понедельник, 15 апреля 2019 г.

Ազգեր գոյություն չունեն, գոյություն ունեն լեզուներ, որոնց չիմացությունը մարդուն կիսում է խմբերի (596-րդը)


Ինչպես արդեն ասել եմ՝ ավտոբուսները շաբաթը մեկ փոխում էին ճամբարաբնակների դեմքերը, և բակում ոչ ոք այլևս ծանոթ չէր։ Բայց կար մի մխիթարություն, որով գոյատևում էի ու համբերությամբ տանում անմարդկային պայմանները։ Այն փոքրիկ վրանն էր՝ արդեն ծանոթ դարձած դեմքերով։ Մեր վրանում նոր փախստականներ չէին բերում, և ոչ ոքի չէին տանում։ Յուրաքանչյուրը գտել էր զրուցակցին, խաղընկերոջը, հարևանին։ Անգամ աղմուկի մեջ ինչ որ հարազատ երանգ էր հայտնվել։
Այլևս իմ կողքի քնող արաբ երիտասարդը այլազգի չէր, նրա նիստուկացը հարազատ էր, անգամ, քնած ժամանակ խռացնելն ինձ չէր նյարդայնացնում։ Սկսել էի ավելի երկար մնալ վրանում ոչ միայն դրսի ցրտի պատճառով, այլ մի տեսակ վախենում էի նրանց կորցնելուց։ Սարսափում էի այն մտքից, որ մի օր կարթնանամ և այլևս չեմ տեսնի ինձ հետ ճամբար եկած դեմքերը։ Եվ երկար ժամերով մնում էի նստած անկողնուն՝ շախմատի ձիու դիրքով, ինչը բոլորիս մոտ ստացվում էր ակամա։
Փոքր վրանի կենվորները այնքան բարեհամբույր ու անմիջական էին դարձել, հաճախ ինձ թվում էր՝ աշխարհում ազգեր գոյություն չունեն՝ գոյություն ունեն լեզուներ, որոնց չիմացությունը մարդուն կիսում է խմբերի։
-          Նոր ցուցակներ են կախել, տեսե՞լ եք,-  հայտնեց Նաիրին, երբ վերադարձավ հարևան վրանից։
-          Ի՞նչ ցուցակներ,- անակնկալի եկած՝ տեղից վեր թռա՝ հերթական անգամ գլուխս խփելով երկրորդ հարկի երկաթյա ձողին։ Ստիպված նորից ընկա տեղս, հարցական նայեցի Նաիրիին։ Նա մի պահ ուշադիր նայեց ինձ, բայց, վարժված լինելով հարվածից հետո մի պահ անջատվելու դիրքին, շարունակեց․
-          Վաղը չէ մյուս օրը տանում են Թրիր լուսանկարելու։
-          Մենք է՞լ կանք ցուցակներում,- զգաստացա ես։
-          Ես՝ ոչ, դուք՝ չգիտեմ,- խեղճացած պատասխանեց նա։
-          Իսկ մյուսնե՞րը։
-          Համարյա բոլորը, բացառությամբ մի քանի հոգու։
Նաիրիի հետ խոսակցությունը կիսատ թողնելով, շտապեցի կարմիր պատի մոտ։ Այնտեղ մարդաշատ էր՝ առաջ գնալ չհաջողվեց։ Վերադարձա, սպասեցի, մինչև բոլորը  ցվրվեցին, նորից գնացի։ Այս անգամ էլեկտրական լույսը կուրացնում էր առանց այն էլ վատ տեսողությունս, վերադարձա ակնոցների հետևից։ Երրորդ անգամ արդեն մենակ էի։ Ցուցակները մի քանի շարքից էին։ Յուրաքանչյուրը մի քանի անգամ նայեցի, բայց 596-րդը չկար։ Թևաթափ քայլեցի հետ։
-          Բարի երեկո,- բարևողը Խալեդն էր՝ արագ քայլերով հավասարվեց ինձ,- Դու և՞ս վաղը Թրիր ես գնում․․․
-          Ո՛չ, իսկ դու՞․․․
-          Ո՛չ, իմ անունն էլ չկար, բայց ես շատ գնացողներից շուտ եմ եկել ճամբար և հիմա ․․․
-          Որքան հասկանում եմ, երբ գալը կապ չունի տեղափոխության հետ։
-          Ինչպե՞ս, պարզապես մեզ Թրիրում առանց լուսանկարելու և արյուն վերցնելու՝ բերեցին այստեղ, այլապես մեզ էլ շուտ կտեղափոխեին։
-          Դե եթե գիտես, ինչու՞ ես նեղսրտում։
-          Անունիս համար, որ գոնե վաղվա գնացողների մեջ չեմ։
-          Համբերենք,- արտասանեցի՝ հոգուս խորքում ոչ պակաս վրդովված։
Հասնելով վրանի դռան մոտ՝ ուզեցի ներս մտնել։
-          Արի՛ մի քիչ էլ քայլենք, տե՛ս, թե ինչ պարզ երեկո է,- ասաց նա՝ ցույց տալով աստղազարդ երկինքը։
-          Գուցե գեղեցիկ երեկո է, բայց ցուրտ է։
-          Քայլենք, կտաքանանք։
Շարունակեցինք քայլել, շրջանցելով վրանները՝ հայտնվեցինք ճաշարանի մոտ։ Այնտեղ մարդաշատ էր։ Հավելյալ փոքր ծածկոց էր արված, տակը երեք վառարան էր դրված։ Ճաշ պատրաստողների թիվը տասնապատիկ անգամ շատ էր։ Բոլոր ճաշերի հիմնական բաղադրամասը բրինձն էր և հավի միսը։ Երբ քիչ էլ առաջացանք, մեզ ընդառաջ եկավ Սևդան՝ փոքրիկ կաթսան ձեռքին։
-          Բարի երեկո ձեզ։
-          Բարի երեկո, ի՞նչ գործի ես։
Մինչև պատասխանելը Սևդան մի տեսակ խեթ նայեց Խալեդին, իսկ նա, իր հերթին, խուսափողական մի քայլ ետ քաշվեց։
-          Երեխայի համար շիլա եմ պատրաստում, այստեղի կերերից նրա աղիքները խցանվում են,- բողոքեց նա։
-          Էլչիմից ի՞նչ կա։
-          Արդեն լավ է, շնորհակալ եմ։
-          Ե՞րբ կգա։
-          Երևի վաղը,- պատասխանեց նա՝ ուրախացած առաջ գնաց, երբ արաբ տղամարդը մեծ կաթսան վերցրեց վառարանի վրայից,- կներեք՝ հերթն իմն է, վաղը եկե՛ք կխոսենք։
-          Այո՛, իհարկե,- բարի գիշեր մաղթեցինք միմիյանց, ես և Խալեդը շարունակեցինք քայլել։
-          Այնպիսի տպավորություն է, կարծես,  արաբները միայն բրինձ են ուտում։
-          Այն համարվում է մեր ազգային կերակրատեսակը, մենք համարյա միշտ բրինձ ենք ուտում։ Այն և հաց է և ճաշատեսակ,- պատասխանի հետ սկսեց ծիծաղել,- Ես էլ եմ սիրում պատրաստել, վրանի տղաների համար երբեմն պատրաստում եմ։
-          Համո՞վ է ստացվում․․․
-          Չեն բողոքում, ուրեմն համով է,- կցկտուր ռուսերենով բացատրեց նա։

Մութը սկսեց թևերը փռել ճամբարի վրա, էլեկտրական լույսեը մտան իրենց իրավունքի մեջ։ Աստիճանաբար բակը դատարկվեց՝ աղմուկը տեղափոխվելով վրաններ։
-          Արդեն իսկապես և՛ ուշ է, և՛ ցուրտ։
-          Այո,- ցրտից սրթսրթալով՝ համաձայնվեց Խալեդը։
-          Բարի գիշեր,- բաժանվելուց հետո նորից քայլերս ինձ տարան դեպի ցուցակերը, հույսով՝ սխալվել եմ, և երկար ժամանակ նորից ուզում էի գտնել 596-րդը, բայց հավանական ցուցակն ավարտվում էր 555-ով, այն վրացի Բաչոինն էր, հաջորդ ցուցակը շարունակվում էր 600-ից սկսած։ Այդ պահին ուզում էի ակնոցներս ջարդել տրորելով, քանի որ նրանք ոչ մի կերպ չէին գտնում իմ թիվը ցուցակներում։ Ավելի տխրելով՝ քայլեցի դեպի վրան։ Մինչև ներս մտնելս, դուռը բացվեց, իմ դիմացը հայտնվեց ալբանացին և ևս մի ուրիշ «սեքյուրիթի»։ Ալբանացին, առանց զիջելու, աշխատեց առաջինը դուրս գալ վրանից։ Ինձ թվաց, եթե ճանապարհը չզիջեմ, նա իմ վրայով կանցներ, ուստի զիջեցի ողջ մնալու համար։ Մյուս հերթապահը կաշկանդված հետևեց նրան։ Վերջնականապես ավիրված հոգով թառեցի մահճակալիս անտեսանելի անկյունում՝ տուրք տալով արտասունքներիս։

Комментариев нет:

Отправить комментарий