пятница, 3 мая 2019 г.

Նա քարտերի համար չէր տխրել (596-րդը)


           Վազելով եկավ Դանիելը, երբ դրսից եկա։
-          Ա՜, բարև, բավականին ժամանակ է՝ չկաս, ու՞ր ես,- տեսնելով տղային ուրախացա։
-          Մայրիկս լացում է, նա վատ է զգում, հիմա նրան հիվանդանոց կտանեն,- առանց նախաբանի՝ սկսեց տղան և նույնպես սկսեց լաց լինել։ Գնացի նրանց կացարան։ Մուրադը սավանապատել էր միայն մահճակալները՝ առանց կողմնակի տարածքի։  Մոտեցա, ետ  քաշեցի սավանը՝  Դանիելի մայրը կուչ եկած բարձրաձայն լաց էր լինում։
-          Ի՞նչ է պատահել,-  հարցրեցի ես։
-          Ցավեր ունեմ։
-          Գուցե ժամանական է։
-          Ոչ, դեռ վաղ է, դրա համար եմ անհանգստանում,- պատասխանեց նա։
Եկավ Մուրադը։
-          Վե՛ր կաց, շտապ օգնությունը եկավ,- հևալով դիմեց կնոջը։
Երբ կինը դուրս եկավ, երեխաները սկսեցին լաց լինել։ Մուրադը նրանց գրկեց և երկար մնաց դռանը կանգնած։ Իսկ ես իմ շվարած դերից դուրս գալու համար միայն կարողացա ասել․
-          Եթե օգնության կարիք ունենաք, դիմեք ինձ, սիրով կօգնեմ։
-          Շնորհակալ եմ՝ առաջին անգամը չէ, գլուխ կհանեմ,- տխրած պատասխանեց Մուրադը։
Վերադարձա տեղս, մնացի նստած։
-          Տվե՛ք ձեր քարտը, ձեր ճաշն էլ կբերեմ,- եկավ Դանիելը։
-          Հայրիկդ գիտի՞։
-          Այո, նա դեմ չէ։
-          Լավ, բայց ինքս կգնայի,- իսկապես չցանկանալով՝ երեխային նեղություն տալ, ավելի շատ նեղվեցի՝ միաժամանակ չուզենալով մերժել նրան։
Քիչ անց նա եկավ, մի տեսակ տխրած, ճաշը դրեց սեղանին, անխոս հեռացավ՝ անգամ քաղցրավենիքի մասին ակնարկ չանելով։
-          Դանիե՛լ, ի՞նչ է պատահել,- ձայն տվեցի նրա հետևից, բայց նա չարձագանքեց։
Դեռ ճաշի ժամը չէր ավարտվել, երբ եկավ Մուրադը։
-          Որդիս քարտերն է կորցրել, գուցե այստե՞ղ է թողել,- նա խոսում էր հոգնած ու միապաղաղ։
-          Ոչ, ահա՛ միայն իմ քարտն է, գուցե թողել է ճաշարանու՞մ։
-          Որտեղի՞ց իմանամ,- ուսերը վեր քաշեց մոլորված հայրը, ուղղվեց դեպի դուրս։
Փորձեցի ինչ որ բանով օգտակար լինել, նրա ետևից գնացի ճաշարան, բայց ոչինչ չկարողացա իմանալ, ետ դարձա։ Մուրադը շարունակում էր փնտրել՝ նայելով ամեն հնարավոր տեղ, իսկ ինքս  հայտնվել էի անհարմար վիճակի մեջ, տեղս չէի գտնում։
-          Գտա՞ք քարտերը,- նորից մոտեցա, հարցրի Մուրադին։
-          Այո, թողել էր ճաշարանում,- նույն տխուր տրամադրությամբ պատասխանեց նա և հասկացա՝ այդ մարդը քարտերի համար չէր տխրել։

Комментариев нет:

Отправить комментарий