воскресенье, 26 мая 2019 г.

Յուրաքանչյուրը՝ ինքն է ստեղծում իր կարագավիճակը (596-րդը)


Որքան էլ դրսում ցուրտ լիներ, գարունն աննկատ իր շունչն էր սփռում ամենուր։ Ջեռուցումն արդեն հաճելի չէր, առավել ևս գիշերուզօր։ Ինձ մնում էր առիթը բաց չթողնել և ամեն անգամ, սոցիալ մտնելիս կամ գյուղապետին հանդիպելիս, արդեն խնդրել, որպեսզի կարգավորեին ջեռուցումը, բայց օրերը շաբաթներ էին դառնում, անցնում և ոչ ոք դուռը չէր թակում սույն խնդրի համար։
Երբ գիշերները մի պահ այն անջատվում էր, կարծում էի կարգավորվել է կամ ընդմիշտ անջատվել,  բայց առավոտյան նորից միանում էր մինչև հաջորդ ուշ գիշերը։ Իհարկե, որպես արևելքի ժողովուրդ՝ Ֆաթիմային և Սոմալիին միայն ուրախացնում էր ջերմության առկայությունը, անգամ նման տոթերին, նրանք միշտ հագնված էին։ Սոմալին, ինչպես միշտ, վերարկուն չէր հանում, բայց շրջում էր բոբիկ։
Օրերը գլորվում էին՝ կազմելով իմ կյանքը, և այն սպառում էի՝ ունկնդրելով երկու օտար կանանց հեռախոսազրույցները, հաճախ նաև լացուկոծը, որը կարող էր և չլինել իմ կյանքում։
Նորից եկավ քաղաք գնալու օրը։ Ամեն անգամվա պես առաջինը դուրս եկա՝ կարծես փախչելու այդ հարկի անտեսանելի կապանքներից, որ արգելում էր լիաթոք շնչել, և օդը միշտ կանգնած էր մնում կոկորդիս, իսկ մարմինս խեղդվում էր, դառնում թույլ ու տկար։
Քիչ հետո Ֆաթիման կանգառ եկավ բարձր կրունկներով, երկար վերարկուով և, հակառակ այդ նուրբ հագուկապին՝ կոպիտ, մեծ սայլակ-պայուսակը հետևից քարշ տալով, քաղաքից մթերք բերելու համար։ Քիչ անց եկավ նաև Սոմալին՝ սպորտային կոշիկներով, նուրբ ու թափանցիկ շրջազգեստով, իսկ տակից երևում էր տաք տաբատը, կարճ գարնանային վերարկույով։ Շրջազգեստին համահունչ էր միայն գլխաշորը, ձեռքին բռնել էր մեծ, կոպիտ ուսապարկ և երկար, կապույտ անձրևանոց։
Ինչպես միշտ կարմիր ավտոբուսում միայն մի քանի ազուլներ էին՝ նրանց միացանք նաև մենք երեքով։
Գումարն ստանալուց հետո սոցիալին ևս մեկ անգամ հիշեցրի ջեռուցման մասին, այնուհետև քայլեցի քաղաքապետարան «Krankenschein» վերցնելու։ Աշխատասենյակում  նստած էր սևահեր աշխատակցուհին, իսկ մյուս սեղանի մոտ, ինչպես միշտ, ազուլի կողմը չնայող երիտասարդ գերմանացին, առնվազն իմ կողմը չնայող։ Իհարկե, արդեն պետք է որ սովորած լինեի նման վերաբերմունքին, բայց արի ու տես յուրաքանչյուր անգամ տրամադրությունս փչանում էր և լուռ մտորում էի մարդու ստեղծած կարգավիճակների մասին, որում իմ տեղն այնքան էլ նախանձելի չէր։

Комментариев нет:

Отправить комментарий