пятница, 5 апреля 2019 г.

Վարորդը թքեց, ցույց տալով ատելությունը(596-րդը)


Մշտական անձրևներից շուրջ բոլորը միշտ թաց էր ու թարմ։ Թվում էր՝ աշունը շրջանցել է բնության այդ գողտրիկ անկյունը, և այնտեղ թագավորում էր հավերժական գարունը։ Հասնելով գլխավոր ճանապարհին՝ թեքվեցինք դեպի աջ՝ երեկվա իմ քայլածին հակառակ ուղղությամբ։ Այն նկատելի թեքություն ուներ, ուստի ինձ համար հեշտ էր քայլել բարձրակրունկներով, բայց շուտով  ճանապարհից թեքվեցինք նորից դեպի աջ և մտանք իսկապես մութ անտառը, որտեղ մեր ոտքերի տակ զսպանակի պես խշխշում էր հաստ շերտով տերևը։ Անտառը հատելուց հետո մեր դիմաց բացվեց լայնատարած, արդեն կանաչած դաշտը, ինչի միջով ընթանում էր բարակ ասֆալտապատ ճամփան։ Այն իմ պատկերացրածից վեր էր, քանի որ վարուցանքի դաշտերի իմ պատկերացումն  ունեմ՝ մանկությունից ինձ հետ հասակ առած՝ այն պետք է լիներ վայրի, խորթուբորթերով, քարակույտերով, իսկ դաշտը շրջապատված մոլախոտով, բայց ճամփին տեսածս նման էր հեքիաթի, և, մոռացած, թե ուր եմ գնում, երկար ժամանակ հիանում էի այդ անտես հրաշագործ աշխատավոր ձեռքերով։ Դաշտը հատելուց հետո դուրս եկանք գլխավոր ճանապարհ՝ այնտեղից  թեքվելով դեպի աջ։ Մեծ խաչմերուկը բաժանում էր կենտրոնում կառուցած բավականին մեծ հյուրանոցային համալիրը։ Առաջին անգամ այդ շենքի կողքով տաքսին ինձ տարել էր հիվանդանոց: Նրա վրա ոսկեգույն մեծ թագ էր փակցված՝ «king» ցուցատախտակով։
-          Դեռ երկա՞ր ենք գնալու,- հետաքրքրվեցի ես։
-          Ահա՛, այս կամուրջն էլ անցնենք, մարկետն է,- պատասխանեց Սևդան՝ աշխատելով ինձանից առաջ չընկնել։
-          Սևդա, ինչպե՞ս ես քեզ զգում այս երկրում,- հարցրեց Կաման։
-          Դեռ երկրի մասին կարծիք ասել չեմ կարող, քանի որ իմ տեսած Գերմանիան առայժմ ցանկապատով ճամբարն է, իսկ ընդհանրապես լավ է, ես հեռու եմ ինձ ատող մարդկանցից։
-          Ո՞վ կարող է քեզ ատել,- իմ հերթին, զարմացա ես։
-          Իմ սկեսուրը հենց առաջին օրվանից ինձ չընդունեց և չսիրեց։
-          Ների՛ր, բայց չեմ հասկանում, չէ՞ որ դու բացահայտ առավերություն ունես քո ամուսնուց, իսկ նրանց որդուց։
-          Խնդիրը դա չէ։ Ես աղքատ ընտանիքից եմ, իսկ դրա համար ինձ չներեցին։
-          Մի՞թե դա քո մեղքն էր,- իսկապես զարմացա ես։
-          Բնականաբար, ո՛չ, բայց նա ինձանից օժիտ էր պահանջում, անգամ ծեծում էր, իսկ Էլչիմին ստիպում էր բաժանվել ինձանից։
-          Դու էլ բաժանվեիր,- ակամա արտաբերեցի այս հիմար միտքը։
-          Ու՞ր գնայի, իմ ծնողներն անգամ ցամաք հաց չունեին, իսկ ես երազում էի օգնել նրանց, բայց Էլչիմը թույլ չէր տալիս։ Գոնե իմ ամուսնանալով ծնողներիս համար բեռ չէի։
Սևդայի տխուր պատմությունը կիսատ մնաց, երբ երևաց սուպերմարկետը։ Փոքրիկ խաչմերուկն անցանք և մեքենանաերի արանքներով մի կերպ հասանք մարկետի դռանը։
Ներսում մարդաշատ էր, իսկ ես անծանոթ էի, ուստի երկար չփնտրեցի՝ սահմանափակվելով էլեկտրական թեյնիկով, հարթուկով և փոքրիկ հայելիով, առաջինը դուրս եկա, դռան մոտ սպասեցի Կամաին և Սևդաին։
Վերադարձի ճանապարհը զառիվեր էր,  քայլելու համար ավելի դժվար։ Հետիոտնի համար նախատեսված մայթը գլխավոր ճանապարհից բավականին բարձր էր, և այդ օրը ճամփին այնքան շատ էին ազուլները, թվում էր՝ այն հենց  այդ նպատակով էլ կառուցվել էր։
Սլացող մեքենաներից ուշադիր մեզ էին նայում, իսկ մի մեքենա կտրուկ արգելակեց, վարորդը գլուխը հանեց, գերմաներեն ինչ որ բառեր բղավեց, ապա ամբողջ ուժով թքեց մեր կողմը։ Անցորդ ազուլներիս համար այն սոսկ թուք չէր, այլ ատելությունից առաջացած խորխ, որից ակամա մենք արագացրեցինք մեր քայլերը։ Մեր հետևից եկող աֆրիկացիները չնայած բարձր ծիծաղեցին, բայց և այնպես նրանք էլ սկսեցին արագ քայլել։ Իմ տրամադրությունն ընկավ, նկատելի տխրեցին նաև Սևդան և Կաման, բայց ելքը մեկն էր՝ հասնել ճամբար՝ համակերպվելով թքողների հետ։

Комментариев нет:

Отправить комментарий