четверг, 2 мая 2019 г.

Աֆրիկուհին (596-րդը)


Բնությունը, երկինքը՝ ամենուր թաց էր, իսկ ցուրտը, եղյամի վերածված, նստել էր կանաչին՝ այն ներկելով արծաթագույն։
 Սավանապատ մահճակալի առաջին հարկից հաճախ լսվում էր  աֆրիկացի կնոջ երեխայի լացի ձայնը։ Նա փոքրիկի հետ վաղուց ճամբարում էր։ Բոլորը գրկում, սիրում էին փոքրիկին։ Այդ երեխան ավելի շատ գեղեցիկ ու փափուկ տիկնիկ էր հիշեցնում՝ հմայիչ դիմագծերով ու խոշոր աչքերով։ Նա առաջին եկողներից էր ճամբարում։ Մահճակալի երկրորդ հարկում դեզի պես դարսված հագուստը, սպիտակեղենը, կոշկեղենը այդ մասին էին խոսում։ Քանի որ ճամբարում երեխաների համար ոչ մի հիգենայի կանոն չէր պահպանվում, ուստի, ինչպես շատերը, նա երեխային հազվադեպ էր լողացնում ընդհանուր լոգարանում և միշտ թաքուն զարմանում էի, երբ յուրաքանչյուր անգամ լողացնելուց հետո այդ երեխան չէր հիվանդանում․․․
Երբ մի անգամ  երկար քայլելուց հետո վրան մտա, այն ավելի մարդաշատ թվաց․․․ Խոշորամարմին անծանոթուհին սպասողական կանգնած էր մուտքի մոտ, իսկ աֆրիկուհին իրերն էր դասավորում, փոքրիկին գրկել էր պարսկուհին, մի քանի այլ աֆրիկացի երիտասարդներ՝ արդեն պատրաստի ճամպրուկները դուրս էին տանում։ Մոտեցա աֆրիկուհուն․
-          Ու՞ր։
-          Նա ինձ ու երեխային տանում է իր տուն, մեզ «տրանսֆեր» չկա,- անգլերենով բացատրեց նա և մաքրեց աչքերը,- Իմ ամուսինը մնաց այնտեղ՝ Աֆրիկայում,- սկսեց լաց լինելով ավարտել վերջին ճամպրուկի հավաքելը, որում մի կերպ  փորձում էր խցկել սև, մեծ վերարկուն և մի քանի զույգ կոշիկներ։ Վերջացնելուց հետո գիրկն առավ փոքրիկին, քայլեց դեպի դուրս։ Գերմանուհին անխոս վերցրեց վերջին ճամպրուկը և աֆրիկուհու հետևից քարշ տվեց դուրս՝ կարծես վրանից մաքրելով նրա հետքերը։
Առահասարակ, մահճակալները բավականին արագ խլում էին յուրաքանչյուր «տրանսֆերից» հետո, բայց աֆրիկուհու մահճակալը այդպես դատարկ մնաց մինչև հաջորդ օրը։ Բոլորը տխրել էին, քանի որ նա երեք ամիսների ընթացում հարազատի պես էր շատերի համար, իսկ փոքրիկը վրանի ուրախությունն էր։

Комментариев нет:

Отправить комментарий