суббота, 11 мая 2019 г.

Սոմալեցին (596-րդը)


Երկար սպասեցի։ Հոգնածությունից հազիվ էի մնում ոտքի վրա։ Թվում էր՝ այլևս ոչ ոք չէր  գալու, քանի որ արդեն ուշ ժամ էր։ Որպեսզի կարողանայի առնվազն քնել, օտար իրերը խնամքով դասավորեցի և շարեցի միջանցքում՝ տեղը դնելով իմը, որը այդ անտես ձեռքը անփութորեն շպրտել  էր պահարանի մեջ։ Ինչու՞։ Ո՞վ էր նա։ Ո՞ր իրավունքով։ Ճգնում էի ինքս գտնել պատասխանը, երբ լսվեց մուտքի դռան բացվելու ձայնը։ Վախվորած ընդառաջ գնացի։ Երեք անծանոթ կանայք՝ տարբեր մաշկի գույնով ու հագուստով կանգնեցին իմ դեմ։
-          Hallo,- արտասանեցին երեքն էլ միաժամանակ, ապա անտեսելով իմ զարմանքը, անցան առաջ՝ երկուսը մտան մուտքին մոտիկ ավելի մեծ սենյակը, որը դատարկ էր և նույն կերպ կահավորած, իսկ աֆրիկացի կինը մոտեցավ իմ սենյակին։ Տեսնելով իրերը միջանցքում՝ դժգոհած ու զարմացած մատնացույց արեց՝ դիմելով ինձ։ Որքան էլ ներքուստ վրդովմունքից դողայի, ուժ հավաքեցի՝ բացատրելու, որ այն իմ սենյակն է, և ինքը կարող է այլ սենյակ զբաղեցնել, միաժամանակ ցույց տալով վերևի անկյունի դատարկ սենյակը։
Գուցե հասկացավ ինձ, գուցե՝ ոչ, բայց սկսեց բարձրաձայն լաց լինել՝ միաժամանակ միացնելով ձեռքի թանկարժեք հեռախոսը։ Նա երկա՜ր ժամանակ և՛ լացում էր, և՛ բացատրում կատարվածը։
Ինքս անզոր որևէ բան հասկացնելու, անցա սենյակը փակվեցի՝ նրան թողնելով միջանցքում կանգնած։ Քիչ հետո հնչեց դռան զանգը, քանի որ ոչ ոք չէր շտապում դուռը  բացել, ինքս դուրս եկա բացելու։ Ներս մտավ արդեն ինձ ու Ֆաթիմային ծանոթ ճաղատ Մանֆրեդը՝ նրա հետ անծանոթ ևս մի երիտասարդ։
-          Բարև ձեզ,- ռուսերենով բարևեց անծանոթը, ապա ներկայացավ,- անունս Անդրեյ է,- իհարկե ուրախացա՝ լսելով ռուսերենը։
-          Ուրախ եմ։
-          Ի՞նչ է պատահել, ինչու՞ է սոմալեցի կինը լաց լինում,- հետաքրքրվեց նա, իսկ գերմանացին այդ ժամանակ ավելի հետաքրքիր նայում էր ինձ՝ ակնկալելով  հարցի պատասխանը։
-          Մի քանի օր այստեղ չեմ եղել, նա եկել է և գրավել իմ սենյակը՝ իրերս մի կողմ շպրտելով, դե ես էլ իմ կողմից, որպես առաջինը սենյակի տեր, տեսնելով դուրս հանեցի նրա իրերը, բայց տեսնում եմ՝ չի ուզում համակերպվել կամ չի հասկացել։
-          Ճիշտ եք վարվել,- վճռեց Անդրեյը։
Այդ միջոցին սոմալեցին սկսեց ավելի բարձր լացել ու բողոքել հեռախոսով, այնուհետև հեռախոսը փոխանցեց Մանֆրեդին։ Ըստ երևույթի նա բացատրեց, որ սենյակն օրենքով ինձ է պատկանում, բայց այդ կինը չի ուզում հասկանալ, թե փորձում էր չհասկանալ և գերմանացու բացատրությունից  ավելի էր կատաղում, լացը վերածելով գոռգոռոցի։
-          Ո՛չ, ո՛չ, ո՛չ․․․,- անդադար բղավում էր նա լաց լինելով։
Երկու տղամարդն անզոր որևէ բան փոխելու կամ ազդելու նրա վրա, թողեցին, գնացին։
Օրենքով ինձ պատկանող սենյակում էի, երբ նորից հնչեց դռան զանգը։ Դուրս եկա՝ այս անգամ դուռն արդեն բացել էին մյուս երկու կանայք։ Երկու ոստիկան, դիմացի հարևանուհին, գյուղապետը, ևս մի անծանոթ՝ շարվել էին նախասրահում, տեսնելով, ոստիկանը դիմեց ինձ․
-          Դանակով վախեցրե՞լ են ձեզ։
Իհարկե  անակնկալի եկա, հնչած հարցից, ապա կմկմացի։
-          Ոչ։
Նրանք երկար-բարակ խոսեցին իրար մեջ, և վերջապես գյուղապետը կարողացավ հասկացնել թե՛ ոստիկաններին, թե՛ սոմալեցի կնոջը, որ սենյակն ինձ է պատկանում, պարզապես սոցիալի աշխատակիցը բանալի չի տվել, որպեսզի անհրաժեշտության դեպքում այն կողպել կարողանամ։ Երբ բոլոր գանցին, սոմալեցին՝ նրան, հետո այդպես էլ անվանում էինք, դեռ երկար ժամանակ մնաց միջանցքում կանգնած՝ բողոքելով հեռախոսով և մյուս երկու կանանց։ Ինձ այլևս հետաքրքիր չէր, քանի որ ոչինչ չէի հասկանում նրա բողոքից և մյուսների խոսակցությունից։ Ներս ընկա՝ հոգնածությունս փոխվել էր թմբիրի՝ առանց ընթրելու, տապալվեցի անկողնուն, մինչև առավոտ։

Комментариев нет:

Отправить комментарий