вторник, 2 апреля 2019 г.

Թաց օրերից մեկը(596-րդը)


Ներս մտա, թղթախաղը դեռ հունի մեջ էր։ Էլչիմն այնտեղ չէր, չորս տղամարդկանց շուրջը հավաքվել էին նաև երեխաները՝ աղմուկը հասցնելով գագաթնակետին։ Մնացի կանգնած՝ անկեղծորեն ափսոսալով Խալեդին վաղ հրաժեշտ տալու համար, որքան էլ եղանակն անբարենպաստ լիներ, բայց Միշան թույլ չտվեց՝ այդ զգացմունքը կրծեր իմ հոգին և,  տեսնելով ինձ, նորից տեղից կանգնեց, նրան հետևեցին մյուսները՝ մի տեսակ ափսոսանքով խաղաքարերը ցած դնելով։ Միայն Նաիրին մնաց նստած, խաղաքարերը դասավորելուց հետո նստարանից տեղափոխվեց իմ անկողնուն՝ գլուխը հերթական անգամ հարվածելով  երկրորդ հարկի երկաթյա ձողին։ Երևի հաճախակի հարվածելուց մեր գլխների վրա անթիվ խորթուբորթեր էին առաջացել, և թվում էր՝ այդ խորթուբորթերը ծածկելու նպատակով էլ բնությունը մեր գլխին մազածածկ էր ստեղծել, բայց միևնույն էր, եթե օրական տասն անգամ էլ հարվածեինք մեր գլուխները, անգամ այդ գլուխները հերթական հարվածից առաջ մոռանում էին զգուշանալ։
Տեղավորվեցի իմ անկյունում՝ ակամա ունկնդրելով աղմուկը, միաժամանակ հետևելով արաբ տղաների ճաշ պատրաստելուն անմիջապես աֆղան ընտանիքի մահճակալների մոտ։ Նույն տղաները, որ չէին հանդուրժել խեղճ Ֆաթիմայի բուդիկներ տապակելը, այն էլ մեկ անգամ, մեծ շուքով ու հարայ հրոցով ազգային ճաշ էին եփում էլեկտրական վառարանի վրա, ուղիղ վրանի կենտրոնում։ Մնացի կիսանինջ և, հոգնածի զգացողությամբ, որից մարմինս օր-օրի ծանրանում էր և ստիպում կպչել անկողնուն,  այդպես մնալ, իսկ մշտական աղմուկը թմրեցնում էր ուղեղս։ Աստիճանաբար իմ մտածելակերպը վեր էր ածվում տառապեցնող մտքերի։
Այսպես թմրած ուղեղով՝ հայացքս հառել էի իմ «ննջարանի» առաստաղին, երբ մեկը թմփալով ընկավ մահճակալի կողքին։ Յուսուֆն իր փափուկ, շարժական աթոռով նստած տեղից ինձ էր նայում ու ժպտում։ Բնականաբար, ուղղվեցի՝ շտապելուց նորից գլուխս հարվածելով երկաթյա ձողին։ Նա լրջացավ, տեղից վեր կացավ ձեռքը դրեց իմ գլխի հաջորդ խորթուբորթին։
Այդ պահին մեզ մոտեցավ քսանամյա արաբ մի երիտասարդ՝ ինձ համար բերելով երիտասարդների պատրաստած կաթնապուրից։ Այն բաժանում էին ողջ վրանաբնակներին՝ պատահական ձևի և չափի տարաներով։ Բոլորն ուրախ վայելում էին, իսկ ես չկարողացա ուտել, որքան էլ փորձեցի, քանի որ այրվածի համ ուներ, հետո պարզվեց՝ ճիշտ էի, երբ այդ ճաշի մեծ կաթսան տեսա՝ տակը մի մատ սևացած, թողած վրանի կետրոնում։
Նաիրին բարձրացավ քնելու, Յուսուֆը շալակեց իր աթոռն անցավ իր տեղը, ես էլ հիշեցի լվացքի մասին և դուրս եկա՝ կարծելով շատ ուշ է, բայց պարզվեց մինչև փակվելը, դեռ մեկ ժամ կար։ Այնտեղ դարձյալ մարդաշատ էր, ուստի լվացքը վերցրի, դուրս եկա։ Այն կախեցի մահճակալի շուրջը՝ մի քիչ ծայրերից խոթելով Նաիրիի ներքնակի տակ։ Այդ օրն իմ աշխատանքից գոհ քնեցի։

Комментариев нет:

Отправить комментарий