понедельник, 6 мая 2019 г.

Կաման եկավ երեխաների հետ (596-րդը)


Երեկոն նորից իր պաղ թևերը փռեց ամենուր։ Մնացի աննկատ իմ անկյունում։ Այլևս ոչ ոքի չէի սպասում, երբ մեկը թակեց իմ սեղանը, գլուխս դուրս հանեցի՝ Կաման էր՝ երկու երեխաների հետ։
-          Կարելի՞ է։
-          Իհարկե,- ավելի շատ զարմացա, քան ուրախացա՝ տեսնելով նրան։
-          Ինչպե՞ս եք,- նստելով սկսեց նա։ Երկու աղջնակները նստեցին նրա կողքը՝ մեկի աչքերը կանաչ էին՝ համահունչ շիկահեր գանգուրներին, մյուսինը կապույտ։
-          Սիրունիկ են աղջիկներդ,- նկատեցի ես,- Կանաչ ու կապույտ աչքերով ու՞մ են նման։
-          Մեծը ամուսնուս նման է, փոքրը եղբորս։
-           Ձեզանից ի՞նչ կա։
-          Ոչինչ, այնքան նեղված եմ, մնացել ենք մենակ ճամբարում, բոլոր՝ մեր հետ եկածները վաղուց գնացել են, իսկ մենք․․․ արդեն վայրենանում ենք։
-          Այո՛։ Սևդան էր զանգահարել։
-          Նա ինձ էլ էր զանգահարել, գոհ է իր տեղից, երեխան արդեն պարտեզ է գնում, Էլչիմը շուտով աշխատանք կունենա։
-          Այո, գոհ էր, լավ մարդկանց լավ կյանքն ափսոս չէ։ Սևդան անչափ բարի էր իմ նկատմամբ։
-          Միշտ ուզում էի Սևդայի հետ ձեզ մոտ գալ, պարզապես ժամանակ չէի ունենում։
-          Այո, Սևդան էլ էր միշտ ժամանակից բողոքում, բայց պահեր կան, արդեն անցյալ են դառնում և այնքան էլ կարևոր չէ։ Էլի լվացքատա՞նն ես աշխատում,- հետաքրքրվեցի ես։
-          Այո՛, դրա համար էլ ժամանակ չեմ ունենում։ Լվացք ունենալուց բերեք։
-          Շնորհակալ եմ, կբերեմ, այլապես ալբանացին իմ լվացքը չի ընդունում։
-          Նրանց շուտով ետ կուղարկեն Ալբանիա,այնպես որ․․․,- ձեռքը թափահարեց Կաման, իսկ այդ պահին փոքր աղջնակն արդեն սեղանի տակ էր։
-          Այսօր Մեհտին ինձ շամպուն է խոստացել, գնամ, որպեսզի վերցնեմ։
-          Ո՞վ է Մեհտին։
-          Ադրբեջանցի է։
-          Ա՜, ճանաչում եմ, մի անգամ նրան տեսել եմ ճաշարանում։ Վերջերս է եկել՝ այո՞։
-          Բոլորն էլ վերջերս են եկել,- նորից վրդովվեց Կաման, սկսեց սեղանի տակից դուրս քաշել երեխային, իսկ նա ոչ մի կերպ չէր ուզում դուրս գալ, բայց հաղթեց Կաման և ոտքի կանգնեց,- Պետք է գնամ, այլապես երեխաները շուտով այստեղ կավիրեն։
-          Ու՞ր, մենք դեռ չենք սրճել,- նա նորից նստեց տեղը, երեխային նստեցնելով կողքը։
-          Նրանք շատ շարժունակ են, իսկ ճամբարում խաղալու տեղ չկա,- բողոքեց Կաման, ապա մի կում արեց սուրճից։
-          Իսկ իմ կարծիքով խաղալու տեղ շատ կա, պարզապես խաղալու ձևն է բացակայում, քանի որ մյուս երխաները պարզապես աղմկում են՝ սլանալով վրանի մի ծայրից մյուսը։
-          Այո՛, ազատությունը նրանց դարձնում է վայրի կամ էլ այդպիսին եկել են։
-          Գո՞ւցե։
-          Դե մենք գնանք, արդեն աշխատանքի ժամն է։ Եկե՛ք մեզ մոտ, ես չեմ կարողանում ժամանակ գտնել։
-          Շնորհակալ եմ, կգամ։
Երեխաների հետ նա դուրս եկավ։ Չմուշկներով սլացողների արանքով մի կերպ անվնաս հասավ դռանը։ Նորից մնացի իմ անկյունում՝ անորոշ, սակայն և մտազբաղ։

Комментариев нет:

Отправить комментарий