среда, 8 мая 2019 г.

Տաքսիները մեզ բաժանեցին (596-րդը)


Գլխավոր մուտքից  ներս մտավ մի կին։  Արաբ երիտասարդներն ընդառաջ գնացին նրան։ Կարճ խոսակցությունից հետո նա ետ գնաց, նրան հետևեցին մի քանի արաբներ, մյուսները շարունակեցին սպասել։ Եկավ մի ուրիշ կին և էլի ինչ որ բան ասաց, նորից ուղղվեց դեպի դուռը։ Նրան հետևեց Կամայի ընտանիքը։ Գնալուց առաջ նա մոտեցավ, գրկեց ինձ։
-          Մենք գնում ենք, անպայման կզանգահարեմ, որտեղ էլ լինենք։ Շատ կուզենայի միասին լինեինք, բայց ի՞նչ արած։
-          Ես էլ,- իսկապես որբացածի պես կուչ եկա՝ հենվելով պատին, կարծես աշխարհը լքում էր ինձ, և ես դատապարտվում էի հավերժ չհասկացված լինելուն և լռելուն։
Երբ Ազոն հետևեց կնոջը, Կաման վազելով միացավ նրանց։
Երբ սպասասրահում մնացել էինք սպիտակ գլխաշորով արաբուհին, Մուրադը՝ երկու երեխաների հետ և ես, ներս մտավ մի կին։ Նա նույնպես ինչ որ բան ասաց, Մուրադը ոտքի կանգնեց։
-          Նա եկել է մեր հետևից,- ասաց նա, մոտեցավ կնոջը, նրան մեկնեց թղթի կտորը,- Դուք ևս տվեք,- Մուրադը դիմեց մեզ և արաբուհու հետ միասին լուռ ու մունջ կնոջը տվեցինք մեր ձեռքի թղթերը։ Կինն անխոս ուղղվեց դեպի ելքը, մենք մեր բեռներով հետևեցինք նրան։
Երբ բակ դուրս եկանք, պարզվեց բոլոր հայտնվող անծանոթ կանայք տաքսու վարորդներ էին։ Մենք վերջինը լքեցինք շենքը։ Մի կերպ ծանր ու անհարմար բեռները տեղավորեցինք տաքսու մեջ։ Մենք էլ տեղավորվեցինք բեռների արանքներում։ Դժվարությամբ տեղավորվեց նաև դժգոհած վարորդը։
Րոպեներ հետո տաքսին կանգ առավ երկհարկանի շենքի դիմաց։ Առանց ուղեբեռների՝ վարորդը մեզ ուղեկցեց ներս և հրահանգեց սպասել դռներից մեկի մոտ։
Վերջապես առաջինը ներս հրավիրեցին սպիտակ գլխաշորով արաբուհուն։ Տևական ժամանակ հետո նա դուրս եկավ՝ երկու թուղթ ձեռքին և մի բանալի։ Երկրորդը Մուրադն էր՝ նա ավելի երկար մնաց ներսում՝ երեխաներին թողնելով մեզ մոտ, աղջնակը ողջ այդ ընթացքում անկյունում կուչ եկած լաց էր լինում։ Նա  ոչ ոքի մոտ չէր գնում և ոչ ոքի կողմը չէր նայում։ Մուրադը ևս դուրս եկավ նույն թղթերով և բանալիով, ոգևորված գրկեց աղջկան, մաքրեց նրա քիթը։ Երրորդը ես էի, բայց իմ լեզվի չիմացությունը Մուրադին ստիպեց մեկ անգամ ևս ներս մտնել։
Երկու կանայք նստած էին տարբեր սեղանների մոտ։
-          Hallo,- բարևեցի, բայց նրանցից միայն մեկը նայեց իմ կողմը և պատասխանեց  բարևին։ Մյուս կինը իմ՝ ներսում գտնվելու ողջ ընթացքում գլուխը համակարգչից չբարձրացրեց։ Վերջապես ինձ էլ տվեցին նույն թղթերից և բանալուց։ Եվ այդ պահից ինձ զգացի բոլորին հավասար։
Բարձրացանք երկրորդ հարկ, թղթերից մեկական վերցրեց աշխատակցուհին և փոխարենը յուրաքանչյուրիս գումար տվեց՝ իմ գումարը կազմում էր 83 եվրո և մի քանի ցենտ։ Այդ պահին նայելով իմ վիճակին՝ ուրիշի տված բաճկոնին, ամառային՝ արդեն մաշվող հագուստին, որը քարշ էի տվել ողջ ճամբարային կյանքի ընթացքում և վերջապես համարյա մաշված մինուճար կոշիկներին,  գումարն ինձ համար մեծ հնարավորություն թվաց, եթե հաշվի առնենք նաև ճամբարում տնտեսած երկու հարյուր եվրոն։
Տաքսին նորից սլանում էր քաղաքի փողոցներով և ամբողջ ընթացքում մեծ հույս էի փայփայում, որ շուտով այն կանգ է առնելու հերթական շենքի մոտ, վարորոդը հայտարարելու է․ «Սա ձեր բնակարանն է», բայց նա լուռ էր, ինչպես քարը,  որքան էլ լուսամուտից սրտատրոփ հիանաի տեսադաշտից ետ սլացող տներին։
Անսպասելիորեն մեր մեքենան նորից կանգ առավ, երբ արդեն քաղաքը մնացել էր հետևում։ Նայեցի շուրջը՝ բնակելի շենքեր չկային։ Վարորդն ինչ որ բան ասաց մեզ, իսկ Մուրադը թարգմանեց՝ որպես անգլերեն իմացողի․
-          Վարորդն ասում է մի քանի օրվա համար առևտուր արեք, մինչև կծանոթանաք ձեր նոր բնակատեղին։
 Որտեղ մենք մտանք առևտուր անելու, Թրիրում և Հանում իմ տեսած երկու սուպերմարկետների կրկնությունն էր։ Պարզվեց  նման խանութներ կան համարյա բոլոր խոշոր ու փոքր քաղաքներում։ Մնացի զարմացած եվրոպական զարգացած մոնոպոլիայից։
Մեր տեղն ավելի նեղացավ, երբ արված առևտրի հետ խցկվեցինք մեքենան։ Այն նորից սլացավ նեղ ու լայն փողոցներով, ոլորապտույտ ճամփաներով և վերջապես կանգ առավ։  Երբ ուզում էի իջնել՝ համարելով՝ երևացող երկհարկանի տան հարկերից մեկն իմն է, բայց համբերությունը հազիվ զսպող վարորդը նախատեց ինձ, ուստի մնացի տեղում նստած։
Իհարկե տխրեցի, երբ միայն Մուրադն իջավ երեխաների հետ։ Մեքենայում մնացի մենակ՝ սպիտակ գլխաշորով արաբուհու հետ։ Երկուսիս հայացքներն էլ անորոշ էր ու սպասողական։ Իրար նայում էինք օտարի պես և անհամբեր սպասելով հերթական կանգառին, որտեղ վարորդի հրահանգով մեքենան կլքեր մեզանից մեկը, բայց այն սլանում էր առանց կանգառի։ Ետևում մնացող յուրաքանչյուր մետր յուրաքանչյուրիս մեջ սպանում էր սպասվող հույսի մի մասնիկը։

Комментариев нет:

Отправить комментарий