суббота, 11 мая 2019 г.

Անկոչ հյուրը (596-րդը)


Անցավ մեկ ամիս՝ Ֆաթիման դեռ չէր վերադարձել։  Նորից պետք է մեկնեի քաղաք գումար ստանալու։ Ինչպես առաջին անգամը՝ խնամքով կողպեցի ընդհանուր մուտքի դուռը և ճշտապահ ժամապահի պես կանգնեցի մոտակա կանգառի նշանի տակ։ Եկավ նույն կարմիր ավտոբուսն՝ իր մի քանի մշտական ազուլ ուղևորներով, ես էլ լրացրի նրանց  շարքը։
 Կաման կանգառում սպասում էր ինձ։ Սպասածին հակառակ՝ նա ջերմ էր։ Միասին քայլեցինք։ Երբ խաչմերուկն անցանք, Կաման ցույց տվեց  դպրոցին մոտիկ մեկ հարկանի տունը։
-          Սա մեր տունն է։
-          Լավ տեղ է, իսկ ինչու՞ ուրիշ բնակելի շենքեր չկան։
-          Այն նախատեսված չի եղել որպես բնակարան, բայց, երբ ազուլները շատացել են, երևի  վերափոխել են, որպես բնակարան։
Կամայի ընտանիքին տրամադրված բնակարանը ներսից հարմարավետ էր՝ կահավորված բավականին հարմար ու նոր կահույքով։ Հյուրասրահը լուսավոր էր ու մեծ, մնացած երեք սենյակները, որպես ննջարան, նույնպես բարեկարգ վիճակում էին։ Խոհանոցը իր տարածքով չէր զիջում հյուրասրահին, լոգարանը՝ նույնպես։ Այդ բոլորն իրար հետ կապում էր երկար միջանցքը։ Իհարկե, նորից մնացի մոլոր ու թևաթափ՝ ինքս իմ մեջ հնչեցնելով բողոքողի մի հարց․ «Ինչու՞ օրենքն այսքան տարբերություն, թե խտրականություն (նման դեպքում չգիտեի, թե որ բառն էր ավելի տեղին) է դնում նույն կարգավիճակում գտնվող երկու մարդկանց միջև, բայց քանի որ ինքս իմ մեջ էի բողոքում, ուստի ոչ ոք չէր կարող պատասխանել իմ հարցին։
-          Հետաքրքիր է՝ ի՞նչ սկզբունքով են մարդկանց տեղավորում,- սկսեց Կաման,- Ձեզ տարել են խուլ գյուղ, որպես ի՞նչ։
-          Ի՞նչ իմանամ,- տարակուսեցի ես,- Մյուսներից ի՞նչ կա․․․
-          Մեհտիին տարել են քաղաք, հոթելում է ապրում, ասել են, եթե կարող ես ինքդ քեզ համար բնակարան գտիր, եթե ոչ՝ սպասիր մինչև մենք գտնենք, իսկ հայերը մեզանից շատ հեռու են՝ Աննան գոհ է, իսկ Հասոին քաղաք են տարել՝ հանրակացարան, զանգել բողքում էր։
-          Արմենեց ընտանիքից ի՞նչ կա։
-          Նրանց էլ, քաղաք են տարել, բայց ասում էր՝ մենք ենք վառարանով տները տաքացնում։ Ի դեպ, կարծեմ Արմենի բարեկամը ձեր գյուղում է, նրանք էն ժամանակ այդ բարեկամի տանն էին մնում։
-          Չգիտեմ, չեմ լսել․․․
-          Մարատն էր եկել՝ ասումէր շատ գոհ եմ։
-          Հա՛, տեսա, լավ տուն էր։ Նրան իջեցրին, ինձ տարան արաբի հետ։
-          Ճամբարից սկսած՝ արաբներից պրծում չունես։ գոնե իրար հասկանու՞մ եք․․․
-          Քո կարծիքով, ինչպե՞ս կարելի է հասկանալ արաբին իր արաբերենով։
-          Հա՜ էլի,-ծոր տվեց Կաման։ կարելի է բողոքել, կարծում եմ կփոխեն։
-          Պիտի փորձեմ, այլապես անհանր է,- Կամայի վերջին նախադասությունը հուսադրեց ինձ։ Երեխաներն սկսեցին աղմկել, իսկ մենք սրճել․․․
Այս դեպքում չեմ նկարագրի գումար ստանալն ու Կամային հյուրընկալվելը, բայց քանի որ հյուրի կարգավիճակը երբեք չեմ ընդունել, որպես հաճելի երևույթ, ուստի, մի քանի օր մնալուց հետո, վերադարձա գյուղ, քարշ տալով մեկ շաբաթվա համար գնված մթերքով ծանր տոպրակները․․․
Հարկում բոլոր լույսերը վառվում էին։ Սկզբում մտածեցի՝ Ֆաթիման է վերադարձել, բայց նրա դուռը փակ գտա, նորից իմ մեջ զարմանալով, թե ինչո՞վ է կողպել դուռը։ Չէ՞որ նրանք միայն մեկական բանալի էին տվել մեզ։  Շրջեցի հարկով։ Կենդանի շունչ չգտնելով՝ մտա իմ սենյակը։ Այն մի տեսակ փոխվել էր։ Իմ իրերի տեղն անծանոթ իրեր էին հայտնվել՝ մուգ ու ճմրթված։ Անկողինն ուրիշ գույն էր, իսկ իմ մեծ ճամպրուկը դրված էր պատի տակ, կարծես այն սպասում էր տիրոջ վերադարձին։ Չքվել էր խնձորներով  ափսեն։ Տարակուսանքի մեջ ընկա, ապա անհանգստացած սկսեցի հաճախ դուրս ու ներս անել՝ սպասելով անկոչ հյուրին։

Комментариев нет:

Отправить комментарий