понедельник, 6 мая 2019 г.

Ազոն վրդոհված էր, իսկ ես․․․ (596-րդը)


Անձրևն սկսել էր հաճախ զիջել ձյանը։ Օրեցօր աշունը դառնում էր էլ ավելի խստաշունչ, սակայն բնությունը մնում էր նույն փարթամն ու կանաչը, և այն իմ միակ մխիթարությունն էր, որին միշտապես խառնված էր զարմանքս։
Հաճախ օրերն սպանում էի՝ բուժկետի դռանը հերթ կանգնելով , իսկ երբեմն, երբ արևն իր կիսատ շողերով երևում էր, քայլում էի այնքան, մինչև հասնում  Հան օդանավակայան, նորից  ետ դառնում։
Այլևս մեկուսացված էի հոգով։ Լեզվի չիմացությունն այս դեպքում այնքան էլ կարևոր չէր, պարզապես խորթացել էր ամեն ինչ, և իմ միակ բարեկամը մնում էր սպասումը։
Անցան օրեր։ Հերթական «Transfer»-ը տարավ փոքրիշատե ծանոթ ևս մի քանի դեմքեր, այդ թվում նաև ինձ համար այդպես էլ անծանոթ մնացած իմ հայրենակից երկու ընտանիքներին՝ Գոգոյի և Հասոյի։ Ճամբարում, որպես ծանոթ, մնաց Կաման՝ իր ընտանիքով, եթե անտեսենք ադրբեջանցի Մեհտիին և Արմենի ընտանիքին, որի հետ հետո ծանոթացա։
Ավտոբուսների շարժվելուց հետո հևալով եկավ Ազոն։
-          Ձեզ չի՞ անհանգստացնում, երբ բոլորը գալիս են ճամբար և տեղափոխվում դեռ ամիսը չլրացած, իսկ մենք արդեն երեք ամիս է, ինչ այստեղ ենք,- վրդոհված սկսեց նա։
-          Բայց ես ի՞նչ կարող եմ անել,- մեղավորի պես տեղից կանգնեցի, նայեցի նրա կանաչ, խռոված աչքերին։
-          Գնանք բողոքենք։
-          Ու՞ր գնանք։
-          Թրիր։
-          Կարծում եմ՝ նրանք ավելի լավ գիտեն մեր տեղը, քան մենք։
-          Էլ պատճառը ո՞րն է։
-          Ի՞նչ իմանամ,- անզորությունից միայն ուսերս վեր քաշեցի։
-          Ինչու՞ չեք գալիս մեզ մոտ։
-          Կգամ։
-          Եկեք հենց հիմա գնանք։
-          Գնանք։
Ներս մտանք մեջտեղի դռնից, անմիջապես դռանը կից նրանց սավանապատ կացարանն էր։ Երկու մահճակալները միացված էին իրար, երկրորդ հարկում ոչ ոք չէր քնում։ Նրանք ընտանիքով տեղավորվել էին առաջին հարկում։ Կաման երեխաների հետ դեռ պառկած էր, ինձ տեսնելով՝ ալարկոտ նստեց տեղում։
-          Գլուխս ցավից պայթում է, էլ չեմ դիմանում,- սկսեց նա,- Ասում եմ՝ չգնա՞նք բողոքենք։
-          Ես, որ գնամ էլ, հազիվ թե կարողանամ բողոքել։
-          Ինչու՞,- զարմացած քնատ աչքերը տրորեց Կաման։
-          Լեզու չգիտեմ։
-          Իսկ ո՞վ գիտի, բոլորն էլ գնում են, հենց մի քիչ ուշանում է տեղափոխությունը։
-          Կարելի է այս շաբաթ էլ սպասել,- առաջարկեցի, քանի որ իսկապես ոչ մի տեղ գնալու տրամադրություն չունեի և չէի էլ ձգտում։ Կաման նորից  պառկեց։
Հինգ տարեկանի մոտ մի աղջնակ, ներս մտավ, կանգնեց  Կամայի դիմաց, սկսեց տրտնջալ։
-          Սրանք էլ մի կողմից,- նյարդայնացավ Կաման, նորից նստեց։
-          Ո՞վ է,- հետաքրքրվեցի, հինալով սպիտակամորթ աղջնակով, որի շագանակագույն վարսերը հասնումէին մինչև գոտկատեղը։
-          Վերջերս են եկել։ Բարեկամի տանն էին մնում։ Հիմա եկել են այստեղ «Transfer»-ի հույսով,- բացատրեց նա, ապա ավելի վրդոհված ավելացրեց,- Մայրն ալարում է իր երեխաներին կերակրել, ամեն առավոտ այսպես է,- ձեռքերը տարածեց նա։ Երեխան լաց լինելով ետ գնաց։ Նրա հետևից դուրս եկա, շրջելու ճամբարում։  Այն մի տեսակ ավելի ցուրտ թվաց, քան կարող էր լինել ցանկացած սառնամանիքի ժամանակ։ Վրանների գլխավոր մուտքերի մոտ աղբաշատ էր դարձել, իսկ աղբամանները՝ լիքը՝ կախ ընկած անպետք հագուստով ու սպիտակեղենով, գետնին միշտ առակա էր ուտելիքի թերմացքը՝ պոլիէթիլենային տոպրակներով, հաճախ էլ ցրիվ եկած, սակայն որքան էլ ցավալի է, աղբի գերակշռող մասը հացն էր։ Այն ամենուր էր՝ ոտքի տակ, պատերի տակ, ճամփամիջում, աթոռների վրա, սեղանների տակ, զուգարանների մոտ, իսկ ներսում աղտոտվածությունը հասնում էր գագաթնակետին։ Աղջիկ, տղա պարզապես զուգարան էին նստում միջանցքներում, իսկ այնտեղ միշտ առկա ջուրը խառնում էր իրար նրանց թողած հետևանքները՝ հակասանիտարական վիճակը հասցնելով սրտխառնոցի։ Այլևս մտնելն անհնար էր, որքան էլ գերմանացի հայր ու աղջիկ տքնաջան մաքրեին քրդերի, աֆղանների, պարսիկների, արաբների, սոմալեցիների, էրիթրեացիների կենցաղային հետևանքները։

Комментариев нет:

Отправить комментарий