воскресенье, 31 января 2021 г.

 Իշխում ենք ժամանակին մենք,

Երբ դեռ կանք և դեռ ելնում ենք

Եվ չենք նկատում թաթն այն ճզմող, 

Որ հետո ճզմում է մեզ, որպես մի բուռ հող․․․

                    ***

Փորձում եմ փախչել հեռու հուշերից,

Սակայն կառչում է միտքս քեզանից

Ու ես մնում եմ՝ մնում եմ կախյալ

Ինձանից, հուշերից, քեզանից դարձյալ․․․

                 ***

Ձյունախառ փոթորիկը իր երգն է երգում,

Իսկ մարդիկ կարկամած, քաշված տներում,

Սպասում են հողմախառ փոթորկի մեռնելուն,

Բայց տարերգը ձմռանն է և երգը սառնաշունչ 

Ընթանում է անարգել, երգելով անտրտունջ․․․

Քամու ոռնոցից իջած ձյունն է թավալում

Եվ իջնող ձյան հետ խենթավարի պարում։

Ձմռան շունչը պարուրում է արդեն ամենուր,

Սուլելով թափառում է՝ ծածկելով դուռ, կտուր․․․

Մեր ավանդական դարձած ախորժակը մեզ սպառեց, հասցնելով ընչաքաղցության և հիվանդագին նյութապաշտության։ Ազգային մտածելակերպից դուրս գալ չկարողացանք։ Օտարի լավը չընդունեցինք, վատը որդեգրեցինք և դրանով հպարտացանք։ Մերը ուրացանք, իսկ օտարը մեր անտեր մնացած արժեքները  վերագրեց իրեն, աշխարհին ներկայացնելով, որպես ազգայինը։

Ոչնչից ետ մնալ չցանկացանք, բաց և ոչ ոքի հասնել չկարողացանք և մնացինք կրակի և ջրի արանքում։

մենք մեզ քայքայեցինք, միշտ մեղադրելով օտարին։ Մենք մեզ սպանեցինք, միշտ արդարացնելով մեր անմարդկային արարքը։ մենք մեզ դատապարտեցինք, սակայն երբեց չպատժեցինք ինքներս մեզ, իսկ օտարի թերացումը մեզ խղճալու, օգնելու հարցում համարեցինք հանցավոր անզգուշություն։

Սեփական ընչաքաղցությունը պարտադրեց վաճառքի հանել անգամ հայրենիքը, իսկ օտարից պահանջել արդարություն։

մենք մեր երկիրը փոխանակեցինք չորս հանցավոր առաջնորդներով, որոնք իշխանության գալով աշխատեցին կարգի բերել յուրայինների կենցաղը։

Հանդուրժեցինք մեր ներսի կեղտը, համարելով, այդպես էլ պետք է լինի։ Տարիներ շարունակ հանցավոր անտարբերությամբ հետևեցինք ապագա սերունդների սպանությանը և երկրի սնանակացմանը։

Առաջներում դարերի ընթացքում էինք կորցնում երկրի մասնիկները, իսկ այսօր տարիների։ բավականին առաջխաղացում է, որպեսզի մենք մեզ անվանենք մարդկային թերմացք։


среда, 27 января 2021 г.

 Դու գնացիր, ես գնացի․․․

Չասեցիր էլ ու՞ր ես գնում,

Ինձ մնում էր քեզ մոռանալ

Եվ այլևս չփնտրել․․․

Դու գնացիր, ես գնացի․․․

Արդեն առանց հրաժեշտի,

Ցուրտը փչեց ամռան տապին,

Մեզ բաժանեց հանդիպումը գիշերային․․․

Էլ անցյալից  ոչինչ չկա

Այսօր քեզնից ինձ մնացած՝

Լոկ հուշեր են պաղ ու անցած

Եվ թրթիռներ ափսոսանքի․․․

вторник, 26 января 2021 г.

 Առնվազն մի հարյուր տարով նորից ետ գնացինք։ Ետ գնացինք հայրենասիրությամբ, տարածքների կորստով և նոր ցեղասպանությամբ, որին զոհ գնաց ազգային գենոֆոնդը։

Դարեր շարունակ կորցրեցինք պրակտիկ մտածելակերպի հնարքը և  հնարավորությունները փոխեցինք վերացական հույսերով։

Գարունա, ձյունա արել՝ ահա այսպես ․․․

                                                                   ***

Կան մարդիկ, որոնք ընդմիշտ մնում են կազմ, առանց թերթերի։

                                                              ***

Կարծես միտքս դեմ է առել  ապառաժին ու քարացել, էդպես մնացել, երբ մտածում եմ, եթե հայը չի կարողանում աշխարհին ասել, որ ինքը ունեցել է և ունի Արցախ ու Նախիջևան, եթե հայը այսօր չի կարողանում աշխարհին ստիպել ճանաչելու մեկդարյա թուրքի ոճիրը, եթե հայը չի կարողանում աշխարհին ապացուցել, որ Այվազովսկին հայ է, եթե հայը չի կարողանում աշխարհին ներկայացնել իր բազմադարյան մշակույթը, եթե հայը իր մեջ ուժ չի գտնում դատապարտելու իր իսկ ձեռքով կատարած ոճիրը, եթե հայը մի փոքրիկ քարաստանի մեջ մասնատվել է ու իրար միս ուտելով կուսակցություն է խաղում, եթե հայը իր ազգայինը թղթի վրա թողնելով, դառնում է օտար և օտարամոլ, եթե հայը իր քարուքանդ երկիրը ամեն անգամ փորձում է նորից ավիրել, միաժամանակ շենացնելով ուրիշինը, եթե հայը խորհրդարան է շինել միայն յուրացնելու համար երկրի բարիքը, եթե հայը իր երկրում ծաղրում, քարկոծում ու  բանտում է իսկական հերոսին, ապա կա կարծիք դարերից եկող, որ նման ազգը իրավունք չունի պետականություն  ունենալու, քանի որ ամեն անգամ նրա ձեռք բերած ժամանակավոր անկախությունը դառնում է իր իսկ գլխին գլխացավանք․․․ իսկ այդ գլխացավանքից անմեղների արյունն է հոսում, իսկ երկրի սահմանները նեղանում ու ․․․