բնականաբար, ձեր մեջ ցանկություն է առաջանում ճզմե՛լ նրան։
- Այո՛, ես կոչնչացնեմ այդ աֆրիկացուն, իսկ ուրվականները կենթարկվե՛ն ինձ, շարունակելով հոշոտել մարդկանց։
- Այդ դեպքում, նրանց համար բացառություն չե՛ք լինի նաև դու՛ք և ձե՛ր համախոհները։
- Սխալվո՛ւմ եք, նրանք միշտ կենթարկվե՛ն ինձ, պարզապես պետք է կարողանալ կառավարել, իսկ իմ դեպքում կառավարե՛լ, նշանակում է իշխե՛լ և այսպիսով աշխարհը կգրավեն ուրվականներն ու ռոբոտ-զինվորները, իսկ մի հուսահատ կամ սնանկ իշխանավորի կողմից, մի կոճակի սեղմումով կվերանա մարդկությունը։ Ահա՛ և վերջ հա՜, հա՜, հա՜․․․․Բնությունը նորից զարկ կտա նախամարդու ստեղծմանը։
- Փառքը, ատելությունը, ինչը նաև անզորության և անկատար լինելու նշաններ են՝ կուրացրել են ձեզ։ Ձեր գաղափարը գուցե՛ սպանի, բայց այն հաղթանակել չի՛ կարող, քանի որ աշխարհը կանգուն է սիրո և բարության հիմքերի վրա։
- Այդ դեպքում՝ շտապե՛ք կանգնեցնել նրան։
- Այդ դեպքում վատ չէ՛ր լինի նաև ձեր հանդեպ կիրառել պատժամիջոց, որպես պատերազմասեր- մարդատյացի,- նկատեց Մարկոսը։
- Իմ հանդեպ ո՞վ է մարդը։ Կոչնչացնե՛մ իմ տիրույթում ոտնձգություն անողին։
- Դուք երբևիցե եղե՞լ եք Եգիպտոսում։
- Այո, իսկ ի՞նչ կա,- լսած հարցից զարմացած, հարցրեց նա։
- Այն բուրգերում, եթե եղել եք այնտեղ, դարեր շարունակ հավերժական քնով քնած են իրենց ժամանակին ամենակարող եգիպտական փարավոնները։
- Հետո ի՞նչ։
- Ո՞վ եք դուք՝ ընդդիմանալու բնությանը։ Պարզապես ձեր ժամն է, որը տիեզերքի համար՝ բարեբախտաբար լոկ ակնթարթ է։ Ուշքի եկե՛ք պարոն Ադամանդ,- Ադամանդը ատամները սեղմեց, առանց պատասխանի քայլեց դեպի մեքենան,- Երբեմն ոտքով շրջե՛ք, այն ձեզ կսթափեցնի,- Նրա հետևից ձայն տվեց Մարկոսը։

понедельник, 18 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս-29)

Բացի ռոբոտ-զինվորներից, մեգապոլիսի փողոցներում սկսեցին երևալ տարօրինակ, այլակերպված արարածներ։ Շարունակ սուլող քամու հետ նրանք թռչելով, կանգնում էին գետնին և ողջագուրվում նախընտրած ռոբոտ-զինվորի հետ, սկսում խմել նրա արյունը։ Երբ ռոբոտ-զինվորը անշնչացած ընկնում էր գետին, ուրվականը դառնում էր նրա նմանակը, տարբերվելով երկու մեծ ժանիքներով։
Շուտով փողոցներում սկսեցին վխտալ ժանիքավորները։ Տեղ, տեղ հայտնվեցին անշնչացած ռոբոտ-զինվորները։
Ադամանդի մեքենան մտավ հրապարակ, երբ Կորին Քառակուսի գլխի հետ կանգնեց պատվանդանին։ Նրա աչքերից արձակված շանթը դիպավ  Ադամանդի թանկարժեք քարին, սակայն վերածվելով զիգզագների, ետ դարձավ, գալարվելով անհետացավ։
- Զմրուխտե՛ աչք,- տեսնելով, բացականչեց Ադամանդը,- Ահա՛ թե ո՞վ է հայտնվե՛լ և ու՞մ է ուզում ոչնչացնել։ Գուցե չգիտե՞ս, ես՝ ամենակարողս նաև անխոցելի եմ,- նա աչքի պոչով նայեց ուրվականին,- Ո՞վ է նա,- հարցրեց, ակամա իջեցնելով ձայնը։
- Ուրվակա՛ն, սովորական ուրվակա՛ն,- հանգիստ պատասխանեց Կորին։
- Իսկ ինչու/ նրանք, մի՞թե իմ բանակը քիչ էր,- քրքջալով ավելացրեց Ադամանդը, հաճախ ձեռքը տանելով փայլող քարին,- Ի վերջո, ցանկացար ծառայե՞լ իմ գաղափարին։
- Առաջինը՝ դուք գաղափար անգամ չունեք գաղափարից, իսկ երկրորդը, նրանք պարզապես ձեր բանակի վերջը կտան, բնականաբար ստացվում է նաև ձեր՝ երկուսը մեկում,- կորին սկսեց քահ, քահ ծիծաղել, որին հետևեց Ադամանդի նյարդային ծիծաղը․
- Հա՜, հա՜, հա՜․․․, իսկ հետո՞․․․ Քո ուրվականներն, ինչպես անվանեցիր նրանց, ոչնչով չեն տարբերվում իմ ռոբոտ-զիմվորներից։
- Տարբերվում են։
- Ինչո՞վ,- նկատելի անհանգստացավ Ադամանդը։
- Ռոբոտ-զինվորները ոչնչացնում են մարդկանց, իսկ ուրվականները բացառապես ռոբոտ-զինվորներին։ Հետաքրքիր է, այնպես չէ՞,- նրա սպառիչ պատասխանից Ադամանդը ձգվեց, ճոճվելով ոտնաթաթերին։
- Իմ դիրքը այդ քաղաքում վաղուց ամրապնդված է, եթե անգամ ուրվականները ոչնչացնում են ռոբոտ-զինվորներին, ես կարող եմ պարզապես նրանց նոսրացող շարքերը լրացնել նորերով, որին դու ծանոթ ես և որն իհարկե նույնպես իմ ծրագրի շրջանակներում է։ Այս դեպքում դու ընդամենը ինձ ստիպում ես դիպչել նոր օջախների, որը նույնպես իմ սրտով է։
- Հազիվ թե հասնեք նոր օջախների, քանի որ շուտով ինքներդ կսարսափեք նրանցից,- պատասխանեց Կորին, իսկ Քառակուսի գլուխը իջավ, կանգնեց Ադամանդի հետևում, շնչելով նրա ծոծրակին։ Նա ետ քաշվեց, փորձելով թաքցնել վախը։ Այն չվրիպեց Կորիի ուշադրությունից։
- Սարսափելի՞ է հոշոտվել նմանակի կողմից։
- Իհարկե՛, Զմրուխտե աչք։ Ինձ համար մահը սարսափելի չէ, սարսափելի է թե ինչպե՞ս կմեռնեմ։
Քառակուսի գլուխն ավելի մոտեցավ Ադամանդին։
- Ինչու՞ է նա ինձ հետևում,- մի կողմ քաշվեց նա։
- Գուցե փնտրում է իր մարմի՞նը։
- Ես նրա մարմինը լինել չեմ կարող, թող փնտրի ուրիշ մեկի մեջ,- սարսափած հոխորտաց Ադամանդը, շարունակելով,- Սա՛ ի՛մ քաղաքն է և իմ հաղթանակը, քո առավելությունն ինձ համար անտանելի է։ Ազատի՛ր դաշտը քո անպետքության հետ։
- Եթե ըմբոստանում եք, ուրեմն ես ավելի հզո՛ր եմ, քան կարծում էի,- վստահաբար գոչեց Կորին,- Գուցե քաղաքը պատերազմով հանդերձ ձերն է, սակայն իմացե՛ք՝ պատերազմողը երկար չի բազմում գահին։ Շատ դեպքերում, նրա հաղթանակը վայելում են ուրիշները։ Ձեր դեպքում՝ հաղթանակը չարիք է, Իսկ հիմա հեռացե՛ք։ Այստեղ դուք անզոր եք, որքան էլ անխոցելի լինեք։
- Ինչպե՞ս ես համարձակվում։ Ես այս քաղաքի տերն եմ, իսկ հրապարակը խորհրդանշում է իմ հաղթանակը, եթե լավ նայեք։
- Գուցե փորձում եք տեր զգալ, բայց շատ հեռու եք քաղաքին իրական տեր լինելուց։ Ինչպես գիտե՛ք, ձեր բանակը չունի օտար և յուրային հասկացություն։ Մարդը, նրանց համար պարզապես կեր է։ Դուք նրանց տերն եք, ոչ քաղաքի,- հեգնեց Կորին։
- Ինչու՞ նորից վերադարձար, ո՞վ ես դու, որ հայտնվել ես իմ ճանապարհին։
- Ես այլ եմ ձեր իրագործվող երազանքի՝ թե ծրագրի ողորմածությամբ։ Ես բարին եմ։
- Նա այնտեղից բերեց ուրվականներին, ոչնչացրու՛ նրան,- հայտնվելով, հրահանգեց սիրամարգը անճոռնի կռինչով, կանգնեց պատվանդանին, կերպարանափոխվելով Ձյունահերի։
- Պարզվում է, դու ավելի վտանգավոր ես, քան նրանք,- գլխի ընկնելով հոխորտաց Ադամանդը։
- Նաև, քան դուք,- պատասխանեց Կորին, քամու սուլոցի հետ վեր սլացավ, հետևից տանելով Քառակուսի գլխին։
- Ո՜չ,- կռնչաց Ձյունահերը,- Ադամա՛նդ, դու պետք է ոչնչացնե՛ս նրան, այլապես եղյամի չաքն անխուսափելի է,- հրահանգեց նա, անհետացավ պատվանդանից։ Ադամանդը երկար շոյում էր մորուքը, կարծես չիմանալով ինչից սկսել։ 

воскресенье, 17 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 28)

Սուր ծակոցից Կորին վեր թռավ, ոտքի կանգնեց։ Գլխապտույտ զգաց, որից հետո տիրող խավարն անցավ։ Նրա վրայից թափվեցին շղթաները, դեն շպրտեց գլխին հագցված տոպրակը։ Սկսեց վազել ամայի, անծանոթ տեղերով։ Նրա վազքի հետ բարձրացավ ուժգին քամի, քամու սուլոցի հետ օդ բարձրացան ավազախառը, դեղնած տերևները։ Պատանին սկսեց օդում ճախրել՝ ներքևում երևացին սև կերպարներ։ Նա նորից իջավ, հայտնվեց դատարկ տարածությունում, որտեղ, կարծես հերթով, դանդաղ հայտնվում էին տարօրինակ արտաքինով արարածներ։ Հայտնվելով, նրանք քայլում էին քամուն հակառակ ուղղությամբ։ Առջևից քայլողը բացեց մեծ թևերը, վեր սլացավ, նրան հետևեցին մյուսները։ Նրանց ճակատի լուսատիկները մութ երկինքը պատեցին աստղիկների փայլով։ Ձյան պես դանդաղ, սկսեց պատել մշուշը, ինչի հետ երևացին ուրիշ կերպարանքով, անծանոթ արարածների շարքերը։ Շարքից առանձնացավ քառակուսի գլխով մեկը՝ Կորիին թվաց, նրա դեմքը հավաքված է փոքր մասնիկներից։ Խոռոչներից դուրս էին ցցված աչքերը, բերանը մեծ էր, սև շրթունքներով։ Սև,երկար բաճկոնի թևքերից երևում էին կմախք հիշեցնող մատները։ Նրա երկար, խռիվ մազերը թափված էին ուսերին։ Նա ուրվականի պես, օդային քայլերով մոտեցավ պատանուն․
- Ի՞նչ է կամենում Զմրուխտե աչքը։
- Դու ո՞վ ես,- զարմացավ պատանին, լսելով իր անունը։
- ՈՒրվական եմ, սովորական ուրվական,- պատասխանեց նա, նորից կանգնելով շարքի գլուխը։
- Է՜յ ուրվակա՜ն,- կարծես ուշքի գալով, ձայն տվեց Կորին։
- Այո՛ Զմրուխտե աչք,- նորից առաջ եկավ նա։
- Որտե՞ղ եմ ես։
- Ուրվականների աշխարհում։
-  Ինչպե՞ս կարող եմ դուրս գալ այստեղից։
- Դու չես կարող այստեղից հենց այնպես դուրս գալ։
- Ինչո՞ւ,- դեմքը խոժոռեց Կորին։
- Ձյունահերը թույլ չի տա։
- Ո՞վ է Ձյունահերը։
- Նա եղյամյա տիրուհին է։ Նա՛ է մեզ այստեղ բերել։ Եթե նա քեզ տեսնի այստեղ, դու այլևս չես կարող վերադառնալ քո աշխարհը և դու էլ բոլորի պես կվերածվես ուրվականի։
- Իսկ հնարավոր չէ՞, որպեսզի նա չիմանա։
- Հնարավոր է։
Լսելով, Կորին ուրախացավ, նրա աչքերը փայլեցին,- Ինչպե՞ս։
- Եթե վերադառնաս այնտեղ, մեզ հետ միասին,-, մատով դեպի վեր ցույց տալով, հասկացրեց ուրվականը։
- Իսկ այդ Ձյունահե՞րը, չէ՞որ դուք նրան եք ենթակա։
- Ուրվականը չի կարող տեր ունենալ։ Մենք կատարում ենք նրա առաջին հրամանը, իսկ առաժմ նա մեզ չի հրամայել և մե՛նք ազատ ենք,- Քառակուսի գլուխը աստիճանաբար ձայնը բարձրացրեց, Կորին այն նմանեցրեց Աբու-Սայիդի ձայնին, զարմանքով նայեց նրան․
- Իսկ հետո՞։
- Մենք ենթակա կլինենք առաջին հրամայողին, անքան ժամանակ, մինչև կատարենք նրա հրամանը։
- Ծանոթ դրվագ է,- մրմնջաց Կորին, հաղթանակած ժպտալով և առանց ժամանակ կորցնելու գոչեց,- Մենք արշավո՛ւմ ենք դեպի վե՛ր։
Հնչած հրամանից քամին սաստկացավ, գետինը ցնցվեց, Քառակուսի գլուխը կանգնեց սալ քարին,- Մենք արշավու՛մ ենք դեպի վե՛ր,- կրկնեց հրամանը։
- Ահա՛, թե ո՞վ է հայտնվել,- հայտնվեց Ձյունահերը, տեսնելով Կորիին, բղավեց,- Բռնե՛լ Զմրուխտե աչքին,- Նրա ձայնը Կորիին հիշեցրեց Ադամանդի սրահի գեղեցիկ սրամարգի անճոռնի կռինչը։
Յուրաքանչյուր ուրվական, թղթի թեթևությամբ սկսեց սուլող քամու հետ վեր բարձրանալ, այնուհետև      մի պահ պարելուց հետո, անհետանալ տարածությունում։ Երբ շարքերը վերջացան, Քառակուսի գլուխը ձեռքը դրեց պատանու ուսին․
- Քո՛ հերթն է Զմրուխտե աչք։
- Ո՛չ,- կռնչաց Ձյունահերը,- Դու պարտավո՛ր ես կատարելո՛ւ իմ հրամանը Քառակուսի գլու՛խ։
- Ո՛չ Ձյունահեր՝ առաջին հրամանին հաջորդում է իմ ազատությունը,- պատասխանեց նա, ճանկեց պատանուն և վեր սլացավ։ Կորին ետ նայեց՝ երևում էին աստղիկները, իսկ սպիտակ սիրամարգը անճոռնի կռինչով հետևում էր նրանց։

суббота, 16 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 27)

Անցավ որոշ ժամանակ։ Մեգապոլիսը նոր գույնի հետ, փոխել էր նաև բնակիչներին։ Քաղաքում ավերակների հետքն անգամ չկար, կարծես այն այդպիսին էլ հիմնադրվել էր։ Նոր գույնը նայող աչքի համար հուսահատեցնող էր, թվում էր՝ արևը նոր գույնից խռոված ուրիշ ճամփով էր ընթանում՝ հեռու գունատված եզերքից։ Առանց արևի այն նմանվում էր հյուսիսիային քաղաքների ձմեռային սպիտակ գիշերներին։
  Ադամանդը դիտարանից երկար դիտում էր սառած եղյամյա համայնապատկերին, որի միապաղաղությունը լրացնում էին թափառող ռոբոտ-զինվորները։
- Ժամանակն է ընդլայնե՛լ իշխանության սահմանները,- խոսեց Ձյունահերը, հայտնվելով Ադամանդի դիմաց։
- Այո՛, կարծես իմ միտքը կարդացիք,- շողոքորթեց Ադամանդը, շոյելով մորուքը։
- Ուրեմ սկսե՛ք։ Արվարձաններում, եղյամյա շերտը պետք է կրկնակի լինի՛,- հրամայեց Ձյունահերը, անհետացավ։
- Իսկապես ժամանակն է,- կրկնեց նա, սեղմելով զանգի կոճակը։
- Այո՛ Ադամանդ,- մոտեցավ Նաթին։
- Որտե՞ղ է պրոֆեսորը։
- Գուցե վեցանկյունում, իսկ ի՞նչ կա,- միաժամանակ հետաքրքրվեց նա։
- Ուզում եմ խոսել պրոֆեսորի հետ,- առանց նրա կողմը նայելու պատասխանեց Ադամանդը։ Նաթին գնաց, քիչ հետո դիտարան մտավ Բենը։
- Ողջյու՛ն, Նաթին հաղորդեց, ուզում եք ինձ հետ խոսել։
- Այո՛ պրոֆեսոր, բայց եկե՛ք ներսում խոսենք,- Ադամանդը մտավ հյուրասրահ, նրան հետևեց Բենը,- Նստե՛ք,- առաջարկեց նա, ինքը մոտեցավ, նայեց լուսամուտից։
- Պրոֆեսո՛ր, ի՞նչ կարծիք ունեք արվարձանների մասին։
- Ի՞նչ նկատի ունեք,- հետաքրքրվեց նա։
- Ուզում եմ եղյամը տարածվի նաև արվարձաններով, իսկ քաղաքը վերաբնակեցնել նոր բնակիչներով։
- Ինչպե՞ս,- զարմացած, ձեռքերը տարածեց Բենը,- Համարյա բոլորը փախել են՝ ոչ այնքան  մեր հաղթանակից, որքան ռոբոտ-զինվորներից։
- Ի դեպ, պետք է պատերազմ հրահրել որևէ երկրում։
- Եվ․․․,- պրոֆեսորը զարմանքով նայեց նրան։
- Եվ այդ երկրից փախստականները կհայտնվեն մեր քաղաքում, ի՞նչ կա զարմանալու։ Քաջ հայտնի է՝ պատերազմ տեսած մարդը համակերպվում է ամեն ինչի հետ, հաճախ կրկնելով մի անորակ միտք։
- Եվ, ո՞րն է այդ անորակ միտքը,- հետաքրքրվեց Բենը ավելի զարմացած։
- Միայն ո՛չ պատերազմ,- ինքնավստահ բացահայտեց Ադամանդը, ճոճվելով թաթերի վրա,- Ի՞նչ եք կարծում։
- Վատ միտք չէ։ Այլապես ձանձրալի է դառնում անգամ այս ճոխ վայելքը։
- Որքա՞ն զինվոր ունենք։
- Եթե պատանին ողջ լիներ, նրանց թվի կեսն էլ մնացած չէր լինի, իսկ գուցե և մենք պարտված լինեինք, բայց շարքերը համարյա նույնն են, միայն թե վնասազերզված։ Մեծ  աշխատանք պետք է տարվի, նրանց վերադարձնելու մարտական պարտականություններին։
- Ճանաչելով ձեզ՝ այն մանրունք է,- վստահաբար հաստատեց Ադամանդը,- Սկսե՛ք հենց այսօր։
Պրոֆեսորը սպասողական նայեց նրան։
- Ինչ որ բան այնպես չէ՞,- անհանգստացավ Ադամանդը։
- Զենքի իրացման խնդիրն է,- մտահոգ տեսք ընդունեց Բենը,-  Չնայած այն արտադրում ենք ինքնապաշտպանության պատրվագով, սակայն ռոբոտ-զինվորների առկայության դեպքում հազիվ թե զենքի կարիք ունենանք։
- Իրացրե՛ք որևէ երկիր՝ այն ամենաշահութաբերն է մեր բիզնեսում։
- Այո։ Նաև կարծում եմ, ռոբոտ-զինվորների վերազինման հետ, պետք է որոշ բաներ փոխել։
- Այսինքն,-հետաքրքրվեց Ադամանդը, ապա շարունակեց,- Պարզապես նրանց վերազինե՛ք, որպես մահապարտ՝ և ինձ է ձեռնատու և ձեզ։ Պատերազմը կավարտվի, նրանք էլ հետը,- խորամանկ ժպտաց նա,- Ի՞նչ եք կարծում, մի թե նրանք խաղաղ ժամանակ փորցաքար չեն մեզ համար։ Ահա՛, նայե՛ք դուրս,- Ադամանդը նորից մոտեցավ լուսամուտին, պրոֆեսորը հետևեց նրան։
- Պետք է գտնել համապատասխան թիրախ պետություն, որպես հակամարտության դաշտ։
- Իրավիճակը սրելու համար, միայն մի քանի պայթյուն է հարկավոր իրացնել,- եղրակացրեց Ադամանդը։
- Այդ դեպքում, պետք դիպչել որևէ ինքնասիրություն ունեցող երկրի, որպեսզի անպայման պատասխանի,- նկատեց պրոֆեսորը։
- Այո՛, և մենք շատ մոտիկ կլինենք լիակատար հաղթանակին,- ոգևորվեց Ադամանդը։
- Չեմ կարծում ժամանակակից պատերազմից կարելի է հաղթանակ ակնկալել։ Հաճախ հակամարտությունները սրվում են ու երկարաձգվում զուտ շահի համար։
- Նաև մարդկային քանակը նվազեցնելու,- ոգևորված միջամտեց Ադամանդը։
- Իսկ յուրաքանչյուր հակամարտության կողմնակից զինվոր,- շարունակեց Բենը,- Միամտորեն պայքարում է գոյություն չունեցող հաղթանակի համար։
- Ինձ համար դա կարևոր չէ։ Այսօր մարդու կյանքը ոչինչ է և գուցե միշտ էլ այդպես է եղել։ Անհնար է չնկատել՝ այն ինչ արվում է ի սեր կամ հանուն մարդկության, նրանում առակա է թաքնված մեկ կետ՝ ընդդեմ մարդկության,- ցուցամատը վեր բարձրացրած, հաստատեց նա,- Մեր ժամանակներում հաճախ տեխնիկան ոչնչացնում է կյանքը, իսկ լավագույն դեպքում, հարցականի տակ է դրվում մարդու երկարակեցությունը։
- Եվ լավ է,որ գոյություն ունի «պատերազմ» հասկացությունը։ Այն օրինականացնում է ցանկացած հանցանք,- նկատեց պրոֆեսորը։
- Ուրեմ ի գո՛րծ,- Ադամանդի ոգևորությունը հասավ գագաթնակետին,- Հաճախ սպեղանին տհաճ է քիմքին, իսկ թույնը հաճելի, որն էլ աննկատ ապականում է մարդուն։ Սկսե՛նք այդ սպանիչ և հաճելի նեկտարով։ Թո՛ղ յուրաքանչյուրը պայքարի հաղթանակի ակնկալիքով։
- Գոյություն չունեցող հաղթանակի,- կրկնեց պրոֆեսորը։

среда, 13 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 26)

Օրեցօր հին աշխարհի սահմանները նեղանում էր։ Սպիտակ գույնը երկյուղ էր ներշնչում յուրաքանչյուր քաղաքացու։
 Մարկոսն ու Աբգարը շտապում էին, աշխատելով աննկատ մնալ վխտացող ռոբոտ-զինվորներից, սակայն շուտով նկատելով, նրանք սկսեցին հետևել նրանց։
- Կարծես նրանց պատրաստել են միայն սպանելու և ավիրելու համար,- քայլերն արագացնելով, ահաբեկված արտաբերեց Մարկոսը։
- Այո՛, ինչպես երևում է՝ նրանք նաև դառնում են անկառավարելի,- համարյա վազելով Մարկոսի հետևից, երկյուղած պատասխանեց գիտնականը։
- Իսկ ես կարծում եմ՝ ահա՛ և տեղ հասա՛նք,- կրնկակոխ հետևող ռոբոտ-զինվորներից աչքը չկտրելով, տարակուսեց Մարկոսը, Աբգարի հետ միասին մեջքով դեմ առնելով պատին։ Հակառակ կողմից զինվորների մի մեծ խումբ կրակելով մոտեցան, նրանք հասցրեցին պառկել գետնին։
- Հրամանատա՛ր,- կանչեց զինվորներից մեկը, շտապելով օգնել։
- Ա՜, Մալե՛ դու՞ ես,- ուրախացավ Մարկոսը, ոտքի կանգնելով։
- Ձեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է։
- Այո՛, բայց մենք ավելի շատ ձեր գնդակներից պաշտպանվեցինք,- ծիծաղեց նա, նայեց դեռ գետնին պառկած Աբգարին,- Աբգա՜ր, դուք ո՞ղջ եք։
- Երևի՛,- դժվարությամբ նստելով, պատասխանեց նա։
- Մալե՛, նրանք շա՞տ են,- գլխով դեպի իրար վրա թափված ռոբոտ-զինվորների կողմը ցույց տալով հարցրեց Մարկոսը,- Մենք տեղ կհասնե՞նք։
- Այո՛ հրամանատա՛ր, անպայման տեղ կհասնեք, բայց ցավոք նրան մեր կրակոցներից ժամանակավորապես անջատվում են, հետո, կարծես նորից վերալիցքավորվում ու դառնում ավելի կատաղի։ Դուք շտապե՛ք այստեղից հեռանալ, մենք կպահե՛նք ձեր թիկունքը։ Աբգարը ուշադիր տնտղեց շուրջը, ապա Մալեին ցույց տվեց թևի ժամացույցը։
- Նրանց թևին նման բան տեսե՞լ ես։
- Այո՛, համարյա բոլորի։
- Երբ ձեր գնդակներից անջատվում են, սեղմե՛ք սարքի վրայի կարմիր կոճակը։
- Եվ ի՞նչ,- Մալեր փոխարեն հարց տվեց Մարկոսը։
- Եթե պրոֆեսորը նոր ծրագրով չի կառավարում նրանց, ապա նրանք դրանից դատնում են անպետք զոմբիներ, բացատրեց նա, Մալեի և Մարկոսի օգնությամբ ոտքի կանգնելով։ Զինվորները շրջապատեցին նրանց։
- Օգնեցե՜ք,- մոտիկից լսվեց կանացի ձայնը։ Բոլորը նայեցին այն կողմ՝ ռոբոտ-զինվորը մեծ քայլերով վազում էր, իր հետ տանելով Վիվիին։
- Իմ աղջի՛կը,- չոքելով, հուսահատ արտաբերեց Աբգարը,- Նա իմ Վիվին էր,- Մարկոսը բարձրացրեց գիտնականին, հենեց իր ուսին։ Վերևից լսվեց շարժիչների աղմուկը՝ երկնքում նորից երևացին մի քանի ուղղաթիռներ,- Նրանք ուշացան ընդամենը րոպեներ,- հուսահատված մրմնջաց Աբգարը, երբ ռոբոտ-զինվորը աղջկա հետ անհետացավ շենքերի արանքում։

вторник, 12 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս- 25)

Փողոցներում վխտում էին ռոբոտ-զինվորները։ Թվում էր քաղաքից անհետացել են բնակիչները։
- Պետք է զգուշանալ,- հետևելեվ Մարկոսին, հևալով արտաբերեց Աբգարը, երբ նրանց ընդառաջ դուրս եկան ռոբոտ-զինվորների մի խումբ։
- Այո՜,- ծոր տվեց Մարկոսը, ետ քաշվելով,- Մեզ միայն սա էր պակասում։
- Նրանց մեջ սղոց ճոճող կա, պետք է մի կերպ խույս տալ առճակատումից,- նկատեց Աբգարը։ Մարկոսը սկսեց վազել, Աբգարը հետևեց նրան։ Հաջորդ շենքի անկյունից երևացին ռոբոտ-զինվորների մեկ այլ խումբ։
- Մի՞թե կորած ենք,- շշնջաց գիտնականը, սեղմվելով Մարկոսին։ Օդից լսվող աղմուկը նրանց ստիպես վեր նայել։
- Հազի՜վ,- ուրախացավ Մարկոսը, աչքը չկտրելով վայրէջք կատարող մեծ ուղղաթիռից։ Մինչև զինվորների օգնության հասնելը, նրանք խույս տալով վտանգից, հայտնվեցին շենքի միջանցքում, սկսեցին աստիճաններով բարձրանալ։
 ՈՒղղաթիռը մնաց որոշակի բարձրությունից կախված։ Ճոճասանդուխքով ցած թափվեցին զինվորները, Մալեի գլխավորությամբ հարձակվեցին ռոբոտ-զինվորների վրա, որոնք չնայած գնդակից տապալվում էին, բայց քիչ հետո կարծես վերալիցքավորված ոտքի կանգնում՝ սկսզբում երերալով, այնուհետև կատաղած առաջ մղվում։
 Մալեին հաջողվեց շեղել նրանց, որից օգտվոլով Մարկոսը գիտնականի հետ հայտնվեցին վեցանկյուն առանձնատան մոտ։ Ներս ընկնելով, սկսեցին աստիճաններով բարձրանալ։
- Ավելի ճիշտ չէ՞ր լինի, օգտվել վերելակից,- հևասպառ արտաբերեց Աբգարը։
- Իհա՞րկե ճիշտ կլիներ, բայց շտապողականությունը վատ խորհրդատու է և ահա՛ մենք օգտվում ենք այդ վատ խորհրդից, որը հուսով եմ վատ հետևանք չի ունենա,- նկատեց Մարկոսը։
Երբ նրանք ներս մտան, Բենը նստած էր գրասեղանի մոտ։
- Ողջու՛յն պրոֆեսոր,- սկսեց Մարկոսը և առանց կանգ առնելու, մոտեցավ ընդհուպ սեղանին։
- Ողջու՛յն,- պրոֆեսորն անակնկալի եկած, ակամա ոտքի կանգնեց,- Մարկո՞ս․․․
- Այո՛ ես եմ։ Չե՞ք կարծում դադարեցնել է պետք այս անմտությունը,- վրդոհված շարունակեց Մարկոսը։
- Այն կտևի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ այդպիսին է Ադամանդի հրամանը։
- Իսկ դու՛ք, չէ՞որ դուք եք կառավարում նրանց,- պրոֆեսորի պատասխանը հունից հանեց Մարկոսին, իսկ նա զարմանքով մեկ նայեց նրան, մեկ գիտնականին։
- Ինչպե՛ս գիտնականը՝ ես նույնպես աշխատում եմ։ Ցանկացած աշխատանք հարգի է անգործությունից։ Ի՞նչ կարծիքի եք պարո՛ն գիտնական,- քմծիծաղ տվեց Բենը։ Աբգարը սովորության համաձայն թոթովեց ուսերը։
- Դադարեցնելո՛վ այս մարդակերությունը, դուք չե՛ք դառնում գործազուրկ,- շարունակեց Մարկոսը,- Նման իրավիճակում հեգնե՛լ ճոխ թաքստոցից՝ առնվազն անմարդկային է։
- Անհանգստանալու հարկ չկա՛, չե՛մ կարծում այն շատ խորը հետևանք կունենա,- անտարբեր պատասխանեց Բենը, ետ ընկնելով աթոռին։
- Դու՛ք նաև քմահա՛ճ եք,- նորից հունից դուրս եկավ Մարկոսը,- Ինչպե՞ս, դուք ձեր զգայարաններից զուրկ զանգվածը հանել եք անզեն ժողովրդի դեմ և դեռ հանդգնում եք կարծի՞ք հայտնել։
- Օ՜, և ովքե՜ր են հյուրընկալել մեզ,- ոգևորված բացականչեց Ադամանդը, ներս մտնելով,- Դե՛ ի՞նչ պարո՛ն մարդասեր՝ տարօրինակ մարդը հաղթո՛ւմ է մարդուն, ի սեր մարդկությա՛ն,- նույն ոգևորությամբ շարունակեց նա, հրճվանքով պտտեցնելով գավազանը,- Տեսնու՛մ եմ այդ Զմրուխտե աչքը այնքա՛ն էլ չի արդարացնում իրեն տրված առաքելությունը, եթե դու՛ք հասել եք վեցանկյուն։
- Պարո՛ն մարդ, ինչպես դու՛ք եք անվանում ձեզ, իսկ չե՞ք կարծում, ձեր տարօրինակությամբ փորձանք եք մարդկության գլխին,- պատասխանեց Մարկոսը։
- Ո՛չ, պարզապես ընդունե՛ք իմ առավելությունը և վերջ, միաժամանակ վերադարձնելով պահեստայիններին և Զմրուխտե աչքին՝ թեկուզ պատժելու համար։
- Պրոֆեսո՛ր, փոխե՛ք խաղի կանոնները,- Ադամանդին թողնելով անպատասխան, Մարկոսը նորից դիմեց Բենին։
- Ինչպե՞ս,- պրոֆեսորը նայեց Ադամանդին։
- Պարզապես, դադարեցրե՛ք այս արյունահեղությունը,- կրկնեց Մարկոսը։
- Մի՞թե վատ նախաբան է,- չթաքցնելով ժպիտը, միջամտեց Ադամանդը։ Բենը տեղից վեր կացավ, անցավ նրանց մոտ․
- Առայժմ ոչինչ ասել չե՛մ կարող։
- Ինչու՞,- զարմացավ Մարկոսը, զսպելով զայրույթը,- Իսկ ե՞րբ կարող եք։
- Երբ նրանք դառնան անկառավարելի,- Մարկոսը նույն զարմանքով նայեց նրան,- Այդպիսին է նրանց ծրագիրը։
- Որքա՛ն հասկանում եմ՝ ներկա պահին նրանց տերերն ավելի անկառավարելի են, քան այդ դժբախտները։
- Մարդասե՜ր,- համարյա բացականչեց Ադամանդը,- Դո՛ւք անցնում եք վիրավորանքի։
- Այն վիրավորանք չէ, այլ ճշմարտություն, որը, ցավոք նաև իրականություն է։
- Մինչ մենք այստեղ անմիտ վիճում ենք, նրանք այնտեղ, մարդկանց հոշոտում են,- միջամտեց Աբգարը, որը, կարծես աշխատում էր լուռ մնալ, աննկատ մնալու Ադամանդի ուշադրությունից։
- Մի՞թե վատ սկիզբ է գիտնակա՛ն, մի՞թե այն նաև ձե՛ր աշխատանքի արդյունքը չէ՛,- Ադամանդը հեգնելով գիտնականին, կարծես ավելի ոգևորվեց, երբ Մարկոսը վրդոհված նայեց նրան,- Վրդոհվել պետք չէ՛ մարդասե՛ր։ Դո՛ւք պարտք եք ի՛նձ և միայն դրանից հետո կխոսե՛նք պայմանի կասին։
- Ո՛չ միայն ինձ համար, այլ բոլոր նորմալ մարդկանց համար անընդունելի է՝ ամռանը տեղացող ձյունը,- շեշտեց Մարկոսը, գլխով ցույց տալով պատուհանից դուրս։
- Այն իմ հաղթանակի խորհրդանիշն է, որից, տեսնո՛ւմ եմ ահաբեկված եք։
- Ի միջայլո՛ց, մարդասեր լինելն այնքան էլ վատ չէ՛, եթե այդ մարդ սիրողը մարդ մնա՛ և իսկապես տարբերել կարողանա մարդուն զանգվածից,- երկար լռելուց հետո, հետևություն արեց Բենը,- Մե՛նք հենց դրանով էլ զբաղվա՛ծ ենք։
- Այո՛, պրոֆեսո՛ր, վատ չէր լինի հետևություն անեի՛ք ձեր խոսքերից ձեզ համար նույնպես՝ մարդ մնալով։
- Ես պատերազմ եմ հայտարարու՛մ, թեկուզ իմ ռոբոտ-զինվորները,- սկսեց Ադամանդը՝ Բենը մի թարս հայացք նետեց նրան, նա խոսքը ուղղեց,- Թեկուզ մե՛ր ռոբոտ-զինվորները հոշոտե՛ն ողջ մարդկությանը,- ֆշշացրեց նա, առանց պատասխանի սպասելու դիմեց դեպի դուռը։
- Դո՛ւք արդեն հայտարարե՛լ եք,- ավելի շատ ինքն իր հետ խոսելով, եզրակացրեց Մարկոսը, հայացքով հետևելով նրան։

понедельник, 11 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս-24)

Մարկոսը հաճախ դուրս ու ներս էր անում, ամեն անգամ երկար դիտելով դատարկ արահետին։ Կարծես հոգնած, այս անգամ նա մնաց դրսում կանգնած այնքան ժամանակ, մինչև ծառուղում երևացած մարդը մտավ բակ։
- Ադամանդը ռոբոտ-զինվորներին նորից բաց թողեց քաղաք,- հևալով սկսեց գիտնականը,- Այս անգամ ողջ բանակը՝ հրամայելով գտնել Զմրուխտե աչքին։
- Սարսափելի է մտածել մեր ձախողման հետևանքի մասին,- խորը հոգոց հանելով, տխուր արտաբերեց Մարկոսը։
- Այո՛, այսօր Ադամանդի առավելությունն ակնհայտ է։
- Գուցե ստիպված լինենք նրա առավերությունը դեռ երկա՞ր հանդուրժել, քանի որ նախատեսված չէր պատանու անհետանալը, կամ․․․,- Մարկոսը միտքը կիսատ լռեց, նայեց հեռուն։
- Բայց ինչու՞ եք հուսահատվում, չէ՞որ դուք էլ բանակ ունեք։
- Այո՛, այն արդեն զինված է, չնայած մեծ դժվարություններին, բայց նաև չպետք է անտեսել այն փաստը, որ մենք գործ ունենք ոչ թե գաղափարով ընդառաջվող մարտիկների հետ, այլ արհեստական ճանապարհով զգայարաններից զրկված զանգվածի,- ցավով նշեց Մարկոսը, որից գիտնականը ակամա մաքրեց ճակատի քրտինքը։
- Այս անգամ, կարծես այնքան էլ հաճախակի չեն պայթյունները,- նկատելի հուսադրվեց Աբգարը։
- ՈՒրեմն այն ավելի արյունոտ է,- հետևություն արեց Մարկոսը։
- Այո՛, ցավոք պրոֆեսորը կրկնապատկել է սղոց-ձեռքերի քանակը։
- Մալե՜,- ձայն տվեց Մարկոսը։
- Այո՛, հրամանատար։
- Պատրաստի՛ր բանակը,- դառնացած հրահանգեց նա։
- Լսու՛մ եմ։
- Իսկ ե՛ս գիտնակա՛ն, պետք է անպայման հանդիպեմ պրոֆեսորին։
- Անիմաստ է,- անտարբեր ձեռքը թափահարեց գիտնականը։
- Ինչու՞։
- Այս անգամ, անձամբ է կառավարում բանակը։
- Փորձը փորձանք չէ,- Մարկոսը մի պահ լռեց, շարունակեց,- Թեկուզ ցանակացած փորձ հազար փորձանք է մեր գլխին բարդում, բայց փորձե՛նք։
- Փորձե՛նք,- խուլ արտաբերեց գիտնականը, թոթովելով ուսերը։

Մարդն ընդդեմ մարդկության (մաս- 23)

Մեգապոլիսի կենտրոնը շողում էր արծաթափայլ եղյամյա հագուստովը։ Ադամանդը հիանում էր կանգնած բարձր դիտարանին, երբ նրան մոտեցավ պրոֆեսոր Բենը։
- Որտե՞ղ է Աբու-Սայիդը,- տեսնելով Բենին հետաքրքրվեց Ադամանդը։
- Ինչի՞ համար է այդ հարցը,- զարմացավ պրոֆեսորը,- Այնտեղ, որտեղ բանակն է, ի՞նչն է ձեզ հետաքրքրում։
- Նա նու՞յնն է,- կասկածամտորեն հարցրեց նա։
- Ա՜,- ծոր տվեց պրոֆեսորը,- Հիմա հասկանում եմ հարցի էությունն ինչումն է կայանում՝ ավելի ստույգ՝ ձեր անհանգստությունը։ Երևի դուք այն օրից սկսել եք կասկածել մեր ուժերին։ Պետք է շարել բանակը, միաժամանակ կհամոզվեք ինչպիսի՞ն է նա և ընդհանրապես բանակը,- Բենի բացատրությունից Ադամանդի դեմքը փայլեց։ Նա առաջ եկավ, իսկ պրոֆեսորը հսկիչների հետ ետ քաշվեցին, ճամփա տալով նրան։ Ադամանդը գոհունակության զգացումով համբույր դրոշմեց փայլող քարին, շոյեց երկար մորուքը, շոյված նայեց սեփական պատկերը կրող դրոշին։
Ծանր ճռռոցով ետ գնաց քարե դուռը։ Երևաց խավարը։
- Աբու- Սայի՜դ,- ձայն տվեց Ադամանդը։
- Այո՛ տեր, հրամայե՛ք,- կանգնելով նրա դիմաց, պատասխանեց ռոբոտ-զինվորը։
- Գտնե՛լ Զմրուխտե աչքին և ինձ մոտ բերե՛լ,- սկզբում, Ադամանդը լավ տնտղեց Աբու-Սայիդին և միայն հետո հրամայեց։
Զինվորը դեմքով շրջվեց դեպի խավարը, բարձրացրեց աջը։ Երևաց շարքի սկիզբը։ Ադամանդը հասցրեց ետ քաշվել, կանգնելով պրոֆեսորի մոտ։
Վայրկայններ անց սպիտակ հրապարակը սևացավ բանակի բազմությունից։ Ադամանդը շոյված, հայացքը սահեցրեց շարքերով, ժպտաց․
- Այսպես լա՛վ է, այսպես ես հանգիստ եմ։
- Գտնե՛լ Զմրուխտե աչքին,- Աբու-Սայիդը կրկնեց հրամանը։ Լսելով, յուրաքանչյուր ռոբոտ-զինվոր եթերային քայլերով անհետացավ։ Շուտով հրապարակը դատարկվեց, երբ ամենագնացը տարավ  Ադամանդին և պրոֆեսորին։ Միայն մեկը, մոտակա շենքի անկյունից աննկատ հետևում էր այդ ամենին։ Ամենավերջում նա լքեց դիտակետը։

суббота, 9 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս- 22)

Վերադառնալով Մարկոսի մոտից, Աբգարն ուղղվեց հրապարակ, նայեց դրոշին, խորամանկ ժպտաց, անցավ ետնամասը և կարծես հպվելով եղյամյա հաստ շերտին, անհետացավ։
Սովորությանը հակառակ, պրոֆեսորը լաբորոտորիա մտավ առաջինը։
- Պրոֆեսո՛ր, ձեզանից չէ այսքան վաղ գալը,- զարմացավ Աբգարը, տրորելով անքնությունից ուռած աչքերը։
- Վաղ եմ եկել, անձամբ ներարկելու Զմրուխտե աչքին,- ոգևորված արտաբերեց նա,- Հետաքրքիր է, ինչպե՞ս կզգա իրեն մարդասեր Մարկոսը, երբ այդ սևամորթը սկսի ծառայել մեզ,- պրոֆեսորը երանությամբ ընկավ բազմոցին։
- Ի՞նչ իմանանք,- առանց գործից կտրվելու, ուսերը թոթովեց Աբգարը։
- Դուք արդեն այստե՞ղ եք,- պրոֆեսորի ոգևորությամբ վարակված ներս մտավ Նաթին։ Նրա սևով ընդգծած աչքերը երջանկության փայլ ունեին, սևաթյուր մազերը բարձր հավաքած էին, սպիտակ, պիրկ զգեստը ընդգծում էր գեղեցիկ կառուցվածքը, բարձրակրունկ, երկարաճիտ կոշիկները հասնում էին մինչև ծնկները, իսկ լանջաբաց հագուստը պարզապես ցանկալի էր դարձնում նրան։ Մինչև հաջորդ սենյակ մտնելը Աբգարն ու Բենը հայացքով ուղեկցեցին Նաթիին։
- Տարօրինակ է Ադամանդի ուշանալը,- նկատեց Բենը,- Այս դեպքում, նա պետք է որ գիտնականից էլ վաղ հայտնված լիներ։
- Այո՜, զարմանալի է,- ծոր տվեց Աբգարը,- Երեկ նա այնպե՛ս ոգևորված էր։
Վերելակը բացվեց, ներս մտավ Ադամանդը, նյարդային խաղացնելով ձեռնափայտը, առանց բարևի  ուղիղ մոտեցավ սեղանին,- Որտե՞ղ է պատանին,- այն դատարկ գտնելով, բղավեց նա կատաղած։
- Այնտե՛ղ,- պատասխանեց Նաթին, ձեռքով դեպի ներքև ցույց տալով։
- Ո՛չ, նա այնտեղ չէ,ո՛չ,- հոխորտաց Ադամանդը, ոտքը հատակին խփելով,- Անհետացե՛լ է,- ջղաձգվելով, տարածեց ձեռքերը։
- Ինչպե՞ս,- բոլորը հայացքներն ուղղած Ադամանդին, զարմանքով հարցրեցին միաժամանակ։
- Այո՛, այո՛, անհետացել է,- կրկնեց նա,- Եվ դուք պատասխան կտաք։ Առաջինը դուք՝ գիտնակա՛ն- մատով ցույց տալով, արնակալած աչքերը սևեռեց գիտնականին։
- Դարձյալ ե՞ս,- ձեռքերը տարածելով, անմեղացավ Աբգարը, աթոռի հետ պտտվելով դեմքով դեպի պատը։
- Այո՛, այո՛, գիտնակա՛ն։ Ձեզ խոստացել եմ և իմ խոսքի տերը կլինե՛մ,- Աբգարը կուչ եկավ,- նկատելով Ադամանդը ոգևորվեց,- Դու՛ք եք այդպես ցանկանում։
- Դուք համոզվա՞ծ եք՝ պատանին անհետացել է մեզանից մեկի պատճառով,- միջամտեց Նաթին։
- Ավելի, քան համոզվա՛ծ եմ։ Նա չէր կարող այնտեղից ինքնուրույն դուրս պրծնել, որքա՛ն էլ թռչել կարողանար։ Ինքս եմ գամել նրա շղթաները,- պնդեց Ադամանդը, ճոճվելով ոտքերի թաթերին, ձեռքերը ետ դրած։
- Այդ դեպքում ոչինչ չե՛մ հասկանում,- քթի տակ քրթմնջաց պրոֆեսորը։
- Այս դեպքում ձեր հասկանալն այնքան էլ կարևոր չէ՛, պարզապե՛ս, դու՛ք կկատարեք ձեր խոստումը։
- Ի՞նչը նկատի ունեք։
- Կառավարելով բանակը։
- Նորի՞ց,- Ակամա արտաբերեց Աբգարը, գունատվելով։
- Այո՛, հարգելի՛ գիտնակա՛ն և այն կշարունակվի այնքա՛ն ժամանակ, մինչև այդ Զմրուխտե աչքը իմ ձեռում լինի, պահեստայիններն՝ առավել ևս։
- Գուցե դուք պատրվա՞գ էիք փնտրում սկսելու ձեր ծրագիրը,- հանդգնեց նկատել Աբգարը։
- Թեկու՛զ։ Ցանկացած իրադարձություն իր պատճառն ունի, պատերազմն՝ առավել ևս,- Ադամանդը ավարտեց խոսքը և առանց հրաժեշտի դուրս եկավ հսկիչների ուղեկցությամբ։ Մյուսները մնացին իրար նայելով։

пятница, 8 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս-21)

Անցան օրեր։ Մարկոսը քայլում էր երկար ծառուղով, հաճախ նայելով ժամացույցին։
- Հրամանատա՛ր,- վազելով մոտեցավ Մալեն։
- Ասա՛,- անհամբեր հրահանգեց նա։
- Այնտե՛ղ գիտնականն է, ուզում է ձեզ տեսնել։
- Ինչու՞ մի անգամից ինձ մոտ չուղեկցեցիր։ Ներս հրավիրի՛ր,- ասաց նա և շտապեց դիմավորելու հյուրին,- Բարով տեսանք, ու՞ր էիք այսքան ժամանակ,- ձեռքով բարևելով հետաքրքրվեց նա։
- Բարով տեսանք,- նկատելի խոնարհվեց գիտնականը,- Պահեստայինների անհետանալուց հետո, Ադամանդն ինձ աչքաթող չի անում։ Նա հետևում է իմ յուրաքանչյուր քայլին։
- Իսկ ինչպե՞ս հաջողեցիք հասնել այստեղ։
- Երբ Նաթիի հետ է, նրա զգոնությունը թուլանում է, ես էլ առիթից օգտվեցի,- ժպտաց Աբգարը։
- Ճիշտ եք արել, ես անչափ անհանգիստ էի։
- Սակայն ի՞նչ օգուտ իմ գալուց, երբ նա կարծես գետնի տակն անցավ,- Աբգարը հուսահատված ուսերը վեր քաշեց, խորը հոգոց հանելով։
- Մի՛ հուսահատվեք, նա կվերադառնա,- չնայած տխրութթյամբ լեցուն՝ Մարկոսը հուսադրեց նրան,- Սակայն մի բան եմ ուզում պարզել,- ձայնն իջեցնելով շարունակեց նա։
- Լսու՛մ եմ,- Աբգարը շուրջը նայելով, գլուխն ավելի մոտեցրեց խոսակցին։
- Հնարավոր չէ՞ր բացառություն անել Կորիի եղբոր դեպքում, չէ՞ որ դուք նրան դեմքով գիտեիք։ Նաև ասեմ՝ նման դեպքերը պատանուն կտանեն կործանման, իսկ դրա հետևանքը լավ գիտեք, ինչը և պատահեց։
- Աբգարը մեղավոր նայեց նրան,- Քիչ առաջ նշեցի պատճառը՝ Ադամանդը դարձել է իմ ստվերը, նա հետևում է իմ ամեն քայլին և միշտ ներկա է իմ աշխատաելու ժամանակ, պրոֆեսորն առավել ևս,- բացատրելուց հետո, թուլացած ընկավ նստարանին,- Ինձ դժվար ժամանակներ են սպասվում, որքան էլ փափագեմ նրա վերադարձը։ Գուցե մարդկությունը փրկվի՞, ես հազիվ թե․․․
- Այս ամենը ժամանակի խնդիր է, իսկ ձեր առաջնային խնդիրը՝ պատանուն վերադարձնել նախկին տեսքին և այստեղ բերել։ Դուք այլընտրանք չունեք, քանի որ նրա վերադարձը իսկապես ժամանակի խնդիր է։
- Ինչպե՞ս մտքովս չէր անցել,- հանկարծակի տեղից վեր թռավ գիտնականը, ճակատին խփելով,- Այո՛, ես գիշերով կաշխատեմ և միայն մեկ գիշեր,որքան էլ դժվար լինի,- Մարկոսի խորհրդից բավականին ոգևորված մի շնչով արտասանեց նա,- նայեց երկար ծառուղուն,- Իմ բացակայելը պետք է աննկատ մնա։
- Այո՛, կարևորը կարողացաք ինձ լուր բերել, իսկ այժմ մեզ մնում է դիմակայել մինչև․․․,- մտազբաղ պատասխանեց Մարկոսը, Աբգարին ուղեկցելով մինչև ծառուղու վերջը։

четверг, 7 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 20)

Եղյամապատ հրապարակի բարձր դամբարանին արդեն ծածանվում էր Սպիտակ դրոշը։ Դրոշի վրա Ադամանդի պատկերն էր, իսկ անկյունում սիրամարգի գլուխը։ Կորին հայտնվեց դրոշի մոտ, սկսեց ուշադիր նայել բացված պատից դուրս եկոց ռոբոտ-զինվորների շարքին։ Շարքի մեջ նկատեց եղբորը, ցած սլացավ ձայն տալով․
- Վերի՜,- գրկեց նրան, ուզեց վեր բարձրացնել, հսկիչները կրակ բացեցին։ Կորին երերաց, երբ մի քանի գնդակ անցավ նրա մարմնի միջով, իսկ Վերին թուլացած վայր ընկավ նրա գրկից, վայրկյաններ անց, նա ոտքի ելավ, միացավ շարքին,- Վերի՜,- զարհուրած ձայն տվեց նա, փորձեց ետ խլել եղբորը, բայց Ադամանդի մարդիկ հասցրեցին Կորիի գլխին սև տոպրակ հագցնել։
- Ա՛յ սա խոստումնալից է,- հայտնվեց Ադամանդը հպարտ կեցվածքով,- Տարե՛ք նրան և այնպես արե՛ք, որպեսզի փախչել չկարողանա, այլապես գլխով եք պատասխանատու, իսկ ես պետք է խորհրդակցեմ պրոֆեսորի հետ,- ակնհայտ ուրախությամբ հրահանգեց նա և անհետացավ պատվանդանից։
Կորիին երկար քարշ տվեցին մութ գետնանացով։ Առանց գլուխն ազատելու սև պարկից, նրան շղթայակապ արեցին ներքնահարկում։ Տիրեց լռություն։ Նա փորձեց ազատվել գլխին հագցված պարկից, բայց ոչինչ չստացվեց։ Կորին իսկապես հայտնվել էր անելանելի վիճակում և թակարդն ընկած գազանի պես երկար ժամանակ գալարվում էր, այնուհետև մնաց հատակին անշարժ պարկած․ «Ահա՛ անհնարինը»․ հիշեց Մարկոսին։
Կորին կիսանինջ էր, երբ ասեղի սուր ծակոցից վեր թռավ․․․  

среда, 6 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 19)

Վերիին հանդիպելուց հետո, Կորին տեղը չէր գտնում։ Նա մեկ ուզեց ետ դառնալ լաբորոտորիա, որտեղ թողել էր եղբորը, բայց մտկափոխվեց, քաղաքից դուրս եկավ, ուղղվեց դեպի միայանակ տան կողմը։ Մարկոսը այգուց դուրս եկավ, վեղարը ետ գցած, Կորին նրան ընդառաջ գնաց։
- Ի՞նչ կա Զմրուխտե աչք,- նկատելով պատանու այլայլված տեսքը, հետաքրքրվեց նա,- Դու քեզ նման չես։
- Ես այնտեղ էի։
- Որտե՞ղ, կարո՞ղ ես ավելի պարզ խոսել։
- Այնտե՛ղ, որտեղ Աբգարն է, որտեղ ես էի և բոլորը․․․
- Լաբորոտորիայու՞մ։
- Այո։
- Եվ ի՞նչ։
- Իմ եղբայրը՝ Վերին այնտեղ էր և էլի շատերը։
- Այո՜,- ծոր տվեց նա,- Ադամանդը խոսքի տերն է, իսկ ինչու՞ նրան քեզ հետ չբերեցիր այստեղ։
- Փորձեցի՝ նա ինձ չճանաչեց,- ավելի տխրեց Կորին։
- Դու սխալվել ես։ Որոշ ժամանակ անց քո եղբայրը նորից կճանաչեր քեզ։
- Նորից կարող եմ նրա հետևից գնալ,- ոգևորվեց պատանին, ուզեց դուրս գալ բակից։
- Ո՛չ,- առարկեց Մարկոսը։
- Ինչո՞ւ,- Կորին մնաց տեղում կանգնած։
- Նրան այլևս այնտեղ չես գտնի։
- Այդ դեպքում, այնտեղ ամեն ինչ մոխրի կվերածեմ, իսկ Աբգարին իր իսկ հնարած ռոբոտ-զինվորներին կեր կդարձնեմ,- անզորությունից մռնչաց նա։
- Նման կերպ դու չես կարող օգնել եղբորդ, պետք է խոհեմ գտնվել՝ ճիշտ օգտագործել հնարավորությունը, որը ոչ բոլորին է տրվում։
- Ինչու՞ եք այդպես խոսում, մի՞թե անհնար է։
- Անխոհեմ են այն մարդիկ, ովքեր մտածում են՝ անհնարին ոչինչ չկա, բայց ցավոք, յուրաքանչյուրս և դու կախում ունենք ժամանակից։ Այն հզոր է։ Ցանկացած ասպարեզում չկա անկախ հասկացություն՝ չկա՛,- թույլ չտալով պատանուն միտքն ավարտել, ավելացրեց Մարկոսը։
- Ինչպե՞ս, ես նույնպե՞ս,- տարակուսեց Կորին,- Ո՛չ, չեմ հավատում, մի՞թե անզոր եմ, երբ հերթը իմ եղբորը հասավ։
- Հարկ չկա վրդոհվելու։ Տրված հնարավորությունը մի շռայլիր անմիտ քայլերով, որքան էլ ցավալի է իրականությունը,- խորհուրդ տվեց Մարկոսը,- ՈՒզում եմ ասել՝ ոչ մի տրված հնարավորություն անսահման չէ։ Այն պահ է և նայած թե ում, որքանով է տրվում։
- Իմը նույնպե՞ս,- կարծես չհաշտվելով, հարցրեց նա։
- Ցավոք այդ ասպարեզում բացառություններ չեն լինում։ Պարզապես քո հնարավորությունը դեռ ուժի մեջ է և այդ ուժը ևս խորհրդանշում է ժամանակը, իսկ ժամանակի ընթացքը կարող է մեկին ի օգուտ, մյուսին ի վնաս,- Կորին գլուխը կախեց։
- Մի՛ վհատվիր, գործի՛ր արագ և արդյունավետ և այդ արդյունավետության մեջ կմտնի նաև քո եղբոր փրկությունը՝ ստացվում է երկուսը մեկում։
- Կաշխատեմ կատարել ձեր խորհուրդը, բայց Ադամանդը․․․,- Կորին շրթունքը կծեց։
- Յուրաքանչյուր ժամանակ ունի իր չարիքի բույնը՝ Ադամանդը պատկանում է մեր ժամանակին և նրա հետ պայքարը կերկարաձգվի անորոշ ժամանակով, քանզի մեր ժամանակներում չարը ավելի արագ է ուժ հավաքում։
- Ինչու՞։
-  Բարին հազիվ թե տարվի նյութականով, իսկ մարդը ձգտում է նյութին, որը նրան է մատուցում չարը։ Ահա՛ ողջ պարտության փիլիսոփայությունը,- ուսերը վեր քաշեց Մարկոսը, նրանք նայեցին միմիյանց, աշխատելով ժպտալ, բայց մի տեսակ չստացվեց։

вторник, 5 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս-18)

Կորին Մարկոսին հրաժեշտ տվեց միայնակ տան բակում, վերադարձավ քաղաք։ Քամու հետ սուրալով, հայտնվեց հարազատ դարձած պատշգամբին։ Վիվին տեսնելով, ուրախացած այն բացեց։ Կորին ներս մտավ, նրանք գրկախառնվեցին։
- Դու նորից անհետացել էիր։ Որտե՞ղ էիր,- շշնջաց աղջիկը։
- Այնտե՛ղ,- դեպի դուռը ցույց տվեց նա։ Վիվին ժպտաց։
- Ինչպե՞ս ես կարողանում հայտնվել նման բարձր տեղերում։ Չե՞ս վախենում։
- Ինձ քամին է տանում։ Արի ճախրենք և դու կտեսնես,- առաջարկեց պատանին, գրկեց աղջկան, պատշգամբից դուրս թռավ։ Վիվին սկսեց ճչալ։
- Լռի՛ր, այլապես անգղերը մեզ կհոշոտեն,- Կորին խոսում էր բերանը աղջկա ականջին կպցրած, իսկ նա ինքնամոռաց ծիծաղում էր ու ծիծաղում։ Նրանք կանգ առան երկնաքերի տանիքին։
- Անսահմա՜ն է այս քաղաքը,- բացականչեց աղջիկը, հիացմունքից ձեռքերը տարածելով,- Իսկ ինչու՞ է այսպես,- հանկարծ լրջացավ նա։
- Ինչպե՞ս։
- Նույն քաղաքում և՛ գարուն է և՛ ձմեռ է։
- Սպիտակ գույնը եղյամ է՝ Ադամանդինն է, իսկ մնացյալը սովորական գարուն է, բայց նա փափագում է ողջ մեգապոլիսը սպիտակ դարձնել։
- Իմ հայրիկին դրա համա՞ր էիր կշտամբում,- Վիվին ավելի տխրեց։
- Այո՛, բայց նա երբեմն նաև օգնում է մեզ։
- Ես ամեն ինչ գիտեմ, բայց երբեք այդ մասին չենք խոսում։ Ես սիրում եմ նրան և չեմ ուզում ցավ պատճառել։ Հայրիկն ինձանից բացի ոչ ոք չունի։ Գուցե այդ ամենի մեջ իմ ապագա՞ն է տեսնում,- Կորին լուռ նայեց նրա աչքերին․
- Ես և դու չպետք է այդ մասին խոսենք։ Իմ և քո աշխարհում չկա զենք, չկա գիտնական, չկա պատերազմ, իմ և քո աշխարհում կա սիրտ՝ ահա նայի՛ր ինչպե՞ս է խփում քեզ համար և նա ամեն օր ինձ բերում է քեզ մոտ,- Կորին բռնեց աղջկա ձեռքը, դիրեց իր կրծքին,- Արի միասին դիտե՛նք քաղաքը,- պատանին գրկեց նրան, սլացավ քամու հետ։
- Կարծես սպիտակ գույնը շատանում է,- ձեռքերը տարածեց Վիվին։
- Սա հրապարակն է՝ այն պատկանում է Ադամանդին։ Ուզու՞մ ես ավելի մոտիկից դիտել եղյամը։
- ՈՒզու՛մ եմ,- ուրախացավ աղջիկը։ Բաց պատշգամբից լսվեց կանացի բարձր ծիծաղը։ Կորին, Վիվիին գրկած, ներս նայեցին։
- Նաթի՛, դու կդառնաս մեգապոլիսի ամենահարուստ կինը, համաձայնվի՛ր իմը լինել։ Նայի՛ր այս հսկա քաղաքին,- նա ձեռքով ցույց տվեց դեպի քաղաքը՝ պատանին և աղջիկը նրա դիմաց էին։ Նա քարացավ տեղում, բաց թողնելով Նաթիի ձեռքը, ավելի մոտեցավ լուսամուտին,- Դարձյալ նա իմ քթի տա՛կ է, գրողը տանի՛, նա ամենու՛ր է,- Ադամանդը կատաղությունից ոտքերը խփեց հատակին։ Հայտնվեց սատանան․
- Հրամայի՛ր իմ տեր։
Նաթին սեղմվեց, մնաց պատին։ Կորին Վիվիին գրկեց անհետացավ Ադամանդի աչքից։
- Ահա՛, հայրիկդ այստեղ է,- Կորին ցույց տվեց մյուս երկնաքերի լուսամուտը։
- Գիտե՛մ, այստեղ նաև մեր բնակարանն է,- պատասխանեց աղջիկը, համարյա բղավելով։
- Ուզու/մ ես ավելի մոտիկից տեսնել։
- Այո՜,- թևերը տարածեց Վիվին։
Նրանք կանգնեցին պատշգամբին։ Ներսում մարդաշատ էր։
- Որքա՞ն շատ մարդ կա այնտեղ,- նկատեց աղջիկը ծիծաղելով։
- Այո՜,- ծոր տվեց Կորին, նայեց ներս։
- Վերի՞,- զարմացավ նա, ավելի ուշադիր նայելուց հետո,- Ես պետք եմ նրան։
- Իսկ ե՞ս,- վախվորած շշնջաց աղջիկը, մնալով պատշգամբի գոգին։
- Վիվի՛,- տեղից վեր թռավ գիտնականը, անհանգիստ նայեց Կորիին,- Դու՞,- Շփոթվեց նա, այլևս լռելով։
- Հայրի՜կ,- աղջիկը սկսեց լաց լինել։ Կորին նրա թևից ներս քաշեց, ինքը մոտեցավ գիտնականին։
- Նորից նու՞յնը,- ցասումով արտաբերեց պատանին, մոտեցավ եղբորը,- Վերի՛,- Վերին մնաց անտարբեր,- Ի՞նչ եք արել նրա հետ,- հուսահատությունից պատանին հարձակվեց նրա վրա։ Ներս մտան երկու աժդահա հսկիչները։ Կորիի աչքերը փայլեցին, նրանք ետ քաշվեցին։ Նրանցից մեկը միացրեց հեռախոսը․
- Մեզ օգնություն է հարկավոր,- վանկարկեց նա։
- Նա քո եղբա՞յրն է,- զարհուրանքից Աբգարի աչքերը կարծես տեղից շարժվեցին առաջ։
- Գիտնակա՛ն, դուք կափսոսաք ձեր աշխարհ գալու համար,- մռնչաց պատանին, անհետացավ եկած տեղով։ Վիվին, որ խուլ հեկեկում էր հուսահատ նայեց Աբգարին, ապա բաց պատշգամբին։
- Ների՛ր աղջիկս,- շշնջաց նա, ձեռքերը հպելով դեմքին։

понедельник, 4 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդու (մաս-17)

Վաղ լուսաբացին Ադամանդը մտավ լաբորոտորիա, որտեղ ողջ գիշեր աշխատել էր գիտնականը․
- Ողջ գիշեր աշխատե՞լ եք,- հստակ իմանալով գիտնականը աշխատել է՝ բոլոր դեպքում հարցրեց նա։
- Այո՛, ամեն ինչ արդեն պատրաստ է,- պատասխանելիս, Ադամանդը ցույց տվեց սեղանին դարսած՝ Ադամանդի համար անհասկանալի պարագաները։
- Պրոֆեսորը չի՞ երևացել։
- Ո՛չ, դեռ ո՛չ։
- Գուցե դա է բարին։ Չեմ կարծում այս գործում նրա ներկայությունը պարտադիր է,- մրմնջաց նա, մի հայացք գցելով դռան կողմը,- Գնացի՛նք։
Աբգարը, որ կարծես սպասում էր հրահանգի, շտապեց ոտքի կանգնել, սրվակները ներարկիչների հետ տեղավորեց պայուսակի մեջ, իսկ թղթե ծանր կապոցները մյուսի մեջ՝ նայեց Ադամանդին,- Կարող ենք դուրս գալ։
Ադամանդը առաջինը դուրս եկավ, նրան հետևեց գիտնականը, հազիվ քարշ տալով ծանր պայուսակները։
Քաղաքից հեռու, անտառի բացատում երիտասարդները և պատանիները մեծ շրջան կազմած ծալապատիկ նստել էին։ Մեկը խոսում էր, մյուսները լուռ լսում էին։ Տեսնելով մոտեցող ամենագնացին, բոլորը ոտքի կանգնեցին։
- Բոլո՞րն են,- մեքենայից դուրս գալով, դիմեց պատրաստակամ հսկիչին, միաժամանակ աչքի անցկացնելով շարքը։
- Այո՛։
- Հոյակապ է,- ոգևորվեց նա,- Սկսե՛ք։
Գիտնականը ճամպրուկներից մեկը հանձնեց հսկիչին, ինքը բացեց հաջորդը։ Առաջինը ներարկեց մի նիհար պատանու։ Դեռ ասեղը նրա մաշկի մեջ էր,երբ հսկիչը նրա բուռը խոթեց փողի մի կապ։ Պատանու դեմքը փոխվեց, ուրախացած նայելով ստացած գումարին, ապա շտապեց այն թաքցնել ուսապարկի մեջ, այնուհետ բարձրացավ մեքենայի բացված թափքը։
Շարքը անհամբեր էր, հաճախ վիզները երկարացնելով, նայում էին գումար ստացող հերթական կամավորին և լցվում անհամբերությամբ։
- Վե՛րջ,- վերջապես հայտարարեց Աբգարը, հավաքելով պայուսակը։
- Եթե շատ եք ուզում ձեր գործն այնքան էլ վատ չեք կատարում,- դիմելով Աբգարին, խորամանկ ժպտաց Ադամանդը։
- Ի՞նչ արած, ոչ միշտ է ստացվում գոհացնել պատվիրատուին,- ուսերը վեր քաշեց նա, մտավ մեքենայի մեջ։
- Շարժվեցի՛նք,- հրամայեց Ադամանդը, ինքնաբավ համբուրելով փայլող քարը։

воскресенье, 3 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության ( մաս-16)

Ադամանդը ամենագնացով շրջում էր քազաքի փողոցներով։ Ամենուր ակնհայտ էր նրա զինվորների թողած հետքը՝ այրված՝ դեռ ծխացող տներ, մոխրացած մեքենաների կմախքներ, մարդկային մարմիններ․․․
Տիրող տևական լռությունը Ադամանդին տարօրինակ թվաց։ Նա մեքենան կանգնեցրեց․«Որտե՞ղ են նրանք, կարծես գետնի տակ են անցե՛լ»․ ինքն իր հետ խոսելով, իջավ մեքենայից, նայեց շուրջը, դարձյալ կենդանի շունչ չերևաց։ Մոտեցավ ծխացող մոխրակույտին, ուշադիր նայեց, «Նրանք են», մրմնջաց նա, տեսնելով ածիլված, կիսախանձ գլուխների մնացուկները շանթահար ետ եկավ, նստեց մեքենան․ «Ես կոչնչացնեմ այդ Զմրուխտե աչքին»․ ատելությամբ ֆշշացրեց նա։ Քիչ հետո ամենագնացը կանգ առավ վեց անկուն ունեցող և վեց հարկանի շենքի դիմաց։ Առանց սպասելու հսկիչների ծառայությանը, շտապեց մտնել շենք։ Նա պրոֆեսորին գտավ վեցերորդ սենյակում՝ անտրամադիր, խմիչքով գավաթը ձեռքին։
- Ինչու՞ ես եկել,- տեսնելով Ադամանդին, հարցրեց նա, մի կերպ զսպելով զայրույթը։
- Նրանց գլուխները գտա ծխացող մոխրակույտում,- առանց նախաբանի սկսեց Ադամանդը վրդոհված ու հևասպառ։
- Մի՞թե,- հեգնեց Բենը,- Դուք փորձեցիք մեր միասնական աշխատանքը ինքնագլուխ ու միայնակ տնօրինել և դեռ հաղթանա՞կ էիք ակնկալում,- զայրույթին ազատություն տվեց պրոֆեսորը։
- Իսկ ի՞նչ էիք կարծում, եթե ձեզ տեղյակ պահեի, դրանից նրանք կդառնայի՞ն անխոցելի։
- Գուցե՛,- բազմանշանակ պատասխանեց Բենը։
- Նման կերպով ուզում էի ստանալ Զմրուխտե աչքին։ Չեմ հասկանում ինչպե՞ս, բայց նա իմ գաղտնարանից տարել է պահեստայիններին,- ավելի մեղմացած բացատրեց Ադամանդը,- Պետք է անպայման ետ բերել նրանց, եթե առայժմ ոչ Զմրուխտե աչքին։ Նա դարձել է անորսալի։
- Ստացվում է, ինքներդ ձեզ հակասում եք,- նկատեց Բենը։
- Ինչու՞։
- Եվ քաղաքն ավիրում եք հանուն այդ պատանու և խոստովանում, որ նա անորսալի է։ Նաև գիտեք՝ նրան բռնելն անհնար է,- Բենը մի պահ մտախոհ լռեց, հետո ավելացրեց,- Գուցե առայժմ․․․
- Եթե այդպես է, եթե իմ կրած կորուստը միայն ժամանակի խնդիր է, հարկ եմ համարում այդ կորուստը լրացնել նոր կադրերով,- ոգևորվեց Ադամանդը։
- Ինչպե՞ս։
- Ինչպես միշտ՝ առևանգելով։
- Վատ միտք չէ։ Չնայծ նման գործելաոճը ակնհայտ է դարձնում ձեր բռնի վարքը։
- Այն ինձ քիչ է անհանգստացնում, բայց նրանց կամքին չեմ բռնանա, ինչպես արել եմ մինչև հիմա։
- Հետաքրքիր է,- Բեն կում անելով խմիչքից, շահագրգռված նայեց նրան։
- Կփոխեմ իմ գործելաոճը։
- Եվ ինչպե՞ս եք պատրաստվում փոխել այն։ Տարբերակ ունե՞ք,- հետաքրքրվեց պրոֆեսորը, լցնելով երկրորդ գավաթը, մեկնեց Ադամանդին։
- Շնորհակալ եմ,- ժպտաց Ադամանդը,- Շատ փող կվճարեմ, որն իհարկե երբեք պետք չի գա նրանց և այդ միշտ ներկա փողը կիշխի այդ թշվառներին։ Այսպիսով, եթե չցանկանան ծառայել ինձ, կծառայեն փողին։ Փողը գերիշխան է,- ինքնաբավ շեշտեց վերջին նախադասությունը, կում անելով գինուց։
- Իսկ ռոբոտ-զինվորների դեպքում դուք իրավասու չեք ինքնագլուխ որոշումներ կայացնելու,- Ինչպե՞ս հասկանալ,- հոնքերը իրար բերեց Ադամանդը վրդոհված, բայց քանի որ իր առջև նստածը պրոֆեսորն էր, ստիպված էր զիջել։
- Նրանք նաև ի՛մնն են, նրանք նաև Նաթիի՛նն են,- հանգիստ թվարկեց Բենը,- Եվ վերջապես՝ նրանք նաև Աբգարի՛նն են, որքան էլ չվստահեք նրան,- Ադամանդը մնաց խոժոռ դեմքով, բայց ոչինչ չասաց։
- Դժգո՞հ եք,- նկատեց պրոֆեսորը։
- Իհարկե՞ դժգոհ եմ։
- Նկատելի է։ Բնականաբար դուք գերադասում եք միայանակ լինել բոլոր ասպարեզներում, բայց այս դեպքում, որքան էլ դժգոհ եք՝ պետք է ինքս կառավարեմ նրանց, որպեսզի այսուհետ առնվազն, նրանց գլուխները չգտնեք  ծխացող մոխրակույտերում։
Միջանցքից աղմուկ լսվեց։ Ադամանդն ակամա ոտքի կանգնեց, պրոֆեսորն անհանգստացած նայեց դռանը։
- Ո՞վ է այսպես աղմկելով իմ տուն ներխուժում,- նա դեռ խոսում էր, երբ դուռը պոկվեց ընկավ հատակին։ Երևաց Աբու-Սայիդը, ներս քաշելով սղոց-ձեռքը։ Բենը առանց շտապելու, մոտեցավ նրան, սեղմեց թևին կապված սարքի կոճակը՝ Աբու-Սայիդը մնաց կանգնած, հայացքը դեպի անորոշություն։
- Ի՞նչ արեցիք նրա հետ,- զարմանքից Ադամանդի հոնքերը վեր բարձրացան, գավաթը ձեռքից վայր ընկավ։
- Ստիպված էի վնասազերծել,- պատասխանելիս, Բենը երկու ձեռքերով ետ տարավ ալեխառը մազերը,- Հրամայե՛ք, նրան վերադարձնել իր տեղը։
- Այո՛, իհարկե,- Ադամանդը շփոթված նայեց Բենին,- Նրանք այդքան խոցելի՞ են։
- Ոչ այնքան, որքան թվում է։ Մի՛ մոռացեք՝ ես եմ նրանց ստեղծել։
Ադամանդը մաքրեց ճակատի քրտինքը, անխոս դուրս եկավ, հայացքը չկտրելով Աբու-Սայիդից։  

суббота, 2 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս- 15)

Ռոբոտ-զինվորները, եղյամյա փողոցով դանդաղ քայլում էին գերվարված քաղաքացիների հետ։ Կորին հայտնվեց մոտակա շենքի տանիքին։
- Աբու-Սայի՜դ,- տեսնելով, ձաjն տվեց նա։
- Այո՛ հրամանատար,- մոտեցավ ինքը՝ Աբու-Սայիդը։
- Բաց թո՛ղ մարդկանց, նրանք Ադամանդին պետք չեն։
- Ես դեռ չեմ կատարել առաջին հրամանը,- պատասխանելիս նա դուրս հանեց սղոց-ձեռքը,- Ես նրանց կգլխատեմ, իսկ Զմրուխտե աչքին կհանձնեմ Ադամանդին։
- Դու դառնում ես և անտանելի և անկառավարելի,- ավելի շուտ նա խոսեց ինքն իր հետ, քան մեկի, ով մոտենում էր գլխատելու ծնկած տղամարդուն։
-  Ո՛չ, դու կկատարե՛ս նաև իմ հրամանը,- գոչեց նա, և նրա արձակած փիրուզյա շանթից Աբու-Սայիդը տապալվե գետին։ Շանթը կրկնվեց՝ կրկնվող քամու և սուլոցի հետ մյուս ռոբոտ-զինվորները փռվեցին իրենց հրամանատարի կողքին։ Գերվածները, առանց հասկանալու, ի՞նչ է կատարվում սկսեցին խուճապահար փախչել։ Մյուս զինվորները փորձեցին ետ բերել նրանց, բայց նորից շանթը կրկնվեց, սկսեց ռոբոտ-զինվորներից ծուխ բարձրանալ։ Զմրուխտե աչքը մոտեցավ Աբու-Սայիդին․
- Դու մի անգամ ինձ փրկել ես Ադամանդից, չնայած դրա կարիքն այնքան էլ չկար։ Քեզ չմոխրացնելով, իմ պարտքն եմ վերադարձնում՝ վերադարձի՛ր քո աշխարահ։
Աբու-Սայիդը ոտքի կանգնեց, նայեց մոխրացած զինակիցներին, վանկարկեց,- Ես կատարում եմ առաջին հրամանը։ Ես քեզ կհանձնեմ Ադամանդին,- նա սկսեց ներքևից հետևել քամու հետ սլացող պատանուն։
Կորին հայտնվեց բարձրահարկ շենքի տանիքին, բակում պայթյուն որոտաց, նա սլացավ այն կողմ՝ ռոբոտ-զինվորները անտարբեր հետևում էին ուղևորներով լի այրվող ավտոբուսին։ Նա իջավ կրպակի վրա, մոխրի վերածելով նրանցից ևս մի քանսին, բացեց ավտոբուսի դուռը, նորից վեր սլացավ։ Երկնաքերի տանիքից դիտեց քաղաքին՝ հին աշխարհը նկատելիորեն փոքրանում էր։ Եղյամն անարգել իր թևերն էր փռում, ընդլայնելով սպիտակ գույնը։
 Մեգապոլիսում, մարդկանց մի մասը փակվել էր տներում, մի մասը շտապում էր հեռանալ։ Ամեն կողմից լսելի էր մեքենանաերի անկանոն հռնդյունը։
Մարդիկ լուսամուտներից զարմանքով հետևում էին փողոցով քայլող, երկարափեշ զգեստով միայնակ տղամարդուն։ Նրանց հայացքներից սարսափ կաթաց, երբ ընդառաջ ելեն ռոբոտ-զինվորների մի խումբ։ Նա մնաց կանգնած։ Զինվորներից մեկը դուրս հանեց սղոց-ձեռքը, նա ետ, ետ գնաց, մնաց պատին հենված։ Սղոցը մոտեցավ նրա դեմքին։
- Ո՜չ,- լսվեց Կորիի ձայնը, նա վեղարը ետ տարավ, նայեց վեր։ Պատանին կանգնած էր անտեր մնացած մեքենայի տանիքին։ Նա ոչնչացրեց սղոց-ձեռքով զինվորին,- Դու՛րս եկե՛ք նրանց միջից,- ձայն տվեց Կորին, կրկնելով շանթը, զինվորները վերածվեցին մոխրակույտի։
- Ահա՛ ևս մեկ պատճառ, որպեսզի Ադամանդն ավելի կատաղի,- խորհրդավոր ժպտալով առաջ եկավ Մարկոսը, գլխի շարժումով ցույց տալով ծխացող մոխրակույտը,- Շնորհակալ եմ,- ասաց նա, ձեռքը մեկնեց պատանուն։
- Այո՛, նա կպահանջի իր ռոբոտ-զինվորներին և դա առիթ կտա նրան շարունակելու արյունոտ խաղը,- բարևելով պատասխանեց Կորին։
- Եվ վա՜յ մարդկությանը, քանի կան նման քմահաճներ,- մտահոգ ծոր տվեց Մարկոսը, վեղարն իջեցնելով աչքերին,- Պետք է հեռանալ այստեղից,- Մարկոսը քայլեց հին աշխարհի կողմը։ Երևաց ամենագնացը։
- Այս անգամ ձեզ մնում է օգտվել ձեր իսկ տված իմ հնարավորությունից,- գոչեց Կորին և Մարկոսին գրկելով քամու սուլոցի հետ վեր սլացավ։

пятница, 1 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս- 14)

Զմրուխտե աչքը մենավոր տունը լքեց կեսգիշերին։ Նա այլևս չվազեց մագլցելու բարձրությունը, այլ քամու սուլոցի հետ վեր սլացավ։ Վերևից նկատելով Աբու-Սայիդին զոհի հետ, ուղղվեց նրա կողմը։ Նրա ձեռքից խլելով երեխային։
Քաղաքի աղմուկը, պայթյունները, մարդկային աղաղակները լսվում էին միաժամանակ։
- Օգնեցե՜ք,- լսվեց նրա համար հարազատ դարձած երկնաքերի պատշգամբից։ Կորին սլացավ լսվող ձայնի կողմը՝ Վիվին կիսով կախված էր պատշգամբից, իսկ ներսից նրան քաշում էր ռոբոտ-զինվորը։ Պատանին աղջկան խլեց նրա ճանկերից, ներս տարավ։ Շանթը անցավ զինվորի միջով, նրանից ծուխ բարձրացավ։
- Ո՞վ ես դու,- հարցրեց Վիվին վախեցած ու զարմացած մեկ նայելով հատակին ծխացող զինվորին, մեկ նրան։
- Կորին եմ, մոռացե՞լ ես ինձ,- չհասկանալով հարցի իմաստը, միամիտ պատասխանեց նա, մոտեցավ գրկելու աղջկան։
- Վիվի՛, աղջիկս, ու՞ր ես,- հևասպառ ներս ընկավ գիտնականը։ Կորին տեսնելով գիտնականին, շանթվածի պես ետ քաշվեց, մեկ նայելով գիտնականին, մեկ շվարած աղջկան։
- Աղջի՛կս, քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է,- Աբգարը գրկեց աղջկան, թեք նայեց պատանուն։
- Նա քո հա՞յրն է,- զարմանքից Կորի դեմքը ծամածռվեց, աչքերը կլորացան, դարձան մի տեսակ կլոր լուսատուներ,- Վիվին ձեր դու՞ստրն է։
- Այո՛,- կաշկանդված, գլխով արեց գիտնականը, ավելի ամուր գրկելով աղջկան։
- Ահա՛ թե ի՞նչ, ահա՛ թե ու՞մ եմ փրկում,- ձեռքերը տարածեց Կորին,- ուրիշի երեխաներին կործանողի աղջկան։
- Զարմանալու ի՞նչ կա,- սովորության համաձայն ուսերը թոթովեց Աբգարը, աչքը չկտրելով Կորիից,- Զմրուխտե ա՛չք, պետք է կանխե՛լ այս անմիտ արյունահեղությունը։
- Իսկ ես ի՞նչ եմ անում ձեր կարծիքով։
- Պետք է նկատել՝ ես և դու Ադամանդին դրդեցինք այս անմիտ քայլին։
- Ի՞նչ եք ուզում ասած լինել՝ ափսոսու՞մ եք ձեր արած միակ բարի գործի համար։ Գուցե ուզում եք ինձ հանձնել Ադամանդի՞ն,- Կորին ավելի մոտեցավ գիտնականին, նայեց նրա աչքերի մեջ։
- Ո՜չ, քավ լիցի,- դեմքը ետ տանելով ծոր տվեց նա,- Ուզում եմ ասել՝ նրանք չունեն յուրային հասկացությունը։ Նրանց համար բոլորն էլ օտար են և միևնուն թե ո՞վ է հրաման տվողը։
- Մարդը նրանց համար սոսկ զոհ է, ահա ձեր ստեղծածը։ Հիմա և այսուհետ վայելե՛ք գիտնական,- խոսքն ավարտեց Կորին, կանգնեց պատշգամբի գոգին։
- Շուտով նրանց համար փակ դուռ և լուսամուտ գոյություն չի ունենա,- թախանձեց Աբգարը։
- Դուք պետք է այն գիտակցեիք Ադամանդի հետ համագործակցելուց առաջ և ոչ թե հետո,- Տեսնելով Վիվիի վախեցած տեսքը, Կորին նորից ցած իջավ պատշգամբից,- Ով էլ սկսեր այս ամենը, այն ձեր քրտնաջան աշխատանքի հետևանքն է և փորձում եք պատճառը փաթաթել իմ վզին ընդամենը Ադամանդին չենթարկվելու համար։
- Ո՛չ, ամենևին դա նկատի չունեմ,- փորձեց արդարանալ Աբգարը։
- Այո՛, հիմա նորից կսկսեք արդարանալ, իբր ձեր պարտքն է ծառայել գիտությանը։ Այն շատ արյունոտ չէ՞։ Վիվի՛ գալի՞ս ես ինձ հետ։
- Ո՛չ, նա մնում է ինձ հետ,- առարկեց հայրը, ավելի ամուր գրկելով աղջկան։