понедельник, 1 апреля 2019 г.

Լավ մարդն ազգություն չունի(596-րդը)


Վրանի ամենավերին անկյունում ապրող արաբ ընտանիքի մշտական լաց լինող հինգ տարեկան երեխան սկսեց ավելի բարձր լացել, երբ հայրը նրան ոտքով հարվածելով ներս բերեց դրսից։ Դուրս եկա, ոչ այնքան ցանկանալով, որքան չլսելու այդ երեխայի սրտակեղեք հեկեկոցը․․․ Օրվա բժշկի գալու ժամն էր։ Քայլեցի դեպի բուժկետ։ Հերթապահ «սեքյուրիթիները» նոր դեմքեր էին՝ միայն ալբանացին էր ծանոթ։ Անցնելիս բարևեցի, պատասխանեց նրա կողքի կանգնած շիկահեր, վաթսունին մոտ տղամարդը։
-          Ռուսերե՞ն եք խոսում, թե՞ ուկրաիներեն,- հարցրեց ալբանացին։ Նրա դեմքի կիսատ ժպիտը մատնում էր քամհարանքի առկայությունը։
-          Ռուսերեն,- պատասխանեցի՝ առանց զարմանալու հնչած հարցից, քանի որ երբեք և ոչ ոք չէր հարցնում իմ մայր լեզվի մասին։ Բոլորի համար ես կամ ռուս էի կամ ուկրանացի։ Մնացի կանգնած։
-          Նա ռուսերեն է խոսում,- ալբանացին հաղորդեց  նորեկ «սեքյուրիթիին»։
-          Ռու՞ս եք,- իր հերթին հարց տվեց շիկահերը։
-          Ո՛չ,- պատասխանեցի ես, և իմ պատասխանը համընկավ ներս մտնելու հետ։
Շիկահեր տղամարդը հետևեց ինձ՝ դիմելով ռուսերեն․
-          Գերմաներեն կամ անգլերեն խոսու՞մ եք։
-          Ո՛չ։
-          Կարող եմ ձեզ օգնել,- ասաց նա և, առանց սպասելու իմ համաձայնությանը, ինձ հետ ներս մտավ բուժկետ։
Օրվա հերթապահ քույրը նույնպես անծանոթ էր։ Նա, նկատելի դժկամությամբ, չափեց ճնշումս, և, «սեքյուրիթիի» օգնությամբ, իմացա՝ ինչպես ամեն անգամ, այն անցել էր 200-ից։ Սովորության համաձայն՝ տխուր նստեցի՝ սպասելով մինչև քույրը հերթական հաբը տար։ Այն կուլ տվեցի և դուրս եկա, ինձ հետ դուրս եկավ նաև թարգմանիչը։
-          Անունս Յուրա է, մենք հայրենակիցներ ենք, երբ հարկ է լինում կարող եք դիմել,- ներկայացավ նա՝ ինձ հետ քայլելով։
-          Շնորհակալ եմ, դուք ինձ շատ օգնեցիք,- իսկապես երախտապարտ զգացումով վերադարձա վրան, նստեցի Նաիրիի կողքին, և մենք երկուսով նմանվեցինք մեծ ու փոքր շախմատի ձիերի։
-          Գնում եմ մարկետ, ձեզ որևէ բան հարկավո՞ր է։- Նրա ասածից ինձ ավելի դուր եկավ նախադասության երկրորդ մասը։ Մինչ փորձում էի կենտրոնանալ՝ մտածելով,  եթե մարդը ոչինչ չունի, ապա այս դեպքում ի՞նչը կարելի է առաջնային համարել, այդ պահին եկավ Էլչիմը։
-          Բարև ձեզ, Նարեկ երկա՞ր ենք սպասելու,- սկսեց նա, և, քիչ ուշացած, նրան միացավ սև, խոշոր աչքերով, գեղեցիկ կառուցվածքով, նկատելի կճատ քթով, ամուսնուց բավականին խոշոր, երիտասարդ կինը։ Վերջինս նստեց նստարանին՝ քաղցր ժպտալով։
-          Կինս է։ Ջանո՛, ծանոթացի՛ր,- իհարկե, սկզբում չգիտեի՝ ում մասին էր խոսքը, բայց հետո գլխի ընկա՝ Ջանոն ես եմ։ Ոչինչ չասացի, միայն ժպտացի՝ բարևելով նրա կնոջը։
-          Ես ևս գնում եմ մարկետ, գուցե ձեզ ինչ որ բա՞ն է հարկավոր, սիրով կարող եմ բերել,- առաջարկեց այդ սրտաբաց ու միշտ ժպտացող ադրբեջանուհին, ապա ծիծաղելով շարունակեց,- Անունս Սևդա է։ Ինչու՞ չեք գալիս մեզ մոտ, մեր վրանում էլի հայեր կան։
-          Մի քանի անհրաժետ բաների կարիք ունեմ,- շրջանցելով վերջին հարցն՝ ասացի ես և  տվեցի տասը եվրո՝ չուզենալով չարաշահել նրա բարությունը։
Կեսօրից հետո մառախուղը ցրվեց, իսկ ցողը մնաց կանաչին նստած։ Օրը դարձավ արևոտ ու հաճելի։ Կարծես բոլորը մեկ մարդու պես դուրս թափվեցին աղմկելու, իսկ ինձ մնում էր առիթից օգտվել, շարունակելով գրել, վայելելով վրանում տիրող խաղաղությունը։
Արդեն ուշ էր, երբ վերադարձան Էլչիմն ու Սևդան՝ նրանց հետ նաև Նաիրին։ Սևդան, մեծահոգաբար ժպտալով, տվեց այն ամենը, ինչ խնդրել էի, այնուհետև կտրոնն ու մանրը, ինչն ինձ զարմացրեց, և նույն զարմանքով նայեցի Նաիրիին, քանի որ ինքը ավելի քիչ բան էր գնել ինձ համար անցած անգամ, բայց ոչ կտրոնն էր տվել և ոչ էլ մանրը։ Իհարկե, իրավունք չունեի մեղադրելու։ Նա երեք կիլոմետր ճանապարհ էր անցել խանութ հասնելու համար, բայց և նեղանալն ավելի ուժեղ դուրս եկավ իմ մեջ, քանի որ ադրբեջանցիներն էլ էին նույն ճամփան անցել։
-          Հաջորդ անգամ կարո՞ղ եմ ձեզ հետ խանութ գալ,- առիթից օգտվելով՝ հարցրեցի ես։
-          Իհարկե,- ժպտադեմ պատասխանեց Սևդան և ոտքի կանգնեց,- գնանք, հիմա  երեխան սովածացել է։
Ադրբեջանցի ամուսինները հրաժեշտ տվեցին, իսկ Նաիրին գլխահակ սկսեց ըմբոշխնել մարկետից գնված պատրաստի կոտլետները, յոգուրտն ու շոկոլադը։ Քանի որ այս անգամ հաճելի անակնկալ չկար նրա համար, բնականաբար, զրկվեցի շոկոլադե սալիկներից հյուրասիրվելու պատվից։

Комментариев нет:

Отправить комментарий