четверг, 9 мая 2019 г.

Ոչ ոք ոչ ոքի պարտական չէ (596-րդը)


Վերջապես մեքենան կանգ առավ զառիթափ ճամփեզրի երկհարկանի տան դիմաց, առանց գյուղ մտնելու։ Վարորդն անխոս, շտապեց իջեցնել մեր բեռները և նույն շտապողականությամբ նստեց մեքենան։ Արաբուհին մոտեցավ, բանալին պտտեց վաղուց փակ, աշնան տերևներով ու սարդոստայնով պատած դռան կողպեքի մեջ։ Այն չբացվեց։ Մենք հուսահատ նայեցինք վարորդին, նա նույնպես սպասում էր դռան բացվելուն՝ ղեկին նստած, մի ձեռքը բանալուն պահած։ Գլխի ընկնելով, մեքենայից ձեռքով ցույց տվեց շենքի մյուս դուռը և, առանց սպասելու հաջորդ փորձությանը, մեքենան պոկեց տեղից։ Այն նման էր փախուստի։
Հին ու ծանր դուռը ետ գնաց։ Մութ սրահի խոնավ, ցուրտ օդը դիպավ մեր դեմքին։ Խարխափելով, պատերը շոշոափելով՝ առաջ գնացինք, ինձ հաջողվեց վառել լույսը։ Բավականին մեծ նախասրահում երևաց բար հիշեցնող անկյունն՝ իր հին ու փոշոտ սեղանով, սառցախցիկով ու սառնարանով։  Մնացինք կանգնած՝ մի կողմից երևում էր  երկար, նեղ միջանցքը, իսկ հակառակ կողմում առանց դռների մեծ սրահն էր, որտեղ դրված էր մի հնամաշ բազմոց, սեղան ու մեծ, դատարկ պահարան, որի միակ սպասքը գարեջրի մի բաժակ էր։ Ընդհանուր առմամբ՝ այն հիշեցնում էր լքված հոթելի։
Ցուրտը մեզ ստիպեց  արագ կողմնորոշվելու, ուստի  շտապեցինք  առաջանալ՝ տաք սենյակ գտնելու ակնկալիքով։ Նեղ սրահը մեզ տարավ մի քանի դռների դիմաց։ Քանի որ Վիտլիխում մեզ տվել էին միայն գլխավոր մուտքի մեկական բանալի, ուստի սենյակների դռները բաց էին՝ առանց կողպեքի։ Բացեցի առաջին դուռը՝ սենյակում տեղադրված էր փոքր ու թեթև մի պահարան՝ առանց հարմարությունների, որտեղ կարող էր տեղավորվել միայն կես մարդու հագուստ, իսկ ես մի ամբողջ մարդ էի, ուստի իրերս պայուսակով մնացին հատակին։ Մահճակալը՝ թեթև ու բարակ անկողնային պարագաներով էր։ Տպավորությունն այնպիսին էր, կարծես մեծ ջանք էր գործադրված, գտնել ու գնել աշխարհի ամենաէժան ապրանքները և կարծես փնտրողին հաջողվել էր։ Ինչևէ, ոչ ոք ոչ ոքի պարտական չէ։ Նման սկզբունքով էլ նստեցի անկողնուն, քանի որ, ինչպես ճամբարում, այնպես էլ իմ երազած բնակարանում  մահճակալը դարձյալ պետք է ծառայեր, որպես սեղան, աթոռ, իսկ քնելու ժամանակ, իհարկե նաև որպես անկողին։
Արաբուհին նույնպես ընտրել էր ամենափոքր սենյակներից մեկը՝ նույն կահավորանքով։ Ես նրանից հարուստ էի պատին ամրացված փոքր հայելիով։ Մնացի նստած՝ շունչ առնելու։ Դեռ առածս շունչս տեղ չէր հասել, երբ լսվեց բախտակցիս լացի ձայնը։ Դուրս եկա՝ նա հյուրասրահում լաց էր լինում։ Մոտեցա նրան, ինձ տեսնելով՝ սկսեց ավելի բարձր լաց լինել՝ միաժամանակ պտտելով ջեռուցման կարգավորիչը։ Մնացի թևաթափ կանգնած, երբ  նա ձեռքը տվեց ինձ․
-          Ֆաթիմա,- հեկեկանքի միջից արտաբերեց, իսկ ես ակամա բռնել էի նրա սառչող ձեռքերը, բաց չէի թողնում։ Որպեսզի ինքս էլ լաց չլինեի, շտապեցի նրան օգնելու։
Անցա խոհանոց, թեյ պատրաստեցի։ Գուցե կարողացա՞ մխիթարել նրան՝ լուռ շոյելով նրա սառած այտերը, քանի որ արաբերենն ինձ համար նույնքան խորթ էր, որքան նրա համար իմ մայրենի լեզուն, իսկ այլ օտար լեզվի, ինչպես արդեն հայտնի է, մենք չէինք տիրապետում։
Արաբուհին դեռ թեյը խմում էր, միացրի հեռուստացույցը, իսկապես զարմացած իրար նայեցինք, երբ այդ ամայի սառնությունում, իր դարն ապրած հեռուստացույցը սկսեց աշխատել, բայց, ցավոք, ոչինչ չէինք հասկանում, ուստի մի պահ նկարները նայելուց հետո անջատեցինք այն։ Մեր գլխավոր խնդիրն այդ պահին մնում էր ոչ թե տաքանալն, այլ պարզապես չսառչելը։ Հուսահատ ու հիասթափված՝ յուրաքանչյուրս լուռ քաշվեց իր սենյակը։ Գիշերը քնեցինք վերարկույով՝ իհարկե հանելով միայն կոշիկները։

Комментариев нет:

Отправить комментарий