воскресенье, 21 апреля 2019 г.

Նաիրին(596-րդը)


Նաիրին առաջվա պես չէր կատակում՝ նա լուռ ու մտազբաղ հավաքում էր իրերը՝ հաճախ կրկնելով․
-          Եթե առանց հերթ չմտնեի, գուցե ինձ չուղարկեին ուրիշ տեղ․․․,- այնուհետև երկա՜ր լռում էր և մնում նստած։ Նա վաղ մտավ անկողին՝ կողքին դնելով մեկ լիտրանոց նարնջի հյութը՝ կեսը խմելուց հետո քնեց։
Սկզբում աղմուկի, այնուհետև ցրտի պատճառով քնել չկարողացա։ Առավոտյան վաղ նստեցի անկողնու մեջ։ Երեխաներն արդեն վրանի մի ծայրից մյուսը սուրում էին չմուշկներով, ուստի մինչև Նաիրիի արթնանալը դուրս եկա։ Նոր կարգավիճակն ինձ ստիպեց թափառել  վրանների արանքներով։ Եթե առաջներում շաբաթը մեկ անգամ աղբը տարվում էր, ապա հիմա բակը հագեցված էր աղբով, այն միշտ թրջված էր պահում աշնանային ցողը։ Երբ հասա կանաչ, փայտաշեն մեծ վրանին, թաքնվեցի նրա հետևում։ Տիրող լռությունից մարդացա և կանգնեցի ինքս իմ դեմ։ Լուսամուտից երևացող դեմքը իմն էր՝ այն իսկապես աղետյալի դեմք էր, որքան սարսափ կար ապակուց ինձ նայող աչքերի մեջ։ Սկսեցի լաց լինել, միաժամանակ չմոռանալով խնդրել երկնավոր տիրոջը, օգնելու ինձ, աղետյալ վիճակից դուրս գալու, բայց ամեն անգամ կարծես աղոթքս դիպչում էր երկնքում կուտակված սև ամպերին և ետ դառնում։ Աստծուն չէր հասնում իմ ձայնը․․․, Իսկ գուցե հասնու՞մ էր․․․Գուցե․․․
Ներս մտա, Նաիրին արդեն  հագնվել  էր։
-          Ինձ ոչ ոք ոչինչ չի ասում, ոչ էլ նախաճաշելու իրավունք ունեմ,- տխուր բողոքեց նա, ապա քայլեց դեպի դուրս,- Գնամ նորից հարցնեմ, գուցե չտանե՞ն,- նրա արտասանած վերջին բառը լի էր հույսով։ Նույն հույսով էլ սպասում էի նրան՝ իսկապես, գուցե չտանե՞ն․․․
Ինքս գնացի նախաճաշի հետևից, երբ վերադարաձա, եկավ նաև Նաիրին։
-          Չէ՜, տանում են,- ծոր տվեց նա, մեծ ճամպրուկը դուրս քաշեց,- սա չեմ տանում, կվերցնեմ միայն պիտանի բաները,- նորից վերադասավորեց իրերը, նստեց։
-          Իսկ ինչո՞վ ես գնալու,- հետաքրքրվեցի ես։
-          Աշխատողն ասաց՝ տաքսի պետք է գա իմ հետևից, այնուհետև չգիտեմ,- ավելի տխրած՝ պատասխանեց նա, վերցրեց իրերը, մի քանի անգամ շուրջը նայեց, մեծ ու հին ճամպրուկը ոտքով հրեց մահճակալի տակ և ժամանակից շուտ դուրս եկավ՝ առանց հրաժեշտ տալու։ Հայացքս մնաց նրա հետևից, աչքերս արցունքակալեցին, փորձեցի կուլ տալ, որպեսզի չգլորվեն, բայց այտերս թրջվեցին և ես նորից լաց եղա։ Նաիրին միակն էր, որին գիտեի դեռ Թրիրից, իսկ հիմա, նա գնաց ինձ թողնելով օտար ու պաղ վրանի կենտրոնում՝ շրջապատված սպիտակ սավաններով, իսկ ովքե՞ր էին այդ սավանների հետևում՝ չգիտեի և հազիվ էլ թե իմանայի։
Հետո լռեցի, մնաց միայն տխրությունս, բայց Նաիրիի  վերաբերմունքը ինձ սրտապնդեց, և իմ խորհուրդը վերադարձավ ինձ՝ ես և Նաիրին ընդամենը ժամանակավոր բախտակիցներ էինք։ քանի որ նրան հիմնականում տեսնում էի նախաճաշին, ճաշին և ընթրիքին, ուստի տխրությանս հաղթեց անհանգստությունը՝  սկսեցի մտածել երկհարկանի մահճակալի համար, ինչն օրենքով արդեն ինձ չէր հասնում՝ որպես միայնակի։ Նայեցի երկրորդ հարկին՝  Նաիրին անկողինը չէր հավաքել, իսկ հյութով շիշը կիսով լիքը դրված էր բարձին։ Ձեռք չտվեցի։ Ակամա այնպիսի տպավորություն էր, կարծես այնտեղ ինչ որ մեկը գիշերում էր։

Комментариев нет:

Отправить комментарий