среда, 15 мая 2019 г.

Ինձ մխիթարում էին դրսիից լսվող ձայները (596-րդը)


Դեմ չէի Ֆաթիմայի մեկնելուն, քանի որ այդ կինը իսկապես տառապում էր։  Միայն թե այլևս չէի վախենում մենակությունից, այլ սարսափում էի այդ  մեծ ու մութ  հարկում, ուստի միայն լռեցի՝ քաշվելով  սենյակը, որտեղից գոնե կցկտուր երևում էր աշխարհից մի կտոր։ Որքան էլ դրսում ցուրտ լիներ, պատուհանը բաց էի թողնում, որպեսզի գոնե դրսից լսվող ձայները խանգարեն իմ մենությանը։
Եթե ճամբարում օրերը նման էին քառակուսի անիվի, ապա նոր մենաստանում օրերը վեր էին ածվել եռանկյունու։ Իմ միակ անելիքը մնում էր գրելն, ուտելն ու պառկելը։
Սրահից ծանր սեղանը և երկու աթոռ քարշ տվեցի սենյակ։ Այսպիսով՝ հարմար եղավ և՛ գրելուն, և՛ իմ անկյունից աշխարհի մի փոքրիկ մասնիկին հետևելուն։
Անցնող շաբաթների հետ թվում էր աշխարհը մոռանում էր իմ գոյության մասին։ Դուռը միշտ փակ էր, իսկ իմ հեռու տեղ գնալն ընդհանուր սենյակը։ Երբ հուսահատությունը կրծում էր հոգիս, միացնում էի հեռուստացույցը, սակայն եղավ այնպես, այն փչացավ, քանի որ արդեն իր դարն ապրած էր։ Որպեսզի երևակայական ուրվականներից չխելագարվեի, մնացի գրչի հույսին՝ խոսում էի գրչով, մտածում էի դարձյալ գրչով։
Շաբաթներ հետո, մի առավոտ հնչեց դռան զանգը, բացեցի՝ Սիլվան էր, նամակը ձեռքին կանգնած մուտքին։
-          Բարև ձեզ, նորից նամակ եմ բերել ձեզ,- ասաց նա՝ մեկնելով նամակը։
-          Չգիտեմ, ինչու՞ են իմ նամակները ձեր փոստը նետում,- տարակուսեցի արդարացիորեն,-  Ներս եկեք,- բայց նրա գալով, ուրախացա։
-           Երբեք հարմար չէր լինում իջնել մարդավարի ծանոթանալ, ահա՛, միայն նամակն է առիթ տալիս։ Ինչպե՞ս եք։
-          Լավ, շնորհակալ եմ։
-          Մենա՞կ եք,- մի պահ շուրջը նայելով՝ հարցրեց նա։
-          Ներկա պահին այո, իսկ ընդհանրապես գիտեք՝ մի քանի մուսուլման կանանց հետ եմ այստեղ՝ երկուսը կարծես գնացին, իսկ երկուսը ոչ։
-          Ինչպե՞ս են  ձեզ բերել այստեղ, այդ մուսուլմանների հետ, որ ի՞նչ։
-          Ի՞նչ իմանամ, բայց շատ կուզեյի իմանալ։
-          Այստեղ պետք է բերեին մեծ ընտանիք, ինչպես գնչուներին, բայց նրանք վաղուց գնացել են,- խոսելով հետաքրքիր նայեց սենյակների դռներին,- Այս կարմիր շորը նրանք են թողել, հանեք, շպրտեք,- վրդոհված ասաց նա, ցույց տալով իմ դռնից կախված մաշված վարագույրը։
-          Երևի նրանցից հետո, մեզ են բերել այստեղ։
-          Այո, այս հարկը վաղուց փակ էր։ Շինանարարական մի ֆիրմա ուղարկեցին՝ դե նրանք էլ եկան մի թեթև հարդարեցին, պարզվեց ձեզ համար էին պատրաստում,- ասաց նա, ուղղվեց դեպի դուռը,- Դե ես գնամ, բարձրացեք մեզ մոտ՝ զրուցելու, երեխաները փոքր են, երկար բացակայել չեմ կարողանում։
-          Ես էլ ուզում էի սուրճ հյուրասիրել։
-          Ամուսինս  պետք է քաղաք գնա, այլապես սիրով։
-          Շնորհակալ եմ նամակի համար։
Սիլվան գնաց, երկար ժամանակ նամակը ուսումնասիրեցի, այդպես էլ ոչինչ չհասկանալով՝ մի կողմ դրեցի։
Օրերի հետ մոռանում էի իմ ձայնը, քանի որ բարձրաձայն խոսում էի, երբ զանգահարում էր Մանեն, կամ երբ սխալ զանգ էր լինում։ Փոխարենը երկար խոսում էի ինքս ինձ հետ։ Առյուծի բաժինն ընկնում էր լացելուն, բացառապես երբ մենակ էի լինում, իսկ ես երկար ժամանակ էր ինչ մենակ էի։

Комментариев нет:

Отправить комментарий