суббота, 25 мая 2019 г.

․․․բայց հուռթի լեռնե՞ր․․․ (596-րդը)


Հախենբուրգում ցուրտ էր, ինչպես ամենուր և ավելի ցուրտ, քան ձմռանն էր, իսկ գուցե հոգի՞ս էր մրսում։ Գուցե։ Եվ այդ սառնությունը վերագրում էի ձմռանը։
 Ընդամենը մի քանի օրական էր Հելենը՝ Մանեի երկրորդ դուստրը և որպես փոքրիկ մարդուկ, առայժմ լացելու և ուտելու իրավունքով, նաև անզոր էր, միաժամանակ՝ ուժեղ, ուստի մեզ մնում էր գիշերուզօր ենթարկվել նրան՝ լաց լինելիս գրկել, սոված ժամանակ կերակրել։ Իսկ մեր կողմից նաև հավելյալ սիրել՝ որպես քնքուշ ու փոքրիկ էակի։ Ահա՛, այսպես մի պահ մոտիկանում էի իմ հարազատներին, որտեղ գտնում էի ամիսներ առաջ կորցրած ուրախությունը և նորից օրենքն իր անտես ուժով ինձ նորից դուրս էր անում այնտեղից։ Եվ իմ ցանկություններից զատ՝ պետք է ենթարկվեի երկրի կարգ ու կանոնին, վերադառնալով իմ օրինական տեղը։ Վերադարձա ավելի հուսահատված ու չգիտես ինչու դատարկված։ Ամեն անգամ Մանեի տանից դուրս գալիս, թվում էր այլևս չեմ կարողանալու վերադառնալ այնտեղ։
Հիասթափություն՝ ահա մի զգացողություն, որի մեջ առնվում էր իմ ողջ կյանքը մանրաթելերից բաղկացած, այն հաճախ ճրթճրթում էր կտրվելու աստիճան, բայց միշտ էլ բարակում էր ու մնում մազի պես կախված, և դա իմ կյանքն էր, իսկ այդ կյանքը լեցուն էր ոչ իրական հույսերով։
Ձմռան ցուրտը չէր ազդում միայն բնության զարթոնքին, գնացքի լուսամուտից երևում էր մշտական արթնացող բնությունը։ Տեղ-տեղ ծառերն արդեն սպիտակ էին հագել, իսկ դաշտերի կանաչը նոր ծիլ էր տվել։ Խաղողի որթերը ուր որ է պետք է պայթեին։ Ամեն տեղ տեսել եմ հուռթի դաշտեր, բայց հուռթի լեռնե՞ր, ինձ համար նորություն էր՝ հրաշակերտ նորություն։
Չնայած վաղ գարնանը, Վիտլիխում անտանելի  ցուրտ էր։ Մի քանի ժամ ստիպված էի կուչ գալ ավտոկայանում։ Քամին, անձրևն ու ձյունը, կարծես խոսքները մեկ արած, տեղում էին միանգամից, իսկ իմ հագին դեռ Նեդայի տված բաճկոնն էր, այն, մաշված լինելու պատճառով, այնքան էլ տաք չէր պահում։ Վերջապես եկավ ավտոբուսը, սառած ու մրսած տեղավորվեցի։ Ուրախ չէի վերադարձիս, պարզապես ինձ սփոփում էր ցրտից հետո ավտոբուսում տաքանալը։

Комментариев нет:

Отправить комментарий