вторник, 30 апреля 2019 г.

Լուր, որը դժվար էր մարսել (596-րդը)


Կուչ էի եկել իմ առանձնամահճակալում, երբ մեկը ծեծեց սեղանը՝ Խալեդն էր։
-          Ահա՛, չնայած ուշացած, բայց բերեցի սուրճը,- ասաց նա, դնելով սեղանին։
-          Նստի՛ր,- իմ առաջարկից նա մի հայացք գցեց շուրջն, ապա վախվորած նստեց։
-          Ինչու՞ ես վախեցած։
-          Վախեցած չեմ,- անվստահ պատասխանեց նա, նորից նայեց շուրջը,- Տեղդ արդեն լավ է, կարող ես մնալ այստեղ,- կատակեց նա, ինքն էլ ծիծաղեց իր արած կատակի վրա։
-          Իսկ քեզանից ի՞նչ կա։
-          Ես արդեն «տրանսֆեր» եմ,- ոգևորված հայտնեց նա։
-          Ցուցակները կախվա՞ծ են,- լսածից զգաստացա։
-          Ո՛չ, բայց գիտեմ։
-          Ա՜,- ակամա ծոր տվեցի։- Շնորհավորում եմ։- Վերջին արտահայտությունս անկախ ինձանից տխուր ստացվեց։
-          Մի՛ տխրիր, ես քեզ անպայման կզանգահարեմ։
-          Գիտեմ, դրա համար չեմ տխրում։
-          Այո՛, հասկանում եմ։ Գուցե հաջորդ շաբաթ էլ քեզ տեղափոխեն։
-          Հուսանք,- մրմնջացի թերահավատորեն։
-          Այո՛, արդեն չենք էլ հավատում, թե այստեղից կարող ենք մի օր դուրս գալ։
-          Հիմա կարող եմ սուրճ հյուրասիրել։
-          Ո՛չ, ո՛չ, սիրով կխմեի, բայց պետք է խանութ գնամ, ծխախոտ չունեմ,- առարկեց նա և ոտքի կանգնեց՝ շարունակելով շուրջը նայել։
Առաջին անգամ իմ հյուրը ոտքի կանգնելուց գլուխը չհարվածեց երկաթյա ձողին, և  այն ինձ համար մեծ առաջընթաց էր: Նրա գնալուց հետո ես դարձա ես և, ավելի տխրելով, պառկեցի։ Դեռ չէի մարսել Խալեդի «տրանսֆերի» լուրը, երբ հևալով ներս ընկավ  Սևդան։
-          Բարև ձեզ, իսկ դուք գիտե՞ք մի քանի օրից մենզ տեղափոխում են Էլչիմի հորաքրոջ մոտ,-  սկսեց նա, ապա, տեսնելով փոփոխությունն, ավելի ուրախացավ,- Օ՜, ինչքա՜ն լավ է, այ հիմա կարելի է հյուր գալ,- այնուհետև նստեց աթոռին:
-          Այ հիմա ես սուրճ կհուրասիրեմ,- ուրախացած իմ նոր հնարավորությունով՝ ոտքի կանգնեցի։
-          Ոչ հիմա, ես աշխատանքի եմ, միայն մեկ րոպեով եկա, երեկոյան կգանք Կամայի հետ։
-          Արդեն մոռանում եմ իմ հայրենակցին, ինչպե՞ս է նա։
-          Լավ է, նոր հարևան ունի։
-          Ճանաչու՞մ եմ նրան։
-          Երևի, վերջին եկած հայերն են, նրա կինը ոչ ոքի կողմը չի նայում, այնքան հպարտ է, կարծես հյուր եկած լինի, մենք էլ այստեղ ծնված լինենք։
-          Այդ դեպքում երևի չեմ տեսել։
-          Նրանք միայն փողի օրերն են գալիս, կարծեմ՝ բարեկամի տուն են մնում։
-          Նախանձելի չէ, բայց երևի լավ է։
-          Ես էլ եմ կարծում՝ ավելի լավ է այստեղ, քան բարեկամի տուն՝ այն էլ երեխաների հետ,- կարծիքս կիսեց Սևդան և ոտքի կանգնեց, նայեց Այայի կողմը։- Իսկ դուք գիտե՞ք՝ նա տարօրինակություններ ունի, զգու՛յշ եղեք,- անսպասելի արտաբերեց ադրբեջանուհին։ Ոչինչ չպատասխանեցի՝ տեսնելով Այայի ուրախ տրամադրությունը, կարծես չցանկանալով փչացնել այն, իմ արտահայտած կարծիքով։

Комментариев нет:

Отправить комментарий