воскресенье, 5 мая 2019 г.

Մեծ բեռնատարը բերեց նոր հատակ (596-րդը)


Առավոտյան ուժեղ քամին իր հետ ձյուն բերեց, այն ավելի շատ պարում էր օդում, քան նստում գետնին։ Անգամ երեխաները մի պահ մնացին ներսում՝ անտանելի աղմկելով։ Շուտով քամին մեղմացավ։ Հարավի մարդիկ դուրս թափվեցին՝ թավալ տալով ձյան մեջ։ Երեկոյան քամին, կարծես նոր ուժ հավաքած, հարձակվեց ճամբարի վրա՝ աղմուկով  թմբկահարելով ու շարժելով վրանները։
Ոչ ոք չէր երևում, բոլորը թաքնվել էին սավանների հետևում՝ կարծես սպասելով աշխարհի վերջին, սակայն այն չեկավ, այլ եկավ նոր առավոտ՝ իր հետ բերելով մի մեծ բեռնատար։ Այն կանգ առավ մեր վրանի մոտ։ Ներս մտավ միջին հասակի, միջին տարիքի մի տղամարդ, գերմաներեն ինչ որ հայտարարություն արեց, իսկ հետո կենվորներն սկսեցին դուրս գալ սավանների հետևից։ Այդ պահին տիրեց երենելի լռություն։  Քիչ հետո վրանի, բոլոր վեց դռները բացեցին և սկսեցին մահճակալները դուրս տանել, ով ինչպես կարող էր։
Երբ վրանի առաջին կեսը ազատված էր մահճակալներից,  փախստական տղամարդկանց օգնությամբ՝ ներս բերեցին մեծ «ДСП»- ներ։ Գերմանացին հատուկ տեխնիկայով,  սկսեց արհետսավարժ տեղավորել հատակի վրա՝ ստացվեց կրկնահատակ։
Վերջապես հասկացա՝ ես էլ պետք է մահճակալը դուրս տանեի, բայց քանի որ այն շատ ծանր էր, տարակուսած նստեցի վրան՝ հետևելով ուրիշների աշխատանքին։ Մոտեցավ գեղեցիկ երեխաների հայրը՝ ռուսախոս արաբը։
-          Տեսնում եմ օգնության կարիք ունեք,- ասաց նա և բռնեց մահճակալի մի կողմից, նրան օգնության եկան ևս երեք արաբներ և մահճակալը դուրս տարան։
Դրսում բավականին ցուրտ էր, ներսում, բացի ցրտից, նաև աղմուկ էր։
Ճաշի ժամն էր։ Ճաշարանում հերթն անտանելի էր, այնտեղ, բացի ճաշից, հավելյալ յուրաքանչյուրին մեկական բլիթ էին բաժանում։ Ո՞վ գիտե՝ ինչի համար, իսկ գուցե՝ որպես մրսածների՞։ Բոլոր դեպքում մի հատ էլ ինձ բաժին հասավ, անպես որ անտեղի չէի մրսել։ Աշխատանքը երկար տևեց, և ողջ ընթացքում երեխաներից միքանիսը կուչ էին եկել դրսում՝ մահճակալների մեջ, փաթաթվելով վերմակներով։
Ուշ  երեկոյան, վրանն  ունեցավ  նոր հատակ։ Նույն դժվարությամբ տղամարդիկ միմիյանց օգնելով, մահճակալները ներս տարան։  
Կարծես, քամին չկարողանալով ներխուժել վրան, գիշերն ավելի գժվեց, անզորությունից աղմկելով մինչև լուսանալը թմբկահարում էր տանիքը, սակայն վրանում տաք էր։ Բոլորը, սովորության համաձայն, անհետացել էին սավանների հետևում՝ շարունակելով այնտեղ սպասել հերթական օրվա բացվելուն։

Комментариев нет:

Отправить комментарий