среда, 24 апреля 2019 г.

Համակերպվելը ծնում էր անտարբերություն (596-րդը)


Ասում են՝ մարդը վատին արագ է ընտելանում և, ահա, երբ ինքս էլ սկսել էի հարմարվել այն փոքր վրանի անհարմարությանը՝ հանդուրժելով անգամ աղմուկը, որպես իմ մենությունը ցրող, հանկարծ հերթական «տրանսֆերը» ավիրեց իմ գտածը, նորից թողնելով մենակ․․․ Ինձ մնում էր ժամերով կանգնել ցանկապատի մոտ՝ սպանելու թանկագին ժամանակը։ Գուցե ոչ ոքի չէի հասկանում այն փոքր վրանում, քանզի արաբերենը բարդ ու անծանոթ էր ինձ համար, սակայն դա չէր խանգարում նրանց բարեկամ ու ընկերներ համարել ինքս իմ մեեջ, ուստի, նրանց հեռանալով, որբացա հազար անգամ և լաց եղա բազում անգամներ, որով հյուծվում էր իմ սիրտը, և դողում էր մարմինս․․․ Արդյոք ինչի՞ց էի զարհուրում, ինքս էլ չէի հասկանում․․․
Ամեն երեկո խավարը լափում էր մշուշի մեջ կորած ճամբարը, իսկ առավոտյան, կարծես ետ փսխում իր տեղը և միայն հետո մարդիկ սկսում էին շարժվել՝ ճմրթված ու հոգնած, նրանք շտապում էին ճաշարան՝ բաժակներն ու ցանցերը ձեռքներին։
Հիմնականում հերթի մեջ շարք էին կանգնում երեխաները՝ խճճված մազերով, անլվա, իսկ բոբիկ ոտքերին կրում էին ծռված կոշիկներ և միշտ իրար հրմշտում ու հարվածում էին։
Ճամբարային կյանքը խմբակային բնույթ էր կրում, այդ խմբերը հիմնականում քայլում էին լվացարանի ու ճաշարանի կողմերը։ Յուրաքանչյուր խմբի հետևից կարծես պարտադիր էր, որպեսզի վազեր գոնե մեկ լաց լինող երեխա, իսկ ինձ մնում էր ակամա հետևել այդ ամենին և զարմանալ, թե մարդն ինչպե՞ս է հարմարվում անգամ ամենավատին։
Տիրող  քաոսում, շատ  քչերին էին մնում լուռ ու անտարբեր և յուրաքանչյուրը  քաշված մի կողմ, կարծես պարզապես սպասում էին։ 
Ինչպես վրացի ամուսինները՝  նման կերպ  անտարբեր կյանք էին վարում ևս  երիտասարդ մի այլ ամուսիններ։ Նրանց կարելի էր դրսում տեսնել միայն արև օրերին՝ մտահոգ ու գլխահակ։ Կինը կրում էր սպիտակ գլխաշոր,  հագնվում էր նրբագեղ ու ժամանակակից։ Երբեմն նրանց հետ քայլում էր նաև ավելի տարիքով մի կին,  որը նույնպես կրում էր սպիտակ գլխաշոր։ Կինն  արտաքուստ խաղաղ էր, դեմքին դրոշմված էր անցյալից իր հետ քարշ եկող վշտի ստվերը։  Թվում էր՝ այդ կինը ոչ անքան լուռ էր, որքան տխուր։ Երբեմն երիտասարդ զույգը  քայլում  էր առանց նրա, սակայն անծանոթ կինը նույն մտահոգությամբ բակում երևում էր բարձրահասակ, թավ միրուքով երիտասարդի հետ։ Նրանք ոչ ոքի հետ չէին շփվում։ Ինչպես հայտնվում էին, նույն կերպ էլ անհետանում  վրաններից մեկում։

Комментариев нет:

Отправить комментарий