воскресенье, 12 мая 2019 г.

Նրանք որքան շատ էին խոսում, ես նույնքան համրանում էի (596-րդը)


Նոր կենվորները՝ մեկը արաբ էր, մյուսը քուրդ, իսկ երրորդը սոմալեցին էր, ինչպես Ֆաթիմայինը, նրանց մայրենի լեզուն նույնպես արաբերենն էր՝ ստիպեցին ինձ ավելի մեկուսանալ և անգամ օրերով մնալ սենյակում փակված։ Առավոտից երեկո բաղնիքը, զուգարանը, խոհանոցը նրանցն էր՝ նրանք ժամերով ուտելիք էին պատրաստում և ողջ ընթացում հեռախոսն ականջներին բարձր խոսում էին և ավելի բարձր ծիծաղում, ինչպես ճամբարում։
Երեկո էր։ Միջանցքի ոտնաձայներն ստիպեցին գլուխս դուրս հանել մեկուսարանի վերածված սենյակից՝ ֆաթիման էր, ճամբարում իմ տեսած երիտասարդի հետ։
-          Hallo!,- միասին արտասանեցին նրանք, ապա Ֆաթիման բանալիով բացեց  սենյակի դուռը
-          Ու՞ր էիր,- հարցրեցի, ուշադիր նայելով նրա հետ եկած երիտասարդին, որի նիհար դեմքը կորած էր մազ ու միրուքի մեջ՝ երևունէին միայն սև, խոշոր աչքերը։
-          Սա իմ որդին է, գնացել էի նրա մոտ,- մեծ ճիգ գործադրելով՝ հասկացրեց ինձ։
Քանի որ խոսելու ձևը բացառված էր մեր շփման դեպքում, ուստի միայն ժպտացի որդուն, որպեսզի թե ուրախ եմ, այնուհետև տվեցի արդեն մեկ ամիս ինձ հետաքրքրող հարցը․
-          Իսկ բանալին քեզ որտեղի՞ց։
-          Այստեղից,- նա ինձ տարավ, ցույց տվեց իր բաժին զուգարանի դռան հետևի անկյունը։
Մեզ մոտեցան նոր կենվորները։ Արաբերեն բարևեցին Ֆաթիմային և որդուն։ Նորից մնացի չհասկացված, և երբ նրանք սկսեցին զրուցել, իսկ ինձ մնում էր քաշվել  իմ սենյակը։
Իմ բաժին լուսամուտից երևացող բնությունը ոչնչով հնարավոր չէր փչացնել։ Այն կատարյալ էր՝ թռչունների բազմությամբ, թեք դաշտերի անսահմանությամբ, սրածայր ծառերի փարթամությամբ և երևացող զառիվեր ճամփով։ Կարծես ամեն անգամ  հերթական հետիոտին այն  տանում էր դեպի անվերջություն։ Ամենուր գերիշխում էր կանաչ գույնը։ Երկար ժամերով նայում էի բնության չխամրող համայնապատկերին և մխիթարվում․․․ Ձմեռն այս երկրում, գարնան գույն ուներ։
Անցան օրեր։ Երկու արաբ կանայք տարբեր մեքենաներով, տարբեր օրերի գնացին, այլևս չվերադարձան։  Նրանք ինձ համար ընդմիշտ մնացին անծանոթ ու անհայտ։ Սոմալին տեղափոխվեց նրանց սենյակը։
Առավոտյան ճամպրուկի անիվների ձայնն ինձ ստիպեց դուրս գալ միջանցք՝ Սոմալին հագնված, քարշ էր տալիս մեծ, ճամփորդական ճամպրուկը։
-          Ու՞ր,- մոտենալով, հարցրեցի նրան։
-          Գնում եմ,- ձեռքը թափահարելով, խռովածի պես պատասխանեց արաբերեն, ապա իր բաժին ընդհանուր մուտքի բանալին տվեց ինձ։
-          Ինչու՞,- զարմացա ես։
-          Այլևս չեմ վերադառնա այստեղ,- նա ձեռքերի օգնությամբ, ցանկացած լեզվից ավելի պարզ բացատրեց և սկսեց լաց լինել։ Այդ պահին պատրաստ էի անգամ սենյակը զիջել նրան, բայց բախտս բերեց, քանի որ նա դուրս եկավ։ Բանալին կախեցի միջանցքի կախիչից։ Ֆաթիմայի որդու ծխախոտի ծուխն արդեն սենյակից դուրս էրեկել միջանցք, ուտի  փակվեցի սենյակում։

Комментариев нет:

Отправить комментарий