понедельник, 13 мая 2019 г.

Ոչինչ չփոխվեց (596-րդը)


Սոցիալում նույն կանայք էին՝ նրանցից մեկը, սովորության համաձայն անտարբեր մնաց մեր բարևին՝ անգամ մեր կողմը չնայելով, իսկ մյուսը, լուռ հետևեց մեր բողոքին։ Մենք այնտեղից դուրս եկանք անորոշ, ավելի ստույգ՝ ճնշված, քանի որ մեր կողմը չնայող կինը հաստատուն ասաց․  «Դուք այլընտրանք չունեք», որքան էլ մյուս կինը նշումներ կատարեր մեր բողոքից։  
Այնուհետև ժամանակ պահանջվեց, որպեսզի բժիշկ գտնենք ինձ համար։ Այնտեղ մեզ դիմավորեցին ժպիտով, քանի որ Մանեն խոսում էր անգլերեն և փոքր ի շատե գերմաներեն։ Գերմանացի բժիշկին ոչ մի կերպ չհաջողվեց արտասանել իմ անունը, ուստի միայն ժպտաց և լսեց իմ գանգատները, ի վերջո դուրս գրեց համապատասխան  դեղատոմսը։
Օրը ցուրտ էր, մթերք գնելուց հետո, շտապեցինք տաք տեղ գտնելու՝ սպասելու մինչև ավտոբուսի ժամը։ Կանգառին մոտակա առևտրի սրահում չորս ժամ սպասելուց հետո, եկավ փոքրիկ բուսը և միայն ուսանողներից ու դպրոցականներից հետո,  մեզ հաջողվեց տեղավորվել, ուստի ես և Մաքը մնացինք դռանը կանգնած երեխայի սայլակի հետ։
Բուսում միայն ազուլներ էին՝ Ալժիրից, Սոմալիից, Սիրիայից, Ալբանիայից, Էրիթրիայից՝ դե՜, մենք էլ մեր երկրից։
Ալբանացիները երեք քույրեր էին՝ նրանց դիմագծերը նույնն էին, ինչպես բոլոր ալբանացիներինը, անգամ ճամբարի այն «սեքյուրիթիի» և այդ աղջիկների դիմագծերի մեջ նմանություն կար:
Մաքսի համար դժվար էր ամեն կանգառում իջնել սայլակի հետ, որպեսզի իջնողն իջներ, բարձրացողը բարձրանար։ Մինչև Արենիր, մնացինք մենք և երեք ալբանացի քույրերը: Պարզվեց՝ ալբանացիներն ապրում են նույն շենքի երկրորդ հարկում, ուստի իմ հարևանները, բարի գիշեր մաղթելով, մեզանից առաջ ընկան։
Ներս մտանք՝ հոգնած ու մրսած։ Առանց ախորժակի՝ ընթրեցինք։ Փոքրիկ Էռնան, մի քիչ միջանցքում վազվզելուց հետո, քնեց։ Ինչպես բոլոր հյուրերը՝ Մանեն նույնպես ընտանիքով գիշերեց ընդհանուր սենյակի բազմոցին, որտեղ օրեր առաջ տեղավորվել էր Ֆաթիմայի որդին, բայց նա ատամի ցավից քնել չկարողացավ, ուստի առավոտյան, դեռ լույսը չբացված, պառկած տեղից նստեցինք՝ պատրաստվելով նորից քաղաք գնալ։
Ֆաթիման հասցրեց ժամանակին դուրս գալ  իր սենյակից, իմանալով մեր քաղաք գնալու մասին՝ նորից անհանգստացավ․
-          Ինչու՞․․․, ու՞ր․․․
-          Սոցիալ,- պատասխանեցի ես՝ ավելի շուտ իմ իմացած բառն արտասանելով, քան  կարողանալով իսկությունն ասել։ Լսելով, նա արագ հավաքվեց՝ մեզ հետ քաղաք գալու։  Իհարկե, զարմացանք, բայց քանի որ անհնար էր արաբերեն բացատրել մեր խնդիրների մասին,  մեզ մնում էր համակերպվել այդ կնոջ ներկայությանը։
Պարզվեց՝ մեր խնդիրներն ավելի շատ էին, քան օրվա տևողությունը։  Մանեն այլևս չվերադարձավ գյուղ՝ նա էլ որպես մի «asul» պարտավոր էր ենթարկվելու օրենքին։ Քանի որ մոռացել էի Մանեի օգնությամբ բանալի խնդրել, ուստի  նրան ճանապարհելուց հետո, նորից գնացի սոցիալ՝ այդ խնդրանքով,  բայց քանի որ աշխատակիցներից մեկը չպատասխանեց իմ բարևին, նաև չնայեց իմ կողմը, ստույգ չկարողացա իմանալ՝ արդյոք նա լսե՞ց իմ արդարացի գանգատը, թե ոչ։ Դուրս եկա վհատված։ Ինձ մնում էր շտապել տուն՝  անհանգստանալով հաջորդ անկոչ հյուրի հայտնվելուց իմ սենյակում։
Մի քանի օրվա համար գնումներ կատարած, մի կերպ ծանր ու անհարմար տոպրակները  քարշ տալով՝ հերթական անգամ կարողացա ներս ընկնել և տապալվել անկողնուն մինչև հաջորդ առավոտ։

Комментариев нет:

Отправить комментарий