пятница, 24 мая 2019 г.

Ինչու՞էր նամազն ընթանում սրտակեղեք լաց ու ողբով (596-րդը)


Հաջորդ առավոտյան ավելի վաղ արթնացա, այս անգամ իհարկե ոչ թե ցրտից, այլ շոգից և մահճակալի անհարմարությունից։ Նշեմ՝ քնելն ինձ համար տանջանքի էր վերածվել, քանի որ ամեն առավոտ արթնանում էի հոգնած ու կրծքավանդակի ահավոր ցավով։ Քանի որ արթնանում էի հոգնած, քայլեցի միջանցքով՝ մի քիչ հանգստանալու։ Ֆաթիման գիշերը լույսերը վառն էր թողել՝ անջատեցի։
Երբ ամիսներ շարունակ ջեռուցում չկար, միալար անձրևներից նեղվում էի, քանի որ և՛ ներսում էր ցուրտ, և՛ դրսում։  Երբ արդեն ջեռուցում կար, անձրևը պարզապես սնուցում էր հոգուս պատած թախիծին, ակամա  ավելի էի տխրում, իսկ գուցե իմ ապրումների հետ եղանակը ոչ մի կապ չունե՞ր։ Գուցե։
Երկար ժամանակ լուսամուտից նայում էի դուրս։ Երևում էին՝ ձմռանը ջերմություն  խորհրդանշող ծխնելույզները՝ իրենց սպիտակ ծխով, կարծես վիզերը երկարացնում էին երկինք հասնելու համար, սակայն կտրտվելով անհետանում էին կես ճամփից։ Առավոտից հեղեղի պես թափվող անձրևը նորից լվանում էր անցած օրվա լվացած բնությունը։ Այնուհետև ծագեց արևը։ Բնությունն սկսեց փայլել կանաչ զմրուխտի պես։
Ֆաթիման հեռախոսով բղավում  էր՝ երբեմն կցկտուր բառեր արտասանելով և երկար լաց էր լինում, հեկեկալով։ Նման պահերին մի քիչ վախեմում էի և թաքուն փակում իմ սենյակի դուռը մեծ ջանքով ձեռք բերված բանալիով՝ երկար ժամեր սպանելով սենյակում, գլուխս մտցրած բարձի տակ՝ խլացնելու հոգեմաշ լացի ձայնը։
Գուցե կրկնվեմ, բայց միապաղաղ կյանքն ակամա ինքնասպանություն է, եթե բոլոր զբաղմունքներին և աշխատանքին փոխարինելու է գալիս անորոշությունը, և, եթե այդ անորոշությունը մարդուն պարտադրում է ուտել ու նստել։
Նոր կյանքի բնույթից օրեցօր ինքնազգացողությունս վատանում էր։ Միտքս ցրելու համար երկար դիտում էի լուսամուտից իմ բաժին աշխարհին, որտեղից, բացի թռչող ինքնաթիռներից և նրանց արձակած ծխե շիթերից, երևում էին միլիոնավոր թռչուններ։ Նրանք ալեկոծվում էին ծովի ալիքների պես և անհետանում երկնակամարում։ Ամպերը կտրտվելով թափառում էին շուրջ օրը՝ վերջապես հոգնելով նորից սևանում, դառնում կաթիլներ, կարծես իջնում էին գետնին հանգստանալու։
Ֆաթիման շարունակում էր բարձրաձայն լացը։ Ծածուկ մոտենում էի, կիսաբաց դռնից ներս նայում։ Նա՝ սպիտակ, երկար շրջազգեստով, ծնկաչոք աղոթում էր, իսկ ինչու՞ էր լաց լինում, ահա՛, թե ինչն էր ինձ համար սարսափելու չափ անհասկանալի ու հետաքրքիր։ Աննկատ ետ էի դառնում՝ հերթական անգամ ինձ համար պարզելով նրա՝ օրվա լացի պատճառը՝ միայն չհասկանալով՝ ինչու՞ էր նամազն ընթանում սրտակեղեք լաց ու ողբով։

Комментариев нет:

Отправить комментарий