пятница, 21 января 2022 г.

                                           

                    ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ


Մեր երկիրը հին է ծովերի ու հավերժական լեռների պես, սակայն նրա գոյությունը նման է ժայթքող ու հանգող հրաբխի՝ մեկ ասպատակել են օտարները, մեկ բնական աղետները, սակայն դառն ու անմոռանալի է եղել ներսինների ասպատակումը։ 

Օտարը այնքան շատ չի դրդել մեզ լքելու մեր հայրենիքը, որքան տեղացի վաշխառուն։ 

Ապրեցինք յոթանասուն երկու միապաղաղ տարիներ, որում մեր սահմանը ամրագրված էր օրենքով, իսկ մենք՝ հայերս իրավահավասար էինք շատ ժողովուրդների հետ։

Ժողովուրդը մոռացել էր արտագաղթն ու արտագնա աշխատանքը, բացառությամբ արարատյան դաշտի բնակիչների։ Եվ խաղաղված ու հանգիստ առած ժողովրդի հիմնական հոգսը խաղաղ աշխատանքն էր՝ դաշտավարություն, անասնապահություն։ Ի՞նչ խոսք՝ զարգանում էր գյուղատնտեսությունը, իսկ հայ շինականը և ընդհանրապես ազգի զարգացմանը համընթաց նաև բազմանում էր։ Շուտով մայրաքաղաք Երևանը ունեցավ մեկ միլիոն բնակչություն՝ դա երազանք էր և կատարված երազ մեր անցյալ նախնիների շատերի համար։ Կարծես մետրոպոլիտենը կառուցվեց, որպես բնակչության աճի խորհրդանիշ․․․

Ուսումնական հաստատությունները եռռում էին ուսանողների բազմությամբ։ Այդ սերունդը երջանիկ էր, անգամ եթե ամբողջ տարին կրում էր նույն տաբատն ու նույն կոշիկները։

Անցան տարիներ և անցնող տարիների հետ այդ երջանիկ տարիները համարվեց, որպես լճացման տարիներ։ Հայն առաջինը ձեռքն առավ քլունգն ու բահը քանդելու, ավիրելու իր յոթանասուներկուամյա քրտինքը։ Եվ ստացվեց, քանզի խարխլված էր Խորհրդային Միության հիմքը և այդ հիմքով կարծես խարխլվեց ողջ աշխարհի հիմքը։ Շատ ազգեր ի զեն կոչեցին՝ ետ բերելու կորցրած տարածքները։ Նման մտածողների շարքերում էր նաև հայ ազգը։ Սակայն, ինչպես ցեղասպանության ժամանակ հույնը և հրեան նորից խոհեմ գտնվեցին, նույնկերպ վարվեցին երկրորդ փուլում և որքան էլ թանկ լիներ նրանց համար թուրքին տանուլ տված տարածքները, այդուհանդերձ նրանք զերծ մնացին կոտորածից, որքան էլ ավելի մարտունակ ու պատրաստի բանակ ունենային։

Դե մերն ուրիշ է՝ մեր սիրտը արկածների կարոտ էր։ Գտածի մեջ նորից որոնում ու որոնում էինք, տուրք տալով ու հերոսացնելով արկածախնդիր անկախականներին, ինչպես նաև դաշնակներին։

Հայ ազգը չմտածեց ու հեռուն չնայեց, չանհանգստացավ վաղվա սերնդի ապագայի համար՝ նա տրվել էր իր ցնորքներին և տնտեսությունը քանդող նույն բահն ու քլունգն առած ելավ մարտի, իսկ թիկունքից, տաքուկ անկյունում շնթռած նրան «դուխ» էր տալիս ղարաբաղյան կլանի հհշ մասնաճյուղը։ 

Բաց աչքերով կույրեր էինք, մեզ հերոսացնում ու առած կոտոշներին նետում էին անդունդը, իսկ մենք հիմարավարի քրքջում ու հաջորդ  անմիտ քայլն էինք անում։ Քայլեցինք անդունդների ու ականների վրայով, մինչև վերացրեցինք վերջին ազգային սերուցքը։ Մերկ ձեռքերով մնացինք դեմ դիմաց ներսի ՝ մեր իսկ ձեռքերով սնած ու աճեցրած ախոյանին․․․(շարունակելի)

                           

среда, 19 января 2022 г.

              

                   ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿՐԻՑ ՄԻԱՅՆ ԱՆՈՒՆՆ ԷՐ ՄՆԱՑԵԼ


Մեր ինքնաթիռը հիմնականում անցնում էր Ավստրիայի, Թուրքիայի, Հունաստանի և Իսրայելի քաղաքների վրայով։ Գիշեր էր։ Լուսինն իջել, կպել էր գետնին։ Վերևից երևացող գիշերային քաղաքները նման էին փշրված, փայլող ապակու ջարդենի՝ անկանոն և կույտ, կույտ։ Հետզհետե լուսինը ավելի կարմրեց, կարծես խռովելով, որ անկատար մարդը իր հնարած աղմկալից տեխնիկայով խանգարում է նրա գիշերային անդորրը, իջավ ու մնաց գետնին կպած մի գիծ․․․

Ֆրանկֆուրտից Կահիրե թռիչքը տևեց չորս ժամ։ Քանի որ գիշերային ժամ էր, բացի էլեկտրական փայլից ոչինչ զանազանել հնարավոր չէր, միայն տեղ, տեղ լսելի էր մուսուլմանների երգեցիկ՝ բարձր ու արձագանքող աղոթքը։ 

Չգնացի հանգստանալու ոչ Շարմ Էլ շեյխում, ոչ էր Հորկադայում, այլ մնացի Եգիպտոսի սրտում, ուր իսկական տեղացու նիստ ու կացն է՝ սովորույթներն իրենց առավելություններով և թերություններով։

Լույսը բաղվել էր, երբ հասանք Թանթա՝ տասը միլիոնանոց քաղաքը։ Չնայած ջերմաչափը ցույց էր տալիս մինչը քսան, բայց ցուրտը սողոսկում էր իմ ոսկորները։ Լուսաբացը մշուշապատ էր։ Ինձ թվաց, իսկապես առավոտյան մշուշն է, բայց հետո պարզվեց, այն ծխի և փոշու խարնուրդն է, որը մշտապես արտադրվում է մեքենաների շատության և անորակության պատճառով, որին իհարկե նպաստում է նաև Սահարայի դեղին ավազը։

Բնակարանը, որտեղ կանգ առանք, գտնվում էր եգիպտացիների եկեղեցու դիմաց։ Բակում՝ զենքը ձեռքին մշտապես հսկում էին երեքից չորս սևազգեստ ոստիկաններ՝ ավելնորդ չեմ համարի, եթե նշեմ՝ նրանք բավականին ալարկոտ էին ու մշտապես նստած։ Այս երևույթը խորթ էր ինձ համար, երբ եգիպտացին իր երկրում իր Աստծո տաճարը ստիպված է պաշտպանել ծայրահեղականներից զենքով։

Ակնհայտ էր։ Արաբական շունչն ու ոգին ամենուր էր՝ լեզուն, երգը, խոհանոցը, սիրով ըմբոշխնում էր եգիպտացին, իսկ իսլամը շատ եգիպտացիների կրոնն էր։ Հազար վեց հարյուր տարվա արաբների լծից Եգիպտական այն փառահեղ մշակույթից ու տիրությունից միայն անունն էր մնացել։   

воскресенье, 2 января 2022 г.

       

                                                    ՆՈՐԻ ՍԿԻԶԲԸ


Երբ տուփի ջուրը հողը խմեց, սևացած ճյուղը սկսեց կանաչել։ Այն ամբողջովին կանաչելուց հետո, անսպասելի շողացող տուփը Վագի ձեռքից պոկվեց, վեր սլացավ, սկսեց պտտվել կրակ ժայթքող լեռան գագթի շուրջը։ Իրենց կամքին հակառակ սկսեցին շարքով դեպի լեռը շարժվել մողեսները, այնուհետև շարքը շարունակեցին ագռավները և անգամ գետնի վրա խանձված փետուրներով սողացողները։ Նրանք հասնելով գագաթին շրջան կազմած պտտվում էին կրակի շուրջը՝ պտտվելու ընթացքում վեր էին ածվում սև ցեխի, թափվում կրակ թքող գագաթի մեջ, շարքը շարունակեցին լեռնային թերակղզու մայրաքաղաքից դեպի գագաթը եկող նախարարների աղմկոտ շարք, այնուհետև երևացին չղջիկ-թիկնապահները, օդում վերածվելով սովորական չղջիկների։ Սև շարանին նույնպես կամքին հակառակ հետևեց Վանդև-Կուբիկը։ Նա հոլի պես պտտվելով, դարձավ սև քառակուսի, բղավելով սլացավ վեր․

- Ո՜չ․․․,- սկսեց պտտվել գագաթի շուրջը, իսկ Լիվանը համարյա հասել էր տղային, երբ ակամա պոկվեց գետնից և  վեև սլացավ։ Նա վախից թափահարելով ձեռքերն ու ոտքերը անդադար հռետորային ձայնով բղավում էր՝ կրկնելով նույն միտքը․

- Ո՜չ, մե՛նք ուժե՛ղ ենք, միևնույն է հաղթանակը մե՛րն է,- ձայնը գլուխը գցած, նա հասավ պտտվող սև քառակուսուն, որը ուժով դիպավ նրան և Լիվանը տարալուծվեց կուբիկի մեջ, վերածվելով առաջվա մի աչքանի պատկերով կուբիկ-խաղալիքին, այնուհետև ցած ընկավ, գլորվելով Վագի ոտքերի առջև, իսկ Վագը վիրավոր պառկած էր շիվի մոտ, երբ կուբիկը դիպավ նրա ոտքերին, նա աչքերը բացեց, տեսնելով իր խաղալիքը՝ վախեցած ու կուչ եկած մի կերպ ոտքի ելավ, ոտքով հարվածեց կուբիկին․

- Հեռացի՛ր, ես քեզ ետ չե՛մ վերցնի, դու ինձ խաբեցի՛ր,- կուբիկը գլորվեց և երեսը դեպի հողը մնաց կենաց շիվի մոտ ընկած։

Բացի բորենիներից ու սև ծերունուց բոլորը վերացան կրակ ժայթքող գագաթի մեջ թափվելով։ Վերջինը երևաց Ֆլամեն իր անթիվ հրե զավակներով։ Նա մի քանի պտույտ գործեց գագաթի շուրջ, բայց միայն Ֆլամեն թափվեց լավայի մեջ, իսկ նրա զավակները թռան տարբեր ուղղություններով և անհետացան տեսադաշտից․․․ Հրաբխից ծնվածների վերանալուց հետո, գագաթը իրար եկավ ու փակվեց։ Պտտվող շողացող տուփը իջավ, նստեց պատահական սարի գագաթին։ Երկնակամարում երևաց ծիածանը, որի մի ծայրը իջավ Սև այգու սարերից մեկի վրա։

Կատարվող փոփոխություններին անտարբեր հետևում էին նեղ արահետով դեպի Լեռնային թերակղզի վերադարձող Ռոբենի մարդիկ։

- Այնպիսի տպավորություն է, կարծես ծիածանը կամուրջ է՝ Սև այգին կապում է Լեռնային թերակղզու հետ,- նկատեց Ռոբենը, ապա նայեց ձեռքի դրոշին՝ այն խնամքով ծալեց, ուզեց դնել ծոցագրպանը, բայց միտքը փոխեց և ճմրթեց, նետելով անդունդը, մրմնջաց,- Առանց քե՛զ էլ ես արդեն առաջնո՛րդ եմ։

-Փոփոխվող տեսարանից կատաղած, բրոնզե զրահով սև տիրակալը, շարունակում էր անկանոն կրակել, տեսնելով ծիածանը, նա կրակը ուղղեց այն կողմ։

Էմմին ու Էդգարը, որ այդ ամբողջ ընթացքում, Լուտինայի հետ Օգնում ու պաշտպանում էին Վագին, տեսնելով կրակը չի դադարում, նրանք ձեռքները մեկնեցին առաջ, գոչելով,- Վառվեցե՛ք սրտիկնե՛ր,- սակայն երկնագույն կրակները վառվելու փոխարեն վեր սլացան, միաձուլվելով ծիածանին։ Նրանք զամանքով իրար նայեցին։

Արեգանին, Ավրորիտը և Դավիդը Գրինյուսին և Վագին թողեցին շիվի մոտ, վեր սլացան՝ երեքով միաժամանակ շպրտեցին երկար մտրակները, վնասազերծելով սև ծերունուն։ Կրակը դադարեց։ Երկարող մտրակների մյուս ծայրը շպրտեցին ավելի վերև՝ հասցնելով ծիածանին։ Սև այգու տիրակալը մնաց օդային սահմանագծից կախված։

Երկնքում նշմարվեց կիսալուսինը, մշուշոտ ու դժգոհ դեմքով։ Բորենիները, որ մինչ այդ ուշի, ուշով հետևում էին սև տիրակալի պարտությանը, տեսնելով լուսնին, ողջ ոհմակը սկսեց ոռնալ, դնչներն ուղղված դեպի գիշերային լուսատուն։ Նրանց համար անսպասելի, լուսնի ծայրից պոկվեց սև աղեղը, սլանալով, այն մխրճվեց Մեծ բորենու կուրծքը, որից նա գալարվեց, վերածվելով մեծ ու գորշ քարի, սլացավ դեպի լուսինը, նրան հետևեցին շարքային բորենիները։ Կիսալուսինն աննկատ իր տեղը զիջեց արևին։

Ծերունուն վնասազերծելուց հետո, երեք ընկերները վերադարձան։ Վագը դեռ պառկած էր գետնին, տեսնելով, Արեգանին վրդոհվեց․

- Գրինյու՛ս, դարձյալ շվարե՛լ ես, սպեղանի դի՛ր տղայի վերքին։

- Ա՛խ այո՛, անքան բաներ կատարվեցին մի քանի ժամերի ընթացքում, որ ամեն ինչ գլխիցս թռել է,- ձեռքը ճակատին խփեց Գրինյուսը և երկարացրեց կանաչ ճյուղը, այն փաթաթեց տղայի վերքին, ամուր սեղմեց, որից նա ճչաց, ապա բաց թողեց։ Վագը թեթևացած շոշափեց վերքի տեղը, ժպտաց․

- Շնորհակա՛լ եմ Գրինյու՛ս։

Արևի որդու հաղթանակից հետո, բոլորը ոչ այնքան զարմացած, որքան խաղաղված նայում էին շուրջը, ուր դեռ թագավորում էր երեկվա գորշությունն իր մերկությամբ։

Գագաթից, որտեղից սկիզբ էր առնում ծիածանը, շողացող տուփը պոկվեց, մեծանալով, ճոպանուղու պես եկավ ու կանգ առավ հերոսների մոտ։

- Բոլորդ մտե՛ք տուփի մեջ,- հրահանգեց Ավրորիտը, ինքն առաջինը օրինակ ծառայելով։ Երբ բոլորը տեղավորվեցին, տուփը սլացավ դեպի նախկին հրե գագաթը։ Նրանք այնտեղից տեսան, թե ինչպես է Վագի տնկած շիվի միջոցով, լերկ քարերի վերածված երկիրը փոխում իր գույնը կանաչով և այն տարածվելով վեր է ածվում անտառի։

- Գրինյու՛ս, քո ժամն է՝ փթթի՛ր,- ասաց Արեգանին, ձեռքով ցույց տալով շուրջը։

- Իսկապե՛ս,- ուրախացավ ծերունին,- Եվ այս փոփոխության համար պարտական եմ ձեզ։ Մենք միշտ բարեկամներ կմնա՛նք,- Գրինյուսն իր արձագանքող ձայնով ավարտեց խոսքը, քարշ տալով կանաչ փեշերը, քայլելով տարալուծվեց ծառերի մեջ․․․

- Ափսո՛ս, այս գեղեցիկ փոփոխությունը չտեսան մեր ծնողները,-,- ակամա տխրեց Էմմին։

- Ձեր ծնողները արդեն պատկանում են անցյալին և որքան էլ հաղթանակի բարին, դեռ ոչ ոքի չի հաջողվել շրջանցելու մահը,- պատասխանեց Արեգանին,- Իսկ դո՛ւք ներկան եք և մենք միասնական ուժերով պետք է վերացնե՛նք Լիվանի և Վանդև-Կուբիկի թողած հետքը։

- իսկ Ռոբե՞նը, չէ որ նա եռագլուխ վիշապի գլուխներից մեկն էր և կարծում եմ այն հենց այնպես արված չէր սև տիրակալի կողմից,- նկատեց պատանին։

- Գուցե՛ նա չար է և ագահ, բայց բարեբախտաբար հասարակ մահկանացու է և ինքնակոչ, իսկ նրա փառասիրությունը, որը չի զիջում ագահ ու չար լինելուն, բնորոշ է մարդուն և դրա հետ ոչինչ անել չես կարող։ Նա էլ կանցնի՛,- բացատրեց Արեգանին, իսկ պատանին նայեց քայլող շարքի կողմը։

- Գնացի՛նք, մենք դեռ շատ անելիքներ ունե՛նք,- հրահանգեց Ավրորիտը։

- Դուք մնում եք մեզ հե՞տ,- տեսնելով խմբի առջևից քայլող Ավրորիտին, ուրախացած հարցրեց Վագը։

- Այո՛, առայժմ այո՛․․․

- Իսկ Սև այգի՞ն,- նորից հետաքրքրվեց պատանին ետ նայելով։

- Սև այգուն դեռ կվերադառնան հաջորդ սերունդները, քանի որ լուսինը ընդամենը մայր մտավ, այն չի անհետանալու,- պատասխանեց Ավրորիտը և բոլորը միասին ուղղվեցին դեպի ավիրված բնակավայրը, ուր մի ժամանակ խաղաղ ապրում էին Էմմին ու Էդգարը․․․