среда, 15 мая 2019 г.

Ֆաթիմային մխիթարում էի հայերեն (596-րդը)


Մոռացված օրերից, մի օր հնչեց դռան զանգը, շտապեցի իմանալու ո՞վ է՝ Սոմալին էր։ Նրան տեսնելով՝ զարմացա, քանի որ նա գնացել էր ընդմիշտ՝ անգամ չվերցնելով ընդհանուր մուտքի իր բաժին բանալին։
-          Ինչու՞,- հարցրի նրան նույն զարմանքով, իսկ հարցի իմաստը, նրա ետ գալու պատճառն իմանալն էր։
-          Այստեղ լավ է,- իրեն յուրահատուկ ձևով հասկացրեց նա և ճամպրուկը քարշ տալով, մտավ մուտքին մոտիկ ավելի մեծ սենյակը,  որը երկու արաբ կանանց գնալուց հետո մնացել էր դատարկ։
Այլևս մենակությունից չէի վախենում։ Ինձ մնում էր փրկվել երկար նստելուց, որին լուծում գտնելը պարզվեց ավելի բարդ էր։
Սոմալին երբեմն էր երևում միջանցքում՝ կամ զուգարան մտնելիս, որը, անհայտ պատճառով, շուտով խցանվեց՝ կամ հեռախոսն ականջին խոհանոց մտնելիս, իսկ մնացած ժամանակը սենյակում պառկած՝ ժամերով խոսում էր հեռախոսով։ Նա խոսում էր բարձրաձայն, քան հնարավոր էր, ուստի, անհնար էր չնյարդայնանալ։ Ինձ մնում էր լուսամուտից դուրս նայելը։ Սոմալիի վերադարձը չէի ափսոսում միայն գիշերները, երբ նա քնած էր լինում։
Շաբաթներ հետո, վերադարձավ Ֆաթիման՝ ավելի կոտրված ու նիհարած։
-          Ի՞նչ է պատահել,- ավելի շուտ հասկացրի, քան կարողացա հարցնել նրան։
-          Որդիս վերջին կոպեկը ձեռքիցս վերցրեց, հավաքեց, ուղարկեց Սիրիա, որպեսզի սիրած աղջիկը գար Գերմանիա։ Հիմա նա եկել է,  որդիս ամուսնացել է նրա հետ, ինձ չի ընդունում, ասում է՝ մաման վատն է, ճչում է, երբ որդիս փորձում է ինձ պաշտպանել։ Ահա՛, մի անգամ էլ նա նման հիստերիայի մեջ ընկավ և ոստիկանություն կանչեց։
-          Ինչու՞։
-          Նա ինձ վատաբանում էր, որդիս մի թեթև դնգստեց։
-          Իսկ հետո՞։
-          Հետո, նա դուրս վազեց, սկսեց փողոցով մեկ գոռալ ու լացել, ոստիկանություն կանչել, երբ եկավ ոստիկանությունը, ես վատացա, եկավ շտապ օգնությունը, ինձ տարան հիվանդանոց, դեմքս ծռվել էր, ահա՛, ներարկեցին իմ ողնաշարից,- լաց լինելով պատմեց նա, ապա ցույց տվեց դեռ երևացող ներարկած տեղը։ Նրա ողնաշարի ոսկորները հատ-հատ երևում էին, նա գունատ էր և դալուկ։
-          Բայց դու ասացիր՝ գնում ես աղջկադ մոտ։
-          Աղջկաս ամուսինը թույլ չի տալիս երկար հյուընկալվել։ Երբ աղջիկս ասում է՝ մաման լավն է, նա դաժանորեն ծեծում է նրան, իսկ ես չեմ ուզում, որպեսզի նա տառապի իմ պատճառով, ուստի այնտեղից գնացի որդուս մոտ,- Ֆաթիման դառնորեն լաց էր լինում, և նրա անծանոթ բառերի մեջ անգամ զգում էի անսահման վիշտ ու դառնություն։ Նա լացում էր՝ դողալով և կարծես անորոշ մեկից օգնություն աղերսելով, իսկ ես, որպես այդ անորոշը, միայն կարողանում էի մխիթարել նրան իմ մայրենի լեզվով։ Ֆաթիման իր արտասվող աչքերով երկա՜ր նայում էր ինձ և գրկում՝ հազարավոր անգամներ կրկնելով։
-          Danke, danke, danke….,- գուցե հասկանու՞մ էր իմ հայերենով արտահայտած միտքն այդ տառապած կինը։ Գուցե․․․
Ֆաթիմայի երկարատև լացի ձայնից, վերջապես երևաց Սոմալին, մոտեցավ, ձեռքերը բարև բռնած կանգնեց, նայեց կծկված կնոջը՝ հարցրեց․
-          Ինչու՞։
Ֆաթիման գլուխը բարձրացրեց, նայեց նրան, արաբերեն պատասխանեց։ Նրանք զրուցի բռնվեցին՝ ես այլևս ավելորդ էի, ուստի քաշվեցի իմ սենյակը։

Комментариев нет:

Отправить комментарий