понедельник, 29 апреля 2019 г.

Իմ գործած մեղքը մարդասիրական էր(596-րդը)


Յուրաքանչյուր ճամբարաբնակ փափագում էր ժամ առաջ հեռանալ ճամբարից, իսկ  այնտեղ մնացողը մի տեսակ տխրում էր։ Թվում էր, հերթական անգամ աշխարհը դատարկում էին ավտոբուսները։
Նստած էի վրացիների թողած կացարանում․․․ Ի՞նչ խոսք, հարմար էր ու ավելի տաք, բայց արտասունքը խեղդում էր կոկորդս, որից ուսերս ցնցվում էին։ Երկար լաց կլինեի, եթե նորից չլսվեր հարևան ծերուկի դժգոհ փնթփնթոցը։ Դուրս եկա, սիրիացի հարևանուհուս առաջարկելու, որպեսզի գոնե նա փայտյա, անհարմար մահճակալից տեղափոխվեր իմ երկրորդ հարկը։ Այսպիսով լուծված կլիներ երկու խնդիր՝ և՛ մահճակալը կմնար ինձ, և՛ աղջիկն ավելի հարմար քնելու տեղ կունենար, բայց նա սխալ հասկանալով իմ առաջարկը  կտրականապես մերժեց, մի քանի անգամ  սարսափահար կրկնելով․
-          Ալլահը թույլ չի տա, Ալլահը թույլ չի տա, դա մեղք է։
-          Ok…,Ok…,- Իմ արած «մարդասիրական» առաջարկությունից շվարած ու շփոթված՝ հազիվ ներս ընկա կացարան, այլևս աշխատելով չնկատել նրան։ Օրեր հետո, երբ ծերուկի փնթփնթոցն ինձ ստիպեց  նրան առաջարկել վրացիների մահճակալներից մեկը, քանի որ ողջ գիշեր ցրտի պատճառով համարյա չէր քնում։ Արված հաջորդ առաջարկս ծերուկը ճիշտ ընկալելով,  ոգևորված սկսեց տեղափոխվել իմ նախկին տեղը, իսկ աղջիկը այնքան էլ չվարակվեց հոր ոգևորությամբ, միայն լուռ սկսեց օգնել, ինքն էլ տեղափոխվելով, բայց շարունակում էր քնել փայտյա մահճակալին։
Արդեն ավարտել էի իմ նոր «կացարանի» հարդարանքը։ Ունեի վրացիներից մնացած սեղան և աթոռ, ինչը ինձ համար ուրախալի էր, իսկ տեղս հարմար։ Անգամ մի պահ ափսոսացի, որ գոյություն ուներ «Transfer»․․․
Աշխատանքային ժամը վաղուց ավրտվել էր, երբ եկավ մենեջեր Նաթին։ Տեսնելով կատարված փոփոխությունը՝ նրան մնում էր միայն ժպտալ, որքան էլ հոգու խորքում դեմ լիներ։
-          Wir geht es dich,- ավելի շատ աշխատեց հարցը հասկացնել, քան արտահայտվել։
-          Danke, gut,- պատասխանեցի նրան, ապա ամուր հենվեցի մահճակալին՝ կարծելով, եթե հեռու կանգնեմ, նա կարող էր այն տանել։
-          Kain Transfer?- շարունակեց հետաքրքրվել  և նրա խոսքի մեջ կարեկցանք կար, որից հազիվ թե ավելի լավ զգայի ինձ, պարզապես փորձեցի ավելի զգաստ կանգնել։ Նա մոտեցավ, ձեռքը դրեց ուսիս, ժպտաց,- Wird,- ասաց նա, որն իհարկե չէի կարող հասկանալ․․․
 Տեղափոխությունը հիվանդագին տանջում էր շատերին, այդ թվում նաև ինձ։

Комментариев нет:

Отправить комментарий