среда, 24 апреля 2019 г.

Մի շրջան էլ կատարեցինք (596-րդը)


Մի երեկո, երբ երկար ժամանակ մնացել էի կանգնած ցանկապատի մոտ, երբ ոսկորներս անդեն սառչել էին ցրտից, բայց միևնույն է վրան վերադառնալ չէի ցանկանում, հայտնվեց Խալեդը։
-          Բաիր երեկո, չե՞ս մրսում։
-          Մրսում եմ։
-          Իսկ ինչու՞ ներս չես գնում, շատ ցուրտ է։
-          Ոչինչ, հիմա կգնամ։
-          Վերջապես լուսանկարվեցի, արդեն սպասում եմ «տրանսֆերին», իսկ դու՞,- երեխայի պես ուրախացած՝ ասաց նա։
-          Կարծեմ՝ նույն օրն ենք լուսանկարվել։
-          Բայց ես քեզանից որքա՜ն առաջ եմ այստեղ եկել։
-          Որքա՞ն։
-          Համարյա առաջին եկողներից եմ։
-          Ի՞նչ արած, կգնաս վերջինների հետ,- փորձեցի կատակել նրա խոսքի վրա։
-          Ո՛չ, էլ չեմ դիմանում, վրանում արդեն բոլորը նորեկներ են՝ երեխաներ՝ ես եմ և մի քանի հոգի։ Ընկերներս վացուց գնացել են։
-          Նրանք քեզ զանգահարու՞մ են։
-          Ո՜չ, միայն մի հոգի, էն էլ տեղը լավը չէ, զանգում բողոքում է։
-          Այ տեսնու՞մ ես, նրանց այլևս ընկերներ չանվանես։
-          Իսկ ինչպե՞ս անվանեմ,- զարմացավ նա։
-          Ոչ մի կերպ։ Այստեղ բոլորն էլ, բոլորի համար եկող և անցնող դեմքեր են։ Նաև ես և դու։
-          Ինչու՞ ես այդպես խոսում,- լրջացավ նա,- մի՞թե այստեղից դուրս ինձ չես զանգահարելու։
-          Ոչ ոք չգիտի, թե այստեղից դուրս գալով ուր կհայտնվի։ Չէ՞ որ մենք չենք ճանաչում այս երկիրը, իսկ այն շատ մեծ է, դե մենք էլ բնականաբար շատ փոքր՝ մեր հնարավորություններով հանդերձ, որպեսզի հետո կարողանանք իրար գտնել, առավել ևս այցելել։
-          Այո՜, այդ մասին չէի մտածել։ Ասում եմ չէ՝ քրիստոնյա կանայք խելոք են։
-          Սխալ ես ասում։
-          Ինչու՞։
-          Հիմար կամ խելոք լինելու համար կրոնը կապ չունի։
-          Դու այսօր մի տեսակ սառն ես դատում ու խոսում։
-          Որոհետև ցուրտ է։
-          Անկեղծ, կուզենայի այստեղից դուրս հանդիպել քեզ։
-          Տեսնենք, ինձ նույնպես հետաքրքիր է իմանալ, թե դու ուր ես ընկնելու։ Կարծում եմ ինձանից շուտ կգնաս։ Գոնե մի անգամ զանգահարիր։
-          Այդ դեպքում տուր հեռախոսիդ համարը,-  ոգևորվեց նա։  Նրան տվեցի իմ ձեռքի համարը, ինչը վերջերս էի ձեռք բերել։
Խալեդի հետ ևս մի շրջան կատարեցինք վրանների շուրջը։ Դրսում միայն հերթապահ «սեքյուրիթիներն» էին, ինչպես միշտ, նրանցից մեկն ալբանացին էր։ Նա  խեթ նայեց մեր կողմը։ Իհարկե, անհանգստացա և, Խալեդին առանց բարի գիշեր մաղթելու,  ներս ընկա վրան, որտեղ այդ օրը աշխատակիցները տեղադրել էին երկրորդ տաք փչող էլեկտրական վառարանը։ Այն մեծ, բրեզենտե խողովակով զուգահեռ անցնում էր ողջ վրանի երկայնքով։ Խողովակն ուներ համաչափ անցքեր, որտեղից դուրս էր մղվում տաք օդը և երկու հսկա  խողովակները օդը դարձնում էին չոր ու տաք, ինչից ավելի տարեցները հաճախ դուրս էին գալիս օդ շնչելու։ Չնայծ այդ ամենին՝ մահճակալակացարաններում ցուրտ էր, քանի որ հատակի ջարդված և պարզապես բացված ճեղքերից մշտապես փչում էր ցուրտ օդը։ Միայն երեխաների վրա տաքն ու ցուրտը չէին ազդում, քանի որ նրանք, բացի քնելու ժամերից, համարյա միշտ վազքի մեջ էին։

Комментариев нет:

Отправить комментарий