суббота, 6 апреля 2019 г.

Մեռնող օրերից մեկը(596-րդը)


Թվում էր՝ աշխարհի բոլոր փախստականների ճանապարհները խաչվում էին Եվրոպայում, որից ծնվում էին ճամբարները, և ամենուր թևածում տարբեր ազգերի բարքերը։
Մշուշն իր խտությամբ վեր էր ածվել քուլաների, և թվում էր՝ երկնքի ամպերը, խոսքները մեկ արած, նստել էին ճամբարի վրա, կարծես քայլում էի ամպերի միջով, սպասելով լուսաբացին, իսկ լուսաբացն իր հետ բերեց միայն սպիտակ գույնը՝ առանց արևի։ Աստիճանաբար երևացին մոմի պես աղոտ վառվող էլեկտրական լույսերը՝ կախված  բարձր սյուներից․ նրանք ճոճվում էին, ինչպես մեգապոլիսի երկնաքերերը։
Ինչպես միշտ, նախաճաշի ժամին Նաիրին դեռ քնած էր իմ գլխավերևում։ Նրա ծանրությունից  առաստաղն ավելի էր մոտենում ինձ, իսկ ես հաճախ ստիպված էի լինում այն ոտքերով ետ հրել։
Աֆղանը, կարմիր ցանցը ձեռքին, ուրախ ժպիտով, մոտեցավ ինձ, հերթական անգամ հասկացնելով, որպեսզի իրեն տամ իմ ու Նաիրիի քարտերը։ Վերցնելով ուրախացած դուրս գնաց։
Սկսվեց վրանի ելումուտը երկու դռներից։ Մեկը մյուսից ետ առաջ կամ լվացվելու էին գնում կամ նախաճաշի հետևից, իսկ այդ ընթացքում ծնողների ուշադրությունից մշտապես դուրս մնացած անլվա երեխաներն աղմկում էին՝ հեծանիվներն արագ քշելով վրանի ներսում, մահճակալների արանքներով։
Առավոտյան իմ քունը խաթարող նամազից հետո, փորձեցի մի պահ քնել, բայց քանի որ երեխաները հեծանիվով դիպչում էին մահճակալիս, ինձ մնում էր սավանի հետևից հետևել  նրանց մանկական անհոգ խաղերին, որից ինձ բաժին էր հասնում հիմնականում աղմուկի տեսքով։
Աֆղանը բերեց  նախաճաշը, Նաիրին արթնացավ, ոտքերը երկրորդ հարկից կախեց իմ դեմքին։
-          Այսօր վրացիների և Միշայի հետ հեծանիվներով գնալու ենք մարկետ։
-          Իսկ հեծանիվները որտեղի՞ց եք հայթհայթել,- հետաքրքրվեցի ես։
-          Չենք հայթհայթել, այնտեղ՝ պատի տակ շարված են, պարզապես մեկ օր առաջ պետք է վերցնել՝ երեկ մեզ հաջողվեց։
-          Դե լավ է, շատ չեք հոգնի։
-          Էլ մի ասեք, ամեն վերադառնալուց ոտքերս մի քանի օր տնքում են,- պատասխանեց նա և վերևից ցատկեց հատակին։ Քանի որ միշտ հագնված էր քնում, ուստի հագնվելու բան չուներ։ Վերցրեց սրբիչը, դուրս եկավ լվացվելու։
Նախաճաշից հետո իմ մահճակալի շուրջը հավաքվեցին վրացիները, Միշան՝ սպասելով Նաիրիին։ Նա իր հերթին ավարտեց ուտելը, և բոլորը միասին դուրս եկան։ Ես էլ, որպեսզի երկար հերթի մեջ չհայտնվեի, վաղ գնացի կանգնեցի բուժկետի դռանը, թեկուզ այն դեռ փակ էր։

Комментариев нет:

Отправить комментарий