пятница, 31 мая 2019 г.

Դասատուն ինձ զրկեց սերտեֆիկատից (596-րդը)


Վերջապես անձրևը դադարեց։ Նախաճաշելուց հետո նորից դուրս եկա քայլելու՝ մտածելով, գուցե երկար նստե՞լն է ազդում ինքնազգացողությանս վրա, բայց պարզվեց՝ իմ իմացած փողոցները մայթեր չունեն։ Դեպի վեր տանող ճամփան ոլորաններով կորչում էր երևացող տների արանքներում, իսկ դեպի ներքև տանողը բաժանվում էր մի քանի ճյուղերի, անհետանում կտրուկ շրջադարձում։ Գուղի յուրաքանչյուր թիզը սալիկապատված էր։ Քայլում էի, տխուր մտորում, թվում էր՝ այս երկրի ժայռերն էլ են ենթարկվում հզոր տնտեսությանը և ոչ մի տաշեղ ցրիվ չեն տալիս դաշտ ու հանդերում։ Այս դեպքում էլ ակամա և ցավով հիշեցի իմ քարաստան-հայրենիքը, որտեղ իսկապես երկիրը քար ու սարից է կազմված։ Միաժամանակ, որքա՜ն թանկ արժե այդ նույն խանգարող քարը, որն ամենուր է՝ բակում, դաշտում, սարում, գյուղում, փողոցում՝ ամենուր և իսկապես որքա՜ն թանկ կարող է արժենալ այն, եթե մարդը ցանկանա նույնկերպ սալիկապատել իր շրջապատը, իսկ գուցե չսալիկապատելը միջոցի՞ խնդիր է։ Գուցե: Իսկ ավելի ստույգ այն նման է մշակույթի։ Չէ՞ որ գերմանացին էլ նույն կարիքավորն ու հարուստն է, իսկապես մշակույթի և երկիրը սիրելու խնդիր է, իսկ մենք սովորել ենք սիրել ու գնահատել ուրիշինն ու պատմական հայրենիքը։
Առավոտյան եկավ մեքենան, մեզ դասի տանելու՝ այս անգամ վարարոդը երիտասարդ կինն էր։ Ֆաթիմային, ալբանացի կնոջը և ինձ տարավ հերթական անգամ դպրոց։ Դասարանը մարդաշատ չէր։ Դասատուն նկատողություն արեց ինձ դասին չներկայանալու համար և զրկեց սերտեֆիկատից։ Չտխրեցի, քանի որ սերտեֆիկատ ստացողներն էլ, ինչպես ես, գերմաներեն չգիտեին։
Երեկոյան վերադարձավ Սոմալին, իսկ Ֆաթիման, գումարը ստանալով, նորից մեկնել էր որդուն տեսության։ Ինձ համար սկսվեց խաղաղ օրերը, ժամանակավորապես ձախ ականջս հանգիստ էր։
Ուշ երեկոյան նորից հնչեց դռան զանգը։ Գյուղապետն էր։
-          Հալլո, ահա՛, նորից բերել եմ բանալին, որպեսզի աշխատանքն ավարտես,- ասաց նա՝ բանալին սեղանին դնելով։
Ինձ համար արդեն դժվար չէր աշխատելը, որքան էլ անակնկալ լիներ, առավել ևս, եթե ամենավերջին՝ երրորդ հարկն էր մնում մաքրելու, ուստի գործին սովորած մարդու պես ժպտացի՝ անգամ սուրճ հյուրասիրելով արդեն մեր բարեկամ գյուղապետին, նաև մեր միակ այցելուին։
Առավոտյան շարունակում էր մաղել գիշերվանից սկսած բարակ անձրևը։ Այն նկատելի էր դառնում միայն գետնի թացությունից։ Լուսամուտից նայում էի արթնացող բնության համայնապատկերին։ Ամենուր զգացվում էր կենդանության շունչը, իսկ տանիքների ծխներույզները, կարծես, հոգևարքի մեջ էին։ Նրանք երբեմն էին ծխե քուլաներով  բարձրանում վեր։ Ամպերն արագ մանևրում էին հյուսիսից հարավ և հակառակը, իսկ  հազվադեպ երևում էր կապույտ երկնքից մի կտոր, բայց այն արագ կորչում էր սև ամպերի ծալքերում։
Թվում էր՝ հեռվից երևացող ծառերի գագաթները մխրճվել էին ամպերի մեջ, իսկ նրանց առջև փռվել էր կանաչ արտը։ Արտի մի կտորը դեռ չէր կանաչել՝ այն նման էր խռովածի, և կարծես արթնացած կանաչը սփոփում էր նրան՝ զարդարելով շուրջը։
Առաջին ծխնելույզը վաղ էր արթնացել։ Նրա սպիտակ ծուխը տարածվում էր շուրջը՝ մատնելով քամուն։
Ողջ գիշեր տեղացած անձրևը նորից լվացել էր տանիքներն ու բակերը, իսկ կանաչը, ինչպես միշտ, փայլում էր։ Կարծես, փոշին խռովել էր անդադար անձրևներից և հեռացել գյուղից՝ բույն դնելով իմ հայրենիքի պես մի երկրում, որտեղ յուրաքանչյուր շարժումից փոշու ամպ է գոյանում և ոգևորված երկար մնում օդի մեջ։
Առավոտյան ամպերը մի քիչ էլ թափվեցին՝ նորից լվանալով ամենուր, այնուհետև կարծես հոգնեցին իրենց լինելուց, դանդաղ քաշվեցին հեռուները։ Երևաց արևը։ Օդը տաքացավ։ Իսկական գարունը շնչում էր ու փթթում։
Սոմալին դեռ քնած էր։ Դուրս եկա, գնացի՝ շարունակելու աշխատանքը։ Վերջին օրը երկար աշխատեցի, բավականին ուշ ավարտեցի։ Երբ վերադարձա, Սոմալին արդեն խոսում էր հեռախոսով։ Դեռ նոր էի հասցրել մտել սենյակ, երբ հնչեց դռան զանգը։  Ուշացումով Սոմալին բացեց դուռը, ներս մտավ նիհար, բարձրահասակ մի տղամարդ, ով սկզբում անծանոթ թվաց։
-          Հալլօ։
-          Հալլո,- միաբերան կրկնեցինք ես և Սոմալին, ապա հարցական հայացքներս մեխեցինք անծանոթի վրա։
-          Ես սոցիալն եմ,- բառերը շեշտելով արտասանեց նա։
-          Ա՜,- այս անգամ ծոր տվեցինք մենք՝ իսկապես հիշելով ազուլի բարևը վերցնող և ազուլի կողմը նայող բարի աշխատակցին,- Սոցիա՜լը,- բացականչեցինք մենք նորից միասին, քանի որ զարմացած էինք՝ սոցիալն առաջին անգամ ոտք էր դրել  ազուլների շենքը։
-          Հեռուստացույց,- ասաց նա, ես ու Սոմալին այս անգամ լուռ իրար նայեցինք,- TV-, շարունակեց նա՝ ձեռքերով ցույց տալով քառակուսին։
-          Ա՜․․․․,- իսկապես և վերջապես հասկանալով՝ նորից միասին ծոր տվեցինք մենք, ապա նրան ուղեկցեցինք ընդհանուր սենյակը։ Ես առաջ անցա, ձեռքս դրեցի այրվող ջեռուցմանը։
-          Այո, այո, գիտեմ,- պատասխանեց նա, ապա մի քանի անգամ միացրեց, անջատեց հեռուստացույցը։  
-          Ոչինչ չի ստացվում,- տխրեց նա, այնուհետև մի քանի հարցեր տվեց մեզ։ Ես և Սոմալին հիմնականում պատասխանում էինք՝ առանց հասկանալու հարցի իմաստը։
-          Լավ է, լավ է, - կրկնում էինք մենք։ Ա՜խր, թեկուզ հասկանայինք, ի՞նչն էր լավ։
Երբ սոցիալի բոլոր ջանքերն ապարդյուն անցան։ Նա արագ հրաժեշտ տվեց մեզ՝ կարծես փախչելով այդ անդուր ու մութ հարկից, որն, առանց էլեկտրականության, նման է լքված գետնանցումի, եթե այդ ամենին գումարենք նաև իմ ու Սոմալիի անիմաստ պատասխանները։ Սոցիալի գնալուց հետո, Սոմալին ավելի ոգևորված սկսեց խոսել հեռախոսով։ Արդեն ուշ ժամ էր, նա դեռ խոսում էր, իսկ նրա հարցականները ծակում էին իմ տանջված ականջները։

Комментариев нет:

Отправить комментарий