четверг, 9 мая 2019 г.

Ֆաթիման (596-րդը)


Առավոտյան  արթնացանք շատ վաղ՝ ճմրթված ու մրսած։ Արաբուհին դողալով մոտեցավ, ձեռքը մեկնեց ինձ՝ այն կարծես սառույցից շինված լիներ։
-          Ֆաթիմա,- կրկնեց նա և նորից փղձկաց կուչ գալով։
Այս անգամ նա իսկապես դողում էր և այդ դողը նման չէր մրսողի։ Երկար ժամեր անզոր էի օգնելու նրան, մինչև խելքս կտրեց հարթուկը տաքացնել, դնել ոտքերի տակ՝ ծածկելով նաև իմ վերմակով։ Թեյը խմելուց հետո նա խաղաղվեց։ Ես շարունակում էի շվարած շուրջս նայել, երբ կարողացա կողմնորոշվել և, բացի նայելուց, նաև տեսնել կաթսայատունը։ Ուրախացած ֆաթիմայի հետ մտանք կաթսայատուն, որը, մեր կարծիքով, միացրինք, այնուհետև նորից պտտեցինք սենյակների կարգավորիչները, նրանցից  երկուսը մնացին ձեռքիս մեջ, բայց խնամքով նորից տեղը դրեցի՝ համոզված լինելով՝ այդպես էլ պետք է լիներ։
Առ ժամանակ հետո, ծածկոցն ուսերին, միջանցք դուրս եկավ Ֆաթիման, մոտեցավ ինձ, ավելի կուչ եկավ, ինչ որ բառ արտասանելով՝ ուսերը թոթովեց։ Դե եթե մրսում էր, ապա ցուրտ բառից բացի, հազիվ թե ուրիշ բառ արտաբերեր, ուստի ի պատասխան, պարզապես գլխով արեցի։
Երկու օրվա մեջ, միայն գիշերները, մի քանի ժամով հանում էի կոշիկներս, ուստի ոտքերս քարշ էի տալիս՝ առանց զգալու թաթերս։ Ցուրտը, մութը, օտարությունը, կարծես, ճամբարից հետս քարշ տված, բերած լինեի այդ շենքը։ Անգամ չգիտեի, թե այն աշխարհի որ մասում էր գտնվում՝  գյու՞ղ էր, քաղա՞ք, թե ամայությունում միակ շենքն էր։ Կարծես ճամբարից ինձ տեղափոխած լինեին աքսորավայր։
Հնչեց դռան զանգը։ Ֆաթիման շտապեց բացել այն։
-          Hallo!,- լսվեց տղամարդու ձայնը։
-          Ջուլի՜,- ձայն տվեց ֆաթիման։ Սկզբում մտածեցի հյուրի անունն է, բայց երբ ծեծեց իմ սենյակի դուռը, հասկացա՝ Ջուլին ես եմ։ Նա բռնեց իմ թևից, տարավ, կանգնեցրեց հիսունի մոտ, միջին հասակի, ճաղատ՝ անծանոթ տղամարդու առջև, ապա ձեռքով ցույց տվեց նրան՝ թոթովելով ուսերը։
-           Kalt?,- հարցրեց տղամարդը։
-          ja, kalt,- հասկանալով պատասխանեցի, ավելի ճիշտ կրկնեցի նրա արտասանած բառը։
Նա ծիծաղելով նայեց մեր հագուկապին,  ապա անցավ կաթսայատուն, մենք հետևեցինք նրան։ Նա մի քանի պտուտակ պտտեց, նայեց թևի ժամացույցին, հասկացրեց, որ մեկ ժամից տաք կլինի։ Ոգևորված հրաժեշտ տվեցինք նրան՝ սպասելով, թե շուտով կազատվենք մեր բաճկոններից։
Իջավ երեկոն, այդպես էլ նրա խոստացած մեկ ժամը չանցավ, և մենք մնացինք բաճկոններով։
Մթնշաղ էր։ Նորից հնչեց դռան զանգը։ Ապակե դռնից երևացին երկու անծանոթ տղամարդիկ, քանի որ մենք ևս անծանոթ էինք, ուստի մեզ մնում էր բացել դուռը։
-          Ալբերտ,- ներկայացավ առաջինը ներս մտած տղամարդը։ Մենք ուշադիր նայեցինք նրան, իսկ նա շարունակեց,- Շեֆ Արենիր։
-          Մարկ,- ներկայացավ մյուսը։ Ֆաթիմայի հետ ուշի ուշով մի պահ էլ նրան նայեցինք։- Kalt?,- հարցրեց նա՝ ուշադիր նայելով մեզ, ապա, առանց պատասխանի սպասելու, անցավ կաթսայատուն, նրան հետևեց Ալբերտը,  մենք էլ Ալբերտին։
Մարկը նորից պտտեց առաջինը եկած տղամարդու պտտած պտուտակները և դուրս եկավ, մենք էլ նրա հետևից։
-          Kaffee?,- արտասանեց Ֆաթիման։
-          Ja, gerne,- պատասխանեց գյուղապետը։
Ինձ մնում էր ժպտալ և անցնել խոհանոց՝ սուրճ պատրաստելու, քանի որ Ֆաթիման սառած ձեռքերով միշտ ուսերի վրա բռնած պահում էր ծածկոցը։ Նրանք, խմելու ընթացքում, մի քանի անգամ նայեցին ժամացույցին, կրկնելով․
-          Balt wird warm,- ապա անհանգստացած նայում էին միջանցքի հեռու անկյունը, որտեղ կաթսայատան դուռն էր։
Մենք մեր գոհունակությունը հայտնում էինք գլխի շարժումով, իսկ Ֆաթիման իր կողմից հարցեր էր տալիս՝ ձեռքերը ոլորելով տարբեր կողմերի։ Խմելուց հետո բարի գիշեր մաղթեցին, գնացին։ Մինչև նրանց գնալը, զգացվեց ջեռուցման գործելը, ուստի Ֆաթիմայի հետ կարողացանք միայն ուրախանալ՝ նորից մնալով բաճկոններով, քանի որ դեռ հեռու էր նման մեծ հարկը տաքանալուց, որի կահավորանքը հուշում էր՝ այն նախկինում ծառայել էր, որպես հոթել։

Комментариев нет:

Отправить комментарий