суббота, 13 апреля 2019 г.

Ձախողված առիթը (596-րդը)


-          Մի՛ գնացեք, նստե՛ք, հիմա թեյ կպատրաստեմ,- ասաց Սևդան՝ միացնելով թեյնիկը։
Վրանը մեծ էր ու մարդաշատ։ Այնտեղ բոլորը խոսում էին միաժամանակ, և թվում էր՝  խոսողին լսող պարտադիր չէր։ Շուրջս նայելով՝ համակերպվում էի, քանի որ շուտով  վերադառնալու էի փոքրիկ վրանը, որտեղ տասնմեկ երեխաներ կային։ Նրանց աղմուկն ընդամենը հեծանիվներով մահճակալների արանքներով արագ քշելն էր ու հաճախ ուժգին իմ մահճակալին հարվածելը։
-          Գիտե՞ք, այս վրանում, բացի Կամայից, դուք ուրիշ հայրենակից էլ ունեք,- թեյը մատուցելով՝ ասաց Սևդան։
-          Այո՛, կարծեմ Նաիրին այստեղ է գալիս՝ նրանց մոտ։ Ծանոթ եմ, նրանց հետ մի անգամ եկեղեցի եմ գնացել։
-          Երբեմն Էլչիմն էլ է միանում նրանց, երբ ժամանակ է ունենում։
Երեխան սկսեց լաց լինել։
-          Ինչու՞ է լաց լինում։
-          Ուտել է ուզում, իսկ ուտելիքը լավ չէ։ Էլչիմին խնդրել եմ գոնե յոգուրտ, կաթ ու բրինձ բերի, շիլա պատրաստեմ։
-          Սիրունիկ է,- նայելով սևաչյա, ուղիղ հոնքերով, ուղիղ մազերով, մանրիկ դիմագծերով խոշոր աղջնակին՝ նկատեցի ես։
-          Նա իմ մայրիկին է նման՝ մայրս ռուս է։
-          Իսկ Էլչիմին որտե՞ղ ես հանդիպել։
-          Մենք մի քաղաքից ենք։ Ես շատ աղքատ ընտանիքից եմ, կարծեմ՝ արդեն ասել եմ։
-          Այո։
-          Եվ դրա համար նրա ծնողներն ինձ չսիրեցին։
-          Ոչինչ, դու արդեն հեռու ես նրանցից։
-          Այո՛, բայց վախենում եմ՝ մի օր կվերադառնամ,- տխրեց Սևդան։
-          Մի՛ վախեցիր և չե՛ս վերադառնա։
Ոտքի կանգնեցի՝ դուրս գալու։
-          Նստեք, դեռ միասին չենք թեյել,- ասաց նա, միացավ ինձ, և միասին ըմբոշխնեցինք ադրբեջանցուն հատուկ պատրաստած կարմիր ու բուրավետ թեյը։
Փոքրիկը նորից սկսեց լաց լինել։
-          Իսկապես, պետք է գնամ, տեսնում եմ՝ փոքրիկը քնել է ուզում,- նկատելով նորից վեր կացա տեղից։
-          Նա այս աղմուկի մեջ ավելի շուտ կգժվի, քան կքնի,- տրտնջաց Սևդան,- ես կգամ ձեր հետևից, երբ Էլչիմը վերադառնա,- ասաց նա և, երեխան գրկած, անհետացավ սավանապատ մահճակալի մեջ, կրծքով կերակրելու։
Ընթրիքի ժամին եկավ Նաիրին՝ մի տեսակ այլայլված, ցեխոտված ու անտրամադիր։ Իմ մշտական արթուն զարմանքի հայացքս հառեցի նրա վրա, որում առակա էր հարցականը։ Երբ նա շարունակեց լռել, իմ հարցականն արձագանքեց․
-          Ի՞նչ է պատահել։
-          Այսօր լավ առիթ էր խորոված ուտելու, բայց չստացվեց,- պատասխանեց նա, ընկավ  անկողնուն։
-          Լու՞րջ խնդիր է․
-          Արդեն անտառում էինք, չհասցրինք մի գավաթ գարեջուր խմել, երբ Էլչիմը վատացավ։
-          Ե՞վ․․․,- անհանգստացա ես։
-          Եվ շտապ օգնություն կանչեցինք, պարզվեց լուրջ է՝ երիկամն էր։
-          Հիմա հիվանադանոցու՞մ է։
-          Այո՛, խեղճի ծնունդը հարամվեց,-ափսոսանքով ասաց նա, ապա տարածեց թևերը, այնուհետ հավաքելով՝ դրեց գլխի տակ, պառկեց մեջքի վրա՝ առգրավվելով իմ տարածքից ևս մի մասնիկ։
Դուրս եկա, նայեցի հինգերորդ վրանի կողմը, մի պահ ցանակացա գնալ Սևդային տեսնելու, բայց մտքափոխվելով քայլերս ուղղեցի ճամբարից դուրս։

Комментариев нет:

Отправить комментарий