вторник, 7 мая 2019 г.

Կարծես երբեք էլ այնտեղ չէի ապրել (596-րդը)


Լուսաբացը դեռ գլուխը չէր բարձրացրել, մարդիկ սկսեցին իրերը քարշ տալ վրաններից դուրս։ Շուտով անցակետի մոտ գոյացան ճամպրուկների մեծ դեզերը։ Րոպեների ընթացքում իմ կացարանը հոդս ցնդեց։ Մնաց միայն մահճակալը։ Եկավ Նաթին, տեսնելով ուրախացած ընդառաջ գնացի, բայց նա, որպես մենեջեր, պարզապես հրահանգեց  գնալուց առաջ, հանձնել մահճակալը։ Մնացի շվարած ու անզոր՝ մահճակալի մոտ կանգնած, որի պատճատով  ճամբարային ամիսների ընթացքում միշտ անհանգստանում էի, թե ինձանից կտանեն,  և, ահա՛, այն ինձ հարկավոր չէր, ու ոչ ոք չէր ցանկանում վերցնել։ Անսպասել՝ ի ուրախություն ինձ, ներս մտան երկու երիտասարդ արաբներ, և փետուրի թեթևությամբ այն դուրս տարան։ Նրանց հետևից դուրս եկա բակ։ Երևաց բակ մտնող ավտոբուսների շարքը։ Մարմնովս դող անցավ։  Մոտեցավ հերթապահ քույրը, ինձ տվեց մի ծրայր, այն բժշկական տեղեկանքն էր։ Վերադարձա, նամակը թաքցրեցի պայուսակի մեջ, մնացի վրանի կենտրոնում՝ իրերիս մոտ կանգնած։Վազելով  եկավ Ազոն։
-          Ու՞ր են ճամպրուկներդ։
-          Ահա՛, սրանք են,- ցույց տվեցի Նեդայի տված կանաչ պայուսակը և երկու ճամպրուկներ։
-          Այսքա՞նը,- հարցրեց նա զարմացած, ապա ավելացրեց,- Ասենք ձեզ ոչինչ չտվեցին,- ձեռքը թափահարեց, ճամպրուկներից մեկը քարշ տալով՝ գնաց, փորձեցի մեկն էլ ինքս տանել, բայց  չհասցերցի։ Շտապելով եկավ Մեհտին։
-          Տվե՛ք, ես կտանեմ,- ասաց նա և շատ թեթևությամբ երկու բեռն առավ դուրս գնաց։ Վրանից դուրս գնալիս, ետ նայեցի՝ այնտեղ մնացող մարդիկ օտար էին, իսկ վրանն անծանոթ ու ցուրտ։ Կարծես երբեք էլ այնտեղ չէի ապրել։

Комментариев нет:

Отправить комментарий