понедельник, 6 мая 2019 г.

Սևդան էլ զանգեց (596-րդը)


Որպես կյանք, օրերը թռչում էին արագ՝ վայրկյանի պես, բայց սպասումի վայրկյաններն անգամ ժամ էին թվում։
Ճամբարը նկատելիորեն սկսել էր նեղանալ, այլևս վրաններ չէին ավելացնում, նույնիսկ պակասում էին աշխատողների թիվը։ Աղբն առաջվա պես չէր տարհանվում։ Ճամբարային նման  անցուդարձին հետևելով՝ թվում էր՝ ես ճամբարի բնիկներից եմ, այսինքն՝ ոչ մի տեղից չէի եկել։  Այնտեղ եղել էի և պիտի լինեի։
Երեկոյան ճամբար բերեցին ևս հիսուն փախստականներ։ Արաբներ չկային՝ քրդեր ու աֆղաններ էին, նրանք ոչ այնքան տխուր էին, որքան  մրսած ու հոգնած։
Այլևս մնացի մենակ՝ օրվա մեծ մասը ներսում նստած։ Այան դարձավ իմ միակ ծանոթն ու դրկիցը։ Նրան կարելի էր տեսնել օրվա ցանկացած պահին, ճամբարի ցանկացած մասում։ Նա չմուշկներով սլանում էր վերից վար՝ ժպտալով բոլորին։
Պարսիկ ընտանիքը՝ շարունակում էր մնալ խորհրդավոր։ Կանայք մեկ գլխաբաց էին, մեկ գլխաշոր էին կրում, մեկ քրիստոնիայի տպավորություն էին թողնում, խաչեր կրելով, մեկ մուսուլմանի, ավելացնելով գլխաշորը, պակասեցնելով խաչը։ Որոշ ժամանակ անց, գուցե հոգնելով, նրանք սկսեցին երևալ մշտապես գլխաշորով, միայն վաղուց չափահաս աղջիկն էր կրում անչափահասին  համապատասխան զգեստներ, իսկ սանրվածքը՝ երկու հյուսքեր արած, և առանց գլխաշորի։ Սևդայի գնալուց հետո, երիտասարդ պարսկուհին լվացքատանն անցավ աշխատանքի, իսկ «շուքրին» անտարբեր չմնաց նրա հանդեպ, և քանի որ լվացքատան աշխատանքներին հետևում էր ինքը՝ «շուքրին»,  հաճախ  առիթ էր տալիս ճամբարաբնակ կանանց՝ բամբասելու, ուստի կանայք միշտ խորհրդավոր շշնջում էին գլուխ գլխի տված։
Նոր հատակով, հարմարավետ «մահճակալակացարանում» ծպտվել էի, երբ երկրորդ անգամ հնչեց հեռախոսի զանգը, այն ոչ թե վերցրի, այլ խլեցի և քիչ մնաց իմ միակ արժեքավոր իրը ջարդուփշուր լիներ հատակին։
-          Ալլո,- լսվեց Սևդայի ձայնը։
-          Ա՜, բարև, վերջապես,- ուրախացա, լսելով Սևդայի ձայնը,- Ինչպե՞ս տեղավորվեցիք։
-          Բարև, լավ, միայն թե մեր բնակարանը տանիքային մասն է։
-          Այնքան էլ լուրջ պատճառ չէ դժգոհելու, իսկ ընդհանրապես  գո՞հ ես։
-          Այո, լավ է, Էլչիմին արդեն աշխատանք են առաջարկել՝ որպես թարգմանիչ։
-          Շնորհավորում եմ, բարևիր։
-          Ձեզանից ի՞նչ նորություն կա։
-          Առայժմ ոչ մի, նույնն եմ։
-          Կաման չի՞ գալիս ձեզ մոտ։
-          Առայժմ ոչ, երևի ժամանակ չունի։
-          Ես նրա հետ կխոսեմ,որպեսզի գա ձեզ հյուր․․․
-          Պետք չէ, պարտադրված հյուրն այնքան էլ սրտակից չի լինում։
-          Գիտե՞ք՝ տան գործերից ետ եմ սովորել, հիմա պետք է նոր տողից սովորեմ,- ծիծաղելով ասաց նա, շրջանցելով իմ պատասխանը։
-          Կարևորը տուն ունես, նորից կընտելանաս, իսկ երեխայի ներկայությունը քեզ կպարտադրի վերադառնալ տնտեսուհու քո պարտականությանը,- իբր սրտապնդեցի նրան, բայց այդ պահին ինքս ավելի սրտապնդվելու կարիք ունեի, բայց և ուրախ էի նրա զանգով։

Комментариев нет:

Отправить комментарий