суббота, 20 апреля 2019 г.

Թվում էր, առավոտվա ավտոբուսները տարան փոքր վրանը(596-րդը)


Ես էլ, որպես բոլորից մեկը, վերադարձա վրան, Նաիրին արդեն նստած էր անկողնուն։ Հակառակ իմ սպասածի, նա տխուր էր։
-          Ի՞նչու՞ ես տխուր։ Չհաջողվե՞ց  լուսանկարվել։
-          Հաջողվեց,-գլխիկոր պատասխանեց նա։
-          Անկեղծ ասած՝ ինձ համար անսպասելի էր լսել նման պատասխան՝ որպես  կատարվածի ականատես։
-          Ես հերթի մեջ չէի՝ Էլչիմի հետ միասին մտանք։
-          Էլ ինչու՞ ես տխրել,-  այս անգամ իսկապես  զարմացա։
-          Կարո՞ղ եք պատկերացնել,  ինձ տեղափոխեցին ուրիշ ճամբար։
-          Իսկ ի՞նչ կա տխրելու, չէ՞ որ դու միշտ երազում էիր ավելի լավ տեղի մասին։
-          Ի՞նչ գիտեք՝ այնտեղ ավելի լավ է լինելու։
-          Դե՜, շատերը կարծում են, այստեղից վատ տեղ չկա։
-          Ո՛չ, այստեղ հարմարվել էի, արդեն շատ ընկերներ ունեմ։
-          Կարծում ես՝ նրանք քո ընկերնե՞րն են։
-          Իսկ ովքե՞ր են,- զարմացավ նա։
-          Նրանք ընկերներ չեն, այլ բախտակիցներ, և դուք կբաժանվեք, կօտարանաք հենց առաջին իսկ հնարավորության դեպքում, ինչպես դա լինում է այստեղից դուրս եկող յուրաքանչյուրի հետ։ Այնպես որ գնա թեթև սրտով, պարզապես, եթե դժվար չէ, մի անգամ զանգահարիր։ Կուզենայի իմանալ, թե ինչպես ես, ուր ես ընկել։
Նա ծանր հոգոց հանեց և, առանց պատասխանելու, դուրս եկավ վրանից։

Վաղ ծեգին, փոքր վրանը մեծից փոքր ոտքի վրա էր։ Չնայած անդադար ելումուտին՝ Էրմանն  ավարտել էր  առավոտյան  նամազը, պառկել։ Ես մնացել էի շվարած նստած, երբ բացի մի քանի հոգուց, մյուսները սկսել էին բազմաթիվ ճամպրուկները քարշ տալ անցակետի մոտ։ Աֆղան ընտանիքը ոչ մի կերպ չէր կարողանում հավաքվել՝ իրերը շատ էին, իսկ ճամպրուկներն՝ ընդամենը տասներեք հատ։ Բայց վերջապես, երբ վերջին զույգ ձմեռային կոշիկները հայրը տեղավորեց մեծ ճամպրուկի կողքի գրպանները, նրանք ևս սկսեցին ճամպրուկները քարշ տալ դեպի անցակետ։
Լուսաբացը երկու հարյուրից  ավելի մարդ հավաքեց անցակետում, ուր կույտ-կույտ դեզերի էին վերածվել այդ երկու հարյուրից ավելի մարդկանց մեծ ու փոքր ճամպրուկները, որոնք ձեռք էին բերվել բացառապես ճամբարում։
Որքան էլ փափագեի չբաժանվել ինձ համար «հարազատ» դարձած մարդկանիցից, միևնույն է՝ եկել էր ժամը, և վրանը դատարկվում էր։ Երբ վերջին մարդն ընդմիշտ լքեց վրանը, այնտեղ մնացինք մի քանի հոգի՝ մի քանի մահճակալներով։
Նրանց հեռանալով՝ ավիրվեց իմ ավերակը։ Երկա՜ր մնացի կանգնած դատարկված վրանի կենտրոնում, ուր ամեն անկյունը տակնուվրա էր։ Հատակին դեսուդեն էին շպրտված տարբեր գույնի պլաստմասե ցանցեր, բաժակներ և տարբեր հագուստներ, որոնց համար նրանք ժամերով հերթ էին կանգնել եկեղեցու դռանը։ Երկար ժամանակ այդպես կմնայի շվարած կանգնած, եթե չգար Նաիրին։
-          Նրանք գնացին,- ասաց նա, մոտեցավ, մահճակալի տակից հանեց մեծ ճամպրուկը, որն օրեր առաջ եկեղեցուց էր բերել,- Թե մեզ ինչու՞ թողեցին,- դասավորելով այն՝ մրմնջաց նա։
-          Ու՞ր,- զարմացա՝ տեսնելով նա ևս հավաքում է իրերը։
-          Մենք պետք է դուրս գանք այս վրանից։
-          Ինչպե՞ս, ու՞ր,-այս անգամ անակնկալը նման էր հարվածի։
-          Չգիտեմ։ Շուքրին ասաց այս վրանում այլևս ազուլներ չեն մնալու։
-          Իսկ ու՞ր պետք է գնանք։
—  Մեծ վրաններից մեկը։ Տեսնենք՝ վրացիները ու՞ր են գնում, մեր մահճակալը կտեղափոխենք այնտեղ։
Մնացողները սկսեցին հավաքվել։ Էրմանը, Արամը, ևս մի արաբ՝ անունը չեմ հիշում, շատ արագ լքեցին վրանը։ Նրանց հետևեցին Նեդան և ամուսինը, իսկ հետո Յուսուֆն ու եղբայրը։ Անգամ չգիտեի՝ նրանք ուր են գնում հերթով։  Շարունակում էի շվարած շուրջս նայել՝ կանգնած դատարկված վրանի կենտրոնում, որի պատերը ճզմում էին ինձ խեղդամահ անելու աստիճան։ Թվում էր, առավոտվա ավտոբուսները տարան փոքր վրանը․․․
Վրացի ընտանիքը, Նաիրիի օգնությամբ, սկսեց քարշ տալ ծանր մահճակալները և իրերը։
-          Նրանք չորրորդ վրանում են,- նորից վերադառնալով՝ հայտնեց Նաիրին նեղսրտած։
Լսածից չգիտես ինչու՞ սոսկացի, և լուռ սկսեցի հավաքել  իրերս։

Комментариев нет:

Отправить комментарий